RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-13 17:08:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1258, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՍԱՀՄԱՆ ԿԱՐՈՏՆ ԱՆԹԵՂԱԾ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ...

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզում, Էֆելյան աշտարակի հարեւանությամբ, հարմարավետ մի բնակարանում, ծննդավայրիՙ Նոր Ջուղայի եւ Հայաստանի անսահման կարոտն անթեղած իր հոգու խորքում, կյանքի մայրամուտն էր ապրում Էմմա Աբրահամյանը...

«Սկզբունք» բառի բուն իմաստը նաեւ իրեն էր բնորոշ: Ապրեց ինքն իր նման, անգամ պատկառելի տարիքը չթուլացրեց իրեն, եւ աշխարհին հրաժեշտ տվեց այն պահին, երբ այլեւս իր սկզբունքայնությունը զիջել էր դիրքերը:

Էմմա Աբրահամյանին ճանաչում են շատերը, սակայն քչերը գիտեն նրա կյանքի մանրամասները:

Թեհրանում հրատարակվող «Հանդես» պարբերականի թիվ 9-ում տպագրված «Արձանագործ Էմմա Աբրահամյան» հոդվածում գրված է. «Ովքեր այցելել են Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցի, նրա բակում անշուշտ տեսել են Հովհաննես Խան-Մասեհեանի եւ Եփրեմ Խանի գերեզմաններին տեղադրված բրոնզե կիսանդրիները: Երկու արձաններն էլ հայ արվեստագետուհիների աշխատանք են. առաջինըՙ Էմմա Աբրահամյանի, երկրորդըՙ Լիլիթ Տերյանի:

Աբրահամյանի անունը ծանոթ է որպես նվիրյալ հասարակական գործիչ: Եղել է Հ.Բ.Ը. Միության, «Հայ կին» միության եւ Անգլիայի հայ ուսանողական միության հիմնադիր անդամ, որի նախագահությունն է վարել 1954-60թթ. եւ դերակատար է եղել շենքի գնման աշխատանքներին: Մի քանի տարի շարունակաբար ստանձնել է Թեհրանի «Հայ կին» միության փոխնախագահության ու նախագահության պաշտոնը: Գործուն մասնակցություն է բերել նույն միության «Հայ կանանց պատմական տարազների» ցուցահանդեսի եւ նույնանուն գրքի հրատարակմանը: Աջակցել է թե՛ իրանահայ, թե՛ սփյուռքի տարբեր գաղթօջախների արվեստագետներին, կազմակերպելով նկարչական եւ արձանագործական ցուցահանդեսներ:

Էմմա Արամի Աբրահամյանը ծնվել է 1922թ փետրվարի 20-ին, Նոր Ջուղայում: Ուսման տարիներին իր մեջ երեւան է եկել ուժեղ սեր դեպի նկարչական արվեստը: Միջնակարգն ավարտելուց հետո շարունակել է նկարչության մասնավոր պարապմունքները:

1944թ. ընդունվել է Թեհրանի համալսարանի գեղարվեստից բաժնի նկարչական ճյուղը, որտեղ չորս տարի սովորելուց հետո, 1948թ. տեղափոխվել է Ֆրանսիա, ընդունվել Փարիզի «Beaux-arts»-ի արձանագործության բաժին, աշակերտելով հանրահայտ Ժիմոնին:

Էմմա Աբրահամյանի արվեստին յուրահատուկ է զսպվածությունը, առանց ավելորդ գծերիՙ հոգեբանական արտահայտությունը:

Մասեհեանի կիսանդրու բարի, իմաստուն, խաղաղ դեմքից շողարձակում է նրաՙ մտավորականի հոգեւոր կարողությունը:

Աղջկա եւ պատանու կիսանդրիները արտահայտում են այդ տարիքի յուրահատուկ միամտությունը եւ մանկական պարզ ներաշխարհը:

Աբրահամյանի քարե աշխատանքներից առանձնանում է նաեւ «Սպասում» արձանը, որի զուսպ կեցվածքն ու դեպի անորոշ հեռուն ուղղված տրտում հայացքը մարմնավորում է քարացած սպասումը:

