ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանյան լրատվամիջոցներում հազվադեպ կարելի է հանդիպել դրսում հայության դիմագրաված, հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, թեեւ դրանք առկա են: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հայկական համայնքներին: Այստեղ ռազմա-քաղաքական եւ ներքաղաքական խնդիրներով պայմանավորված հայության տարբեր սոցիալական խմբեր հանդիպում են որոշ խնդիրների: Բացառություն չի կազմում տասնամյակներ շարունակ պատժամիջոցների հետեւանքով ֆինանսական խնդիրներ ունեցող հարեւան Իրանի բնակչության մի մասը կազմող հայ համայնքը, որի համար բնակարանային հարցը առօրեական կյանքի զգայուն եւ բաղկացուցիչ մասն է կազմում: Թերեւս այդ տեսանկյունից խոցելի են համայնքի կարիքավոր խմբերը, այդ թվումՙ նորակազմ որոշ ընտանիքները: Հիմք ընդունելով այն փաստը, որ Թեհրանում կենտրոնացած է իրանահայության մոտ 90 %-ը, կարելի է պայմանական ասել, որ Իրանում գործում է մայրաքաղաքային համայնք, որի շարքային անդամների համար բնակարանների ձեռքբերումն այնքան էլ հեշտ չէ իրանական շուրջ 10 միլիոնանոց մեգապոլիսում: Այս պայմաններում համայնքի իշխանությունները վերջին տարիներին ձեռնամուխ են եղել նախկինում այլ օգտագործման համար կիրառված հանրային շենք-շինությունները որոշ նախագծային փոփոխություններով բնակության վայրերի վերաձեւման գործընթացին, այդ կերպ փորձելով ինչ-որ ձեւով լուծել համայնքի սոցիալապես անապահով խմբերի խնդիրները: Հատկանշական է, որ հանրակացարանների են վերածվում դպրոցների նախկին շենքերը, որոնք համայնքի ժողովրդագրական նվազման պայմաններում մնացել են լքված կամ փակված վիճակում: Այդ մասին է վկայում օրերս Թեհրանի հայկական «Սարդարապատ» թաղամասում գտնվող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ հարկերի շահագործման հանձնումը եւ բացումը: Սեպուհ Սրբազանի խոսքովՙ «Ամէն անգամ, երբ դպրոց է փակւում, թէեւ դառնութեամբ ենք յիշում բոլորս, բայց նկատում ենք, որ տարածքը շարունակում է շնչել հայերէն, ծառայելով կա՛մՙ մշակոյթին, ինչպիսին «Վաչէ Յովսէփեան» կենտրոնն է, կա՛մՙ Սարդարապատ շրջանի «Սահակեան»-ի պէսՙ կոչւած է օթեւան դառնալ մեր դժւարութեան շեմին յայտնւած հայորդիներին»: Հարկ է նշել, որ շահագործման հանձնված հատվածով նախկին «Սահակյան» դպրոցի շենքն ամբողջովին ծառայելու է որպես հանրակացարանային համալիր, որտեղ ապրող 22 բնակիչներին ավելանալու է եւս 50-ը: Սենյակները կահավորվելու են 4-հոգանոց ընտանիքների համար: Հաշվի առնելով երկրում տիրող թանկացումներն ու համավարակի բերումով աշխատանքների տեւական դադարըՙ նախագծի իրականացնողներին հաջողվել է տեղավորվել բյուջեի եւ ժամանակի մեջ: Նախագիծը Թեմական խորհրդին է ներկայացվել անցյալ տարիՙ համավարակի բռնկումից հետո, եւ անմիջապես վավերացվել է: Նախագծի իրականացման համար պահանջվել է շուրջ 900 միլիոն թուման, որից 450 միլիոնը տրամադրել են բարերարները: Ընդ որում կազմակերպիչ համարվող Թեհրանի հայոց թեմի Կարիքավորներին օժանդակող մարմնին օգնության ձեռք է մեկնել Թեմական խորհրդի Շինարարական մարմինը: Շինաշխատանքների համար պահանջվել է 8 ամիս: Ակնհայտ է, որ ամբողջ շենքի շահագործմամբ հնարավորություն կտրվի կեցության վայր տրամադրել կարիքավորների, որոնք տարբեր պատճառներով զրկվել են իրենց բնակարանից: Այդպիսով, քայլեր են ձեռնարկվում համայնքային կառույցների կողմից աջակցել անապահով վիճակում հայտնված ձեր ազգակիցներին: Նկատենք, որ համայնքում առկա են նմանատիպ այլ շինություններ, որոնց վերաձեւման դեպքում հնարավոր կդառնա լուծել համայնքի սոցիալական մյուս խմբերի կարիքները եւս: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ բարերարների աջակցությունը, ինչպես նաեւ պետության կողմից փաստաթղթային որոշ ձեւակերպումների հարցում աջակցելը: Հատկանշական է, որ համայնքի գործունեության խիստ սահմանափակման այս օրերին, երբ համավարակը հերթական անգամ մոլեգնում է Թեհրանում, իսկ հուլիսի 3-ին Թեհրանի հայոց թեմի Կրոնական խորհուրդը որոշել է Պայծառակերպության տոնից սկսած պատարագի արարողություններն անցկացնել կրկին դռնփակ, փաստորեն փորձեր են կատարվում սոցիալական որոշ խնդիրների լուծմամբ համայնքի հասարակական կյանքում կատարել դյուրացումներ: |