ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսի տպավորությամբ Սենտիմենտալ չթվալու համար հաճախ թաքցնում ենք մեր զգացումները` բանավոր թե գրավոր. չգիտես ինչու, բայց այդպես է: Սակայն ոչինչ չես փոխի, երբ տպավորապաշտությունը ինքնարտահայտման բնական կերպ է, ակադեմիականությունից էլ հեռու ես այնքան, որ մտածողությունդ չի ընդունում: Բարձրանում ես Ազգային պատկերասրահի 2-րդ հարկի աջակողմյան սրահ ու անակնկալի գալիս. սրահի մուտքին կից պատի լուսանկարից Վարպետը դիմավորում է այնպիսի բարեհեզ ժպիտով, որ ակամա բարձրաձայն պատասխանում ես` Բարեւ, Վարպետ ջան, ու ներս անցնում: Օրվա երկրորդ կեսն է, սրահում մարդ չկա, լռություն է: Հակոբյանական գույնի մեղմ ներդաշնակությունը լռությունը ավելի ընթեռնելի է դարձնում` ոչ միայն որ գիտես, ծանոթ ես կտավներից շատերին, նաեւ ցուցահանդեսի էքսպոզիցիան օգնում, նախապատրաստում է դիտողին` նկարչի ստեղծագործական ընթացքի ամբողջական պատկերացումը հստակեցնելու առումով: Հակոբ Հակոբյան նկարչի համար ճակատագրական բեկում եղավ այն պահը, երբ նա ծննդավայրից` Եգիպտոսից տեղափոխվեց Հայաստան`չնայած գեղագիտական կողմնորոշումներով ձեւավորված արվեստագետ էր արդեն: Երկու երկրների քաղաքակրթական, մշակութային, սոցիալական տարբերությունների հաղթահարումը` այն էլ 60-ականների խորհրդային համակարգի շրջանում եւ հետագայում նույնպես, թե ի՞նչ գին է ունեցել նկարչի համար, դժվար չէ կռահել` ծանոթ լինելով ներգաղթյալների կյանքի պատմությանը, նրանց մարդկային, հոգեբանական դժվարին վիճակներին: Հիմա արդեն, տարիների հեռավորությունից որոշակի է` ճակատագրի այդ նշանը, սահմանի հատումը անհրաժեշտ այն քայլն էր, որով պայմանավորվեց Հակոբյանի արվեստի հետագա ընթացքը, հասունացումը. սկսված նոր փուլը ինքնահայտնաբերման նոր տարածություններում իմաստավորում էր կյանքի ամեն շարժում. ամեն պահ, նշան, բախում, հոգեբանական, սոցիալական անրջրպետ, նեղ ճանապարհ, միտք ու մտորում մարդուն ճանաչելու, նրան ավելի մերձենալու եւ հասկանալու համար էր, որպեսզի կարեկիցը դառնար նրա կյանքին ու լուռ ցավին: Հակոբյանի նկարչությունը մտածող նկարչություն է, նրա կտավները ինքնասույզ մտորումների մեջ են, նշանային պատկերները դիպչում են կյանքի մերկ գեղեցկություններին, բուն ասելիքը կտավի խորքում ծավալվող «ժամանակի հոսքի» մեջ է տարրալուծվում, խոհի ու խոկման մղում, անգամ ակամայից ես հայտնվում ժամանակից այն կողմ: Այս զգացողությունը նրա նկարչությանը մետաֆիզիկական բնույթ է հաղորդում, գաղտնի մի շղարշով պատում: Նրա կտավները աչքիդ առաջ գունային ճոխություններ կամ ձեւերի բազմազանություն չեն բացում. կտավի մակերեսներին ծավալվում են մինիմալիզմին բնորոշ գունաձեւածավալներ` խիստ, երբեմն անշուք թվացող բնապատկերներ` ճյուղատարած մերկ ծառ, մեկուսացած քար, նատյուրմորտներ` նավթավառ, սխտորներ կամ հողաթափեր առտնին կյանքի նշաններ, բայց ինչպե՞ս է խոսում նկարը մարդու հոգու հետ, ինչպե՞ս է միտքդ կլանում, ինքնասուզման տանում: Պատճառը մեկն է` Հակոբ Հակոբյանի նկարչությունը խորապես մարդկային- մարդասիրական ու հուզիչ է, որի հիմքը, ակունքը կարեկցանքի զգացումն է, գթասրտությունը