ԿՐԿԻՆ ԱՐՏԱԳԱՂԹ, ԹԵ՞ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ Միգրացիան Հայաստանում իր թափը չի կորցնում շուրջ 25 տարի: Որպես հիմնական պատճառ մեկնողները նշում են Հայաստանում աշխատանքի բացակայությունը, բիզնեսով զբաղվելու հեռանկարների բացակայությունն ու անկայուն աշխարհաքաղաքական վիճակը: Քաղաքական իրավիճակին զուգահեռ մեծանում է երկրից արտագաղթողների թիվը: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ավելի շատ մարդ մեկնել է, քան վերադարձել: 2021թ. փետրվարի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով բացեց օդային սահմանը, որը փակ էր համավարակի պատճառով: Եվ օդային սահմանի բացվելը մեծ իրարանցում ստեղծեց, որի պատճառով ավիատոմսերի գները մինչեւ 10 անգամ թանկացան, բայց սա էլ չզսպեց մեկնել ցանկացողներին: Մարտ ամսվա սկզբին հայտարարվեց, որ թռիչքները եւս մեկ ամիս կկատարվեն, որից հետո որոշ չափով ավիատոմսերի գները զսպվեցին: «Եթե նախկինում մեկ ուղղությամբ տոմսը հնարավոր էր գնել 30-40 հազար դրամով, ապա այս տարվա փետրվարին տոմսերի գները հասան 200-450 հազար դրամի»,- մեզ հետ զրույցում ասում է ավիագործակալության աշխատակից Ռուզաննա Հակոբյանը , ապա ավելացնում, որ մարտին արդեն տոմսերի գները նվազել էին մինչեւ 150-200 հազար դրամ: Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) հրապարակած տվյալների, արտերկրում գտնվողների 91,7%-ը 15-59 տարեկան են, եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը ունեն առնվազն ընդհանուր միջնակարգ կրթություն: Արտերկրում գտնվողների 66,7%-ը եղել են վարձու աշխատողներ, 9,2%-ըՙ ինքնազբաղված, իսկ 2,8%-ըՙ գործատու: Մեկնողների մեծամասնությունըՙ 62,8%-ը, հիմնականում զբաղվել է շինարարությամբ, իսկ 17,3%-ըՙ առեւտրի ու սպասարկման ոլորտով: 16 տարի արտագնա աշխատանքով զբաղվող Աբգար Մարտիրոսյանը ասում է,- «Գնում եմ Ռուսաստան, Իվանովո, այնտեղ ասֆալտի աշխատանք եմ անում: Մենակ չեմ, 300 հոգանոց բրիգադի հետ եմ գնում: Տոմսերի գների բարձրացման պատճառով փետրվարին չկարողացա գնալ»: Աբգարը արտագնա աշխատանքով է զբաղվում, քանի որ չի կարողանում մշտական եւ նորմալ վարձատրությամբ աշխատանք գտնել Հայաստանումՙ ընտանիքը պահելու համար: Զրուցակիցներիցս մյուսը կին էր: Տիկին Արմինեն երկրորդ անգամ է մեկնում արտերկիր աշխատելու: Ասում է, որ աշխատանքը հարմար է, իսկ աշխատավարձը բարձր: «Ճաշարանում եմ աշխատում, աշխատողների համար հաց եմ պատրաստում: Նույն աշխատանքը Հայաստանում անելով ստանում եմ 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ Ռուսաստանում կրկնակի ու նույնիսկ եռակի անգամ ավել»,- ասում է 45-ամյա Արմինեն: Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների, արտերկրում գտնվողների կողմից իրականացվել է արտաքին ուղեւորաշրջանառության 70,5%-ը: Նրանց 76,4%-ի գտնվելու երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, 9,8%-ինըՙ Եվրոպան, իսկ 4,8%-ինըՙ ԱՄՆ-ն: «Սպասում էինք ընտրությունների արդյունքներին, որից էլ պարզ կլիներ գնալու ենք երկրից, թե՞ ոչ: Տոմսերը արդեն գնել ենք, սպասում ենք թռիչքի օրվան: Իմ երկրից լավ տեղ չի կարող լինել, բայց եթե վստահ չեմ երեխաներիս անվտանգության հարցում, ապա պետք է գնամ այնպիսի երկիր, որտեղ գոնե մի քիչ հանգիստ կլինեմ, որ երեխաս ապահով է»,- ասում է 35-ամյա Մանեն: Հակառակ Մանեի կարծիքին, հարցվածներից Անահիտը մեզ հետ զրույցում ասում է, որ չի ցանկանում լքել երկիրը ու ինչ էլ լինի շարունակելու է մնալ Հայաստանում: «Չեմ ստի ու կասեմՙ մտքեր ունեցել եմ երկրից գնալու եւ իրականացրել եմ դրանք, բայց հիմա իմ փորձից եմ ասում, որ էստեղից լավ տեղ չկա: Մի քիչ քաղաքական վիճակը բարելավվի ու վերջ, ամենինչ էլ լավ կլինի»,- ասում է 40-ամյա Անահիտը : Իսկ մեծահասակների շրջանում կարծիքները տարբեր են: Նրանց մեծամասնությունն ասում է, որ հնարավորության դեպքում ընտանիքի հետ կգնային, մի մասն ասում է ընտանիքի եիտասարդներին կուղարկի, պատճառաբանելով, որ իրենց կյանքն արդեն ապրել են, իսկ մյուս մասը ասում է, որ Հայասատնից բացակայելու միտք անգամ չունի: Եթե 1991 թվականին երկրի մշտական բնակչությունը կազմում էր 3 մլն 574 հազար 500 մարդ, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբՙ ուղիղ 30 տարի անց, մշտական բնակչության թիվը 2 մլն 963 հազար 300 է: Միգրացիոն հոսքը տարեց տարի ավելանում է առանց կանգառի նշանի, որի պատճառ կարող է լինել երկրում առկա անորոշությունը: |