«ԱՐԵԳԱԿ» ՓՈՒՌ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՙ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԼՈՒԾՄԱՄԲ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Եթե այսօր գործատուները հաճախ խուսափում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց, այդ թվումՙ երիտասարդների, ապա մեկ շաբաթ առաջ Գյումրիում բացված «Արեգակ» փուռ եւ սրճարանում աշխատանքի ընդունվելու հիմնական պայմանը հենց հաշմանդամության առկայությունն է: Հայաստանում ու տարածաշրջանում այս երեւի առաջին ներառական փուռ-սրճարանը բացվել է քաղաքի սրտումՙ վերջերս Քըրք Քըրքորյանի անվամբ կոչված փողոցի սկզբնամասում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց: Այս գողտրիկ սրճարանում աշխատում են նշված խնդիրն ունեցող առայժմ մեկ տասնյակ պատանիներ, որի համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: Նրանք ոչ միայն պատրաստելու, այլ նաեւ մատուցելու են այստեղ իրենց ձեռքով պատրաստվող սուրճն ու հրուշակեղենը: Իսկ հաճախորդներ լինելու են քաղաքի բնակիչներից ու հյուրերից բոլոր ցանկացողները: Ներառական փուռ-սրճարանի ծրագիրն իրականացվել է հիմնականում Եվրոմիության ֆինանսավորմամբ եւ «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության «Էմիլի արեգակ» ռեսուրս-կենտրոնի աջակցությամբ: Այնտեղ աշխատողները վերջինիս շահառուներ են եւ այդ կենտրոնում մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել: Նախատեսվում է առաջիկայում այստեղ նաեւ ծրագրի մասնակիցների ձեռքի աշխատանքների վաճառք կազմակերպել: «Արեգակի» բացմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Շիրակի փոխմարզպետն ու Գյումրու քաղաքապետը: |