ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄՏՔԻ ՏԵՐ ՀԱՅ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԸՙ ԱՅԱՆ ԲՐԵՄՄԵՐ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider: Vol. 8, Aug. 2018) Ներկա ժամանակներում, երբ աշխարհի ժողովուրդների առաջ հառնող բարդ ու անսպասելի խնդիրներն (օդերեւութաբանական, քաղաքական, թե տնտեսական) աճում ու սրվում են աննախադեպ արագությամբ, ավելի քան հրատապ է դառնում մտածողությամբ եւ պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությամբ օժտված կառավարության տարբեր մակարդակներում ծառայող նախաձեռնող մարդկանց պահանջը: ՀԲԸՄ-ի հրատարակած «Insider» անգլերեն պարբերականը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում աննկուն վճռականության տեր, ինքնամոռաց նվիրվածությամբ աշխատող հայազգի մի խումբ նորարարների, որոնք հասարակական ծառայության բնագավառում դրական փոփոխություններ են ձգտում իրականացնել: Պարբերաբար անդրադառնալու ենք դրանցից մի քանիսին: Երբ պետությունների ղեկավարներն ու «Fortune 500» ընկերությունների գործադիր մարմինների ներկայացուցիչներ ցանկանում են հասկանալ, թե ինչպես են գլոբալ քաղաքական եւ տնտեսական շրջադարձերը ազդելու ազգային անվտանգության եւ իրենց գործունեության էության վրա, նրանք դիմում են Այան Բրեմմերին (Ian Bremmer)ՙ միջազգային մակարդակի առաջավոր փորձագետ-դիվանագետին: Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից «Young Global Leader» անունը նվաճած «Նիըր Իսթ ֆաունդեյշնի» նախագահի խորհրդական նշանակված եւ Իտալիայի կառավարության «ասպետի» կոչմանն արժանացած Այանի մասնագիտական փորձառությունն ու խորհուրդները մեծապես փնտրված են ու գնահատված: Ակադեմիական շրջանակներից հեռու, նրա գործնական առաջարկությունները ուղղակիորեն նպաստում են լուծելու ինչպես կառավարական, այնպես էլ մասնավոր սեկտորի խնդիրները: Նրա շնորհիվ է, որ քաղաքագիտությունը մուտք է գործել ֆինանսական շուկա: Քաղաքական ռիսկերի նրա ուսումնասիրությունները պարտադիր ուղեցույց են հանդիսանում «Ուոլ Սթրիթի» գործարարների համար: Նա է հիմնադրել GPRI կոչված «քաղաքական գլոբալ ռիսկերի ինդեքսը», որի վրա հենվում են ներդնողները: Նա հիմնադիրն ու նախագահն է նաեւ քաղաքական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության առաջատար «Eurasia Group»-ի, որ գրասենյակներ ունի Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Տոկիոյում, Սինգապուրում, Սան Ֆրանցիսկոյում եւ Սան Պաուլուում, որոնք սպասարկում են ֆինանսական, կորպորատիվ եւ կառավարական հաճախորդների ամբողջ աշխարհում: Բրեմմերը բեղմնավոր գրիչ ունի: Հեղինակ է «բեստ-սելլեր» դարձած մի շարք հատորների, որոնցից հատկանշական են հետեւյալները. «Us vs. Them: The Failure of Globalism» (Մենք ընդդեմ նրանց: Գլոբալիզմի ձախողումը), «Every Nation for Itself: Winners and Losers in G-Zero World» (Յուրաքանչյուր պետություն ինքն իր համար: Հաղթողներ եւ պարտվողներ Գ-Զերո աշխարհում) եւ «The J Curve: A New Way to Understand Why Nations Rise and Fall» (Ջեյ կորագիծը: Նոր միջոց հասկանալու համար, թե ինչու են պետությունները վերելք եւ անկում ապրում): Նա նաեւ հոդվածներով հանդես է գալիս «Ֆայնենշլ Թայմս», «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք Թայմս» եւ «Թայմ» պարբերականներում, ինչպես նաեւ մեկնաբանություններովՙ CNN, CNBC եւ BBC ռադիո-հեռուստատեսային ալիքներով: Նյու Յորքի համալսարանում դասավանդում է գլոբալ ուսումասիրության առարկան: Իր ներկայի բարձր դիրքը հակադրվում է անցյալի իր