ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՑՔՙ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ Մ. ԲԱԴԱԼՅԱՆ Մանկությունը երազի է նմանվում, մանավանդ երբ տարիների ժապավենը հատում է վտանգավոր սահմանը: Մանկության հուշը նկար է ասես, երազի նկար: Ամեն անգամ երեխաների նկարչական որեւէ ցուցահանդես նայելիս, լուսագծի հետքերով վազող աղջնակի կամ տղեկի պատկեր է աչքիս գալիս, - նա ետ չի նայում, հեռանում է անվերադարձ: Ու պատկերացումները մանուկների դյուրահավատության կամ պարզունակ անմեղության մասին մի կողմ են քաշվում, որովհետեւ նրանց նկարներում մշուշոտ ենթագիտակցությունը ավելին է պատմում, քան իրենք կարող են բարձրաձայն խոսել: Ինչո՞ւ բոլոր երեխաները սիրում են նկարել, եւ կամ գունավոր մատիտները մանկության սիմվոլներից մեկն են համարվում: Մի՞թե նոր-նոր աշխարհը հայտնաբերող նրանց հայացքը ներսում միաժամանակ ձեւավորում է սեփական պատկերացում տեսածի ու լսածի մասին եւ ինքնաարտահայտվելու պատկերային ձեւեր փնտրում: Հիշում եմ վեցամյա մի աղջնակի, որ ամենից շատ գունավոր մատիտներ էր սիրում նվեր ստանալ, մոտեցավ ինձ ու ասաց` ուզո՞ւմ ես այսօրվա իմ տեսած երազը նկարեմ: Ու նկարեց` մեծ ուղղանկյունաձեւ մակերեսին երկու կոճականման սեւ պատկեր, հետո սկսեց պատմել նկարը, այսինքն երազը: Համարձակություն էր պետք` հասնելու նրա մտքերի տարօրինակությանը, մանավանդ երեւակայությանը: Այդպիսին կարող են լինել միայն մանուկները`դյուրահավատ, հաճախ խորհրդավոր, անհասկանալի թվացող այդ էակները: Ահավասիկ բազմաթիվ հանելուկներ` մանկան աչքերի ու հոգու, կարդում ենք Գեղարվեստի ակադեմիայի Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահում բացված հունիսմեկյան ցուցահանդեսի նկարներից: Մասնակիցները ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի երեխաներն ու թոռներն են. ցուցահանդեսը նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Պարզ անմիջականությունը առաջինն է, որ գրավում է հայացքդ, հետո փորձում ես տարբերակել ու պատկերացնել փոքրիկ հեղինակներին: Թեեւ նրանք բոլորը կարծես նման են միմյանց` գույնի ու գծի պարզ թոթովանքներից մինչեւ արդեն որոշակիության հասնող զգացողություններ: Նրանց պատկերած դեմքերը թվում են նույն կերպ են ժպտում կամ տխրում, կամ արեւի դեղինը նույնն է, իրականում դրանք այնքան են տարբեր, որքան այս երեխաները միմյանցից: Միաժամանակ հետաքրքրքկան է, թե պարզ անմիջականությամբ բնորոշվող երեխան ինչպես է աշխարհը, միջավայրը վերարտադրում աբստրակտ մտածողությամբ, իսկ ցուցահանդեսում այդպիսիք շատ չեն, բայց կան եւ բավական հետաքրքրական են: Էդմոն Խաչատրյան, Մանե Խոջոյան, Արմինե Գալենց, Հրաչյա Պետրոսյան, Կարինե Գասպարյան, Եվա Մալխասյան,Արմեն Սաֆարյան, Օվսաննա Հարությունյան, բոլորն են լավ, գեղեցիկ, բաց, հաղորդական, նաեւ խորհրդավոր, չբացահայտված, ինչպես մանկության առեղծվածն ինքը: Իսկ սովորելու բան նրանցից իսկապես որ կա: Ցուցահանդեսը շարունակվում է: |