«ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»` ՇՈՒՏՈՎ Մ. Հ. Երաժշտական հանրագիտարանները, ինչպես եւ առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ եւ համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաեւ սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում: «Ազգին» մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս մեզանում գոյություն չունի նման համապարփակ հրատարակություն, նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը եւ հրատարակումը: Այս նպատակով մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ: |