ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Հայաստանի արտահերթ ընտրությունները զարմացրին ոչ միայն պարտվողներին, այլեւ հաղթողներին: Վերջին հանրահավաքից հետո, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, ըստ դիտորդների, հավատացած էին, որ իրենց ներկայության քանակը զգալիորեն գերազանցում է Փաշինյանի վերջին հանրահավաքի մասնակիցների քանակը: Բայց քվեարկություններն ունեն իրենց առանձին տրամաբանությունը, եւ հաշվարկման արդյունքները 54 տոկոսի հաղթանակ արձանագրեցին իշխող վարչապետին: Քոչարյանը քվեների 21 տոկոսը ստանալով գրավեց երկրորդ տեղը, իսկ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբավորումը չկարողացավ ձեռք բերել նույնիսկ կուսակցությունների համար սահմանված 5 տոկոսի շեմը, չխոսելով դաշինքների համար նշանակված 7 տոկոսի մասին: Այդուհանդերձ, Սարգսյանի դաշինքը խորհրդարանում 7 պատգամավոր է ունենալու, քանի որ Հայաստանի ընտրական օրենքը պահանջում է, որ խորհրդարանական կազմում լինեն առնվազն երեք ընդդիմադիր խմբավորումներ: Չնայած Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է 71 ներկայացուցիչների քվեներով խորհրդարանում անցկացնել որեւէ օրենք, Քոչարյանը վճռական է թելադրելու իր ներկայությունը օրենսդիր այդ մարմնում, նույնիսկ առանց Սարգսյանի խմբավորման հետ խորհրդակցելու, քանի որ վերջինս դեռ մտադրություն չի հայտնել, թե միանալո՞ւ է արդյոք Քոչարյանինՙ ընդդիմության շարքերում: Ընտրությունները տեղի ունեցան խաղաղ պայմաններում, եւ դիտորդների հաղորդագրությամբ խախտումները էական ազդեցություն չեն ունեցել համընդհանուր գործընթացի վրա: Նույնիսկ վերջնական արդյունքների հրապարակումից առաջ, շնորհավորական հեռագրեր ստացվեցին Եվրոմիությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձը ամենանշանակալին էր, հաշվի առնելով, որ այն սովորական շնորհավորական չոր խոսքերից բացի խոստանում էր տնտեսական օժանդակություն եւ համագործակցություն Հայաստանի հետ լուծելու Ղարաբաղի անավարտ հարցը: Անհրաժեշտ է զգուշավորությամբ նշել, սակայն, արեւմտյան մամուլի արձագանքների մասին, որոնցում Փաշինյանի հաղթանակը ներկայացված էր որպես հաղթանակ հակառուսական ուժերիՙ ընդդեմ ռուսամետ ուժերի: Եթե Փաշինյանի ճամբարը առաջ քշի այդ տեսակետը, ապա, վստահաբար, զայրացնելու է Կրեմլին: Հայաստանի ընտրությունները ներքին եւ միջազգային ոլորտներում առաջացրին որոշակի փոխակերպումներ: Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ընթացող արտաքնապես խաղաղ բնույթի խոսակցությունների ետեւում, Հայաստանում արդարացված դժգոհություն կա հանդեպ երկրի ռազմավարական դաշնակցի կեցվածքինՙ պատերազմի օրերին: Հայաստանը ռուսական ծիրից շատ չի կարող հեռանալ, բայց Մոսկվայի համար մի փոքր շեղումը թույլատրելի է, ինչպես օրինակ Ղազախստանի դեպքում, որը Հայաստանի նման ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, բայց ռազմավարական պայմանագիր ունի կնքված Թուրքիայի հետ: Մյուս կողմից, Բելառուսը, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի գործընկերն է, շտապեց շնորհավորել Ադրբեջանին հաղթանակի առթիվ եւ մինչ օրս շարունակում է զենք մատակարարել Բաքվին: Հայաստանը պարտավոր է անմիջականորեն եւ վճռականապես կարգի բերել իր արտաքին գերատեսչությունը, որը կրախի է ենթարկված: Հակառակ որ երկիրը դիվանագիտություն սովորելու համար աշխարհի տարբեր երկրներ է ուղարկում իր ուսանողներին, դիվանագիտական կորպուսի շարքերը շարունակոմ են դատարկ մնալ անկախություն ձեռք բերելուց 30 տարի անց: Անխոհեմություն կլինի Փաշինյանի վարչակազմի կողմից հրաժարվել օգտվել նախկին արտգործնախարարների փորձառությունից միայն այն պատճառով, որ նրանք անցյալ վարչակարգերի կազմում