RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-07-01 23:11:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1058, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐԱՐՇԱՎԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հիշո՞ւմ եք 90-ականների կեսերին, հետխորհրդայինՙ այսպես կոչված ձեռներեցության սկզբնավորման շրջանը. որեւէ մեկի զբաղվածության կամ նյութական վիճակի մասին հարցնելիս մարդիկ ակնածանքով կամ նախանձով պատասխանում էինՙ «նա օֆիս ունի»: Կարեւոր չէր, թե տվյալ աձը ի՛նչ է անում այդ օֆիսում, ի՛նչ գործով է զբաղված. օֆիս ունենալը ապահովվածության նշան էր համարվում, մի տեսակՙ մասնագիտություն, որի ինչ լինելը ոչ ոք չգիտեր:

Նպատակս չէ այդ երեւույթի պատճառներին եւ այդ օֆիսատերերի հետագա վիճակին անդրադառնալը. նախնական կապիտալի կուտակման, ֆինանսական խժդժությունների, մարդկային հարաբերությունների այլասերման այդ շրջանի ուսումնասիրությունը կարող է լավ թեմա լինել տնտեսագետների համար: Նպատակս Հայաստանում կուսակցությունների ստեղծման, նրանցՙ սովորաբար կարճատեւ կյանքի, ավելի ճիշտՙ գաղափարազուրկ, արհեստական գոյության անդրադառնալն է: Այլ խոսքովՙ նրանց օֆիսային կարգավիճակի մատնանշումը, եթե կարելի է կարգավիճակ համարել նրանց անվիճակ անկարգությունը:

Այս առումով մեզ առատ նյութ է հայթայթում նախընտրական, ընտրական եւ հետընտրական ներկա ժամանակաշրջանը: Միայն այն փաստը, որ ընտրություններին մասնկացած 26 կուսակցություններից ու դաշինքներից առնվազն 13-ը բոլորովին նոր կամ նոր գրանցված կուսակցություններ են, շատ բան է ասում նրանց արհեստածին եւ մեկանգամյա գործածության սահմանված լինելու մասին: Կուսակցություններՙ որոնք ոչ կենսագրություն եւ ոչ էլ գաղափարաբանություն ունեն, կուսակցություններՙ որոնք երբեմն չեն տեղավորվում նույնիսկ «մարդ-կուսակցություն» կաղապարի մեջ: Նրանցՙ այսպես կոչված լիդերներից շատերը գրեթե կամ բոլորովին անծանոթ են հանրությանը, այսինքնՙ նույնպես չունեն կենսագրություն, սակայն ունեն անզուսպ ցանկություն հայտնի դառնալու, եթե բախտը բերիՙ աթոռ զբաղեցնելու:

Ակնառու հաջորդ երեւույթը այդ «նորածինների» անուններն են, կնքվածՙ օրվա մոդայի թելադրանքով: 26-ից 8-ի անվան մեջ կա «Հայաստան» բառը, նույնիսկՙ իրեն եվրոպական համարող եւ միտինգներում միայն ամերիկյան կամ ֆրանսիական օրհներգ երգող մարդու կուսակցությունը: 26-ից մնացյալ 11-ի անվան մեջ անպակաս են «ազգային» եւ «հայրենիք» սրտառուչ բառերը, հավանաբար որպեսզի նրանց չշփոթենք հեռու կամ մոտիկ այլազգիների հետ:

Ուշագրավ մյուս երեւույթը ընտրվելու հայտ ներկայացրածների գաղափարախոսությունն է, կամՙ գաղափարախոսության բացակայությունը: Տարօրինակ առաջին երեւույթը ձախ թեքումով կուսակցությունների իսպառ բացակայությունն է: Սահմանադրությամբ ինքզինք «սոցիալական» հայտարարած Հայաստանում սոցիալիստական գաղափարախոսություն կրող ոչ մի կազմակերպություն գոյություն չունի, երբ, անդին, հարյուրհազարներով մարդիկ հազիվ են կարողանում իրենց օրապահիկը հոգալ: Սակայն փոխարենը ունենք «Վերելք», «Արդար», նույնիսկՙ Արարատ լեռան բարձրությանը ձգտող կազմակերպություններ:

Հետաքրքրական պիտի լիներ անցկացնել նաեւ ընտրապայքարում կուսակցությունների ներդրած ֆինանսական միջոցների համեմատական քննությունը, ինչը, սակայն, ոչ միայն անշնորհակալ, այլեւ անիմաստ է, քանզի անհնար է մոտավոր ճշգրտությամբ իսկ իմանալ ծախսված գումարների չափը, իսկ Նիկոլի կուսակցության դեպքումՙ իմանալ, թե ո՞րն է իր կուսակցության, ո՞րն է պետության եւ ո՞րը իր եւ իր տիկնոջ գումարները: Տվյալներ ունենալու դեպքում կարելի էր հասկանալ նաեւ, թե այդ ի՞նչպես եղավ, որ գրագետ երկու մարդիկ, մեկը կին, մյուսըՙ տղամարդ, «սենդվիչի» մեջ առան մի անգրագետ հարուստի, կամ թե պերճախոս մի պատգամավորի ի՞նչպես հաջողվեց ֆռռացնել հայտնի մի բարերարի...

Հեռու մնալով նման հաշվեքննություններիցՙ ասենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» ներխորհրդարանական կուսակցությունների անփառունակ պարտությունը ընտրություններումՙ որոշ քաղաքագետների համար անակնկալ չէր. այդ երկուսի գոյությունը քաղաքական ինչ-ինչ դասավորումների կամ հաշվարկների արդյունք պետական պրոյեկտներ էին եղել, որոնք ուշ կամ կանուխ դատապարտված էին անհետացման: Ափսոս միայն, որ նրանցում արդեն կային բավականին կոփված կադրերՙ պետության համար պիտանի: Ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց:

Գալով մեր ավանդական կուսակցություններին, որոնք ունեն 130, 125 եւ 100 տարվա փորձառություն, բացառությամբ դրանցից մեկի, մյուս երկուսիՙ ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի անունները վերջին տարիներին երբեք չեն հնչել հրապարակի վրա, չհնչեցին նաեւ այս օրերին, եթե չհաշվենք նախագահ Էրդողանի ապրիլի 25-ին արտասանած ճառի ընթացքում նրանց անվան հիշատակման փաստը: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴաշնակցությանը, ապա այս կուսակցությունը իր երկար պատմության ընթացքում հանդես է բերել գաղափարախոսական անսկզբունքայնությունը, ինչպես այս անգամ, միաժամանակ հիացնելով իր քաղաքական ճկունությամբ, պետք եղած պահին ձիերին փոխելու հմտությամբ: Արդարեւ, ընդամենը հազիվ 40 հազար ընտրազանգված ունենալով հանդերձ, այս ընտրություններում այդ կուսակցությանը հաջողվեց փայատեր դառնալ 270 հազարանոց մի ընտրազանգվածի, անկախ այն բանից, թե «Հայաստան դաշինքում» նրա ներկայությունը խանգարի՞չ, թե՞ օգտակար դեր ունեցավ:

Ինչ վերաբերում է ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագրին», ես այն ընդհանրապես չեմ համարում կուսակցություն, այլՙ իսկական ցեղախումբՙ իր շամանով, մոգերով ու կախարդված ամբոխներով: Եթե չեզոքացնես շամանին, տակը ոչինչ չի մնա:

Միով բանիվ, խորհրդարանական հորջորջված մեր երկրում պակասում է հիմնականըՙ պետական կառավարման այդ մոդելի ատաղձըՙ կուսակցությունն ու կուսակցականությունը, մինչդեռ մեր կուսակցություններից շատերը վերածվել են օֆիս ունեցող ձեռներեցների: Ընդամենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