ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԱՐՑԱԽԻ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ Շուտով կբոլորի 30 տարին այն օրից, երբ 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժը ցնցեց հյուսիսային Հայաստանըՙ հողին հավասարեցնելով բնակելի ու արտադրական շինություններ, զգալի վնաս հասցնելով երկրի տնտեսությանն ու բնականոն կյանքին եւ պատճառ դառնալով տասնյակ հազարավոր մարդկային զոհերի: Այն միաժամանակ ցնցեց նաեւ մարդկային հոգիներն աշխարհի չորս ծագերում: Զորաշարժի ենթարկվեց հատկապես հայ Սփյուռքը, որի ներկայացուցիչներն օր առաջ շտապեցին զորավիգ կանգնել իրենց հայրենաբնակ եղբայրներին ու քույրերին: Մի քիչ պատմություն Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի պատվիրակությունըՙ մասնակցությամբ ամերիկահայ բարերար, տնաշինական հզոր կազմակերպության ղեկավար Գեւորգ Հովնանյանի, նյույորքաբնակ բժիշկ, նշանավոր նյարդավիրաբույժ Էդգար Հովսեփյանի եւ գլխավորությամբ այն օրերի թեմակալ առաջնորդ Թորգոմ արք. Մանուկյանի, 1988-ի դեկտեմբերին ժամանեց Հայաստանՙ սեփական աչոք տեսնելու տարերային աղետի հետեւանքները, հաշվեկշռելու անհրաժեշտ օգնության չափն ու նախանշելու աջակցության հիմնական ուղղությունները: Վերադարձին Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ) հիմնելու որոշում կայացվեց, որի առաջնահերթությունը, բնականաբար, դարձավ բժշկական օգնության ցուցաբերումը. հարկ էր անհրաժեշտ քանակի դեղորայք եւ նորագույն սարքավորումներ առաքել Հայաստան: Ավելին, կազմակերպվեց տասնյակՙ մոտ 90, հայաստանցի բժիշկների վերապատրաստումը ԱՄՆ-ի եւ Կանադայի հայտնի կլինիկաներում ու բուժհաստատություններում: Վերադառնալով նրանք լծվեցին թե՛ իրենց հայրենակիցների արդյունավետ բուժման եւ թե՛ անկախության ուղին բռնած երկրի առողջապահական նոր համակարգի կայացման գործին: Ինչ խոսք, երկար է ՀՕՖ-ի բժշկական-առողջապահական ծրագրերի ցանկը, որ կարող է թերթիս մի քանի էջը զբաղեցնել: Իր շարունակականությամբ եւ հեռահար ազդեցությամբ առանձնացնելի է 2005-ի մայիսին մեկնարկած «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիրը», որը սկզբից եւեթ նպատակ ուներ բարձրացնել ՀՀ մարզերի, ինչպես նաեւ Ջավախքի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության առողջապահական սպասարկման որակըՙ աջակցելով մայրաքաղաքից դուրս աշխատող բժիշկների կատարելագործմանը: Յուրաքանչյուր ամիս Հայաստանի հեռու ու մոտ մարզերից, նաեւ Ջավախքից ու Արցախ աշխարհից 4-5 բժիշկներ են հրավիրվում Երեւանՙ վերապատրաստման մեկամսյա անվճար դասընթաց անցնելու առաջատար կլինիկաներում: Միաժամանակ հնարավորություն է ընձեռվում օգտվելու Հանրապետական գիտաբժշկական գրադարանից, որը դարձյալ ՀՕՖ-ի շնորհիվ գրքերի սովորական պահոցից տարիների ընթացքում վեր է ածվել գիտաբժշկական արդիական կենտրոնի: Մինչ օրս շարունակվող այս ծրագրում ընդգրկված հայաստանյան բժիշկների թիվն արդեն մոտենում