համեստ արմատներին: Մեծացել է արեւելյան Բոստոնի (Մասաչուսեթս) Չելսի շրջանում: Կորեական պատերազմի վետերան գերմանացի հայրը մահացել է, երբ ինքն ընդամենը չորս տարեկան է եղել, հայ մոր եւ տատիկի ուսերին թողնելով նրա դաստիարակության ու կրթության հոգսերը: Նրա անկախ բնավորությունն ու փայլուն մտածելակերպը, սակայն, շատ վաղ են հայտնաբերվել: Տաղանդավոր պատանին քոլեջ է ընդունվել 15 տարեկանում եւ Ստենֆորդ համալսարանում դոկտորական է պաշտպանել մինչեւ 25 տարեկան դառնալը: Արտակարգ մտավոր ընդունակությունների պատճառով երկու կուրս ավելի բարձր է նստել, քան իր հասակակիցները: Տատիկը, որ ազատամիտ հասարակական գործիչ է եղել եւ հիմնել է «Silver-Haired Senators» անունով նահանգի ավագանու անդամների խումբը, մեծապես նպաստել է, որ նա ընդգրկվի քաղաքական եւ կառավարական ոլորտներում: Իսկ մայրը նրան ծանոթացրել է իր հայկական արմատների եւ ժառանգության հետ: Այդ գործում իր բարեխնամ օժանդակությունն է բերել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որն հավատացել է պատանու կարողություններին եւ մինչեւ վերջ թիկունք կանգնել նրան ապահովելով նրա կրթության ծախսերը Թուլեյնի համալսարանում: Քոլեջում սովորելու առաջին տարում նա հնարավորություն է ստացել առաջին անգամ դուրս գալու Մ. Նահանգներից եւ այցելելու Խորհրդային Միություն եւ նրան մաս կազմող Հայաստան: «Ես ինձ գտա այսպես կոչված «Չարիքի կայսրությունում», որտեղ մարդիկ շատ նման էին իմ մորեղբայր Նուբարին, եւ հասկացա, որ նրանք բոլորովին էլ այն ստոր, անարգ մարդիկը չեն, որ մեզ փորձում են հավատացնել: Աչքերս բացվեցին, եւ ըմբռնեցի, թե ինչքան տարբեր էր աշխարհը մեր իմացածից», խոստովանում է Բրեմմերը: Ութսունականների վերջերին կատարված այս ուղեւորությունը ամբողջովին փոխում է նրա մինչ այդ ստացած վերացական հասկացությունները եւ մղում նրան ավելի լուրջ ուսումնասիրել տնտեսագիտություն եւ քաղաքագիտություն: Մասնագիտանալով այդ ճյուղերում, մի քանի տարի անց նա նորից է այցելում Խորհրդային Միություն եւ ականատեսը լինում այդ կայսրության փլուզմանը: «1993 թվի հոկտեմբերին կատարվածը ամբողջովին կազմավորեց ինձ, եւ ես վերջնականապես որոշեցի դառնալ այն, ինչ երազում էի: Դա իմ տարերքն էր», շարունակում է անկեղծանալ Բրեմմերը: Այդ փորձառությունը նրան սովորեցրել է ձերբազատվել կանխակալ մտքերից եւ հաշվի առնել ու ճիշտ գնահատել ամենատարբեր կարծիքներ: Հեռու է մնացել քաղաքական որեւէ կուսակցության պատկանելուց: «Ինձ դուր չի գալիս քաղաքական գաղափարախոսություն կոչվածը: Դա խոչընդոտում է ունենալ ստեղծագործական մտածողություն, որը տարրերից մեկն է, գուցե ամենակարեւորը, հաջողակ քաղաքական խորհրդատու կամ փորձագետ դառնալու: Փայլուն միտք ունենալը բավարար չէ. դու պետք է կարողանաս նաեւ այդ միտքը արդյունավետ եւ համոզիչ կերպով փոխանցել ուրիշներին: Այնպես փոխանցել, որ ամենատարբեր ունկնդիրների համար «դյուրամարս» լինի, իսկ դրա համար դու պետք է լավ ճանաչես քո ունկնդիրներին եւ նրանց դերակատարությունը տվյալ հարցի շրջանակներում»: Սա է ընդհանուր առմամբ նրա պատգամը իր մասնագիտությունը ընտրած ուսանողներին: Եթե գլոբալ քաղաքական անկայունությունն է այն կապիտալը, որի վրա հիմնվելով է առաջ շարժվում, ապա ներկայի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նրա փորձագիտական հմտությունների կարիքն ավելի քան երբեւէ պահանջարկ է վայելելու, որպեսզի պետությունների ղեկավարներն ու արդյունաբերության մագնատները կարողանան ճիշտ նավարկել եւ ճիշտ բանակցել համաշխարհային նոր, երբեմն պարտադրված, իրավիճակում: |