ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԹԱՔՆՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ԷՄՄԻԻ» ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՆԱԼ Հ.Ծ. Ապրիլի 24-ի շաբաթավերջին ամերիկյան հեռուստատեսային համացանցով 6 հեռարձակումներ ունենալուց հետո, հեռուստալսարանի համընդհանուր փափագին ընդառաջելով NBCLY հեռուստաընկերությունը մայիսի 28-ի շաբաթավերջին երեք լրացուցիչ հեռարձակումներով հանրությանը ներկայացրել է ամերիկահայ ֆիլմարտադրող Անի Հովհաննիսյանի «Թաքնված քարտեզը» (Hidden Map) խորագրով վավերագրական ֆիլմը, որը վերջերս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ժյուրիի որոշմամբ արժանի է գնահատվել ներկայացվելու «Էմմի» մրցանակաբաշխությանը հետեւյալ երեքՙ (ա) արտակարգ սցենար ոչ գեղարվեստական ծրագրի համար, (բ) ակնառու ներածական եւ (գ) վավերագրական ֆիլմարտադրության բնագավառում բացառիկ արժանիք ունենալու անվանակարգերում: «Թաքնված քարտեզը» ուղեւորություն է դեպի Թուրքիայի անցյալը: Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի թոռնուհին խիզախում է բացահայտել իր նախնիների բնօրրանի թաքնված ճշմարտությունը: Շոտլանդացի հետախույզի հետ պատահական հանդիպումը ճանապարհ է հարթում համատեղ ջանքերով երեւան հանելու հոգեւոր մասունքներ, լռեցված ձայներ, ճկունության անվախ դրվագներ եւ իհարկե նաեւ թաքնված մի քարտեզ: Մ. Նահանգների Հեռուստատեսային ակադեմիայի ժյուրիի անդամները խստապահանջ են եւ բացառիկ արժանիք ունենալու անվանակարգը համարում են խիստ կարեւոր: Նրանք դրանում տեսնում են ֆիլմարտադրության արվեստի բաղկացուցիչ տարրերըՙ ունենալ խորը սոցիալական ազդեցություն, ներկայացման ձեւում նշանակալի նորամուծություն եւ ֆիլմարտադրության տեխնիկայի աչքի ընկնող վարպետություն, որն իր մեջ ներառում է տեղեկատվության լիարժեք եւ համապարփակ մատուցում, լուսաբանում եւ համապատասխան հուզականություն: Այս տարրերն են, որ անջնջելի տպավորություն են թողնում եւ վավերագրական կինոյի արվեստը բարձրացնում նոր մակարդակի, հավատացած են նրանք: «Էմմի» մրցանակաբաշխության 3 անվանակարգերում ընդգրկվելու լուրն իմանալովՙ Անի Հովհաննիսյանը արձագանքել է. «Ինձ համար պատիվ է, որ իմ ֆիլմի միջոցով հայերի պատմությունը դառնում է համամարդկային փորձառության արժանի մի մասը: Երախտապարտ եմ հատկապես, որ վավերագրական ֆիլմը ներկայացված է «Բացառիկ արժեք ունենալու» անվանակարգում: Դա նշանակում է, որ բացառիկ մի բան նրանք նկատել են, որ համարել են արժանի այդ անվանակարգում ընդգրկելու համար: Շատերին եմ երախտապարտ: Ծնողներիս առաջին հերթին, տատիս ու պապիս, եւ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին դրա իրականացմանը: Նկատի ունեմ Սթիվն Սիմին, Շերոն Չեքիջյանին եւ Պիտեր Մսըրլյանին»: Մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դառնալու սեպտեմբերին: Մինչ այդ Հովհաննիսյանի ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ «Հանդիսատեսի նախընտրածը» մրցանակների արդեն արժանացել է միջազգային մի շարք կինոփառատոներում: |