ԵՐԲ ԵՐԳՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՏԵՂՎՈՒՄ ԵՆ Նաիր ՅԱՆ Երգարվեստում միայն լավ ձայնը բավական չէ, հարկավոր է նաեւ լավ երկացանկ ու այդ երկացանկը մատուցելու ժամանակակից, հետաքրքրական մոտեցում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն քսան տարի համաշխարհային որակ ունեցող խմբերի շարքում է եւ արտասահմանյան յուրաքանչյուր փառատոնից ու համերգից հետո ամրագրում է իր հաստատուն տեղը: Դեռ 2002-ին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի եւ Եվրոմիության մասնագիտական կառույցի կողմից մեր երգչախմբին շնորհվել են «Աշխարհի լավագույն մանկական երգչախումբ» եւ «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսները: Երգչախումբը նոր է վերադարձել Շվեյցարիայից, որտեղ անց է կացվել Բազելի երիտասարդական եւ մանկական երգչախմբերի եվրոպական փառատոնը: Բազելի «Շտադտ-Կազինո» համերգասրահում, Թատրոնի շքեղ դահլիճում, սբ. Կլարա, սբ. Մարտին եկեղեցիներում, Մյունսթեր տաճարում, Բազելի տարբեր հրապարակներում դարձյալ հնչել են Մաշտոցի, Շնորհալու, Կոմիտասի, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների, նաեւ ժամանակակից ջազային բարդ ստեղծագործություններ: Ինչուՙ դարձյալ, որովհետեւ «Հայաստանի փոքրիկ երգիչները» 1995 թվականին եւս երգել են Շվեյցարիայի բեմերում ու հրապարակներում: Այդ շրջագայությունը մեկն է եղել երգչախմբի արտասահմանյան հերթական համերգներից, բայցեւ ոգեւորող դեր կատարել մեկ ուրիշի համար: Բանն այն է, որ երգչախմբի բացօթյա ելույթներից մեկին պատահաբար ներկա է եղել մի տիկինՙ իր հնգամյա երեխայի հետ: Լսել է, հիացել ու վճռելՙ ինքը մանկական երգչախմբերի փառատոն է կազմակերպելու եւ այդ ոլորտում սկսելու է իր կարիերան: Այդ տիկինը հիմա Բազելի երիտասարդական եւ մանկական երգչախմբերի եվրոպական փառատոնի կազմակերպիչն էՙ Կատրին Ռենգլին: «Հայաստանի փոքրիկ երգիչների» շվեյցարական համերգաշարից մոտ քսան տարի անց Կատրին Ռենգլին հատուկ հրավեր է ուղարկում Հայաստան ու ցանկություն հայտնում, որ մեր երգչախումբը մասնակցի Բազելի հերթական փառատոնինՙ արդեն պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայաստանի երգչախումբը միակն է եղել, որի ճանապարհի ու կեցության ծախսերը հոգացել է շվեյցարական փառատոնը: Մեր երգչախմբի հետ անցկացրած փորձերն օտարազգի խմբավարներն ու երգչախմբերը համարել են վարպետության դաս: Մերոնք նրանց Կոմիտաս են սովորեցրել: «Տեսնել էր պետք, թե ինչպես են շվեյցարացիները հայերեն երգում. «Վիվա» մանկական երգչախումբը մեզ հետ Կոմիտաս երգեց: Համերգներից հետո քար լռություն էր տիրում դահլիճում, ապա հանդիսատեսը միանգամից ոտքի էր կանգնում ու ծափահարում: Եկեղեցիներում երեխաները երգեցին հայ հոգեւոր երգեր: Եվրոպացիներն ապշել էին, բառերը սառել էին նրանց կոկորդում: Պատկերացնո՞ւմ եքՙ սառնասիրտ եվրոպացիներն արտասվեցին. ոչ մի հայերեն բառ չէին հասկանում, բայց այնքան ազդված էին հայերեն բառի ու հոգեւոր երաժշտության ներդաշնակ համաձուլվածքից: Մենք հայ երգով փոթորկեցինք նրանց հոգիները, ներթափանցեցինք ամենազգայուն շերտերն ու ստիպեցինք ընդունել հայ երգի ուժն ու արժեքը»,- թարմ տպավորությունները պատմեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Տիգրան Հեքեքյանը: Մասնագետները մեր երգչախումբի մասին ասել ենՙ հավասարը չունեցող: «Կարծես ձեր հոգու ուղերձն էիք հաղորդում հանդիսատեսին: Դուք նման էիք խաղաղության զանգակների: Հոգեբանական համերգ էր, խաղաղության, հավատքի ու սիրո համերգ էր»,- շնորհավորելով «Հայաստանի փոքրիկ երգիչներին»ՙ ասել են հանդիսականները: 10 օրվա ընթացքում երգչախումբը 10 համերգ է ունեցել: Իսկ բացօթյա հանպատրաստից ելույթներին հաշիվ չկա: Մեր փոքրիկ երգիչներին լսել են Ժնեւում, Մոնթրյոյում, Բեռնում, Մաուրում եւ էլի մի շարք քաղաքներում: Փառատոնը մրցութային չէ, բայց ինչպես Տիգրան Հեքեքյանն է նկատում, երբ հայերս միեւնույն վայրում հանդիպում ենք ֆրանսիացուն, ամերիկացուն, բելառուսին եւ այլոց, յուրաքանչյուր փառատոն դառնում է մրցույթ: Նրանց կողքին մենք ունենք մերն արժեւորելու, ճանաչելի դարձնելու խնդիր: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շվեյցարական շրջագայությունն ընդգրկված է «100 համերգՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» մեծ ծրագրում: Երգչախումբը Շվեյցարիա էր տարել իր մասին պատմող գրքույկներ, որոնց վերջին էջը կոչ-հաղորդագրություն էՙ նվիրված Հայոց մեծ եղեռնին: Գրքույկները մեր երգիչները բաժանել են հանդիսատեսին եւ տարածել ամենուր: Իսկ յուրաքանչյուր համերգին մեկ կատարումՙ Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթքը», նվիրել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այդ կատարումից առաջ Տիգրան Հեքեքյանը հանդիսատեսին բանավոր խոսք-հիշեցում է հղել նախորդ դարասկզբի ոճրագործության մասին ու դիմել դահլիճինՙ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: |