է 700-ին, իսկ Արցախի Հանրապետության վերապատրաստված բժիշկների թիվը վաղուց է հատել 200-ի սահմանը: Դժվար է, անշուշտ, գերագնահատել արվածի նշանակությունն ու խորության աստիճանը մերօրյա առողջապահական համակարգում: «Տարիների ընթացքում,- պատմում է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը , - խմորվում էր նաեւ բուժաշխատողների ամենամեծ զանգվածը հանդիսացող բուժքույրերի վերապատրաստման գաղափարը: Ցավոք, մինչ օրս նրանք դուրս են մնացել բարեփոխումների շրջանակներում իրականացված ծրագրերից: Վերջապես, շնորհիվ ամերիկահայ Նազարյան բարեգործ ընտանիքի, հնարավոր դարձավ մարմին տալ այդ գաղափարին: Անփոխարինելի է, անշուշտ, ՀՕՖ-ի լավագույն բարեկամ, բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի դերն այս ծրագիրը նախաձեռնելու եւ ընթացք տալու հարցում»: ՀՕՖ-ի այս նոր ծրագրի շահառուները Արցախի համայնքային բուժքույրերն են: Նրանց վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին այս տարվա ապրիլին, իսկ արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին: Ո՞վ է համայնքային բուժքույրը Հանրահայտ է, որ առողջապահության համակարգի նախահիմքը առաջնային բուժօգնությունն է: Դրան մասնակցող բուժաշխատողների ամենամեծ զանգվածը կազմում են բուժքույրերը: Վերջիններիս մեջ էլ մեծ դեր է վերապահված գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժքույրերին: Վերջինների կատարածի կարեւորությունն առավել է ընդգծվում, եթե հաշվի առնենք նրանցից շատերիՙ սահմանամերձ կամ լեռնային հեռավոր համայնքներում գործելու հանգամանքըՙ հաճախ առանց կենցաղային տարրական պայմանների ու նվազագույն ենթակառուցվածքների գոյության: Ի տարբերություն ընտանեկան բուժքրոջ, որն անմիջականորեն աշխատում է ընտանեկան բժշկի հետ եւ շատ հարցերում կարող է ակնկալել նրա աջակցությունը, համայնքային բուժքույրն աշխատում է մենակ եւ իր գործունեության ընթացքում առնչվում է այնպիսի խնդիրների հետ, որոնք անհապաղ լուծում են պահանջում եւ ենթադրում գործունեության որոշակի ինքնուրույնություն: Հաճախ է հարկ լինում նաեւ կայացնել կտրուկ որոշումներՙ փրկելու համար հիվանդի կյանքը: Դժվար է գերագնահատել, իհարկե, գյուղական համայնքների բուժքույրերի դերը հատկապես Ղարաբաղում, որտեղ պատերազմն ամենեւին էլ չի ավարտվել եւ մշտապես առկա է դրա վերսկսման վտանգը: Պատահական չէ, որ արտակարգ իրավիճակներում բուժքույրերը, որպես կանոն, ընդգրկվում են քաղպաշտպանության համակարգում: Արցախի Հանրապետությունում բուժական միջին օղակի աշխատակիցների թիվն անցնում է 650-ից: Նրանց մեծ մասը 10 ու ավելի տարիներ վերապատրաստում չի անցել: Նշենք, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը 2009-2013թթ. կազմակերպել էր արցախցի բուժքույրերի վերապատրաստում, որի շրջանակներում 250 հոգու արդեն բախտ էր վիճակվել մասնակցել այդ դասընթացներին: ՀՕՖ-ը շարունակական մասնագիտական զարգացման այս ծրագիրն իրականացնում