ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան Թուրքիան եւ Չինաստանը վիճաբանել են: Կրկին: Դրա առիթը ույգուր բանաստեղծ Աբդուրեհիմ Հեյիթի դեռեւս չհաստատված մահն է չինական բանտում: Անկարան Պեկինին մեղադրել է ՉԺՀ-ում բնակվող մահմեդականների զանգվածային բռնադատություններում եւ ճնշումներում, զուգահեռաբար այլ երկրների գործընկերներին մեղադրելով անգործունեության մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը , ըստ երեւույթին, կրկին հավակնում է «բոլոր թյուրքերի պաշտպանի» դերին, չնայած, որ կա վտանգ, որ մնա իր կայսերապաշտական հավակնություններում լիովին մեկուսացված: Էրդողանի «արդար զայրույթն» առաջին հայացքից թվում է շատ ազնիվ, եթե չիմացվեին բուն Թուրքիայում զանգվածային բռնությունների փաստերը եւ չհիշվեր այն ամենը, որ ամբողջ աշխարհի մահմեդականներին աղմկոտ պաշտպանել թուրքական առաջնորդը սկսում է ամեն անգամ, երբ անհրաժեշտ է սեփական հասարակայնության ուշադրությունը շեղել ինչ-որ առավել կրիտիկական բաներից: Ուրեմն, ինչո՞վ են պայմանավորված Թուրքիայի նախագահի «մեծահոգի» մղումներն այս անգամ: Եվ այսպես, ամեն ինչի մասին հերթով: Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրեց Պեկինին ույգուրների (ինչպես նաեւ ղազախների եւ մյուս մահմեդական փոքրամասնությունների) համար «քաղաքական վերադաստիարակության ճամբարների» եւ բանտերի ստեղծման մեջ: Պեկինի ներկայացուցիչները Անկարայի բոլոր մեղադրանքներն անվանեցին «զազրելի կեղծիք», իսկ Աբդուրեհիմ Հեյիթի մահվան մասին նորություններըՙ «կեղտոտ ասեկոսեներ»: Որպես փաստարկ չինական իշխանությունները բերեցին «YouTube» պորտալում բանաստեղծի ելույթների վերջերս արված տեսագրությունները: Թուրքիայի նախագահն այս փաստարկներին նույնիսկ ուշադրություն չդարձրեց: Ձեվավորված քաղաքական ավանդույթի համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չմտավ բանավեճերի մեջ գործընկերների հետ, ցուցաբերեց անհողդողդ համառություն եւ սկսեց հրապարակայնորեն եւ իրեն բնորոշ հարձակողական ոճով իր զայրույթն արտահայտել այն առիթով, որ մահմեդականներին նեղում են ամբողջ աշխարհում, հատկապես Չինաստանում: Թուրք առաջնորդը առիթը բաց չթողեց դիտողություն անելու որոշ համաշխարհային քաղաքական գործիչների տվյալ միջադեպի առնչությամբ թողտվության եւ զուսպ արձագանքի պատճառով: Այսպես կոչված «վերադաստիարակության ճամբարների» մասին Չինաստանում վերջին շրջանում շատ են խոսում: ՉԺՀ-ում դրանց գոյության փաստը չեն թաքցնում, չնայած, այդ վերադաստիարակության մեթոդների ագրեսիվ բնույթը վճռականորեն վիճարկում են: Բացի Թուրքիայից իրենց մտահոգությունը այս առիթով հայտնել են Ղազախստանը եւ Ղրղզստանը: Մեկ տարի առաջ Ղազախստանում գտան մի մարդու, ով անձամբ էր գտնվել նման «վերադաստիարակության ճամբարներից» մեկում: Նա հայտնել էր, որ միայն Կաշգարումՙ ՍՈՒԻՇ գավառներից մեկում, անազատության մեջ են երեք հազարից ոչ պակաս մարդ: Այդ տեղեկատվությունը առաջացրեց ղազախստանյան իշխանությունների լուրջ անհանգստությունը: Նախագահի հանձնարարությամբ երկրի ԱԳՆ-ն անհապաղ բանակցություններ սկսեց չինացի գործընկերների հետ: Ճիշտ է, քննարկվում էին միայն առանձին անձանց մասնավոր գործերը: Եվ դա այն պատճառով, որ իրավիճակը, ինչպես պարզվեց, չուներ զանգվածային բնույթ: Չինական կողմի տեղեկատվության համաձայն, որոշ էթնիկ ղազախների իսկապես բերման են ենթարկել, բայց ոչ թե առանց պատճառի, այլ ՉԺՀ պետական սահմանի հատման կանոնների խախտման համար: Անցած տարվա օգոստոսի կեսին ՉԺՀ ԱԳՆ-ն սեփական նախաձեռնությամբ կազմակերպեց