էին: Կովկասը հարափոփոխ վիճակում է եղել միշտ, եւ ամեն մի նոր օր նոր հնարավորություն կարող է առաջադրել, իսկ Հայաստանն արտաքին քաղաքականության բնագավառում իր սիրողական մոտեցմամբ կարող է կորցնել դիվանագիտական արժեքավոր հնարավորություններ: Իրանն է, որ ձերբազատվելով ամերիկյան պատժամիջոցներից, այժմ փորձում է վերստին լարել իր մկանները եւ դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Թեհրանը Ռուսաստանի գործընկերն էր Սիրիայում, որտեղ պաշտպանում էր Բաշար էլ-Ասադի կառավարությանը, բայց ներկայիս այն անկախ դերակատարություն է ցանկանում ունենալ հակառակվելով ռուս-թուրքական կործանիչ համաձայնությանը Կովկասում: Իրանը նաեւ տնտեսական զարգացման հնարավորություններ է առաջարկում Հայաստանին եւ Վրաստանին, որոնք դրանից օգտվելով, ի վերջո, կկարողանան ձերբազատվել Ռուսաստանից եւ Թուրքիայից անմիջական կախվածության տակ լինելուց: Մեկ այլ հետաքրքրական, բայց ահաբեկող զարգացում է տեղի ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս Շուշի կատարած այցելությունը, որի ընթացքում նա պայմանագիր կնքեց Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ, գործնականորեն «կլանեց» Ադրբեջանին եւ փաստորեն հիմնարկեքը հանդիսացավ կառուցելու իր երազած պանթուրքական կայսրությունը: Ի դեպ, Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն յոթերորդ անգամ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի սահմաններում: Այդ պատճառով է, որ Փաշինյանը Մոսկվա է ուղարկել զինվորական մի պատվիրակություն, որպեսզի նոր բանակցություններ վարի Սյունիքի շրջանի ամրապնդման ուղղությամբ, քանի որ վերջինս թիրախակալված է Հայաստանի թշնամիների կողմից: Փաշինյանի վարչակազմը նաեւ բազմաթիվ մարտահրավերներ պետք է դիմակայի երկրի ներսում, որովհետեւ երկիրը դեռեւս երերում է երկուՙ պատերազմի եւ թագավարակի կործանիչ աղետների ազդեցությունից: Ընտրություններում բոլոր հաղթողների նման, Փաշինյանն էլ բազմաթիվ խոստումներ է տվել ընտրազանգվածին. նոր ճանապարհներ կառուցել, տնտեսությունը բարելավել, գիտությունը զարգացնել, եւ այլն: Բնակչությունը սովոր է լսել նման խոստումներ, որոնք կարող են իրականացվել, կամ ոչ: Կառավարությունները միշտ էլ պատճառաբանություններ կգտնեն արդարացնելու համար իրենց չկատարած պարտավորությունները: Պետական որեւէ գործիչ, որ հաղթում է ընտրություններում, բայց մեծահոգություն չի դրսեւորում իր ընդդիմադիրների նկատմամբ, արժանի չի կարող համարվել այդ հաղթանակին: Իր դրական պարտավորությունների շարքում Փաշինյանը խոստացավ վերջ դնել իր անցյալի բացասական որոշ գծերին, սովորություններին, որոնք բնութագրել են նրան: Փաշինյանը կա՛մ ինքն է գիտակցել դրա անհրաժեշտությունը, կա՛մ էլ խորհրդատուներն են զգուշացրել նրան ձեռնպահ մնալ որոշ գործողություններից: Հաղթանակի առթիվ հունիսի 21-ին կազմակերպված հանրահավաքին Փաշինյանը բարեփոխված առաջնորդի տեսքով ներկայացավ ժողովրդին, որոնցից շատերը ակնկալում էին, որ (իրականում) գործի կդնի այն մուրճը, որ ընդդիմադիրների դեմ նա ճոճել էր ընտրարշավի ժամանակ: Փոխարենը նա իրեն ոչ բնորոշ հաշտեցման ելույթով հանդես եկավ: Նա ձեռք մեկնեց ընդդիմությանը համագործակցելու խորհրդարանում: Նա նաեւ խոստացավ իր ճամբարից դուրս որոնել եւ գտնել արհեստավարժ, որակյալ քաղաքացիների, որոնք մաս կկազմեին նոր կառավարությանը: Հավաքված ժողովրդին էլ հորդորեց զերծ մնալ զանգվածային լրատվության եւ սոցցանցերում զազրախոսությունից եւ թունոտ արտահայտություններից: Խոստովանեց, որ ինքն էլ «կամա, թե ակամա» օգտագործել է նման արտահայտություններ, թեեւ իրականում նա սկսել է դրանք կյանքի կոչել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի պաշտոնը