RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1113, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՋԱԽ

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Դավիթ Արամի Սաֆարյանը ծնվել է 1989թ. Երեւանում: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի բակալավրիատը եւ մագիստրատուրան: Ուսանել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: Մեկ մենագրության համահեղինակ է, հեղինակ է նաեւ մի շարք գիտական հոդվածների: Մասնակցել է միջազգային գիտաժողովների: Աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, Սփյուռքի նախարարությունում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորատում:

Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրվող փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարող են ինտենսիվ առաջ մղվել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերագործարկման, փակ սահմանների բացման եւ տնտեսական համագործակցության տարբեր նոր ծրագրերի առաջ մղման գործընթացները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետեւողականորեն առաջ է մղում Հայաստանում եւ Ադրբեջանում հաղորդակցության միջոցների վերագործարկման քաղաքական գիծը, նկատի ունենալով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ողջ պոտենցիալի կենսագործման քաղաքական գիծը: Այս առումով հետաքրքրական է վերլուծել, թե ինչպե՞ս կարող են զարգանալ հայ-թուրքական երկխոսության զարգացման գործընթացները, հաշվի առնելով, որ դրանց զարգացմանը ոչ հեռու անցյալում գլխավոր խոչընդոտ էր համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը: Ստեղծված նոր պայմաններում արժե հիշել 2009-2011թթ. ծավալված «ֆուտբոլային դիվանագիտության» որոշ հանգուցային մանրամասներ, որոնք կարող են նախադեպի ուժով ծառայել մեր դիվանագիտությանն ու քաղաքական մտքին նոր գործընթացի ծավալման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդի վիճակը

2010թ. Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին մասնակցող Թուրքիայի արտգործնախարարը համոզում էր Հայաստանի իր զրուցակիցներին զիջել գոնե մեկ շրջան ազատագրված տարածքներից, որպեսզի Թուրքիան կարողանա հայտարարել հայ-թուրքական սահմանի բացման եւ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում իր դրական դիրքորոշման մասին: Այն ժամանակ նա մերժում ստացավ եւ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում սառեցվեցին: Այժմ, ինչպես մենք բոլորս հասկանում ենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում որակապես այլ իրավիճակ է: Հայկական կողմերը հանձնել են 27 տարի առաջ ռազմական գործողությունների տրամաբանությամբ Արցախին անցած 7 շրջանները, իսկ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ողջ առաջնագիծը վերահսկվում է ռուսական խաղաղապահ բրիգադի կողմից: Թվում է, թե այլեւս որեւէ խոչընդոտ չկա, որպեսզի Թուրքիան հայտարարի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը վերաբացելու մասին: Բայց սա միայն առաջին հայացքից է այսպես: Հիշեցնենք, որ թե՛ երկու դարերի սահմանագծում ծավալված, այսպես կոչված «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը», թե՛ «ֆուտբոլային դիվանագիտությունը» առաջ էին մղվում ամերիկյան հորդորների, իսկ մեզ վրա նաեւ դիվանագիտական ճնշման պայմաններում, եւ թուրքական աշխուժությունը մեծապես պայմանավորված էր միջնորդ ԱՄՆ-ի ազդեցությունը ակտիվ գործընթացով չեզոքացնելուն: Այսօր հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի միջնորդը ձեւականորեն շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ գործնականում այդ խնդիրը կենսագործում է Ռուսաստանի Դաշնությունը: «Ֆուտբոլային դիվանագիտության» տարիներին մեր իրականացրած թուրքական եւ ադրբեջանական մամուլի մոնիտորինգը անվիճելիորեն վկայում էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհին գտնվում է ադրբեջանական հասարակական կարծիքի ազդեցության տակ եւ չի անելու որեւէ քայլ, որը կհակասեր Ադրբեջանի հռչակված շահերին: Մենք այդ մասին համոզված հայտարարում էինք, եւ դա այդպես էլ եղավ: Ընդհանրապես, հարկ է նաեւ իմանալ, որ 1918թ. մայիսից սկսած Թուրքիան Հայաստանի հարցում մշտապես կողմնորոշված է եղել դեպի ադրբեջանական քաղաքական ու հասարակական կարծիքը եւ չի արել որեւէ քայլ, որը անգամ ամենափոքր չափով կթուլացներ ադրբեջանական դիրքորոշումները: Այդպես է եղել 1918թ. հունիսին Բաթումում, այդպես է եղել 1920թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում, այդպես է եղել նաեւ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը կնքելիս:

