ՇԱԲԱԹՎԱ ԽՆԴԻՐ. ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս, 29.03.21 - Խանութում 10 հատից ավել ձու չեն տալիս, ես էլ ստիպված խարդախություն եմ անում: Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերքը օր օրի թանկանում է: Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել է ձվի գնի բարձրացումը: Երեւանի սուպերմարկետներում փոքր ձվի մեկ հատի գինը սկսվում է 75, միջինըՙ 86, իսկ ավելի մեծ չափի ձվինըՙ 100 դրամից: Իսկ փոքր խանութներում մեկ հատ ձուն կարելի է ձեռք բերել նույնիսկ 90 դրամով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներովՙ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով: Մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները համավարակի հետեւանքով չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը ներմուծել, մինչդեռ տարվա ընթացքում այն պետք է երկու անգամ թարմացվի: «Եթե սովորական օրերին ամենաթանկ հավկիթը կարող էր լինել 73 դրամ, ապա հիմա այն գնել եմ 90 դրամով, իսկ տնական ձուն ռեկորդային գին ունիՙ 150 դրամ»,- մեզ հետ զրույցում ասում է 30-ամյա Վարդուհին : ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի կարծիքով, ձվի շուկայում ստեղծված խառնաշփոթը արհեստական դեֆիցիտի արդյունք է: «Հավկիթի դեֆիցիտի պատճառով օրական երեք պատվեր պատրաստելու համար ստիպված եմ երկու անգամ գնալ խանութ, բայց տարբեր հագուստներով»,-պատմում է 45-ամյա հրուշակագործ Ալինան , ապա ժպիտով պատմում «խարդախությունների» մասին. «Առեւտուրս անում եմ, գալիս եմ տուն, հետո վերարկուս փոխում, գլխարկ եմ դնում եւ նորից գնում հավկիթի «որսի»: Իսկ թռչնաբուծարաններից մեկի տնօրենի տեղակալի խոսքով արտադրանքը գործարանից բաց են թողնում 63-64 դրամով, որն էլ խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվում է ամենաքիչը 76 դրամով: «Թռչնաֆաբրիկայից խանութ արտադրողները հիմնականում աշխատում են միջնորդների հետ,- ասում է Թռչնաբույծների միության նախագահը:- Եթե նույնիսկ միջնորդը, իր հերթին, խանութն էլՙ իր 10 դրամով թանկացնեն, ձվի գինը 84 դրամը պետք է չգերազանցի, սակայն շուկայում նկատվում է նաեւ արհեստական դեֆիցիտ»: ՀՀ թռչնաբույծների միության նախագահը նաեւ նշում է, որ թռչնաֆաբրիկաները օրական արտադրում են 900 հազար ձու, ճիշտ այնքանՙ որքան սպառվում է: ՀՀ ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) նախագահ Գեղամ Գեւորգյանը մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առեւտրային ցանցերում իրականացվել եւ շարունակում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին եւ առեւտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, եւ ստացված տեղեկությունների ամփոփման եւ վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն: «Կարող է լինել հակամրցակցային պայմանավորվածության արդյունք կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակությունՙ որպես հետեւանք, կարող է լինել արհեստական դեֆիցիտի ստեղծումՙ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից կամ արհեստական դեֆիցիտի ստեղծումՙ այլ տնտեսվարող սուբյեկտների, ասենքՙ միջնորդների կողմից»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահը: ՏՄՊՊՀ-ն նախորդ տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել ձվի շրջանառության ոլորտում, որի արդյունքում 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: Սպառողներին խորհուրդ է տրվում Սբ. Զատիկի տոնին զատկակռիվ խաղալը տեղափոխել մի քանի օր հետո, շուկայում ձվի դեֆեցիտին չնպաստելու եւ ընտանեկան բյուջեն խնայելու համար: |