ՊՐՈՖ. ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Քաղցկեղի դեմ երկարամյա պայքարից հետո, Ֆրենի (Փարիզի մոտ) իր տանը վախճանվել է հմուտ պատմաբան, Փարիզ I համալսարանի եւ Հասարակագիտության բարձրագույն վարժարանի նախկին դասախոս պրոֆ. Անահիտ Տեր-Մինասյանը: Ծնվել էր Փարիզում 1929-ին: Ծնողները Արեւմտյան Հայաստանից էին եւ Նանսենյան անցագրերով 1920-ականներին հաստատվել էին Բելվիլում: Մեծացել էր շրջապատված հայ գրողներով, արվեստագետներով: Պատմություն եւ աշխարհագրություն էր սովորել Սորբոնում, դասավանդել մի շարք ֆրանսիական ավագ դպրոցներում: 1969-ից Սորբոնում ուսումնասիրել էր ռուսական եւ հայկական սոցիալ-մշակութային եւ քաղաքական կյանքը: Հեղինակ է մի շարք գրքերի, որոնց թվում «Հայոց հարցը» (1983), «Ազգայնականություն եւ սոցիալիզմ: 1887-1912» (1984), «Հայաստանի Հանրապետությունը: 1918-20» (1989), «Խաչաձեւ պատմություններ: Հայաստան, Անդրոկվկաս, Սփյուռք»: 1880-1990» (1997), «Վաղարշապատ: Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ» (1998, Արեն եւ Արա Զարյանների հետ), «Մեր մանկության երկիրը: Հիշողությունների Հայաստանը» (2010, Հուրի Վարժապետյանի հետ) եւ «Հայկական գանձարանը պատերազմների եւ հեղափոխությունների միջեւ: 1878-1920» (2015): |