զբաղեցնելիս որպես ընդդիմադիր առաջնորդ: Դժբախտաբար, սոցցանցերում օգտագործվող լեզուն խելացնորության աստիճանի է հասնում, եւ Փաշինյանի հորդորը կարող է, գուցե, որոշ չափով մեղմել, նվազեցնել դրա օգտագործումը: Կարդալով նման կարգի արտահայտություններ, մարդ հուսալքվում է տեսնելով, թե բարոյապես ինչ ցածր մակարդակի կարող է իջնել որեւէ հայ: Հաղթանակի այդ նույն հանրահավաքում Փաշինյանը անդրադարձավ նաեւ մի շատ տհաճ թեմայի, հանձինս եկեղեցի-պետություն հարաբերություններին, որոնք շատ ցածր մակարդակում էին վերջերս: Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հարաբերությունները բարելավելու նրա մոտեցումը չափազանց կառուցողական էր, եւ կաթողիկոսն էլ համապատասխան բարյացակամությամբ արձագանքեց եւ շնորհավորեց նրան հաղթանակի առթիվ: Հանրային այս քայլերը կարող են որոշ չափով թուլացնել լարվածությունը, բայց հռետորաբանությանը պետք է հետեւեն կոնկրետ գործողություններ: Պատերազմի ընթացքում կաթողիկոսը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը, որը տհաճ իրավիճակ էր առաջացրել: Կաթողիկոսի գործը չէր, անշուշտ, մուտք գործել քաղաքական ոլորտ: Լավագույն դեպքում նա կարող էր հանդարտության եւ համերաշխության կոչերով հանդես գալ: Կաթողիկոսի դիրքորոշումը բարկացրել էր Փաշինյանի խմբակցությանը, որն էլ ոչ-պետական մոտեցում ցուցաբերելով մերժել էր կաթողիկոսին ոստիկանական պահակախումբ տրամադրել, ստիպել էր, որ մոմ պատրաստելու համար ներմուծված պարաֆինի յուղի դիմաց Ս. Էջմիածինը մաքսատուրք վճարի եւ նպաստել էր, որ Մայր աթոռի հովանավորության ներքո Ղարաբաղ ուղեւորվող տոննաներով սնունդը փչանա մաքսատանը: Ավելին, Փաշինյանի վարչակազմը ձերբակալել էր Իզմիրլյան հիվանդանոցի տնօրեն, պրոֆ. Արմեն Չարչյանին, որ ընտրություններից առաջ որոշ երկդիմի արտահայտություններ էր կատարել իր աշխատակազմի անդամներին: Հիվանդանոցը, ի դեպ, գործում է Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ: Տողերիս հեղինակը երկար քննարկումներ ունեցավ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի, որ համարվում է երկրի քաղաքականություն մշակողներից մեկը, եւ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. կաթողիկոսի հետ: Դժբախտաբար, նրանք կառչած են մնում իրենց դիրքորոշումներից: Հուսանք, որ Հայաստանին պատուհասած աղետը սթափեցնող ազդեցություն կունենա երկու կողմերի վրա, հիշեցնելով նրանց, որ ներկայիս շատ ավելի լուրջ ու հրատապ հարցեր կան լուծելու: Ներքին եւ միջազգային մամուլը արտահերթ ընտրությունները բնութագրեց որպես «ընդդեմ» եւ ոչ թե «հօգուտ» ինչ-որ մի խմբավորման, որովհետեւ ընտրազանգվածը կանգնած էր նախկին վարչակազմի հնարավոր վերադարձի հեռանկարի առջեւ, ապա որոշել էր քվեարկել նրան «դեմ» եւ ոչ թե Փաշինյանի «օգտին»: Քոչարյանը միացել էր ՀՅԴ-ին, որն ամենալավ կազմակերպված ընտրական մեխանիզմներն ունի Հայաստանում, բայց կորցրեց ձայների մեծ մասը հենց այդ միավորման պատճառով, քանի որ այդ կուսակցությունը նույնքան ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, որքան սփյուռքում: Հայաստանը դեռ դուրս չի եկել ճգնաժամից, եւ Փաշինյանի վարչակազմը ստիպված է դիմակայել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք ամբողջ ազգի ռեսուրսներն է պահանջում գործադրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Նոր կառավարության ձախողումը ուրախացնելու է միայն թուրքերին եւ ադրբեջանցիներին: Երբ խաղադրույքներն այնքան բարձր են, միայն զգոնությունը, ազգային միասնությունն ու շրջահայեցողությունը կարող են սատար կանգնել, որ Հայաստանը շարունակի գոյատեւել: Անգլ.ից թարգմ.ըՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ (The Arm. Mirror-Spectator) |