Ուրեմն այսօր Թուրքիան, չնայած ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի արմատական եւ բովանդակային փոփոխությանը, չի շտապելու առանց Ադրբեջանի հետ լիակատար կոնսենսուսի, հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել Հայաստանի հետ: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը համոզված է, որ հայ-թուրքական տնտեսական օրինական համագործակցությունը կարող է ուժեղացնել Հայաստանին: Դրա համար էլ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անելու է, որ Թուրքիան առանց իր համաձայնության որեւէ քայլ չձեռնարկի Հայաստանի հանդեպ: Մյուս կողմից, այսօր չկա ԱՄՆ-ի միջնորդություն-ճնշումը: Ընդհակառակը, ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը ստիպում է ԱՄՆ-ին լրջորեն մտածել թուրքական շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին, միաժամանակ հնարավորինս խանգարելով ռուս-թուրքական մրցակցային-համագործակցային արդի հարաբերությունների զարգացմանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, ելնելով իր հատուկ հարաբերություններից թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, հետեւողական միջնորդ է լինելու եւ համառորեն առաջ է մղելու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացը: Հարկ է նաեւ իմանալ, որ Ռուսաստանում այդ հատուկ հարաբերությունները հաշվի առնելով, շատ են ցանկանում Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի կազմում, կամ որեւէ նոր ձեւավորվելիք ետխորհրդային ինտեգրացիոն գործընթացում, նույնիսկ այն պարագայում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն բացառիկ հարաբերություններ «մեկ ազգՙ երկու պատություն» գաղափարախոսության շրջանակներում: Ռուս հայտնի քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը համոզված է, որ Թուրքիան ռազմական հենակետ է ստեղծելու Ադրբեջանի տարածքում: Բայց նույնիսկ այդ պայմաններում Ռուսաստանը չի դադարում ինտենսիվորեն զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ փնտրել այդտեղ իր ազդեցությունն ամրապնդելու միջոցներ: Այնպես որ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ թուրքական ազդանշանին կարելի է սպասել միայն Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական խաղաղությանը միտված որեւէ լուրջ երկխոսության հաջող զարգացման պայմաններում: Դրան է պետք պատրատ լինել:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը

