ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՆԿՐԿՆԵԼԻ «ՍԱՐՈՅԻ»` ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Դեռեւս երկու տարի առաջ, մարտի 16-ին, լրացավ հայ մեծանուն երգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակը, որ ազգային օպերային թատրոնի պատմության մեջ առանձնանում էր իր հզոր ձայնով, դերասանական վարպետությամբ: Նա կերտել է Սարո (Արմեն Տիգրանյան «Անուշ»), Աշուղ եւ Շեյխ (Սպենդիարյան «Ալմաստ»), Տիրիթ (Տիգրան Չուխաջյան «Արշակ Երկրորդ»), Ռադամես (Ջուզեպե Վերդի «Աիդա») եւ այլ կերպարներ: Սակայն տարիներ շարունակ նա հանրության մեջ է մնացել որպես Սարոյի անկրկնելի կատարող: Ի դեպ, Ավագ Պետրոսյան-Սարոն երեւանյան բեմ է բարձրացել 600 անգամ: Նրա համերգային երգացանկի ավելի քան 200 ստեղծագործությունների թվում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, Սաթյանի եւ այլոց ստեղծագործությունները: Նախորդ օրը Երեւանի Ավագ Պետրոսյանի անունը կրող փողոցին հարակից տարածքում բացվեց անկրկնելի երգչի հուշարձանը, որդուՙ Արա Պետրոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռամբ: Հուշարձանի ճարտարապետը Լեւոն Ղալումյանն է, քանդակագործը` Տիգրան Արզումանյանը: Դիրիժոր Արա Պետրոսյանը ընդգծեց, որ հոր վաստակը հայ արվեստասեր հասարակության շրջանում մեծ է եւ նրա կատարումները մինչ օրս ժողովրդի սրտում են ու փոխանցվում են սերնդեսերունդ: «Ավագ Պետրոսյանից այսօրվա երգիչները շատ բան ունեն սովորելու, ասաց նա: Այսօր կատարողների առաջնահերթ խնդիրը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը: Նրանք պետք չէ շտապեն, այլ պետք է խորանան իրենց մասնագիտության մեջ: Իսկ ընդօրինակելով` ամեն մի արվեստագետ պետք է իրենը մտցնի, իհարկե շեշտը դնելով ազգային երգարվեստի վրա»: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը եւս Ավագ Պետրոսյանի կերտած դերերից առանձնացրեց Սարոյի կերպարը եւ ընդգծեց` «Փառք քեզ, հայ ժողովուրդ, որ Ավագ Պետրոսյանի նման արտիստ ես ունեցել»: «Պետք է բոլորս զարմացած հիշենք, թե ինչ հրաշք էր ու Աստված ինչ աչքով էր նայում մեզ, որ մի հսկայական աստղաբույլ իջեցրել էր Հայաստան: Այդ տարիներին Հայաստան աշխարհում որեւէ ներկայացման վարագույրը բացեիր, բեմում անպայման մեկ կամ երկու արտիստ կար կանգնած, որոնցից յուրաքանչյուրը կարող էր ուղղակի փայլեցնել յուրաքանչյուր ազգի թատրոն: Ով չի լսել Գոհար Գասպարյան «Անուշին» եւ Ավագ Պետրոսյան «Սարոյին», այսօր քիչ բան կունենա հիշելու եւ պատմելու իր երեխաներին: Վեց տասնամյակ Ավագ Պետրոսյանը ծառայել է ժողովրդին ու թատրոնին», ասաց Երվանդ Ղազանչյանը: Ե. Ղազանչյանը հետահայաց հիշեց, որ երբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ են եղել եւ հայ արվեստի եւ գրականության տասնօրյակի առթիվ Վարդան Աճեմյանը իրենց տարել էր զանգվածային տեսարաններին մասնակցելու, Ջանգյուլումի տեսարանում իրենք կանգնում էին կուլիսներում, որտեղից պետք է մտնեին Սարոն` Ավագ Պետրոսյանը եւ Մոսին` Միհրան Երկաթը: Երբ մոտենում էր մուտքի հատվածը, Ավագ Պետրոսյանն ասում էր. «Ճամփա տվեք, ազգի հերոսը (կամ տղեն) եկավ»: Իսկ Ավետ Ավետիսյանը, երբ իր մուտքի ժամանակն էր գալիս, պետք է մտներ բեմ եւ ասեր. «Ներկայացումը սկսվեց»: Թե դրանից առաջ ովքեր էին խաղում, դա կարեւոր չէր»: Ավագ Պետրոսյանի քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը նշեց, որ հուշարձանն իրենց կողմից նվիրատվություն է մեր մայրաքաղաքին: «Թեպետ նրա դեմքը արտիստական չէ, սակայն պետք է այնպես արվեր, որ քանդակում արտիստը մեջը երեւա, քանի որ ինքը էությամբ արտիստիկ մարդ էր եւ հնարավորինս աշխատել եմ, որ արտիստիկ ստացվի»: Հուսանք, որ դեռ մայր հողը կծնի նման շատ ու շատ երգիչներ: |