RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3791, Տպվել է` 549, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՏԻ

Պ.Ք.

Աստանայի գործընթացը կշարունակվի Իդլիբում

Սոչիում սեպտեմբերին 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հանդիպումը: Բանակցությունները տեւել են չորս ժամից ավելի: Ավելի վաղՙ սեպտեմբերի 7-ին Թեհրանում Իրանի նախագահի մասնակցությամբ նրանք քննարկել էին Սիրիայի ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիները:

Այն ժամանակ ամեն ինչ չէ, որ հաջողվել էր: Սոչիի հանդիպման թեման նախօրոք հայտարարված էրՙ Սիրիայի եւ մասնավորապես Իդլիբի իրադրությունը: Դա երկրի միակ շրջանն է, որը մինչեւ օրս գտնվում է զինված կազմավորումների ձեռքին: Խոսվել է նաեւ ռուս-թուրքական տնտեսական եւ այլ հարաբերությունների մասին: Կողմերը չեն թաքցրել, որ թանկ են գնահատում երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ մտադիր են զարգացնել այն: Ավելին, Սիրիայի հարցում ձեւավորված Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ դաշինքի մասնակիցները շահագրգռված են դրա պահպանմամբ:

Ավելի վաղ, Թուրքիան ամրապնդել էր իր ռազմական ներկայությունը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում եւ իր դիրքերը Իդլիբում: Էրդողանի կարծիքով, այդ տարածքը չպետք է հանձնվի Բաշար Ասադի «ողորմածությանը». այն կարող է վերահսկվել չափավորական իսլամիստների կողմից:

Չնայած դաշինքի քայքայման վերաբերյալ Արեւմուտքում արված կանխատեսումներին, Պուտինը եւ Էրդողանը համաձայնության են հասել Սիրիայում իրադրության վերջնական կարգավորման եւ Իդլիբից գրոհայինների արտաքսման առնչությամբ: Դեռ հանդիպման նախօրեին Էրդողանը լրագրողներին խոստացել էր սենսացիոն հայտարարություն: Այդպես էլ եղավ: Հանդիպումից հետո Պուտինը մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքը եւ Էրդողանը պայմանավորվել են մինչեւ հոկտեմբերի 15-ը Իդլիբում շփման գծի երկայնքով ստեղծել 15 20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի:

Այնտեղից դուրս կբերվեն արմատական գրոհայինները: Բոլոր ընդդիմադիր խմբավորումների եւ դրանց ծանր սպառազինությունների դուրսբերումը տեղի կունենա մինչեւ հոկտեմբերի 10-ը: Ապառազմականացված գոտին միասնաբար կվերահսկեն Ռուսաստանն ու Թուրքիան: Սիրիայում ռուսական ռազմակայանները ստանում են սեփական անվտանգության որոշակի երաշխիքներ: Ըստ որում, նախագահ Պուտինը նշել է, որ նախաձեռնության հեղինակը թուրքական կողմն է: Իհարկե, տվյալ որոշումը կրում է միջանկյալ բնույթ, բայց գործի է դնում ռուս-թուրքական համագործակցության նոր մեխանիզմ հակամարտության գոտում եւ պետք է հանգեցնի զինված խմբավորումների, օրինակ «Թահրիր ալ-Շամի» զինաթափմանը, ինչպես նաեւ ստեղծում է քաղաքական հանգուցալուծումների ընդհանուր նախադրյալներ, մեղմացնում Իդլիբի շուրջը ստեղծված լարվածությունը:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ պայմանավորվածությունը ինչ-որ չափով չեզոքացնում է Արեւմուտքի ճնշումները Մոսկվայի եւ Անկարայի վրա: Ըստ որում, Ռուսաստանը եւ Թուրքիան ժամանակ են շահում ի նպաստ ինչպես Սիրիայի, այնպես էլ իրենց ազգային շահերի: Հնարավոր է, որ Թուրքիան այսուհետեւ եւս փորձի զանազան միջոցներով լուծել քրդական զինված ջոկատների հետ կապված խնդիրը: Սակայն տվյալ փուլում Էրդողանը Պուտինից ստացավ իր ուզածը:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նա որոշ իմաստով դարձավ ՌԴ նախագահի պարտապանը: Վերջին հաշվով, Իդլիբը ռազմավարական տեսակետից ներկայումս մեծ հետաքրքրություն չի ներկայացնում ինչպես Դամասկոսի, այնպես էլ Մոսկվայի համար: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Թուրքիայիՙ որպես տարածաշրջանային գործընկերոջ պահպանումը առանձնակի արժեք է ձեռք բերում, քանի որ Դամասկոսի ջանքերով Իդլիբի անկումը կնշանակեր Էրդողանի պարտություն, մանավանդ եթե նկատի ունենանք Սիրիայի հարցում քրդական գործոնի կարեւորության աճը եւ Թուրքիայի հանդեպ թշնամաբար տրամադրված քրդական ջոկատների կողմից սիրիական տարածքի մի մասի գրավումը:

Սոչիի հանդիպումից հետո Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման ծրագրին անդրադառնալովՙ Էրդողանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել հումանիտար աղետից: Պուտինը իր հերթին ասել է, որ տվյալ ձեռնարկումը արժանացել է Սիրիայի ղեկավարության հավանությանը: Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ պարեկություն կանեն ապառազմականացված գոտում: Փորձագետների գնահատմամբ, հանդիպման արդյունքները վկայում են, որ երկու կողմերը մերժում են Սիրիայի հարցում արտաքին ճնշումները:

Իդլիբի հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական միջոցներով: Սիրիական այդ նահանգում ռազմական գործողություն չի ձեռնարկվի, նշում է Russia Today հեռուստաընկերությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն : Նրա խոսքերովՙ թուրք պաշտոնակցի հետ Իդլիբի վերաբերյալ իր ստորագրած հուշագիրը կհամաձայնեցվի Դամասկոսի հետ:

Էրդողանը իր հերթին ընդգծել է, որ Իդլիբի հարցը հարկավոր է լուծել Աստանայի ձեւաչափով: Նրա խոսքերով, Ռուսաստանը եւ Թուրքիան պարեկություն կանեն Իդլիբում երրորդ կողմի սադրանքներ թույլ չտալու նպատակով:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի կարծիքով, Արեւմուտքը փորձում է թույլ չտալ Սիրիայի ամբողջականության վերականգնում: Նրա խոսքերով, Արեւմուտքը Իդլիբում պատրաստ է պաշտպանել ընդդիմությանը եւ աչք է փակում ահաբեկիչների գործողությունների վրա:

Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ռազմավարական հետազոտությունների ու կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Նիկիտա Դանյուկը գտնում է, որ Թուրքիան շահագրգռված չէ թեժ փուլում Իդլիբում ռազմական գործողությունների իրականացմամբ, որոնց ընթացքում Սիրիայի բանակը ռուսների օգնությամբ կոչնչացներ գրոհայիններին: Այդ դեպքում հարվածի տակ կհայտնվեին նաեւ Թուրքիայի աջակցությունը վայելող չափավորական խմբավորումները: Տվյալ համատեքստում Էրդողանը մշտապես կրկնում էր, որ Իդլիբում ռազմական գործողությունն անընդունելի է:

