ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ազգային ժողովում օրենսդրական փաթեթ է դրվելու շրջանառության մեջ, որը եթե հավանություն ստանա` վերջնարդյունքում ենթադրում է բուքմեյքերական գրասենյակների փակում: Բայց արդեն իսկ ոլորտի գովազդով սնվող մամուլը հավար է գցել`գրասենյակները որ փակվեն` չորս հարյուր մարդ յուրաքանչյուր գրասենյակում աշխատանքից կզրկվի: Նույն կերպ կանաչ տարածքները իրենցով արած եւ օպերային հարակից այգիները բիզնես-տարածքի վերածած սրճարանները որ փակվեն, գրում են, էլի հարյուրներով մարդիկ կզրկվեն աշխատատեղից, իսկ պետությունը` վճարվող հարկերից: Սա այն դեպքն է, երբ կարելի է մի պատկերավոր համեմատությամբ ակնառու դարձնել վիճակը` պետությանը համեմատելով կոկորդում հիվանդություն ունեցողի հետ, որի հիվանդությունը բուժելու ու նորմալ ճանապարհով սննդի ընդունումը կարգավորելու փոխարեն` դեպի ստամոքս սննդի ընդունման խողովակ են ամրակցում հենց կոնքի հատվածից: Այ հարգելիներս, պիտի վերջապես բուժվե՞նք ու ազատվե՞նք այդ խողովակից, թե ոչ` օպերայի այգին վերադարձնենք երեւանցուն, նույն երեւանցուն ազատե՞նք ամեն ընտանիքի հիմքերը խախտող խաղամոլությունից, թե հիվանդ մարմնի անբնական սնուցումն սպասարկող աշխատատեղերի մասին մտածենք: Այդ աշխատատեղերի տերերը թող մտածեն երեւանցու եւ ուրիշի դժբախտության հաշվին չաշխատող նոր բիզնեսի, այդպե՛ս աշխատատեղերը պահպանելու մասին, մենք էլ կազատվենք օպերային այգին առեւտրային տարածք դարձնելու մտայնությունից եւ ուզած կայքը բացելիս աչք ու բերան խցկվող խաղատնային գովազդից: |