Ինչպես գիտենք, Հայաստանի հետ պաշտոնական հարաբերություններ ձեւավորելու ճանապարհին Թուրքիայի երկրորդ կայուն նախապայմանը հանդիսացել է պահանջըՙ հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հետապնդելու հայկական քաղաքականությունից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջապես ճանաչեց 1915թ. հայերի հետ պատահածը իբրեւ ցեղասպանություն եւ դա համաշխարհային հասարակական-քաղաքական կարծիքում կարող է շատ բան փոխել: Բայց այստեղ հարկ է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հետապնդում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը իր ազգային անվտանգությունը ապահովելու եւ հայերի հանդեպ նոր ցեղասպանություն թույլ չտալու նպատակով: Եթե ԱՄՆ եւ մյուս երկրների հետագա ճանաչումները նպաստելու են մեր անվտանգության ապահովմանը, ապա հարկ է համարել, որ գործընթացը առաջ է մղվում հաջողությամբ: Սակայն ճանաչել նույնիսկ այդքան բարձր մակարդակով Հայոց ցեղասպանության իրողությունը պաշտոնապես, սակայն Հայաստանի կամ Արցախի հայության անվտանգությանը սպառնացող վտանգները անտեսել կամ լուրջի չառնել, ապա կստացվի, որ դիվանագիտական բարդ ու աննպաստ խաղերում մեր հարցը լավագույն դեպքում կեղտոտ մանրադրամ է լինելու: Հարց է առաջանում. ի վիճակի՞ է արդյոք Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությունը մի նոր հավաքական մաքառումով հետապնդելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի զարգացումը Հարավային Կովկասում ստեղծված նոր քաղաքական պայմաններում: Դա աշխատանքն է թե՛ այն պետություններում, որոնք արդեն ճանաչել եւ դատապարտել են Ցեղասպանությունը, թե՛ այն պետություններում, որտեղ դա պետք է անել: Թվում է, թե երկպառակտության, ներքին անհանդուրժողականության եւ աննախադեպ անկազմակերպվածության մերօրյա պայմաններում դրան հասնելը շատ դժվար է լինելու: Մեր ճանաչված ամերիկագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան մի գրառումում նույնիսկ մի հոռետեսական սցենար էր նկարագրել, ըստ որի Հայաստանին ստիպելու են հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործից: Սակայն թվում է, որ նույնիսկ տարածաշրջանային քաղաքականության տուրբուլենտ վիճակը չի կարող արմատապես փոխել հայության տեսլականները: Այնպես որ հայ-թուրքական նոր երկխոսության ծավալման դեպքում մենք դեռ չենք ձեւավորել ավելի հաջող մոտեցում, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելն ու սահմանները վերաբացելն է առանց նախապայմանների: Եթե Հայաստանի իշխանությունները հանկարծ որոշեն գնալ նվազագույն դիմադրության ճանապարհով եւ համաձայնվեն հրաժարվել այս ամուր դիրքորոշումից, ապա Հայրենիք-Սփյուռք պառակտումը էլ ավելի կխորանա, իսկ Հայաստանը կմնա էլ ավելի թուլացած թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Այսպիսով, վատ չեր լինի հետընտրական մեր գործընթացում մի նոր ներհայկական բանավեճ սկսել այն ելակետային արժեքների մասին, որոնց վրա հիմնված մենք կարող ենք ընդառաջ գնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելու հիմնախնդրին:

Զգացմունքային մոտեցումները եւ իրական քաղաքականության հրամայականները

Նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հայտնի համաձայնագրի ստորագրումից սկսած Հայաստանում անհանգստություն կա, որ հաղորդակցության ուղիների վերաբացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործնականում կարող է հանգեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանի վրայով իրար միջեւ անարգել հաղորդակցվելու հնրավորությանը: Ինչպես դա ենթադրում էին Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագերերը: Որպեսզի Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա օգտվել այդ համաձայնագրի հռչակված բարիքներից, պետք է որ Հայաստանի ներսում ամուր հասարակական համերաշխություն լինի, որի վրա հիմնվեն մեր զինվորականներն ու դիվանագետները: Որպեսզի այդ համերաշխությունը հաստատվի, պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջազգային հորդորների (հնարավոր է նաեւ ճնշումների) պայմաններում մենք իվիճակի լինենք ձեւավորելու կոնսենուս: Այդ կոնսենսուսը կարող է ձեւավորվել միայն մասնագիտորեն հիմնավորված եւ քաղաքականապես գրագետ գիտական, փորձագիտական եւ քաղաքական բանավեճի արդյունքում: Պարզ պայմանով, որ այդ բանավեճը մեզ ոչ թե թուլացնելու է կամ վերածվելու նոր ատելության պատճառ, այլ ուժեղացնելու է, պետությունը դարձնելով ավելի արդյունավետ գործող:

Այս պահին շատ հաջող տարբերակ է թվում մեր հասարակությունը մի խորհրդատվական հանրաքվեի պատրաստելը, որտեղ հայաստանցիները կպատասխանեն երկու հարցի. համաձա՞յն են արդյոք նրանք խաղաղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին եւ, երկրորդ, համաձա՞յն են արդյոք նրանք վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ առանց նախապայմաններիՙ հարաբերություններ հաստատելու եւ փակ սահմանները վերաբացելու վերաբերյալ: Այս խորհրդատվական հանրաքվեն կարող էր խթանել համահայակական քննարկումները եւ ցույց տալ, թե գործնականում ներքին ինչ ուժի վրա է հիմնվում Հայաստանը պաշտոնական դիրքորոշումներ հետապնդելիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