RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021



Տեղադրվել է` 2021-07-01 23:11:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1107, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՆԻՍԻ 20 ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Որ հունիսի 20 ասելով ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններն ենք հասկանում, դա փաստ է: Թե ինչպես անցան դրանք, մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Միայն այն, որ «3-րդ ուժ» կոչվող դիտորդական կառույցի ուսումնասիրությունների համաձայն, որոշ բնակարաններում մինչեւ 150 նորահայտ ընտրող քաղաքացիներ են գրանցվել, ինչ-որ բան հուշում է: Սակայն այսօր ՀՀ քաղաքացիների որոշ հատվածի մտահոգությունը բուն ընտրություններից զատ քվեարկության ու ձայների հաշվման մի այլ փաստի շուրջ է. ընտրատեղամասերի որոշակի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել... Վրաստանից ստացվող էլեկտրաէներգիայի ինչ-ինչ խափանման պատճառով: Տողերիս հեղինակի շրջապատի տասնյակ ներկայացուցիչներ են պնդում, որ պարբերաբար են հետեւում ՀՀ տնտեսական գործընթացներին եւ երբեւէ չեն լսել, որ Վրաստանը Հայաստան էլեկտրաէներգիա է արտահանում: Որ հարեւան Իրան արտահանում է, ՀՀ բարձրավոլտ ցանցերի միջոցով, տեղյակ են շատերը, բայց որ Հայաստանն էլ է ներկրում, երեւի թե սխալմունք է, այսպես կոչված նրանց արածը: Թե ովքեր են այդ նրանք կոչվողները, պարզ չեն, ինչ-որ ուժեր, ովքեր ՀՀ իշխանությունների լավը չեն ուզում, ամեն պահի ցանկանում են նրանց արածը բացասական ներկայացնել: Պարզվեց այս դեպքում` ոչ, քանզի հաղորդումը պաշտոնական էր, այսպես ասածՙ առաջին ձեռքից:

Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. այս ի՞նչ օրն ենք ընկել: Չէ՞ որ էլեկտրաէներգետիկ ոլորտի պաշտոնյաները պարբերաբար են հայտարարում, որ ՀՀ-ում առկա է 3500-3600 մեգավատ դրվածքային հզորություն, որից էլեկտրաարտադրություն իրականացվում է 1500-1700 մեգավատ հզորության էլեկտրակայաններում. ատոմակայանում ու Որոտանի հիդրոհամալիրումՙ 400-ական մգվ, Հրազդանի ու Երեւանի ջերմաէլեկտրակայաններումՙ մոտ 600 մգվ եւ փոքր ու միջին հիդրոկայաններումՙ մոտ 200 մգվ, ընդհանուրՙ 1600 մգվ: Իսկ ո՞ւր մնաց մոտ 2000 մգվ-ը. դրանք Մեծամորի ատոմակայանի չգործող 1-ին բլոկն է, Հրազդանի ջէկ-ի երբեմնի 1200 մգվ-ը, Սեւան-հրազդանյան կասկադի 500մգվ-ը: Այնպես որ հայ հանրությանը հրամցնելով այն քաղցր տեղեկատվությունը, թե ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգն իզորու է արտահանել 1մլրդ կվտժամ էլեկտրաէներգիա, կուզեք ապատեղեկատվություն համարեք, կուզեք ստի նորօրյա դրսեւորում: Երկրում այս տարիներիՙ ընթացքում ոչինչ չարվեց նոր էլեկտրակայանների կառուցման, նաեւ հների վերակառուցման ուղղությամբ: Ինչպես տարեկան 6-7 մլրդ կվտժամ արտադրվում էր 10-15 տարի առաջ, նույնն է ցուցանիշը նաեւ 2020-ին: Հանեք այս թվից կայանների կողմից սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը, բարձրավոլտ գծերում ու ներքին ցանցում արձանագրվող կորուստները, կունենանք 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 2000 կվտժամ էլեկտրաէներգիայի քանակություն, որի ինչ թիվ լինելը պարզենք այլ երկրների ցուցանիշները հրապարակելով:

