ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արգելել հացահատիկի եւ հացազգի այլ կուլտուրաների ներկրումը եւ արտահանումը իր երկրի տարածքով տրանսպորտային միջոցների օգտագործմամբ: Խոսքը 20 եւ ավելի տոննա բեռնատարողություն ունեցող մեքենաների մասին է, որոնցով Ռուսաստանից Վրաստանով Հայաստան է ներմուծվում ռազմավարական նշանակություն ունեցող այդ ապրանքըՙ հացահատիկը: Տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում Վրաստանի իշխանությունները հետաձգել են այդ որոշման իրականացումը մինչեւ հոկտեմբերի 1-ը, սակայն շարունակվող բողոքի ակցիաների հետեւանքով այն հետաձգվեց միչեւ 2019թ. հունվարի 1-ը: Սակայն պարզ է, որ այս հետաձգումները հարցի լուծում չեն եւ այս որոշումը սպառնալիք է առաջին հերթին Հայաստանի համար, որը այսպիսով հայտնվում է ամբողջական կախման մեջ Վրաստանից, որը ցանկանում է դեպի Հայաստան հացահատիկի ներկրումը կազմակերպել իր ընկերությունների միջոցով: Հայտնի է, որ պաշտոնական Թբիլիսին առաջարկում է հացահատիկի ներկրումը այսուհետ կազմակերպել ծովովՙ Փոթի նավահանգստով եւ ապա վրացական երկաթուղով: Այսինքն, եթե մինչ այդ դեպի Հայաստան հացահատիկը մեքենաներով ներկրում էին հայկական ընկերությունները, ապա այսուհետ այս հարցում հայտնվում է վրացական մենաշնորհ, որը եւ տիրապետելու է ՀՀ հացահատիկի ներմուծման իրավունքին: Այս որոշման արդյունքում Հայաստանը հայտնվում է, մեղմ ասած, լուրջ դժվարությունների առաջ, ինչը անդրադառնալու է թե՛ պարենային անվտագության եւ թե տնտեսական ու վերջապես ազգային անվտանգության խնդիրների վրա: Նախ կրկնակի թանկանում է հացահատիկի ներկրումը դեպի Հայաստան, սա խոստացած 52% երկաթուղային զեղչի պայմաններում, ապա հայկական մեկ տասնյակից ավելի ընկերություններ հայտնվում են փակման վտանգի առաջ, իսկ հազարավոր վարորդներ դառնում են գործազուրկ: Նկատենք նաեւ, որ այս որոշումը տարածվում է ոչ միայն հացահատիկի, այլ նաեւ հացահատիկային մյուս մշակաբույսերի ներմուծման վրա եւս: Մասնավորապես, արգելվում է նաեւ եգիպտացորենի, գարու եւ այլ տեսակի կուլտուրաների ներմուծումը ավտոտրանսպորտով: Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշումը տարածվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ, ըստ պաշտոնական Թբիլիսիի հայտարարության, տարածաշրջանի մյուս պետությունների վրա եւս: Ավտոտրանսպորտով հացահատիկի ներմուծումը արգելվում է դեպի Վրաստան եւս: Այս որոշումը, ինչպես եւ սպասվում էր, առաջացրել է նաեւ վրացի բեռնափոխադրողների դժգոհությունը, որոնք արդեն քանի օր է գործադուլ են անում` սպառնալով փակել դեպի Վրաստան մտնող բոլոր հիմական ուղիները: Վրաստանի այս որոշումից, սակայն, առաջին հերթին տուժում է Հայաստանը, քանի որ Ադրբեջանը սահման ունի Ռուսաստանի հետ եւ իր հացահատիկի միայն մի մասն է ներմուծում Վրաստանով, իսկ հետագայում կարող է ընդհանրապես հրաժարվել այդ ուղղությունից: Հասկանալի է, որ տուժում են նաեւ վրաց փոխադրողները եւս, բայց հիմնական հարվածն ուղղված է Հայաստանին, քանի որ այսպիսով հայտնվում են լրջագույն ռիսկեր, որոնք անդրադառնում են նաեւ պետության ազգայինՙ պարենային, տրանսպորտային, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներին: Իհարկե այստեղ բնական հարց է առաջանում, թե ո՞րն է այս որոշման իրական պատճառը եւ ի՞նչ նպատակ է հետապնդում Վրաստանը մտցնելով այս արգելքները: Ըստ մասնագետների, հիմնական խնդիրը Փոթիի նավահանգստի ծանրաբեռնումն է, որը վերջին տարիներին աշխատում է միայն իր հզորությունների կեսի չափով: Իրավիճակի նման