RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3787, Տպվել է` 547, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՊԻՏԻ ԶԲԱՂՎԵՆՔ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՄԲ: ԱՅՆ ԲԽՈՒՄ Է ԹԵ՛ ԵՎՐՈՊԱԿԱՆ, ԹԵ՛ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«ԼՂ հակամարտությանը պիտի հոգ տանենք», «Դոյչլանդֆունկի» հետ հարցազրույցում իր տեսակետն էր ներկայացրել Բունդեսթագի Գերմանիա- Հարավային Կովկաս խմբի նախագահ Յոհաննես Կահրսը օգոստոսի 24-ին, երբ ԳԴՀ կանցլերը պատրաստվում էր Երեւանից Բաքու մեկնել: «Ազգի» նախորդ համարում սկսել էինք ամփոփել կանցլերի տարածաշրջան այցի արդյունքներըՙ հենվելով գերմանացի մեր գործընկերների դիտարկումների, վերլուծությունների վրա: Դրանց մեջ առանձնացնում ենք ստորեւ ներկայացվող «Դոյչլանդռադիոյի» վերոհիշյալ հարցազրույցըՙ մասնակի կրճատումներով, հուսալով, թե այս զրույցը մեր իմացածին նոր եւ կարեւոր նրբերանգներ է հաղորդում:

Սոցիալ-դեմոկրատ Կահրսը պաշտպանում է Մերկելիՙ Ադրբեջան այցից չհրաժարվելը, մինչ նրա համերկրացի ուրիշ քաղաքական գործիչներՙ տարբեր կուսակցություններից, քննադատում էին ԳԴՀ կառավարության ղեկավարին, որ նա, ըստ նույն քննադատողների, տուրք տվեց Ալիեւի պահանջին, քրիստոնյա դեմոկրատ Ալբերտ Վայլերի փոխարեն գերադասեց ուրիշ պատգամավորի ընդգրկել իր պատվիրակության կազմում եւ Բաքու այցն իրականացնել: «Դոյչլանֆունկը» ծանուցում է, թե Վայլերը 2 անգամ ԼՂ է այցելելՙ որպես Բունդեսթագի հարավկովկասյան խմբի անդամ եւ հարց է ուղղում Կահրսինՙ «ինչո՞ւ էր կանցլերի այցը ճիշտ, ինչո՞ւ պիտի նախագահ Ալիեւին զիջենք»: «Տեղի տալու, զիջելու հարց չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս հակամարտությունը շատ հին է, միջազգային իրավունքի տեսակետից կարելի է երկար բանավիճել դրա մասին: Բայց Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից նվազագույնը որոշումների հարցում ճիշտ է: Մի կարգ կա, որին Ադրբեջանը տարիներ ի վեր հետեւում էՙ մեկը, որ եղել է ԼՂ- ում, Ադրբեջան չի կարող այցելել: Սա քրիստոնյա-դեմոկրատ այլ գործընկերների հետ էլ է պատահել, կարծում եմ նույնիսկՙ մի սոցիալ-դեմոկրատի հետ էլ: Այս կարգը յուրաքանչյուրը գիտի նախօրոք, եւ ամեն ոք ինքն է վճիռ կայացնում»:

«Վայլերը սխա՞լ է վարվելՙ ԼՂ այցելելով», ռադիոյի եթերում հաջորդ հարցն է ուղղում հարցազրուցավար Հայնլայնը: «Պարոն Վայլերին բարձր եմ գնահատում: Կարծում եմ նա հստակ գիտերՙ ինչ էր անում, երբ այնտեղ էր ուղեւորվում: Բայց գիտեր նաեւ, թե վերջում ինչ է դրա գինը, բնականաբար նա ուզում է հետեւել- տեսնելՙ ինչ տեսք ունի ԼՂ, եւ ես դա միանգամայն լեգիտիմ եմ համարում: Բայց Ադրբեջանը այդ կարգն ունի, եւ դրա հետեւանքները նախապես պարզ ու հայտնի են բոլորին»:

«Հիմա կարեւո՞ր է, որ Մերկելը նախագահ Ալիեւի հետ զրույցի ժամանակ Վայլերի հետ կատարվածի մասին խոսի եւ հստակ արտահայտվի» հարցին Բունդեսթագի պատգամավորը պատասխանում է. «Կարծում եմ կանցլերը պիտի խոսի եւ ասի, որ դա մեր տեսանկյունից անսովոր է, ընդունված չէ: Բայց ադրբեջանական կողմն էլ կհայտարարի, թե տարիներ ի վեր այդ գործառույթն են իրականացնում: Մտքերի փոխանակումից պարզ կդառնա, որ կողմերն իրենց կարծիքն ունեն»:

«Ինչո՞ւ է Գերմանիայի կանցլերի համար Ադրբեջան այցն այդքան կարեւոր, այդ երկիրը, նրա դիկտատուրան Գերմանիայի, նրա տնտեսության համար կարեւո՞ր են», հարցնում է «Դոյչլանդռադիոյի» թղթակիցը: «Երբ Հարավային Կովկասի երեք երկրներին նայեք, կնկատեք Ռուսաստանից նրանց կախյալ լինելու տարբերությունը: Ադրբեջանը պիտի նայի, որ իր երկու մեծ հարեւաններիՙ Իրանի եւ Ռուսաստանի հետ հասկացվի: Երեք երկրների համար էլ միշտ հավասարակշռություն պահպանելն առկա է: Բոլորս այն շահն ունենք, որ Ղարաբաղի այս «սառեցված հակամարտությունը» երբեւէ թեժ հակամարտության կամ պատերազմի չվերածվի: Միգուցե դիվանագիտական ուղիով առաջընթացի կարելի է հասնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում ունենա»:

«Ինչպիսի՞ դերակատարում ունի տնտեսական շահը: Գերմանիան Ադրբեջանից գազ ներկրելու կարիք ունի՞ , դրանով նվազեցնելով Ռուսաստանից կախյալությունը, դա՞ է կանցլերի այցի հիմնական առիթը» հարցին Կահրսը այսպիսի պատասխան է հնչեցնում. «Որքան շատ լինեն գազի մատակարարները, այնքան անկախ կլինես յուրաքանյուրից: Բայց չեմ կարծում, թե դա է այցի հիմնական պատճառը: Դիվանագիտական տեսակյունից կարեւոր է, որ Մինսկի խմբի հետ միասնաբար կարողանան թուլացնել այն լարվածությունը, որը կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Դրան կարելի է հասնել միայն Ռուսաստանի միջոցով, ինչն ամեն դեպքում այժմ դժվար է: Ադրբեջանը պատմականորեն միշտ սատարում է գտել Թուրքիայից: Իրանն էլ մասնակցում է: Պիտի նայենք, որ վերջում ինչ- որ ժամանակ այս հակամարտությունը դիվանագիտական լուծում գտնի: Դրան կարող եք հասնել, երբ բոլորի հետ խոսեք, երբ այդ երկրներ այցելեք: Վրաստանը մեծապես հետաքրքրված է, որ հակամարտությունը չբռնկվի, քանի որ անմիջապես իր ազդեցությունը կթողնի Վրաստանի վրա: Հայաստանը լրիվ կտրված է հակամարտության մեջ եղած իր դրացիներից եւ տնտեսական, քաղաքական շահագրգռություն ունի բոլորի հետ հասկացվելու, նույնըՙ Ադրբեջանը», պատասխանում է Բունդեսթագի հարավկովկասյան խմբի նախագահը: «Կանցլերը երկար տարիներ է պաշտոնավարում, բայց առաջին անգամ է Հայաստան եւ Ադրբեջան այցելում: Գերմանիայի վարած քաղաքականությունն անտեսե՞լ է Հարավային Կովկասը» հարցին Գերմանիա- Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Կահրսն այսպիսի պատասխան է տալիս. «Կարծում եմՙ պետք է ավելի շատ հոգ տանեինք ԼՂ հակամարտությանը , որը միշտ մի քիչ քմծիծաղելի է եղել, քանի որ հեռու է եղել, քանի որ այնտեղ միեւնույն է ոչինչ չի պատահել, բացի տարեկան մի քանի տասնյակ զոհը, որ անձամբ արդեն ահազանգող եմ նկատում: Չենք կարող արհամարհել այդ տարածաշրջանը, այդ շքեղությունը թույլ տալ չենք կարող: Պիտի զբաղվենք ԼՂ հակամարտության լուծմամբ, այն բխում է թե՛ եվրոպական, թե՛ գերմանական շահերից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