RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2197, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայ-իրանական հարաբերությունները հազվադեպ են հրապարակային քննության առարկա դառնում մեզանում: Թերեւս բացառություն էր նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում եղան որոշ հրապարակումներ ու մեկնաբանություններ, այն էլՙ առավելաբար հեռուստաեթերով: Սակայն բազմաթիվ հարցեր մնացին չմեկնաբանված, չլուսաբանված: Ահա այդ նպատակով էր, որ «Ազգ»ի խմբագրությունը, շարունակելով հրապարակային քննրակումների ավանդույթը, մարտի 13-ի կեսօրին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպել էր մասնագիտական լայն քննարկում «կլոր-սեղան» ձեւաչափով, մասնակցությամբ հայտնի իրանագետների եւ քաղաքագետների:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ազգ» թերթի խմբագիր, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը : Նա ընդգծեց, որ հաճախ մենք արտաքին քաղաքականության դաշտում չենք կարողանում կարեւորել մեզ համար առաջնայինը: «Տարօրինակ վիճակ է, որ մենք մեր հարեւանով քիչ ենք հետաքրքրվում ու զբաղվում: Մենք սիրում ենք դեպի աշխարհի ծայրերը նայելՙ մոռանալով մեր մոտիկ հարեւաններին, այս պարագայումՙ մեր բարեկամ երկիր Իրանին» :

Այնուհետեւ պատմական համառոտ էքսկուրսով ներկաներին ողջունեց ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, պատմաբան, դոկտ.-պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը: Նա էլ կարեւորելով հայ-իրանական հարաբերությունները, ընդգծեց, որ անկախ պատմական տարբեր շրջաններում եղած ընդհարումներից, հայերն ու պարսիկները միշտ սերտ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Ս. Սարգսյանը մասնավորապես ընդգծեց Արցախի հարցում Իրանի ողջունելիՙ անկողմնակալ դիրքորոշումը. «Արցախի հարցում Իրանը միշտ արդար ու անկողմնակալ է եղել, սա կարեւոր փաստ է» , ասաց նա:

Քննարկամանը, որպես բանախոսներ, զեկուցողներ մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դասախոսներՙ պգթ. Գոհար Իսկանդարյանն ու պգթ. Արմեն Մանվելյանը:

Իր խոսքում Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեցել են թե՛ պասիվ, թե՛ ակտիվ հարաբերությունների շրջան, բայց երբեք կապը չի խզվել ողջ պատմության ընթացքում:

«Չնայած, հանուն արդարության պետք է նշեմ, որ որքան էլ Իրանը մեզ համար առաջնային պետություն լինի, մենք նրա համար նույն նշանակությունը չունենք», ասաց բանախոսը: Նա միաժամանակ շեշտեց, որ վարչապետ Փաշինյանիՙ Իրան կատարած այցի ժամանակ նրան ընդունել է նաեւ երկրի հոգեւոր առաջնորդը, ով այնքան էլ հակված չէ քրիստոնյա պետության ղեկավարների ու հոգեւոր առաջնորդների հետ հանդիպելուն, Իսկանդարյանը նշեց, որ սա շատ կարեւոր փաստ է:

Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը բանախոսին հարց տվեց, թեՙ բացի բարձր քաղաքական հանդիպումներից ու համագործակցություններից, ուրիշ ո՛ր ոլորտներում հայ-իրանական հարաբերություններ կան, նկատի ունենալով ոչ պետական ոլորտները:

«Ճիշտն ասած, հարաբերությունները քիչ չեն, օրինակՙ մենք ակտիվ համագործակցում ենք գիտամշակութային ասպարեզում, ինչու չէՙ նաեւ ռազմական: Վերջինը ես կարողացել եմ ճշտել այնքան, որքանով բացվել են մեր ՊՆ արխիվները: Մենք համագործակցում ենք նաեւ առողջապահության ոլորտում, որն օր օրի մեծ առաջընթաց է գրանցում», պատասխանեց Գոհար Իսկանդարյանը:

Երկրորդ բանախոսըՙ Արմեն Մանվելյանը , ավելի շատ խոսեց հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների մասին: Նա մասնավորապես կարեւորեց գազի սակագնի խնդիրը, որը շատ կարեւոր է մեզ համար: Մանվելյանը փաստերով ապացուցեց նաեւ, որ եթե մենք կարողանանք ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել ու գիտակցված քայլեր անել, ապա կարող ենք դառնալ տարանցիկ երկիր, ի մեջ այլոց նշելով հետաքրքրական այն փաստը, որ հեղեղների պատճառով վրացական ՀԵԿ-երում ամեն գարնան նկատվում է էլեկտրական էներգիայի ավելցուկ, որը կարելի է Հայաստանի վրայով վաճառել դրա խիստ կարիքն ունեցող Իրանին:

Նա խոսեց նաեւ Մեղրու ՀԷԿ-ի մասին, որն արդեն երկար ժամանակ ՙ կարոտ է օր առաջ շահագործման: ՀԷԿ-ի հետաձգումներն էլ Մանվելյանը կապեց Իրանի վրա գործադրվող միջազգային պատժամիջոցների հետ:

«Գաղտնիք չէ, որ երբ Իրանի վրա միջազգային ճնշումներն ուժեղանում են, այդ պետությունն սկսում է քիչ գումարներ տրամադրել հարեւան պետությունների հետ ծրագրված պրոյեկտներին, որից մեկն էլ Մեղրու ՀԷԿ-ն է», ասաց բանախոսը:

Քննարկման ժամանակ մի շարք կարեւոր դիտարկումներով հանդես եկավ նաեւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը : Շարունակելով Շաքարյանցին, խոսեց նաեւ հայտնի վերլուծաբան, ժամանակին Իրանում ՀՀ դեսպանատանը աշխատած դիվանագետ Արամ Սաֆարյանը , որ ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ-իրանական շարքային քաղաքացիական հարաբերությունների վրա: Նա գտավ, որ այսօր մեր երկիր Իրանի քաղաքացիների մուտքը նվազել է.

«Նրանք հիմա Վրաստան են գնում, որովհետեւ այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, իսկ մեզ մոտՙ սարսափելի թանկ: Նույն արագությամբ դատարկվում է նաեւ Իրանի հայ համայնքը: Սրանք լուծման լուրջ մոտեցումներ պահանջող խնդիրներ են», ասաց Սաֆարյանը:

Քննարկումն ամփոփեց Սուրեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներինՙ մասնակցելու, նորություններով ու նոր գաղափարներով կիսվելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