փոփոխությունը, այսինքն վրացական նավահանգիստների բեռնաթափումը, պայմանավորված է այն քաղաքականությամբ, որ վերջին երկու տասնամյակներում վարում է պաշտոնական Թբիլիսին, իր երկիրը դարձնելով տարանցիկՙ ադրբեջանական ապրաքների համար: Խոսքը այստեղ, առաջին հերթին, նավթի ու նավթամթերքների առաքման մասին է, որը արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ չի իրականացվում վրացական նավահանգիստներով: Հիշեցնենք, որ 2006թ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից հետո ադրբեջանական հում նավթը միջազգային շուկա է հասնում շրջանցելով վրացական նավահանգիստները` հասնելով Միջերկրական ծովի թուրքական ափ: Դեռ ժամանակին, երբ նախագծվում եւ ապա կառուցվում էր այդ նավթամուղը, վրաց որոշ փորձագետներ փորձում էին բարձրաձայնել իրենց մտահոգությունը, նշելով, որ այսպիսով կդատարկվեն վրացական նավահանգիստները, իսկ խողովակաշարի բերած օգուտը, մոտ 50 միլիոն դոլար տարեկան, չի փոխհատուցի այն վնասները, որը կհասցվի այդ երկրի տնտեսությանը: Սակայն այդ մասնագետների ձայները լռեցվում էին տվյալ խողովակաշարի «աշխարհաքաղաքական» ու «աշխարհառազմավարական» նշանակության մասին բարձրագոչ հայտարարություններով: Ինչպես միշտ, այս դեպքերում հայտնվում էին լավ վարձատրվող «փորձագետներ», որոնք հանրային կարծիք ստեղծելու համար գովերգում էին այդ ծրագրերը: Բառացի նույն իրավիճակը ստեղծվեց, երբ խոսվում էր Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման մասին. Վրաստանի շահերով մտահոգ վրացի մասնագետները նշում էին, որ այդ երկաթուղին կդատարկի վրացական նավահանգիստները: Սակայն ինչպես միշտ ի հայտ էին գալիս վճարովի «փորձագետներ», որոնք պնդում էին, որ այս երկաթուղով չինական ապրանքները Արեւելքից «կհորդեն» դեպի Եվրոպա` Վրաստանին բերելով բազմամիլիարդանոց օգուտներ: Որեւիցե այլ կարծիք խեղդվում էր Վրաստանի աշխարհառազմավարական կարեւորության մասին բարձրագոչ հայտարարությունների ներքո: Թբիլիսի-Կարս երկաթգծի սպասված էֆեկտը չի գործում, այն փաստորեն կարգին չի էլ աշխատում, իսկ վրացական նավահանգիստները, որոնք այդ պետության տնտեսության կարեւորագույն հանգույցներն են, այս քաղաքականության արդյուքնում տուժում են եւ աշխատում են իրենց հզորությունների հազիվ կեսի չափով: Վրաստանը տարանցիկ պետություն դարձնելու Թբիլիսիի քաղաքականությունը ոչ միայն իրեն չի արդարացնում, այլեւ վնասում է այդ պետության տնտեսությանը: Հիշեցնենք նաեւ, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկման արդյունքում դադարեց գործել նաեւ Բաքու-Սուփսա (Վրաստանի սեւծովյա ափ) խողովակաշարը: Տարանցման այս ծրագրերը Վրաստանին ռազմավարական նշանակության օգուտ չբերեցին, դրանք որոշակի արդյունավետություն ունեին, երբ կառուցվում էին, սակայն շահագործումից հետո պարզ դարձավ, որ հեռանկարում դրանք աշխատելու են ի վնաս Վրաստանի, հատկապես վրացական նավահանգիստների: «Հացահատիկային» այս ողջ գործողության նպատակն է ավելացնել այդ նավահանգիստների բեռնվածությունը եւ դա արվում է ի հաշիվ Հայաստանի: Սա մի իրավիճակ է, որը պետք է դառնա Հայաստան-Վրաստան բանակցությունների առանցքային թեման, պաշտոնական Երեւանը շուտափույթ կերպով պետք է այս հարցը որպես առաջնային ու շտապ լուծման խնդիր մտցնի երկու բարեկամ պետությունների միջեւ քննարկվող խնդիրների օրակարգ: Չի կարելի թույլ տալ, որ վրացի որոշ գործիչների սխալի արդյունքում տուժի Հայաստանըՙ վտանգելով պետության պարենային անվտանգությունը, փակվեն տրանսպորտային ընկերությունները ու գործազուրկ դառնան հազարավոր վարորդներ: |