ԵՎՐՈՊԱՆ ԹԵ՛ ՄՈՍԿՎԱՅԻ, ԹԵ՛ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹԻՐԱԽ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ Եվրոպացիները պետք է հասկանան, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը նույն չափով, որքան եւ Կրեմլը, հարձակումների թիրախ է դարձրել Եվրոմիությունը, նախազգուշացնում է բրիտանական The Guardian թերթը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս Եվրոպա կատարած այցելությունը դարձավ այդ հարձակման դրվագներից մեկը միայն: Հարձակման ընթացքում Բրյուսելի հակառակորդները փորձում են օգտագործել ԵՄ արեւելյան եւ արեւմտյան հատվածների հակասությունները, որպեսզի ոչնչացնեն Եվրոմիությունը: Այդ նպատակի առաջին դրսեւորումը կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2017 թ. ելույթը Վարշավայում, որը տոգորված էր տեղական ազգայնականությամբ: Ապա 2018 թվականին ԱՄՆ վարչակազմը բացեիբաց պաշտպանություն հայտնեց «Brexit»-ին, դուրս եկավ միջին եւ փոքր հեռահարության հեռթիռների ոչնչացման պայմանագրից, հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու մտադրության մասին: ԱՄՆ-ի բոլոր վերոհիշյալ գործողությունները դիպչում են եվրոպացիների, այդ թվում բրիտանացիների շահերին: Եվրոպան առայժմ միայն փորձում է դիմադրություն կազմակերպել, շարունակում է թերթը: Մասնավորապես, Մյունխենում օրերս կայացած խաղաղության միջազգային կոնֆերանսում ծափողջյուններով ընդունեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի (ում նախագահ Թրամփը դարձրել է իր թիվ մեկ թիրախը) ելույթը, որը նվիրված էր բազմաբեւեռ աշխարհին: Սակայն եվրոպացիները դեռ պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն: Նախագահ Թրամփի գլխավոր խորհրդատուն ազգային անվտանգության գծով նրա խորհրդական Ջոն Բոլթոնն է, ով հայտնի է Եվրոմիության դեմ ուղղված իր գաղափարախոսությամբ: |