RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 442, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅԴԵ ՌԻԽ»

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Շնորհավոր ծնունդդ, Հայդե Ռիխ»

Այս խորագրի ներքո գերմանաբնակ Մուրիել Միրաք-Վայսբախը , որի գրությունները թարգմանաբար ներկայացրել ենք «Ազգ»ի ընթերցողներին, շնորհավորել է վիպասան, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Հայդե Ռիխի 80-ամյակը «Արմինյըն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Տիկին Ռիխը ծնվել է Ստետտին (ներկայիս Շչեցինՙ Լեհաստանում) քաղաքում, որտեղից ստիպված է եղել իր ընտանիքի հետ փախչել Կրեֆելդ (Հռենոսի վրա) 1945-ին: Շատ վաղ է առնչվել գրականության եւ դրամատուրգիայի հետ: Դերասանական դասընթացների է մասնակցել Քելլեր թատրոնում, որից հետո հիմնել է ուսանողական թատերական խմբակ մանկավարժական քոլեջում, որտեղ ներկայացվել են իր առաջին պիեսները: Հեղինակ է 70-ից ավելի պիեսների եւ 12 գրքերի: Օժանդակել է 20-ից ավելի ժողովածուների կազմությանը: Նրա ստեղծագործությունները տարբեր ժանրերի գործեր ենՙ կարճ պատմվածքներ, բանաստեղծություններ, էսսեներ եւ վեպեր: Դրանցից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Հիշատակելի են «Aber die Schatten» (Բայց ստվերները) եւ «Herzverlies: 17 Episoden von Trost und Lieder-lichkeit» (Սրտակից զնդաններ: Մխիթարության եւ քաոսի 17 միջադեպեր) գրքերը: Իր բանաստեղծությունների համար երկու մրցանակի է արժանացել: Անդամ է Գերմանիայի գրողների միության եւ «Die Kogge»ՙ եվրոպացի գրողների միության:

Տիկին Վայսբախի եւ ընդհանրապես հայկական հարցերի հետ առաջին անգամ ծանոթացել է 2013-ին, երբ Քյոլնում ներկա է գտնվել Գերմանիայում ապաստան գտած թուրք գրող Դողան Ակհանլիի «Աննայի լռությունը» պիեսի ներկայացմանը եւ մասնակցել պիեսի քննարկմանըՙ ներկայացումից հետո: Պիեսը Սաբիհա անունով թուրքական ազգայնական շարժման ակտիվիստ մի աղջկա մասին է, որն իր մոր մահվանից հետո միայն բացահայտում է իր հայկական ակունքները եւ պայքարում է հարմարվել իր նոր ինքնության հետ: Հրանտ Դինքի սպանության միջադեպը նրան առաջնորդում է դեպի 1915-ի ցեղասպանությունը:

Պիեսն ու հետագա քննարկումը այնքան մեծ տպավորություն են գործում, որ տիկին Ռիխը, իր իսկ խոսքերովՙ ոգեշնչված երեք տարի անընդմեջ ուսումնասիրում է հայոց պատմությունը, գրում հայ ժողովրդի ճակատագրի մասին եւ իր ապրած շրջանում ներկայացնում հայկական մշակույթի գանձերը: Նա 2014-ին նույն պիեսը Բոխումում է ներկայացնում, որից հետո ծնունդ է առնում գերմանա-հայկական մշակութային համագործակցության ծրագիրը: Առաջիկա շաբաթներին հրատարակելու է իր նոր գիրքը, որը կազմել եւ խմբագրել է «Հայկական ակադեմիական ընկերության» (Գերմանիայում ամենահին, 1860-ին հիմնված, հայկական կազմակերպությունը) տնօրեն, իր գործընկեր Ազատ Օրդուխանյանի աջակցությամբ: «Wurzeln in der Luft: Volkermord und Lebensspuren» (Արմատներ օդում: Ցեղասպանությունը եւ հառնելու ոտնահետքերը) խորագրով հատորը ցեղասպանությունից փրկվածների հաջորդական սերունդների ներկայացուցիչների կողմից գրված անձնական պատմությունների ժողովածու է: Հայերից բացի գրություններ ունեն նաեւ հույն, ասորի եւ գերմանացի անձնավորություններ: Գիրքը գերմանացի հասարակությանը իրազեկելու նպատակ է հետապնդում, ծանոթացնում է նրան հայոց պատմության եւ մշակույթի հետ:

Տիկին Ռիխը դրանից առաջ տարբեր միջոցառումներ կազմակերպելով գերմանացիներին է ծանոթացրել Կոմիտասին, Պարույր Սեւակին եւ մի շարք այլ անվանի հայ մտավորականներին:

«Այլ հանգամանքներում մենք ավելի պատշաճ ձեւով կնշեինք Հայդե Ռիխի 80-ամյակը, հայկական կոնյակով, խորովածով, երգով ու պարով, բայց համավարակի սահմնափակումները ստիպում են մեզ մեր բաժակները թեկուզ հեռվից բարձրացնել, շնորհավորել նրան եւ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ նա կատարել է մինչ օրս եւ ցանկանալ քաջառողջություն, ուժ եւ եռանդ շարունակելու իր հայանպաստ գործունեությունը»: Այս խոսքերով է ավարտում իր հոդվածը Մուրիել Միրաք-Վայսբախը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