ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Երկրին ու հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը դարձյալ համախմբել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին: Համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շինարարություն է ընթանում հանրապետության տարբեր մարզերում: Բնակարանաշինության աշխատանքներն առաջնորդում են գործակցող ընկերությունների ղեկավարներըՙ սեփական օրինակով արժեւորելով կամավորության դերը: Տարբեր մասնագիտության տեր մարդկանց շարունակում է ոգեւորել մեկ ուրիշին օգտակար լինելու ձգտումը: Այս անգամ շինաշխատանքները տարվել են Ավդալյանների բակում: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող ընտանիքն ութ տարի առաջ սկսել է տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Վաղեմի երազանք մնացած տունը միայն վերջերս է սկսել ավարտուն տեսք ստանալ: Կամավորների թիմի հերթական առաջադրանքը եղել է կառուցածը խոնավությունից պաշտպանելը. իրականացվել են մայթերի բետոնացման աշխատանքներ: Սարմենըՙ ընտանիքի հայրը, կնոջ եւ երկու երեխաների հետ ապրում է հայրական տանը: Այստեղ պայմանները բավարար չեն անգամ մեկ ընտանիքի համար: Փոքր բնակմակերեսի պատճառով եղբոր ամուսնության հարցը նույնիսկ չի քննարկվում: Երիտասարդ ընտանիքը մինչեւ տարեվերջ կտեղափոխվի նոր տունՙ լուծելի դարձնելով նաեւ այդ հարցը: «Մեր ընտանիքը գյուղում բնակվող, առավոտից իրիկուն հանգիստ ու դադար չունեցող ընտանիքներից մեկն է: Թվում է, թե դա բավարար պայման էր նպատակին հասնելու համար, բայց, երկար տարիներ աշխատելով, մենք կարողացանք միայն տան պատերը կառուցել ու ծածկն անել: Եթե չլիներ ձեր օգնությունը, մեր երազած տունը գուցե դեռ երկար ժամանակ կիսակառույց էլ կմնար»,- ասել է Սարմենը : «Հպարտ եմ տեսնել, թե ինչպես են տարբեր մասնագիտության տեր մարդիկ համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցները կամավորական սկզբունքով աշխատանքներ են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, իրերն ու երեւույթներն ընկալելու եւ գնահատելուՙ իր մոտեցումը: Ամեն մեկն անցել է կյանքիՙ իրարից միանգամայն տարբերվող ճանապարհներով: Մի հարցում, սակայն, բոլորին միավորում է ընդհանուրըՙ մեր հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը: Մենք համոզված ենք, որ այսպես է կառուցվում տուն ու երկիր», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Տուն կառուցելն ամենանվիրականն ու կարեւորն նպատակն է ամեն ընտանիքի համար: Չորս պատերն ու ամուր տանիքը ոչ միայն կեցության վայր են, այլեւ ապագա կառուցելու հենակետ ու երազելու միջավայր: Կարծում եմ, որ մեր մեկնած օգնության ձեռքն ընդամենը այն ուժն է, որն ընտանիքին կանգնեցնում է ամուր հողի վրա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները հեշտությամբ են լուծում մնացած բոլոր խնդիրները»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : Հայաստանի 10 մարզում իրականացվող ծրագիրը ոչ միայն երջանկության, այլեւ լավատեսության հնարավորություն է ստեղծել շատ ընտանիքների համար: |