էՙ համագործակցությամբ ԱՀ առողջապահության նախարարության, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի: Նախատեսվում է 3 տարում վերապատրաստվել 400-ից ավելի բուժքույրերի Լեռնային Ղարաբաղի բոլոր 7 շրջաններից: Նրանցից արդեն շուրջ 120 հոգի հաջողությամբ ավարտել են Քաշաթաղում, Հադրութում, Քարվաճառում եւ Մարտակերտում կազմակերպված դասընթացները: Մինչ այդ ՀՕՖ-ի հովանավորությամբ հիշյալ շրջաններից 4 բժիշկ եւ 7 բուժքույր այս տարվա ապրիլին հատուկ դասընթաց անցան Երեւանումՙ Առողջապահության ազգային ինստիտուտում եւ վերադառնալով հայրենի Արցախՙ իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունը սիրով փոխանցեցին համայնքային բուժքույրերին: Համապատասխան թեստեր լրացնելուց եւ քննություն հանձնելուց հետո առաջիկա հոկտեմբերին նրանք կստանան ավարտական հավաստագրերՙ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներով: Քաշաթաղում բուժքույրերի պակաս կա Սա Արցախի Հանրապետության ամենամեծ շրջանն է թե՛ իր բնակչության թվովՙ 12 000, եւ թե՛ տարածքով: Շրջանի հարյուրից ավելի գյուղեր միավորված են 42 համայնքներում: Ըստ Բերձորի (նախկին Լաչին) շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի ՙ համայնք կա 2-3 եւ ավելի բուժքույր ունի, համայնք էլ կաՙ ոչ մի: Նրա խոսքերով, հենց այս պահին իրենց մոտ բուժքրոջ պակաս կա: Լեգենդար բժիշկ Արցախ Բունիաթյանի անունը կրող այս բուժհաստատությունը տեղակայված է հին ու անհրապույր մի շենքում: Այդտեղ է աշխատում երիտասարդ բժիշկ Գնել Մադաթյանը , ով Երեւանում համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո կազմակերպեց քաշաթաղցի 17 բուժքույրերի ուսուցման գործը: Մեր զրույցում նա նախՙ նշեց, որ բուժքույրերը, որպես կանոն, չեն վերապատրաստվում: Ապա ավելացրեց. «Նման ձեւաչափով առաջին անգամ էր դասընթաց կազմակերպվում: Այն անցկացվեց Քաշաթաղի շրջվարչության շենքի կահավորված դահլիճում: ՀՕՖ-ը տրամադրել էր համապատասխան տեխնիկական միջոցներՙ պրոյեկտոր, համակարգիչ, մանեկեններ եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Մասնակիցները տարբեր բնակավայրերից էինՙ Աղավնո, Սուս, Քարեգահ, Տիգրանավան, Հակ, Մոշաթաղ, Մշենի, Սոնասար եւ այլն»: Այցելեցի Հագարի գետի երկայնքով ձգվող Ներքին Սուս համայնք, որը տխուր տպավորություն թողեց իր քարքարոտ ճանապարհներով ու բուժկետի չգոյությամբ: Երեւանի «Էրեբունի» պետական քոլեջն ավարտած բուժքույր Հայկուհի Խալափյանն ամուսնանալուց հետո է տեղափոխվել այս բնակավայր եւ սպասարկում է 121 բնակչի: Նրան պատահաբար հանդիպեցի կանչի գնալիս: «Ժամ ու պատարագ չունի համայնքային բուժքույրը,- նշեց նա մեր զրույցում,- Զանգում-կանչում են օրվա ցանկացած պահի: Գնում եմ տներըՙ անցնելով երկար ճանապարհ: Մութ ժամանակ ամուսինս է ինձ ուղեկցում»: Իսկ գյուղապետ Արթուր Փարսյանն էլ ավելացնում է, որ մինչեւ Հայկուհու գալը 1-1,5 տարի իրենք բուժքույր չեն ունեցել: «Մինչդեռ մեր