RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



250-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2353, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կասկածից դուրս է, որ Հայաստանեաց առաքելական եկեղեցին ազգային արժեք է եւ մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Պատմական դժվարին կեռմաններում նա եղել է հայ ժողովրդի ոչ միայն անբաժանելի ուղեկիցն ու ցավակիցը, այլեւ հոգեւոր պաշտպանն ու շատ դեպքերում նաեւ առաջնորդը: Անչափ կարեւոր է այն իրողությունը, որ եկեղեցին փոխարինել է նաեւ տեւական ժամանակ պետականությունը կորցրած հայությանը կազմակերպելու եւ նրան ղեկավարելու գործում: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ Հայոց եկեղեցու որոշ սպասավորներ իրենց ազգանվեր գործունեությամբ հիրավի դարձել են ազգի առաջնորդներն ու իրական ղեկավարները:

Այդպիսի հայրենանվեր ու մաքառող եկեղեցական էր Ներսես Աշտարակեցին: Մարդ-անհատ, ով իր ողջ գիտակացական կյանքը նվիրաբերեց հայության գոյության ապահովման, շարունակականության եւ պետականության վերականգնման երազի իրականացման սուրբ գործին: Երախտապարտ հայ ժողովուրդը միշտ վառ է պահում նրա անմար հիշատակը: Ն. Աշտարակեցու մասին շատ է գրվել, նրա հիշատակին նվիրված մեծ թվով արարողություններ են տեղի ունեցել, կերտված է հրաշալի հուշարձան-կոթող: Այդ գործառույթների հերթական ակորդը եղավ փետրվարի 13-ին Ն. Աշտարակեցու 249-ամյակին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում էին Արագածոտնի մարզի եւ Աշտարակ քաղաքի ողջ ղեկավարությունը, Աշտարակի սբ. Մարինէ եկեղեցու հովիվ Տ.Փառեն քհն. Առաքելյանը եւ մեծ թվով մասնակիցներ:

Բացման խոսքում ողջունելով բոլոր ներկաներինՙ օրվա բանախոս պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը կարեւորեց միջոցառումը եւ հաջողություն մաղթեց բոլորին: Այնուհետեւ Տ. Փառեն քհն. Առաքելյանն օրհնեց ներկաներին եւ միջոցառումը: Ողջունելով ներկաներին եւ հյուրերին ու խիստ կարեւորելով Ն. Աշտարակեցու ազգանպաստ գործունեությունըՙ գիտաժողովին բարի երթ մաղթեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը :

Առաջինը «Հայոց պետականության գաղափարի նվիրյալը» թեմայով ելույթ ունեցավ պգդ, պրոֆեսոր Ս. Սարգսյանը: Տարողունակ եւ գիտական նորույթներով հարուստ ելույթում զեկուցողը շեշտեց, որ Աշտարակեցին հոգեւորականի սքեմն ու զենքը մեկտեղելով ոչ միայն պայքարեց հայոց պետականության վերակերտման համար, այլեւ սերունդների փոխանցեց այդ նվիրական պատգամը:

Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանն էլ «Ն. Աշտարակեցին եւ Ռուսաստանը» բովանդակալից եւ փաստահարուստ զեկուցման մեջ ընդգծեց Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը հայությանը պարսկական դժնդակ տիրապետությունից ազատելու եւ հայության լինելիությունն ապահովելու գործում:

Հետաքրքրական վերլուծություններով տոգորված իր ելույթում պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանն էլ անդրադառնալով Աշտարակեցի-Պասկեւիչ հարաբերություններին շեշտեց, որ երկու նշանավոր անհատներն ընդամենը խնդիրներին մոտենում էին յուրաքանչյուրն իր տեսանկյունից եւ բնական էր, որ լինեին նաեւ հակասություններ:

Ծավալուն, արխիվային նորահայտ փաստերով հագեցած «Ն. Աշտարակեցին որպես ազգային առաջնորդ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պրոֆեսոր Վալերի Թունյանը : Զեկուցողը թերթելով Ն. Աշտարակեցու գործունեության ծալքերը, մանրամասն եւ թվական նոր տվյալներով ներկայացրեց հայության վիճակը եւ կարեւորեց այն իրողությունը, որ Ն. Աշտարակեցու գործունեության արդյունքում հնարավոր եղավ Արեւելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի հայեցի վերափոխումը:

Շահեկան զեկուցումներով հանդես եկան նաեւ Տ. Արարատ քհն. Պողոսյանը ` «Մի դրվագ 19-րդ դարի առաջին կեսի հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններից», պգթ. Սաթեն Ավոյանը ` «Կրթության եւ լուսավորության հովանավոր Ներսես Ե Աշտարակեցի» թեմաներով եւ Տ. Փառեն քհն. Առաքելյանը` «Ներսես Աշտարակեցու կոնդակները» հաղորդումով:

Այնուհետեւ զեկուցողներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին նոր հիմնախնդիրներ, որոնց ամենամոտ ապագայում լուծումներ գտնելու համար կոչ ուղղվեց միջոցառմանը մասնակցող ԵՊՀ ուսանողությանն ու Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներին:

Ամփոփելով գիտաժողովը, պրոֆեսոր Ս. Սարգսյանն ընդգծեց, որ այն կայացած իրողություն է: Ընդ որում բարձր մակարդակով, եւ շեշտեց, որ ներկա գիտաժողովը 2020 թ. Ն. Աշտարակեցու հոբելյանական 250-ամյակի նվիրված միջոցառումների նախադուռն է եւ կոչ արեց բոլորին լավագույնս նախապատրաստվել դրան:

Նշենք նաեւ, որ գիտաժողովի ընդմիջումների ընթացքում կազմակերպվեց Հայորդաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք եւ ճոխ հյուրասիրություն: Ընդհանուր առմամբ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով եւ անթերի: Հաշվի էին առնվել բոլոր մանրուքները եւ դրանում անուրանալի էր բոլոր կազմակերպիչների ու մասնավորապես քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանի ներդրումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