առ մարդը, սեր ու հիացում առ բնությունը, առ մոլորակը. սեր` որ ճանաչողության անդադար որոնումներում փորձում է սեփական հարցադրումների պատասխանները գտնել: Մտածողի, ստեղծագործողի նրա բնածին միտքը բերում է հոգեբանական, մարդաբանական, հասարակագիտական` սեփական փորձից ելնող իմաստնությունների, փորձում հասկանալ անկատար կյանքի, կես-պռատ երջանկության, մարդու երկվության, նրա մարմնային ու ֆիզիկական տառապանքների բուն, խորքային պատճառները, թե ինչո՞ւ մերթ խնդում, մերթ լալիս է այդ հոգին: Էքսպոզիցիայի հեղինակը` նկարչի դուստրը` Նորա Հակոբյանը, մասնագիտությամբ ճարտարապետ, որ նաեւ նկարում է` զգայուն- խորհրդածող արվեստագետ, գաղափարական հստակ կոնցեպցիա է դրել էքսպոզիցիայի հիմքում: Նա փորձել է ներկայացնել նկարչի ստեղծագործական տարբեր փուլերի, դրանց զարգացումների գեղագիտական ընդհանրությունները ներքին իմաստային տեսանկյունից` նկատել տալով հետագա զարգացումների նախնական վիճակը: Ցուցադրության առաջին բաժնում հայաստանյան սկզբնական շրջանի գործերի կողքին եգիպտական շրջանի մի քանի աշխատանքների ներկայությունը նկարչի գեղագիտական մտածողության ու կենսափիլիսոփայական աշխարհայացքի սկզբունքային ընդհանրության վկայություն է: Այսպես` եգիպտական շրջանում արված մանեկենը հետագայում վեր է ածվում գլխավոր պերսոնաժի. այս ֆիգուրը, դրվելով գործողության, շարժման մեջ, իմաստային մի ամբողջ աշխարհ, նկարչական համակարգ է ստեղծում նրա արվեստում: 20 տարեկանում արված «Աղոթողները» նկարաշարը զարմացնում է ներքին վիճակների` միջավայրի (եկեղեցական), մթնոլորտի (աղոթական ինքնասուզումներ) հետ հաղորդակցման ու դրա վերարտահայտման հասունությամբ, երբ այդ վաղ տարիքում նրա վրձինը կարողացել է այսպես հարազատորեն պատկերել կյանքի կեռմաններում հայտնված, հարվածներից շվարած ու շփոթահար մարդկանց անզորությունը, այսինքն ունենալ մթնոլորտի այդպիսի սուր զգացողություն եւ ամենակարեւորը` ստեղծել, փոխանցել կարեկցանքի ջերմություն այս մարդկանց նկատմամբ: Ցուցահանդեսի առիթով տպագրված կատալոգը (մշակույթի նախարարության աջակցությամբ) ամբողջացնում է ստացած տպավորությունը: Ակնհայտ է հեղինակի, կազմողի` Նորա Հակոբյանի աշխատանքի բծախնդրությունն ու խնամքը` թե՛ գեղարվեստական ձեւավորման, թե՛ իմաստայինբովանդակային, թե՛ տպագրական մակարդակներում: Նկարների իլյուստրացիաները խնամքով զուգադրված են Վարպետի խոհագրություններից ընտրված համահունչ պատառիկներով, նրա անմիջական խոսքը կենդանի շփում է ստեղծում առաջին իսկ պահից, ինչպես ցուցահանդեսի իր լուսանկարը: Կատալոգի առաջաբանը հեղինակել է գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր- Խաչատրյանը: Նկարների ցուցադրությունը ծավալվում է երեք սրահներում: Պատկերային ձեւերը մարդկային կյանքից փոխադրվում են բնության աշխարհ, հետո անցում կատարում իրերի խորքը: «Մարդը եւ բույսը» հայտնի կտավը, մարդու ձեռքերի մեջ ծիլ տվող բույսի` նրա ու բնության հետ մարդու կապի խորհրդանիշն է, որի խզման վտանգները հետագայում այնպես տագնապեցնելու էին նկարչի հոգին: Կամ «Վիշտը» կտավը` կյանքի ծանրությունից կքված մարդը` կարեկցանքի հայացքը վրան: Հակոբյանի բնապատկերի գեղեցկության ինքնահատուկ հմայքը ներքին անորսալի շարժման մեջ է. ուշ աշնան խամրող գույների ու վաղ գարնան դեռ չարթնացած կանաչի միջեւ կապը զգայական մակարդակներում է «շոշափելի», որտեղ եւ` անցման այդ անտես վայրերում մշտահոլով կյանքը իր սաղմերն է թաքցնում... Դժվար է կտրվել առաջին սրահի` հատկապես 2 բնապատկերից. Աղավնաձորի դարչնագույնի, կանաչի ու դեղնի փարթամ գեղեցկությունը ամառվա օրը հասցրել է փթթման բարձրակետին, լույսը հեղեղել է կյանքը, ջերմությամբ վարակված հողը ծառը արմատից մինչեւ վերջին սաղարթը հագեցրել է կանաչի թանձրությամբ, ազնիվ խոնջանքից բավարարված կյանքը միջօրեի հանգիստն է վայելում («Աղավնաձոր»): Գույնի այս թանձր շերտերը նոսրանում- բարակում են կողքի` «Հայկական մոտիվ» բնանկարում, ուր հայացքդ միաժամանակ նույն հարթությամբ ընկալում է տարածության հեռավորությունն ու մերձավորությունը: Աշնան այգիները, մերկացող ձորերը, ջրափի կամ ճամփեզրի քարերը, բարալիկ թփուտները, դեղնադարչնագույն լանդշաֆտները ջրաներկ վրձնահարվածների մեջ բանաստեղծական - քնարական շունչ են առել: Այս շարքի «Գառնիի ձորում» նկարը հայացքի դիրքի փոփոխությունից կարող է անճանաչելի դառնալ. սուր անկյան պրիզմայով նայելիս` ուղղաձիգ, դեղնակարմրավուն ժայռերը գահավիժող տպավորություն են թողնում` ավելի տեսանելի դարձնելով պատկերի շարժումը: Հակոբյանի ձեռագրի այսպես ասած մյուս երեսը` մանեկենների, հագուստների, սրատամ, կտրող գործիքների աշխարհը նկարչի մտասեւեռումների, խոհերի, գաղափարների մեկ այլ արտահայտչամիջոցներ են` կյանքային տարբեր իրավիճակներ, երեւույթներ պատկերող մետաֆորներ` օժտված զգայական նույն հատկանիշներով («Գթասրտություն», «Գիշեր եւ ցերեկ», «Պայքար» «Գայթակղություն»): Կյանքի ուշ շրջանում Վարպետի ստեղծած «Սիրո պարտեզ» նկարաշարը վերադարձ է հոգու գեղեցկության նախնական վիճակին, այստեղ նախորդ շրջանի սրածայր իրերի ագրեսիվությունը նահանջում, տեղի է տալիս աշխարհը հաստատուն պահող զգացումի առաջ, երբ հոգու պարտեզում ծաղկում էր սիրո երանության ծառը: Այս պատմությունը շարունակություն է ստանում գեղարվեստական մտածողության բոլորովին տարբեր, նոր ձեւի մեջ: Արվեստակից իր «խաղընկերների»` արհեստավորական մետաղե գործիքների անհետաքրքրական, անհրապույր աշխարհը նա անճանաչելիորեն հեղաշրջում է` կյանքի վերջին տարիներին անցնելով քանդակի ձեւերին, որի` միայն իրեն հայտնի լեզվով դրանց վերափոխում, վերակերտում, զարմանալի կերպարներ է ստեղծում: Երեւակայություն ու հնարամտություն է պետք նման իրերից արվեստի այսպիսի աշխարհ ստանալու համար, որտեղ մարդկային զգացումն ու ապրումը նույն հաղորդականությունն ունեն, ուր կյանքը դարձյալ ծավալվում է բազմազանության ու գունաձեւության «գաղտնարաններում»: Ցուցահանդեսի անակնկալն ինձ համար Հակոբ Հակոբյանի «Նարեկացին» էր` սրբապատկերի հեզությամբ ու աղոթքի խոնարհությամբ մակագիր մի նկար, որպես մագաղաթե ձեռագիր մատյանի էջ... Սրահից դուրս գալուց աստիճաններին նկատեցի` աչքերս թացանում են. հիշել էի իր երկու կտավները`«Ամպը» եւ «Քուն», որոնց մասին չխոսեցի... Նկար 2. Աղավնաձոր, 1967 Նկար 3. Աշուն, 2005 |