Էմմա Աբրահամյանը կիսանդրիներից բացի ունի նաեւ այլ ստեղծագործություններ, որոնցից են «Առաջին քայլը», մոր եւ զավակի փոխհարաբերության ամենագեղեցիկ պահերից մեկը:

Խորհրդավոր արձաններից է «Վերածնունդ»-ը: Նաեւ մեկ բարձրաքանդակՙ որը զարդարում է Լոնդոնի Քաբըմ արվարձանի դպրոցի շենքը:

Է. Աբրահամյանը մասնակցել է մի քանի ցուցահանդեսների, որոնցից տեղին է նշել Լոնդոնի կին արձանագործների ցուցահանդեսը, որտեղ արժանացել է երկու մրցանակի:

1960-1980-ական թվականներին, քսան տարի շարունակ, արձանագործություն է դասավանդել Թեհրանի նախկին «Մելլի», այժմ «Բեհեշթի » համալսարանում:

1980թ. տեղափոխվում է Փարիզ, ուր բնակվում է մինչեւ իր մահկանացուն կնքելը:

Երբ տարբեր առիթներով հանդիպել եմ Էմմա Աբրահամյանին, շարունակ ինձ համար բացահայտել եմ նրա կանացի նրբաճաշակությունն ու կոկիկությունը...

Մեր զրույցների թեման սովորաբար Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային անցուդարձն էր, ծանոթ էր գիտության, արվեստի, գրականության բոլոր վառ անահատականություններին, շատերի հետ շփվել էր:

Տարբեր առիթներով հասցրել էր յոթ անգամ լինել Հայաստանում, վերջինըՙ 2000 թվականին: Մտահոգ էր, որ մտավորականությունը հայտնվել էր ծայրաստիճան աղքատության շեմին:

Չնայած Էմմա Աբրահամյանն այս մասին երբեք բարձրաձայն չէր խոսում, ասեմ, որ պարբերաբար օգնում էր Հայաստանում մի անապահով ընտանիքի: Ես չէի կարող այս մասին չգրել, որովհետեւ այստեղՙ Փարիզում ու շրջակայքում, հանդիպել եմ այնպիսի հայ ընտանիքների, ովքեր դրամի ոչ մի խնդիր չունեն, բայց երբեք չեն եղել Հայաստանում եւ ցանկություն էլ չունեն, իրենց երեխաներն էլ «Հայաստան», «Հայրենիք» բառերի իմաստը չեն էլ հասկանում:

...Հայաստանին եւ Արցախին օգնելու համար համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքին Էմմա Աբրահամյանն անպայման ուներ իր ներդրումը, եւ պատահական չէր, որ մահից առաջ, իր բնակարանը, որը բավական լուրջ արժեք ունի, կտակել էր Ալֆորվիլի հայկական դպրոցի շենքի կառուցման ֆոնդին:

Այո, կան մարդիկ, որոնք իրենց բարեգործության մասին չեն բարձրաձայնում, նրանցից մեկն էր Էմմա Աբրահամյանը:

Հունիսի 3-ին, Փարիզի սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցում, Էմմա Աբրահամյանին իրենց վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էին նրա հարազատներն ու մտերիմները: Նորվան Սրբազանը իր ցավակցական խոսքից հետո կարդաց կտակը, այնուհետեւ Ժիրայր Չոլաքյանը ներկայացրեց Էմմա Աբրահամյանի կյանքն ու գործունեությունը...

Երբ մահվան թափորն ուղղվեց դեպի Պեր Լաշեզի գերեզմանատուն, ամփոփելով օրվա խորհուրդը, կրկին անգամ համոզվեցի, որ մարդն այս կյանքից ոչինչ չի տանում, լավ թե՛ վատ, միմիայն մի անուն է թողնում: Այս պարագայումՙ բարի՛ անուն...

Փարիզ

Նկար 1. Մի հաճելի օր Էմմա Աբրահամյանի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