ՌԱՅԻՍԻՆ ԻՐԱՆԻ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան ԻԻՀ նորընտիր նախագահը իսլամական հայրենիքի նկատմամբ իր հավատարմությունն ու նվիրվածությունը հանրայնացնելու նպատակով օգոստոսի 5-ին երդման խոսք է ասելու: Նա ժողովրդին հավաստիացնելու է, որ «ի կատարումն ստանձնած պարտավորությունների, գործի է դնելու իր ողջ կարողություններն ու լիազորությունները» (մեջբերում երդման տեքստից): Իսկ մինչ այդՙ օգոստոսի 3-ին հրապարակվելու է նախագահի իրավասությունների հաստատման մասին երկրի հոգեւոր առաջնորդի Բարձր հրամանագիրը, առանց որի ավելի քան 18 միլիոնի ձայն ստացած Էբրահիմ Ռայիսին չի կարող Հանրապետության նախագահ հռչակվել: Ճիշտ է, հետհեղափոխական Իրանում անցկացված 13 նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն վիճարկվել կրոնապետի կողմից, բայց ամեն անգամ ժողովրդի ձայների մեծամասնությունն ստացած նախագահներն ու նրանց համախոհները շունչը պահած սպասում են կրոնապետի Բարձր հրամանագրին, որը սովորաբար ուղեկցվում է նորընտիր նախագահին հասցեագրված վերջինիս շնորհավորական խոսքով: Շնորհավորական խոսք չի հնչել միայն 2017 թվականինՙ վերընտրված նախագահ Ռոհանիի երդմնակալության արարողությունից առաջ: Թերեւս պատճառը նախորդ ընտրություններում կրոնապետի կամքին հակառակ Ռայիսիի հետ մրցապայքարում Ռոհանիի տարած հաղթանակն էր: Համոզված կարելի է ասել, որ օգոստոսի 3-ին Էբրահիմ Ռայիսին կստանա կրոնապետի թե՛ ԹԱՆՖԻԶ կոչված բարձր հրամանագիրը, եւ թե՛ նախագահական պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձն ու օրհնանքը: Այդ համոզմունքի համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ առողջական խնդիրներ ունեցող 83-ամյա Խամենեիին փոխարինելու հարցը շարունակում է մնալ օրակարգային: Թեեւ ԻԻՀ սահմանադրությամբ չի արգելվում գործող հոգեւոր առաջնորդի կենդանության օրոք նոր առաջնորդի կարգումը, սակայն իսլամական հանրապետության քաղաքական ավանդույթն ու էթիկան պահանջում են առաջնորդի ընտրությունն իրականացնել նախորդի ֆիզիկական բացակայության պայմաններում: Այսօր Ռայիսին երկրի հոգեւոր առաջնորդին փոխարինող ամենահավանական թեկնածուներից է: Նախ, Ռայիսին Խոմեյնիի ու Խամենեիի պես Մուհամմեդ մարգարեի տոհմի շառավիղից է: Նա Խամենեիի սաներից է ու նրա հավատարիմ ու անդավաճան հետեւորդը: Ռայիսին նաեւ որպես պահպանողականների թեւի կարկառուն ներկայացուցիչ, լավ հարաբերություններ ունի հեղափոխության Պահապան կորպուսի ղեկավար կազմի հետ: Էբրահիմ Ռայիսին հոգեւոր դպրոցի շրջանավարտ է, ունի աստվածաբանության դոկտորի գիտական աստիճան: Նա որպես Ռազավիի հոգեւոր կենտրոնի կառավարիչ, տիրապետում է նաեւ հսկայական ֆինանսական միջոցների: Ռայիսին երկրի հոգեւոր առաջնորդ դառնալու համար ունի նաեւ խոցելի կողմեր: Իրանցիների մի ստվար զանգվածի եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների կարծիքով, նա հեռու է արդարամիտ լինելուց, որի պատճառը 1989 թվականին վերջինիս գլխավոր դատախազի պաշտոնում իրականացված զանգվածային մահապատիժներն էին: Նրա մոտ բացակայում են նաեւ առաջնորդներին բնորոշ խարիզման ու հռետորական ունակությունները: Ռայիսիի հոգեւոր աստիճանը «հոջջաթ օլ-էսլամ» է, այլ ոչ թե «այաթոլլահ», թեեւ պահպանողական թեւին պատկանող որոշ լրատվամիջոցներ նրան «այաթոլլահ» են կոչում: Ինքըՙ Խամենեին էլ հոգեւոր առաջնորդ դառնալու պահին «հոջջաթ օլ-էսլամի» հոգեւոր աստիճան ուներ, սակայն կարգումից անմիջապես հետո ստացավ «այաթոլլահի» հոգեւոր աստիճան: Դրանով հանդերձ, Ռայիսիի շանսերը հոգեւոր առաջնորդ դառնալու հարցում ավելի մեծ են, քան մյուս թեկնածուներինը: Անշուշտ, 2017 թ. հունվարին դեռեւս չբացահայտված հանգամանքներում մահացած իսլամական հեղափոխության հիմնասյուներից Հաշեմի Ռաֆսանջանիի ֆիզիկական բացակայությունը նույնպես կարող է նպաստել Էբրահիմ Ռայիսիի հոգեւոր առաջնորդ դառնալուն: Ինչեւէ, Էբրահիմ Ռայիսիի նախագահական լիազորությունների հաստատումը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին, իսկ եթե գործող կրոնապետը պաշտոնամուտի ժամանակ իրավիճակից ելնելով հանրության առջեւ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի նորընտիր նախագահի նկատմամբ, տեսականորեն, կամ նույնիսկ գործնական առումով, կամրապնդի հաջորդ կրոնապետի դիրքերը: |