Ներկա պայմաններում Իդլիբում գործի է դրվում Աստանայի գործընթացը, մինչդեռ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կորցնում է Սիրիայի վրա ազդելու հնարավորությունը: Եթե Իդլիբը մաքրվի ահաբեկիչներից, ապա Վաշինգտոնը կկորցնի Սիրիա մուտք գործելու վերջին հենակետը: Փորձագետը կարծում է, որ Անկարայի ու Վաշինգտոնի այժմյան փոխհարաբերությունների պայմաններում ԱՄՆ-ին հազիվ թե հաջողվի խափանել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Իդլիբի հակամարտության կարգավորման մեջ նախագահ Էրդողանը պարտավորվում է սահմանազատել ծայրահեղականներին եւ ընդդիմությանը, ինչը նախագահ Պուտինի գլխավոր պահանջներից մեկն էր, հայտարարել է Մերձավոր Արեւելքի փորձագետ, ակադեմիկոս Արայիկ Ստեփանյանը : Թուրքիան հասկանում է, որ Իդլիբի վրա հարձակվելու դեպքում իրեն աղետ կսպառնա, ուստի Էրդողանը դիմում է Մոսկվայի հետ փոխզիջման եւ պարտավորվում է ոչնչացնել ծայրահեղականներին: ԱՄՆ-ը հայտնվում է հետնապահների շարքում, քանզի հույս ուներ, թե Իդլիբում ծրագրված սադրանքը իրողություն կդառնա եւ ռազմական միջամտության առիթ կծառայի:

Վերոհիշյալ հուշագիրը ճանապարհ է հարթում Իդլիբից եւ ապառազմականացված գոտուց սիրիական զորքերի հարձակման շնորհիվ «Ալ-Ղաիդայի» եւ «Իսլամական պետության» մարտիկների արտաքսման համար: Թուրքիան ցույց տվեց, որ ինքը Ռուսաստանի հետ առճակատման չի դիմի: Դա կարեւոր ազդանշան է տարածքային եւ արտատարածքային բոլոր ուժեր համար:

Սոչիի հանդիպումից հետո ռուս եւ թուրք ղեկավարների արած հայտարարությունները հույս են ներշնչում, որ Բաշար Ասադը կհրաժարվի Իդլիբում գրոհայններին եւ նրանց աջակցող խաղաղ բնակիչներին հարվածելու մտադրությունից: Ավելի վաղ, Ռուսաստանը թերեւս հավանություն էր տալիս Իդլիբում մնացած խռովարարներին ոչնչացնելու եւ յոթուկես տարի շարունակվող հակամարտությանը վերջ դնելու Ասադի ծրագրերին:

The New York Times թերթը գրում է, որ պարզ չէ, թե Ռուսաստանը ինչ է շահում ապառազմականացված գոտու ստեղծումից, որը Ասադի հակառակորդներին փաստորեն կբաժանի սիրիական զորքերից եւ դրանց դաշնակիցներից: Թեեւ այդ գոտին նվազեցնում է Իդլիբի մոտակայքում ռուսական զորքերի վրա հարձակումների հավանականությունը, բայց փաստորեն լոկ հետաձգում է ռազմական գործողությունը:

Վերլուծաբանների խոսքերով, Ռուսաստանը հետաձգում է հարձակումըՙ հուսալով, որ ապագայում կկարողանա Ասադին ներկայացնել որպես պատերազմի հաղթող, որին հարկավոր է օժանդակել երկրի վերականգնման գործում: Ապառազմականացված գոտու ստեղծմանը համաձայնելովՙ Մոսկվան ՄԱԿ-ին եւ մյուսներին հավանաբար ուզեցել է ցույց տալ, որ ահաբեկիչները խաղաղություն չեն ուզում, ուստի հարկավոր է նրանց բռնի ուժով վերացնել, ինչը եւ ուզում էր անել Սիրիան այս ամբողջ ժամանակամիջոցում, գրում է ամերիկյան թերթը:

Գերմանական Der Spiegel շաբաթահանդեսի կարծիքով, անվտանգության գոտու ստեղծմանը համաձայնելովՙ Պուտինը զիջում է արել Էրդողանին, ում համար տվյալ գործարքը հաջողություն է: Թուրքական MIT հակահետախուզության տվյալներով, Իդլիբի վրա հարձակման դեպքում Թուրքիա մուտք կգործեին առնվազն 250 հազար նոր փախստականներ, ինչը ներքաղաքական կյանքում է՛լ ավելի ծանր կացության մեջ կդներ առանց այդ էլ տնտեսական ճգնաժամ ապրող Թուրքիայի նախագահին:

Եթե հավատանք Կրեմլին եւ ՌԴ պետական լրատվամիջոցներին, սիրիացի փախստականները մոտ ժամանակներս կկարողանան հայրենիք վերադառնալ: Վերջին ամիսներին Պուտինը եւ իր դիվանագետները փորձում են Արեւմուտքին համոզել, որ հարկավոր է ֆինանսավորել Սիրիայի վերականգնումը: Այդ հարցը Մոսկվան չի կարող լուծել առանց Ասադի օգնության: Այժմ Մոսկվան կարող է ցույց տալ, որ ինքը հանուն քաղաքացիական բնակչության ապահովության պատրաստ է փոխզիջումների դիմել նույնիսկ իր հովանավորյալ Ասադին հակառակ:

Այդուհանդերձ, բուֆերային գոտու ստեղծումը անպատասխան է թողնում բազմաթիվ հարցեր: Միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան շարունակի ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Մնում է պարզել, թե դա բավարար կլինի՞ արդյոք ջիհադիստներին վերջնականապես ջախջախելու համար: Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Էրդողանը առայժմ չեն պարզաբանել, թե իրենց բանակները ինչպես են համագործակցելու Իդլիբում. դրանք կլինեն իրավահավասար, թե՞ Ռուսաստանի ղեկավարության ներքո: Այսպիսով Էդողանի եւ Պուտինի փոխհամաձայնությունը Իդլիբի խաղաղ բնակչությանը ազատ շունչ քաշելու ժամանակ է տալիս մինչեւ նոր եւ ավելի դաժան մարտերի ծավալումը, եզրակացնում է Der Spiegel-ը:

Սիրիայի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ Իդլիբի վրա հարձակման ձեռնարկումը կհանգեցնի հումանիտար աղետի: Իդլիբում ապրում է 3 մլն մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, այնտեղ գտնվում են նաեւ մոտ տասը հազար գրոհայիններ: Նրանց մեծամասնությունը ծայրահեղական խմբավորումների մարտիկներ են: Ոչ ծայրահեղական խմբավորումների մեջ առանձնանում է Ազատագրման ազգային ճակատը, որը այս տարի ստեղծել են չափավորական իսլամիստները եւ Ասադի հակառակորդները: Ենթադրվում է, որ վերջինիս աջակցում է Թուրքիան, որը տվյալ կազմակերպությունը համարում է իսլամիստ ծայրահեղականների հակակշիռը: Ծայրահեղական բոլոր խմբավորումները իրենց հայտարարել են Ասադի թշնամիներ եւ խոստանում են Իդլիբը պաշտպանել մինչեւ վերջ:

Մինչեւ վերջերս Պուտինը նրանց բոլորին անվանում էր ահաբեկիչներ, բայց երկուշաբթի օրը Էրդողանի հետ հանդիպումից հետո սկսեց օգտագործել «արմատական գրոհայիններ» բառակապակցությունը:

Իրանը եւ ԱՄՆ-ը հավանություն են տվել Սոչիում ձեռք բերված համաձայնություններին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության պետ Ռոբերտ Էշլին հայտարարել է, որ Վաշինգտոնը դրականորեն է գնահատում Սոչիում երկու նախագահների հանդիպման արդյունքները եւ հավանություն է տալիս Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու որոշմանը:

Ի դեպ, ինչպես գրում է թուրքական Milli gazete-ն, Իդլիբի ներկայիս իրադարձությունները պետք է դիտարկել որպես անվտանգության նոր կառույցի ստեղծում եւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա դաշինքի ռազմավարական քայլ, դաշինք, որը հանդես է գալիս ամերիկյան Մեծ Մերձավոր Արեւելքի նախագծի դեմ: Սակայն Իդլիբի դեպքում տեղի է ունենում պարտականությունների կոնկրետ բաշխում. «Ռուսաստանը պետք է ապահովի անվտանգությունը Իդլիբի սահմաններից դուրս, իսկ Թուրքիան դա պետք է անի նահանգի ներսում»:

Ինչ վերաբերում է Թեհրանին, Անկարան ակտիվացրել է նրա հետ երկկողմ համագործակցությունըՙ ակնհայտորեն կարծելով, որ Սիրիայում պայքարի վերջնական փուլը վերջնական չէ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար: Իր հերթին, լիբանանյան Arabi21 թերթը կարծում է, որ Իդլիբի հետ կապված գործողություններին չմիջամտելու Իրանի հավաստիացումները պայմանավորված են նրանով, որ Անկարան չի միացել իրանական նավթի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:

Կարեւոր է նաեւ այն փաստը, որ Իդլիբի ապառազմականացված գոտին վերահսկելու են թուրքական բանակը եւ ռուսների ռազմական ոստիկանությունը, այլ ոչ թե թուրք եւ սիրիացի զինվորականները: Դա Էրդողանին բարդ երկընտրանքից ազատում է Սիրիայի նախագահ Ասադի հետ իր հարաբերություններում, մանավանդ որ Մոսկվան պարտավորություն է ստանձնել ամեն հարցում պայմանավորվել Դամասկոսի հետ: Այնպես որ Իրանն ու Սիրիան մնում են խաղի մեջ, բայց առայժմՙ ոչ առաջին գծում: Իր հերթին դա սահմանափակում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հնարավորությունները Սիրիա-Իրան գծի վրա նրանց հայտարարած «նոր սիրիական քաղաքականության մեջ»:

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Կորտունովի կարծիքով, Ռուսաստանը ոչինչ չի շահում Իդլիբում ռազմական գործողության ձեռնարկման դեպքում, որն այնտեղ կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը: Եթե Իդլիբում ծավալվի մեծ ճակատամարտ, ապա Դամասկոսի կողմից քիմիական զենքի օգտագործումը կդառնա անխուսափելի, ասել է նա Փարիզի Liberation թերթին տված հարցազրույցում: Մինչդեռ Կրեմլը շարունակ կրկնում է, թե դա ընդդիմության ծրագրած սադրանքն է Արեւմուտքի պատասխան գործողություններ հրահրելու նպատակով: Պարզ է, որ Ռուսաստանը չի ուզում հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, բայց է՛լ ավելի է կարեւորում Թուրքիայի հետ իր դաշինքի հարատեւումը: Անկարան Մոսկվայի գլխավոր հաղթաթղթերից մեկն է ապագայում Արեւմուտքի երկրների հետ Սիրիայի ապագայի վերաբերյալ գործարք կնքելու հարցում, կարծում է փորձագետը:

Ի դեպ, Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո, Սիրիայում վայրէջք կատարելիս, խոցվել է ռուսական Լս-20 ինքնաթիռ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեղադրել է Իսրայելին: Ինքնաթիռի խոցումը պատահական փաստի տպավորություն չի թողնում ներկա քաղաքական իրավիճակում: Սա վկայում է, որ Սոչիում ձեռք բերված համաձայնությունները Մերձավոր Արեւելքում ոմանց ձեռնտու չեն: Սակայն ներկա պահին Իդլիբի հետ կապված իրադրության սրացումը ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Անկարային, Թեհրանին եւ Դամասկոսին:

Անկարան Մոսկվայի հետ քաղաքական-դիվանագիտական մանեւրների լայն ասպարեզ է պահպանում Մերձավոր Արեւելքում: Հիմա գլխավորը Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրականացումն է, կրկնում են ռուս վերլուծաբանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