RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5239, Տպվել է` 558, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՍՙ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Աղբահանությունը բնապահպանություն է եւ... սոցիալական հոգեբանություն

Արդեն տեւական ժամանակ մեր մայրաքաղաքի աղբահանության հարցը դարձել է հրատապ եւ առաջնահերթ խնդիր եւ, այսօր, քաղաքապետի մեկ դյուժինից ավել թեկնածուների համարՙ խոստումներ շռայլելու առիթ: Դատելով խոստումների մակերեսային մակարդակիցՙ թեկնածուներն ըստ էության չեն պատկերացնում խնդրի լրջությունն ու բարդությունըՙ ոչ միայն Sanitek ընկերության ծառայությունների որակի, այլեւ ընդհանրապես աղբի, աղբահանության, դրա տեսակավորման, փոխադրման, կուտակման, օգտագործման համալիր ծրագրի բացակայության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության համապատասխան կրթվածության վիճակից, որը առայժմ անլուծելի է թվում ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ հանրապետության համար: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու գոհացուցիչ մակարդակն ապահովելու համար, ճանապարհՙ որը այլ երկրներ անցել եւ անցնում են նախանձելի հետեւողականությամբ, ինչպես հայտնի է դառնում ստորեւ բերվող օրինակներից:

Այո, աղբահանությունը շատ լուրջ խնդիր է եւ, ինչպես նշվում է հոդվածում, աղտոտ միջավայրում հանցագործությունները ավելանում են:

Ինչպես տեղեկացնում է Inhabitat համացանցային հրատարակությունը, Շվեդիայում գոյացող թափոնների 99 տոկոսը վերամշակվում է կամ փոխակերպվում ջերմային էլեկտրաէներգիայի: Թափոնների միայն 1 տոկոսն է հասնում աղբավայրեր: Շվեդները մտադրվել են մինչեւ 2020 թվականը թափոնների վերամշակումը հասցնել 100 տոկոսի:

Շվեդիայում կուտակվող թափոնների կեսը ծառայեցվում է էլեկտրաէներգիայի արտադրությանը: Ծրագիրն այդպես էլ կոչվում էՙ «Թափոնները իբրեւ էներգիա» (WTE): Բացարձակ ցուցանիշներով դա հետեւյալ տեսքն ունի. ամեն տարի 4,4 մլն տոննա կենցաղային թափոններից 2,2 մլն տոննան փոխակերպվում է էներգիայի: Ավելին, WTE տեխնոլոգիայով աշխատող 32 գործարանների համար Շվեդիան ամեն տարի հարեւան երկրներից ներմուծում է 800 հազար տոննա կենցաղային աղբ:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում վերամշակվում է կենցաղային թափոնների 55 տոկոսը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այնտեղ նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշը մնում է որպես բաղձալի երազանք: ՌԴ բնության վերահսկման գերատեսչության տվյալներով, Ռուսաստանում ներկայումս կուտակված է 90 մլրդ տոննա կոշտ թափոն, որից օգտահանվում է ընդամենը 30 տոկոսը:

ՌԳԱ Ե.Մ. Սերգեեւի անվան գեոէկոլոգիայի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վիկտոր Օսիպովը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում ներկայացնում է առավել ամբողջական պատկեր, ըստ որի ներկայումս Ռուսաստանում կուտակված են մոտ 100 մլրդ տոննա թափոններՙ կոմունալ-կենցաղային, շինարարական, հանքարդյունաբերական, ռադիոակտիվ եւ այլն:

Հատկապես ծանր է կոշտ կոմունալ թափոնների հետ կապված իրավիճակը: Օսիպովի տվյալներով, ամեն տարի դրանք ավելանում են 40-60 մլն տոննայով: Աղբավայրերի եւ աղբանոցների ընդհանուր մակերեսը կազմում է 107 հազար հեկտար: Աղբանոցների 58 տոկոսը մոտ է բնակավայրերին, 16 տոկոսըՙ ջրապահպանական գոտիներին, 15 տոկոսըՙ գյուղհանդակներին, 8 տոկոսըՙ անտառային ֆոնդին: Առանձնապես տուժում է Կենտրոնական դաշնային օկրուգը, որտեղ ապրում է 40 մլն մարդ, եւ որտեղ կա 1113 խոշոր աղբանոց (մեծ մասըՙ անօրինական):

Իսկ հանքարդյունաբերության թափոնների ընդհանուր ծավալը ՌԴ-ում, տարբեր գնահատումների համաձայն, կազմում է 40-80 մլրդ տոննա: Երկրի Հաշվիչ պալատի տվյալներով, 2014 թ. աղբանոցների մակերեսը կազմում էր 4 մլն հեկտար, որը գրեթե հավասար է Նիդերլանդների տարածքին (4,15 մլն հա):

Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում Շվեդիայի հետ որեւէ համեմատություն անելը պարզապես անիմաստ է: Եթե Շվեդիայում շեշտը դնում են կենցաղային թափոնների գոյացման առաջին իսկ փուլերում դրա տեսակավորմամբ զբաղվող քաղաքացիների գիտակցականության վրա, ինչը հումքով ապահովում է WTE գործարանները, ապա Ռուսաստանում առայժմ խոսվում է կոշտ կոմունալ թափոնների ծավալի քիչ թե շատ հավաստի գնահատման մասին:

«Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, որ ՌԴ Հանրային պալատի էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի պահպանության հանձնախումբը «պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների հետ սկսել է ռուսաստանյան աղբանոցների եզակի ինտերակտիվ քարտեզի ստեղծման աշխատանքները»: Նախագիծը քաղաքացիներին հնարավորություն կտա հետեւել իրենց բնակավայրի եւ տարածաշրջանի բնապահպանական վիճակին: Ըստ որում, քարտեզագրման աշխատանքներին կմասնակցի նաեւ «Ռոսկոսմոսը» մի շարք արբանյակներով: Տվյալ դեպքում արբանյակները կարող են օգտակար լինել: Միեւնույն ժամանակ անցկացվում են սեմինարներ, որպեսզի բնակիչները սովորեն կոմունալ թափոնների հետ վարվելու ձեւերը «շուկայի նոր մոդելին անցնելու պայմաններում»:

Գերմանացի հետազոտողներ Էռնստ Ուլրիխ ֆոն Վայցզեկերի , Էյմորի Բլոկ Լովինսի եւ Հանտեր Լովինսի գնահատման համաձայն, «մեր գնած եւ «ծախսած» նյութերի 93 տոկոսը առհասարակ երբեք չեն մարմնավորվում շուկայի պահանջներին համապատասխանող արտադրանքի տեսքով: Ավելին, ապրանքների 80 տոկոսը մեկ անգամ օգտագործվելուց հետո անպետքանալով դեն է նետվում, իսկ մնացյալ արտադրանքի նշանակալի մասը սահմանված ամբողջ ժամկետի չափով չի ծառայում: Տնտեսագետ Փոլ Հոքենի գնահատումների համաձայն, ԱՄՆ-ում ապրանքների արտադրության մեջ կիրառվող կամ այդ ապրանքներում պարունակվող ելակետային նյութերի 99 տոկոսը թափոնի է վերածվում վաճառքից վեց շաբաթ անց»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հերթին հավաստում է, որ ավելցուկը կազմում է ներկայումս արտադրվող արտադրանքի 30 տոկոսը: ՄԱԿ-ի տվյալները վկայում են, որ 2014 թվականին ամբողջ աշխարհում աղբանոցներ են նետվել էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական արտադրանքների ավելի քան 40 մլն տոննա թափոններ: BBC-ն հաղորդում է, որ օգտահանվել է այդ թափոնների նվազ քան 15 տոկոսը, ընդսմին դրանցում պարունակվող օգտակար նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 50 մլրդ դոլար: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, առաջիկա երեք տարում ամբողջ աշխարհում էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական արդյունաբերության թափոնների ծավալները կաճեն 20 տոկոսով: Այդ վիթխարի աղբակույտը միայն Շվեդիայի ջանքերով հնարավոր չէ վերացնել:

Սակայն «աղբի խնդիրը» ոչ միայն բնապահպանության, այլեւ... սոցիալական հոգբանության հարց է: Գրոնինգենի համալսարանի սոցիոլոգները 2008 թվականին փորձարարությամբ ապացուցեցին, որ փողոցներում աղբի կուտակումը հանգեցնում է հանցագործությունների թվի աճի: Այդ ձեւով հաստատվեց մի հետաքրքրական վարկածՙ «փշրված պատուհանների տեսությունը»:

Դեռ 1982 թվականին այն ձեւակերպել էին Ջեյմս Ուիլսոնը եւ Ջորջ Քելլինգը : Դրա էությունը բավական պարզ է. եթե ինչ-որ մեկը փշրել է տան պատուհաններից մեկի ապակին, եւ ոչ ոք նորը չի տեղադրել, ապա շուտով այդ տանը ոչ մի անվնաս պատուհան չի մնա, իսկ հետո կսկսվի կողոպուտը: Սկիզբ առնող շղթայական ռեակցիայի հետեւանքով «վայելուչ» քաղաքային շրջանը կարող է արագորեն վերածվել ապականված միջավայրի:

Այս տեսությունը «դաշտային պայմաններում» կիրառել են Եվրոպայի մի շարք երկրներում, Հարավային Աֆրիկայում, Ինդոնեզիայում, ԱՄՆ-ում: Օրինակ, Նյու Յորքի իշխանությունները, փողոցների մաքրությանը հետեւելով եւ պատերի գրաֆֆիտիները լվանալովՙ կարողացան քաղաքում զգալիորեն նվազեցնել հանցագործությունների թիվը: Այնպես որ, աղբի հետ չարժե կատակ անել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