ղազախստանյան հասարակայնության ներկայացուցիչների ուղեւորությունը ՍՈՒԻՇ: Պատվիրակությունը հնարավորություն ստացավ սեփական աչքով դիտարկելու անցուդարձը եւ հարց բարձրացնելու Սինցզյանում էթնիկ ղազախների դրության մասին: Այդ ուղեւորության արդյունքը դարձավ քաղաքական վերադաստիարակության ճամբարներում գտնվող մի քանի մարդու ազատումը: Այս ամենով հակամարտությունը սպառված համարվեց: Դիվանագիտական ճանապարհով, առանց վնասի Ղազախստանի եւ Չինաստանի երկկողմ հարաբերությունների համար: Ուրեմն ինչո՞ւ է թուրքական առաջնորդը անհանգստանում այլ պետությունների քաղաքացիների համար ավելի, քան իր քաղաքացիների: Ինչո՞ւ նման ռազմավարություն Էրդողանն ընտրեց հենց հիմա: Եվ ինչո՞ւ հանուն այդ ռազմավարության նաՙ մի երկրի ղեկավար, որն առարկայորեն իր լավագույն ժամանակներում չի գտնվում, չի վախենում վիճել կարեւոր տնտեսական գործընկերների հետ: Այդ հարցերի պատասխաններն, ըստ էության, շատ ավելի պարզունակ են, քան կարող է թվալ: Ռեջեփ Թահիփ Էրդողանը ծայրահեղ պրագմատիկ քաղաքական գործիչ է: Նա ոչինչ չի անում եւ չի ասում հենց այնպես: Տվյալ դեպքում նրա ելույթները սովորական շեղող զորաշարժ են: Մարտի 31-ին Թուրքիայում տեղի կունենան տեղական ընտրություններ: Թուրքիայի քաղաքացիները կընտրեն նահանգապետեր, քաղաքագլուխներ, տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, պետական խորհրդի անդամներ, քաղաքապետարանների ղեկավարներ, գյուղական եւ շրջանային ավագներ եւ գյուղական խորհուրդների անդամներ: Թվում էր, թե դրա նշանակության մակարդակը ամենաբարձրը չէ: Եվ, որպես կանոն, տեղական ընտրությունները Թուրքիայում մեծ ուշադրություն չեն գրավում: Բայց ոչ այս անգամ: Ներկա տնտեսական եւ աշխարհաքաղաքական պայմաններում տեղական ընտրություններն, ըստ էության, Էրդողանին եւ իշխող կուսակցությանը վստահության հանրաքվե են: Ահա, թե ինչու Թուրքիայի նախագահի համար այսքան կարեւոր էր հատկապես հիմա հանկարծ հիշել ողջ աշխարհում մահմեդականների ճակատագրի մասին եւ ցույց տալ, թե որքան ուժեղ եւ կամային առաջնորդ է ինքը, որ չի վախենում դիտողություն անել նույնիսկ այնպիսի հեղինակավոր եւ հարգված գործընկերոջը, որպիսին Չինաստանն է: Եվ, ելնելով այն բանից, որ երկրով անցավ հակաչինական ելույթների հերթական ալիքը, Էրդողանի «զորաշարժը» պետք է հաջողված համարել: Թուրքիայում նաեւ սկսվեց ձերբակալությունների նոր ալիք: Երկրի դատախազությունն արտոնեց 1112 մարդու ձերբակալությունը: Նրանց կասկածում են քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապերում: Ինչպես հայտնի է, Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Դրա կողմնակիցներից, արդեն երրորդ տարին է, ինչ մոլագար հետեւողականությամբ փորձում են «մաքրել» թուրքական պետական համակարգը: 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած անհաջող խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ: Առավելապես առանց նրանց մեղքի հիմնավոր ապացույցների: Եվս 150 հազար պետական ծառայողներ եւ զինվորականներ բացարձակապես անհիմն կերպով զրկվեցին աշխատանքից: Նման պատժիչ միջոցառումների շարքը, հասկանալի է, հասարակության մեջ քննադատություն առաջացրեց: Եվ, ձերբակալությունների նոր ալիքը կարող էր դառնալ զանգվածային բողոքի ցույցերի համար առիթ: Եվ այստեղ «շատ հարմար կերպով» հանկարծակի բռնկվեց հակամարտությունը Չինաստանի հետ: Ռեջեփ Թահիփ Էրդողանը աճպարարի հանճարեղությամբ կրկին շեղեց սեփական ժողովրդի ուշադրությունը իսկապես կարեւոր թեմաներից: Մնում է միայն անհասկանալի, թե որքա՞ն երկար ժամանակով: |