RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1959, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԻԿ ՇԱՐԺԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քաղաքական դաշտի` խորհրդարան չանցած եւ հայ հանրության` քաղաքական հավակնություններ ունեցող շերտերը կենդանության նշաններ են ցույց տալիս: Դա պետք է բնական համարել, որովհետեւ անկախ այն բանից, թե խորհրդարանն ու առհասարակ նոր իշխանությունը ձեւավորվեցին ժողովրդի ընտրությամբ, թաքցնելու բան չէ, որ հասարակության մտածող հատվածը, կողմ լինելով փոփոխություններին, ավելի իներտ եւ հայեցողական կեցվածքով է նայել կատարվողին, այդպե՛ս հնարավոր դարձնելով հասարակական պահանջ իշխանափոխությունը: Սակայն այժմ արդեն աստիճանաբար, էյֆորիկ տրամադրությունների փոխվելուն զուգահեռ, առաջ են մղվում հանրության բոլոր շերտերին հետաքրքրող իրական օրակարգերը, ինստիտուցիոնալ լուծումները, որոնք սովորաբար հընթացս հեղափոխություն կամ իշխանափոխություն անողները օբյեկտիվ պատճառներով չեն առաջարկում կամ իրականացնում:

Ընդդիմադիր դաշտն ազատ է, նոր ընդդիմության ձեւավորման օրակարգերը` բազմաթիվ, սկսած իշխանությանն իրական (եւ ոչ թե սարքովի) այլընտրանքի պահանջարկ-առաջարկով, վերջացրած երկրի զարգացման հեռանկարի վերաբերյալ գաղափարների մատակարարմամբ հանրությանը: Վերջինը իշխանության եկած ուժը չի կարող ապահովել`առանց քաղաքական անցյալի եւ հապշտապ ձեւավորած «Իմ քայլը» բովանդակությամբ քաղաքական չէր էլ կարող լինել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի, թե քաղաքական գաղափարախոսությունների ժամանակն անցել է: Տողերիս հեղինակը նույնպես կուսակցականությունը Հայաստանի համար զարգացման լավագույն ձեւը չհամարելով` այդ մասին մի քանի անգամ գրել է: Բայց անկախ անձնական մոտեցումներից` իշխանության հակակշիռ եւ այլընտրանք առայժմ կարող են քաղաքական խմբերն ապահովել մեր երկրում, քանի որ հանրային սեկտորը, մշտապես ֆինանսավորվելով արտերկրի կազմակերպություններից, դրամաշնորհների նպատակներից չբխող եւ մեր երկրի համար հրատապ օրակարգ-առաջարկ ձեւավորել դեռեւս ունակ չէ: Այ, երբ երկրի ներսում կգտնվեն հանրային սեկտորը ֆինանսավորելու ազատ ու չպարտավորեցնող միջոցներ, միգուցե այդ ժամանակ պահանջելիք ունենանք նրանից: Իսկ առայժմ ֆինանսական ռեսուսներ ունեցող քաղաքական միավորներն են դիտարկվում գաղափարների գեներատոր, որոնք էլ քնած վիճակից կարծես արթնանում են: Նրանց հայտերն, իհարկե, դեռ հում վիճակում են եւ առանձնապես շատ բան չեն ասում հանրությանը: Ասենք`10 ուժ համախմբվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության մեջ, դրանց մեջ կան նաեւ փաշինյանական շարժմանն աջակցած, բայց այդպես էլ նրա թիմում չհայտնված մարդիկ: Նրանք առաջ են քաշում հանրային քննարկումներով մեր երկրին հարկավոր Սահմանադրություն ունենալու դրույթը, սա երկարատեւ դիրքավորում է ենթադրում փաստորեն: Կամ քաղաքագետ Ավետիք Չալաբյանն ու նախաձեռնող մի խումբ ստեղծել են «Ազգային օրակարգ» անունը կրող կուսակցություն, իրավաբան Արթուր Ղազինյանն ու մի այլ նախաձեռնող խումբ «Մեկ Հայաստան» կենտրոնամետ կուսակցությունն են ստեղծել: Երեքն էլ բավական տարողունակ ծրագրեր են ներկայացնում գոնե թղթի վրա: Իհարկե, նկատի առնելով Հայաստանում քաղաքական ուժեր ստեղծելու ավանդույթները` մի փոքր դժվար է միանշանակ պնդելը, որ դրանք ինքնաբույծ եւ որեւէ կենտրոնից չղեկավարվող ուժեր են, այդպես կարծողը միամիտ կհամարվեր. Հայաստանում էլ, աշխարհում էլ քաղաքական ուժերի պատվիրատուն ֆինանսական եւ տեղեկատվական ռեսուսների տիրապետող շրջանակներն են:

Այնպես որ մոտակա ժամանակի մեջ երեւի ականատեսը կլինենք այլ քաղաքական միավորների ստեղծմանը եւս, հետո դրանց միավորումներին կոնգլոմերատների մեջ, եւ այդպես շարունակ: Իսկ թե ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը: Եթե կառավարությանն, այնուամենայնիվ, հաջողվի ռեալ գործողությունների նվազագույն շեմ ապահովել` վառ պահելով նաեւ նախկինում թալանված միջոցները վերադարձնելու շարունակական գործընթաց, միգուցե նոր քաղաքական միավորների դիրքավորումը դանդաղ ընթանա` արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար: Իսկ եթե քաղաքական հենարաններ ստեղծելուն զուգահեռ` նախկինները քաղաքական եւ տնտեսական ճնշումների անթիվ գործիքների տեսականին արդյունավետ համադրեն (այդ թվում չխորշելով դրսից տղա բերելու հայերիս մեջ այդպես էլ չմերժվող միջոցից), ապա կառավարության արհեստավարժությունից, արդյունավետությունից, իսկ ամենակարեւորը` միատարրությունից կախված կլինի չձախողվելն ու քաղաքական ամրությունն ապագայի համար:

Ով է զբաղվելու Հայաստանի տնտեսությամբ. երկուսը քաղաքում

Բյուջեն էլ ընդունվեց, ու մենք այդպես էլ շոշափելի չիմացանք` որոնք են Հայաստանի տնտեսական գլխավոր օրակարգերը: Եթե նայում ես իշխանությանը` ապա տեսնում ես, որ Հայաստանի նախագահի եւ վարչապետի պաշտոններում քաղաքական դեմքեր են: Ամբողջ կյանքում քաղաքական դեմք եղած Նիկոլ Փաշինյանը, գործադիր իշխանության ղեկավար դառնալով, տնտեսական ֆիգուր դառնալու ոչ մի նշան չի ցույց տալիս եւ չի էլ կարող` նրա մոտ քաղաքական գործունեությունն է լավ ստացվում: Անգամ մշակութային միջոցառումն է նա քաղաքականացնում ու ծառայեցնում քաղաքական իր օրակարգին` «Թումանյանի անունից»: Աու, Բաղրամյանի թռչնաֆաբրիկան փակվել ու էնա-էնա վաճառվելու է, տեղյակ ե՞ք, ամեն օր ներդրումներից ու ինքնաբավ տնտեսությունից խոսողներ: Աու, որ ասում եք ոչխարի մսի արտահանման մեծ պահանջարկ կա` տեղյա՞կ եք, թե ոչխարաբուծությունը ինչ բնապահպանական եւ տնտեսական ավերներ կարող է հասցնել մեր գյուղատնտեսությանը. օգտվեմ իմ նախկին գործընկեր Արամ Հովհաննիսյանի հրապարակումից ու տեղ հասցնեմ` արտահանող ոչխարաբուծությունը կխլի ներքին պահանջարկը բավարարող տավարաբուծությունից կերի ռեսուրսը, ու մեզ կերակրող խոշոր եղջերավորի գլխաքանակն անվերականգնելի կկրճատվի, արոտավայրերը երկար ժամանակով էրոզիայի կենթարկվեն` մեզ զրկելով ինչ-որ բան աճեցնելու հնարավորությունից: Տնտեսական հաշվեկշռի օգուտն ու վնասն էլ` դուք հաշվեք, եթե որոշում եք Իրանին ոչխար վաճառելու թափն ավելացնել: Է, վարչապետ Փաշինյանն ինչ անի, նա ոչ տնտեսագետ է, ոչ գործարարությամբ է զբաղվել, անգամ խորհրդարան նրա տարած «տնտեսական» պատգամավորներն են լրագրողներ, ինչպես պետք է այդ ամենի մասին իրական, տարբեր շահերով չլցոնված տեղեկատվություն ստանա: Կուզեինք, որ վարչապետն, այնուամենայնիվ, մի փոքր ներփակվի, այդքան շատ հրապարակային միջոցառումների չմասնակցի` իր ժամանակը վատնելով եւ, իրոք, տնտեսությունն իմացող մարդկանց օգնությամբ խորանա տնտեսական իրողությունների մեջ, քանի դեռ սկիզբն է ու մեծ ձախողումներ չկան (դե` հաջողություններ էլ չկան): Տարբեր հրապարակային միջոցառումների մասնակցելու մղումը Փաշինյանին հավանաբար չեն թողնում կենտրոնանալ իր գլխավոր պարտականությունների վրա, եւ նրա այդ մղումը հավանաբար հենց ինքը չի կարողանում զսպել` ընդդիմադիր քաղաքական գործչի բովանդակությունից վերջապես ազատագրվելով եւ պետական գործչի լիցքով դա փոխարինելով, մարտի մեկին Ազատության հրապարակից երթելու նրա որոշումը վկա: Մինչդեռ Հայաստանի քաղաքացու «հաղթանակն ու քաղաքացու իշխանությունը անշրջելի դարձնելու» գրավականը ոչ թե կողմնակիցներով երթելն է, այլ ողջ ժողովրդի համար տանելի պետություն սարքելը:

Թե չէ` մի տարին լրանում է կառավարություն լինելու, դեռ հանքարդյունաբերության իրական սեփականատերերին էլ չեն բացահայտել, այն դեպքում, երբ տեղ ունի այն կասկածը, որ հանքերի մեծ մասը օֆշորային գոտիներում են գրանցված ու վերագրանցված, եւ անգամ նույն կետից են կառավարվում: Բացառված չէ, որ հենց իր կառավարությունում սեփական շահեր սպասարկող, բայց հանրային շահով դա բացատրող մարդիկ էլ կան, ու Փաշինյանը տնտեսապես այնքան իրազեկված պետք է լինի, որ կարողանա իր թիմակցի ու հանրային շահի բախումն արագ տեսնել: Կային, չէ՞, նախորդ խորհրդարաններում հանքատերեր, որոնք հանքարդյունաբերության հարկման շատ փափուկ ռեժիմներ ապահովող օրենքներ սղղացրին ու տարիներ շարունակ թալանում էին ազգային հարստություն ընդերքը` չնչին հարկեր վճարելով: Դե հիմա (վերջապե~ս) ընդերքի մասին օրենքի փոփոխություններ է ուղարկում կառավարությունը խորհրդարան` բացահայտելու համար հանքերի իրական սեփականատերերին: Փաթեթում կա՞ն արդյոք սողանցքներ ու շահեր` մնալու ենք մարուքյանական ընդդիմության բացահայտման հույսին: Կամ, ինչպես վարչապետն է ասում` գնումների մասին օրենքն ավելի պրոբլեմներ է առաջացնում, քան լուծում է, ու դրա պատճառը պետք է գտնել գնումներին մասնակցող ընկերությունների իրական տերերին չբացահայտելու մեջ, չեք կարողանում, հա՞, այսքան ամիսներ բացահայտե՞լ: Հեղափոխություն, թե ոչ` այո, մարդը շահի գերի է:

Վերադառնանք ենթավերնագրի երկրորդ ֆիգուրին

Տնտեսական աշխարհում հաջողված գործարար եւ տնտեսության գերազանց գիտակ համարվող նախագահ Արմեն Սարգսյանը , միգուցե իր պաշտոնի քաղաքական ուղղվածության տրամաբանությամբ` նույնպես լրիվ քաղաքական օրակարգի մեջ է: Եթե նայում ես նրա վերջին հանդիպումների տեղեկատվությունը` դա քաղաքական հայտագիր է: Մյունխենյան համաժողով,«Ես ուզում եմ Հայաստանը դարձնել աստղագիտական կենտրոն», ամերիկյան հնչեղ անունների հետ հանդիպումներ, անգամ ամերիկյան հեռուստատեսությունների հիթ դարձած Բայդեն-Սարգսյան հընթացս երկխոսություն, ուր մոլորակային մակարդակի հարց է առանցքում, թե արդյոք Բայդենը կդնի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Արմեն Սարգսյանը միջազգային ընդունելի մակարդակով մշտական հանդիպումների ու քննարկումների մեջ է:

Անգամ երբեմն թվում է, թե երկրի վարչապետն ու նախագահը չեն սինքրոնացնում գործողությունները` ամեն մեկն իր ճամփով է գնում, մեկն այսպես, մյուսն` այնպես, ու Փաշինյանը կարծես չի ուզում օգտվել նախագահի տնտեսական գիտելիքներից: Նրանցից ամեն մեկը կարծես իր ուղղությամբ է ձգում սայլը, իր քաղաքական շահերը սպասարկում: Է, լավ, ինչու չօգտվել տնտեսություն իմացող նախագահի գիտելիքներից: Թե՞ այլ, ստվերային գործընթացներ կան, որոնց մասին կարելի է, իհարկե, գլխի ընկնել:

Թափանցիկության պահանջ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար: Այսպիսի տեղեկատվությունը ինչ զգացումներ կարող է առաջացնել հայ մարդու մոտ. նախ, այո, հայավարի կարձագանքենք` ուրեմն տասնյակ անգամ ավելի ունի, որ մի մասը զոհաբերում է ինդուլգենցիայի դիմաց: Ապա կփնթփնթանք` լավ այսքան սոված մարդու առկայությամբ` տարիներով որքան է գրպանել, որ այդպիսի թվերի հետ է խաղը: Հետո կգա այն միտքը, թե ուր է գնալու այդ «անհատույց փոխանցումը»: Ու վերջին հարցի դեպքում մշուշ է: Պետությանը վերադարձվող գումարների հետ կապված տեղեկատվության պակաս կա` ուր են ուղղվում դրանք, ինչու չստեղծել մի բաց ռեսուրս, որտեղ մանրամասն կնկարագրվի այդ գումարների շարժը, անկախ լրագրողների հարց ուղղել-չուղղելու բարի կամքից: Ամեն ինչից երեւում է, որ այդ «կամավոր անհատույց» փոխացումները պետությանը շարունակական բնույթ են կրելու` դատելով այն մարդկանց տիրապետած ունեցվածքից, որոնց նկատմամբ քրեական գործեր կան: Եթե ժամանակին զոռբայությամբ, դիրքի չարաշահմամբ գրպանված գումարները, պետությանն անցնելով, սոսկ ֆինանսական ծակուծուկեր են փակելու, սա չի կարող ընդունելի լինել: Կա՞ մի այնպիսի ծրագիր, որով այդ գումարներն ուղղվեն Հայաստանի տնտեսության ինչ-որ ճյուղ ոտքի կանգնեցնելուն, կամ երկրի համար առանցքային նշանակության որեւէ ծրագիր իրականացնելուն: Ինչու չենք լսել այդ մասին: Այդ դեպքում ինչ տարբերություն` որտե՞ղ են այդ գումարները: Որպես ՀՀ քաղաքացի լիիրավ իրավունք ունեմ հետեւելու այդ գումարների հետագա շարժին: Այլապես քրեորեն պատժելի արարքները ներելու ինդուլգենցիան կարելի է եւ անընդունելի համարել` կա՞, չէ, չորս հազար դրամի գողության համար դատված Հասմիկ Սարգսյանը , որին պետական կամ դատական մեքենան ոչ մի կերպ չի ներում, այն դեպքում, երբ այդ կինը ստիպված է եղել վերցնել այդ գումարը` մի քանի օր սոված մնացած երեխաներին կերակրելու համար, ընդ որում` դա հետագայում վերադարձել է:

Տարածաշրջանային ենթատեքստերը

Վերադառնանք պետության օրակարգ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունեց Նիկոլ Փաշինյանը եւ պատմեց Դավոսում Ալիեւի հետ հանդիպման մանրամասները, համանախագահները Երեւանից տեղեկատվությամբ են մեկնում Բաքու:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է հանդիպել խորհրդարանի իշխող մեծամասնության ղեկավարի եւ «Իմ քայլի» բարձր դասի խորհրդարանականների հետ, նախորդել էր Պետդումայի պատգամավորական խմբի այցը հայոց խորհրդարան:

Սիրիա մեր հումանիտար առաքելության շուրջ ամերիկյան անբավականություն, որից հետո, փաստորեն, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ անորոշ ժամանակով հետաձգմամբ հարցեր են առաջանում: Զուգահեռ` ռուսական հարթույթում`Հայաստանում հեղափոխություն սովորեցնող սեմինարի վերաբերյալ հիստերիան է, որը նաեւ թեժացվում է ազգությամբ հայ անհատների կողմից: Երկու մեծ պետությունները, փաստորեն, իրար են խառնվելՙ Հայաստանում ազդեցության ամեն միլիմետրի համար պայքարում: Այս ֆոնին տեղի կունենա Փաշինյանի երկար սպասված իրանյան այցը, որը միգուցե կբացի մի շարք փակագծեր` կստացվի՞ ծավալվել իրանյան ուղղությամբ, եւ եթե այո` որը կլինի դրա քաղաքական գինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