պայմաններում բուժքույրը գյուղապետից հետո իր կարեւորությամբ երկրորդ մարդն է»,- կատակով ասաց նա: Թալիշի բուժքույրը Խոսքը Բագյում Ավանեսյանի մասին է, որը 2009-ից եղել է Հյուսիսային Արցախի դարպաս համարվող Թալիշ գյուղի բուժքույրը: Մինչ ապրիլյան պատերազմն այդտեղ 120 ընտանիք է ապրելՙ 500 բնակչով: Բագյումն իրենց գյուղում է եղել նաեւ 2016թ. ապրիլի 2-ի չարաղետ գիշերը: Անսպասելին այն է եղել, որ պատերազմն սկսվել է բուն գյուղում, ապա հետո տեղափոխվել դիրքերը: «Երբ հեռախոսը հնչեց,- պատմեց Թալիշի բուժքույրը,- սկզբում ինձ թվացՙ սովորական կանչ է: Չէինք սպասում նման հարձակման»: Սկսված տեղահանման ժամանակ որքան կարողացել, օգնել է համագյուղացիներինՙ փորձելով կանխել խուճապը: Ճիշտ է, հիմա հարազատ Թալիշը վերականգնվում է, սակայն դեռ ընտանիքների մեծ մասը շարունակում է բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում: Իր մեկ այլ գործընկերուհու հետ նա այդտեղ շարունակում է կատարել իր պարտականություններըՙ անհամբեր սպասելով վերջնական վերադարձին: Ականջներումս են նրա խոսքերը. «Թալիշի բնակեցումն անհրաժեշտ է, որպեսզի դիրքում կանգնած զինվորը ետ նայելուց թիկունքում տեսնի գյուղն ու բնակչին»: Մեր հերոսուհին 17 հոգուց մեկն է եղել, որ մասնակցել է ՀՕՖ-ի կազմակերպած դասընթացին: Շատ գոհ է արդյունքներից. «Շատ բաներ վերհիշեցինքՙ կապված հիվանդի խնամքի ու անհետաձգելի բուժօգնության հետ: Գործեր կային, որ նախկինում ռիսկ չէինք անում կատարել: Հիմա արդեն ուրիշ է: Խնդրանքս է, որ կրկնվեն նման վերապատրաստումները»: Որպես վերջաբան Տեսածիս ու լսածիս մասին ուզեցի պատմել եւ տպավորություններս կիսել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ: Նա նախ խոսեց ԱՀ կառավարության, ի մասնավորիՙ առողջապահության նախարարության գործադրած հետեւողական ջանքերի մասինՙ ապահովելու քաղաքացիների որակյալ բուժօգնությունը եւ ապա պարզեց տեսլականը առողջ սերունդ եւ երկարակյաց բնակչություն ունենալու հարցում: Իրոք, ԽՍՀՄ-ի օրոք Ղարաբաղի բնակիչներն առանձնանում էին իրենց երկարակեցությամբ: Այժմ, ըստ Արցախի վիճակագրական ծառայության տվյալների, 85 եւ բարձր տարիքի 4271 հոգի է ապրում, որոնցից 2667-ըՙ կին, իսկ 1604-ըՙ տղամարդ: Պատերազմող երկրի վիճակը, երբ մշտապես առկա են տարատեսակ սթրեսները, ինչպես նաեւ գնալով աղտոտվող շրջակա միջավայրը օրավուր առաջացնում են հիվանդություններՙ սրտանոթային եւ այլն: Այդ մարտահրավերները դիմագրավելուն է կոչված նաեւ ՀՕՖ-ի հովանավորությամբ մեկնարկած Համայնքային բուժքույրերի վերապատրաստման այս ծրագիրը: «Առկա կազմակերպությունների մեջ Հայ օգնության ֆոնդը առաջատարն է Արցախի առողջապահական համակարգի աջակցության ոլորտում»,- իր խոսքն այսպես եզրափակեց Արմեն Առաքելյանը: Ճշմարիտ մի խոսք կա, ըստ որի կիրթ մարդը հիվանդանում է, բայց կիրթ հասարակությունըՙ ոչ: ՀՕՖ-ի այս (եւ ոչ միայն այս) ծրագիրը եւս կոչված է նման հասարակության ձեւավորմանը: |