Արդեն հիշատակված Վրաստանում 2008 թվականին էլեկտրաարտադրությունը կազմել է 8 մլրդ կվտժամ, հիմաՙ մոտ 12 մլրդ կվտժամ, 1 բնակչի հաշվով 3000 կվտժամ: Հարավային հարեւանների մոտ այս ցուցանիշը 3600-3700 կվտժամ է, որը նրանք էապես կբարելավեն կառուցվող նոր հզորությունների շահագործման հանձնումով: Եվրոպական երկրներում 1 բնակչի հաշվով էլարտադրության տարեկան ցուցանիշը 8-10 հազար կվտժամի սահմաններում է, Ֆինլանդիայումՙ 12000 կվտժամ, Նորվեգիայումՙ աներեւակայելի 26000 կվտժամ: Որոշ հեռուստահաղորդումններից տեղեկանում ենք, որ վերջինում ինչ-ինչ ձեւերով մայթերն են տաքացնում, իհարկե ձմռան ամիսներին դրանց սառցակալումը թույլ չտալու նպատակով: Եթե սա նույնիսկ յուրօրինակ կատակ որակենք, ամենայն բծախնդրությամբ հայտարարենք, որ 5,5 մլն բնակչությամբ այս երկիրը վերջին տարիներից յուրաքանչյուրում 100 միլիարդական դոլարների արտահանում է իրականացնում, անշուշտ նաեւ էլեկտրաէներգիայով աշխատող շարժիչների միջոցով: Այնպես որ, էլեկտրաէներգիան երբեք շատ չի լինում, այն տնտեսությունը առաջ մղող հիմնական միջոցներից մեկն է: Եթե, ասենք, պարզ հաշվարկ կատարենք, ՀՀ-ում միջին աշխատավարձն ու կիլովատժամի գինը, անգամ պետության կողմից գործարարների համար սահմանված արտոնությունների պարագայում, պատկերը դարձյալ մխիթարական չէ: Նույնը, գազը ջերմոցատերերին խորանարդմետրը 100 դրամով հատկացնելու հարցում, երբ հարյուր հազարավոր անապահովներ վճարում են 140 դրամ: Այստեղից էլՙ պարտադրված խնայելու, բիզնեսը չընդլայնելու, ներդրումները սահմանափակելու հարցերում զգուշավորությունը, որի արդյունքում ամբողջ տասնամյակ ՀՀ համախառն ներքին արդյունքը գրեթե չի աճում, 12-13 միլիարդ դոլարի սահմանում է: Եվ հարցըՙ ինչպես այդ անչափ համեստ թիվը դարձնել այլոց կողմից հասցված 33 կամ 53 մլրդ դոլարի, հնչում է ինքնաբերաբար:

Արդեն գրեթե համակերպվել ենք, որ նոր ատոմակայան կառուցել չի ստացվում: Այս առումով հուսադրող էր ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում Թալինի տարածքում 200 մգվ հզորության ֆոտովոլտային արեւային կայանի կառուցման շուրջ հարցի քննարկումը: Այս մասին խոսվել է դեռ երկու տարի առաջ: Ներկա քննարկման ընթացքում մասամբ տարօրինակն այն էր, որ փոխվարչապետը կայանի արժեքի շուրջ մոտ 175 մլն դոլար թիվ հնչեցրեց, վարչապետըՙ 140 մլն դոլար: Վստահ եմ 35 մլն դոլարը ՀՀ-ում որոշակիից մինչեւ զգալի գումար է, որով կարելի է լրացուցիչ 50 մգվ կայան կառուցել: Արժե նաեւ նկատել, որ 200 մգվ-ը գործող Մեծամորի աէկ-ի 50 տոկոս հզորությունն է, որի շահագործումը նախատեսվում է 2025 թվականին: Նկատենք նաեւ, որ նիստը վարող վարչապետի ցանկությունը, 140 մլն դոլարը խոշոր ներդրում համարել, թող ներվի, տեղին չէ, քանզի այն իրականացվելու է հինգ տարիների ընթացքում:

Ավաղ, մեզանում աշխատանքներ չեն իրականացվում հողմային էներգետիկայի, հիդրոկայանների կառուցման, այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, որոնց կապակցությամբ հանրությունը ակնկալիքներ ունի ոլորտի մասնագետների կողմից: Այլապես նոր անակնկալների ականատեսն ու ունկնդիրը կդառնանք մոտ ապագայում:

29.06.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