RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-07-31 21:21:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2498, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄՏԱԶԲԱՂ ՀԱՅԸ. ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ

Նաիր ՅԱՆ

1947-ին «Պոբեդա» նավը նրա ընտանիքին Եգիպտոսից բերեց Հայաստան:

Նավում մի սովետական պաշտոնյա, տեսնելով, որ 14-ամյա պատանու ձեռքին պլաստիլինի փոքրիկ գունդ կա, հարցնում է. «Կարո՞ղ ես Ստալինին քանդակել»:

Մի քանի րոպեից Ստալինը պատրաստ էրՙ շեշտված հսկայական բեղերով: Պաշտոնյան հավանում է Ստալինին ու խոստանում օգնել տղային, որ ընդունվի Երեւանի նկարչական ուսումնարան:

Հայաստան գալու հաջորդ իսկ օրը պատանին հարցուփորձ է անում, գտնում ուսումնարանը: Հայրենադարձ Արտո Չաքմաքչյանը դառնում է ուսանող:

Եթե հոր մահից հետո մայրը որոշեր, որ մեկնելու են ոչ թե Հայաստան, այլ Եվրոպաՙ որդուն կրթության տալու, ապա միգուցե տրամաբանական լիներ, որ այժմ Արտո Չաքմաքչյանը Հայաստանում քանդակ չունենար: Նա ամենեւին էլ վիրավորված չէ այդ փաստից. իր համար միեւնույն է, թե ում աշխատանքները կտեղադրվեն Հայաստանում, կարեւորըՙ այդ քանդակները ճաշակով եւ արժեքավոր լինեն: Իսկ ճաշակով եւ արժեքավոր արձաններ Արտո Չաքմաքչյանը գրեթե չի հանդիպել Հայաստանում: Շատ է հավանում Երվանդ Քոչարի «Մելանխոլիան»ՙ տեղադրված ՆՓԱԿ-ի դիմաց: «Շատերը կարծում են, թե քիթ ու բերանը ճիշտ ու համաչափ քանդակելովՙ արվեստ է ստեղծվում: Թող անհամաչափ լինի մարդու դեմքը, բայց խոսի հետդ, ասելիք ունենա»,- նկատում է վարպետը:

Տարիներ առաջ խոսակցություններ էին պտտվում, որ Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը: Այն լինելու էր պողոտայի խորհրդանիշը: Հեղինակն ասում էր, որ քանդակը մշտնջենական շարժում, դինամիկա է ցույց տալու: Ի՞նչ եղավ «Քայլող մարդը»ՙ հարցին վարպետը ծիծաղելով պատասխանեց. «Ես էլ չգիտեմՙ ուր գնաց նա»: Ու այդքանով թեման փակվեց: Մտահղացումն, ինչպես ասում են, սառույցին է գրվել:

Երեւանը կամ Հայաստանի եւ ոչ մի քաղաք նրա քանդակներից չունի, բայց վարպետը շատ է ուզում, որ հատկապես իր Նարեկացու արձանն այստեղ տեղադրվի: (*)

1975-ին է տեղափոխվել Կանադա, բայց ուշքն ու միտքն այստեղ է: Գրեթե ամեն տարի գալիս է, շրջում Երեւանի փողոցներով, ուշադրությամբ զննում ամեն անկյուն: Տեսնողին կթվա, թե ինչ-որ բան է փնտրում: Իրականում վարպետը ճարտարապետական փոփոխություններն է փորձում մարսել: «Երեւանը դեմք չունի. արձանները դեմք ունեն, բայց անդեմ են: Եթե քանդակը դիտողին վեհ զգացումներ չպարգեւի, մտածելու տեղիք չտա, ուրեմն իզուր է տեղադրված: Հուշակոթողը պետք է դաստիարակի, կրթի, այլապես այն արվեստ չէ: Ուշադրություն դարձրեք մեր անցյալի մշակույթին: Հենց այդ մշակույթը փոխեց ինձ: Հայաստանում ուզում եմ ավելի երկար մնալ, որովհետեւ պարտքս չեմ կատարել իմ ժողովրդի առաջ: Բոլոր արձաններս ուզում եմ Հայաստան բերել»,-Կանադա մեկնելուց մեկ օր առաջ ասաց Արտո Չաքմաքչյանը:

Արվեստի ինքնատիպ արտահայտչամիջոցների փնտրտուքը նրան ստիպել է շրջել երկրե-երկիր: Վարպետը խորհուրդ է տալիս երիտասարդ արվեստագետներինՙ հնարավորինս շատ ճամփորդել, շփվել տարբեր ազգերի մշակույթների հետ, տեսնել, տեսնել ու էլի տեսնել: «Վերջին սենթս պահել եմՙ աշխարհը տեսնելու համար: Ամսագրերով կամ այլ կերպ աշխարհը չես ճանաչի. այն տեսնել է պետք: Պիտի տեսնենս, որ հասկանաս, թե իրանցին ինչ քաղաքակրթություն է ունեցել այն դարում, երբ քո երկրում տառեր են ստեղծվել: Պիտի համեմատես ու հարստանաս, լցվես գիտելիքով, տեղեկություններով, ճաշակով»,- հորդորում է վարպետը երիտասարդներին:

Սովետական վարչակարգը, մուրճ ու մանգաղը, ստանդարտները նրա համար չեն եղել: Հայոց մեծ եղեռնին նվիրված նրա կոթողը 1964-ին Հայաստանում չի ընդունվում: Քանդակը տարել է Մոսկվաՙ ճապոնական Հիրոսիմա քաղաքին նվիրված մրցույթին, որտեղ արժանացելէ 1-ին մրցանակի: Ճապոնացիները ցանկություն են հայտնել, որ Արտո Չաքմաքչյանը գնա Ճապոնիա, համագործակցությունը շարունակվի: Սովետական իշխանություններն արգելել են մեկնել այդ երկիր:

Բայց արգելել քանդակի շարժումը, ընթացքը, խոսքը, ռիթմը, ոչ ոք չի կարողացել: Կոմիտասի երաժշտությունից ներշնչվածՙ նա Վարդապետին քանդակել է միայն իրեն հատուկ ոճով. կերպարային լուծումները մոտեցրել իր ներսի Կոմիտասին, որը խտացումն է հայոց ողբերգության, արարչագործության, հոգեւորի հարատեւության:

«Ես կերտել եմ տարբեր Կոմիտասներ: Նրանք բոլորն էլ իմ մեջ են, պարզապես սքեմ եմ հագցրել: Ես տեխնիկական գործ եմ անում. արդեն կերտված, մշակված Կոմիտասին ուղղակի ներկայացնում եմ ձեզՙ նրան դուրս բերելով իմ միջից: Նրան պատկերել եմ տարբեր վիճակներում, մինչեւ որ հասցրել եմ խելագարության:

Հիմա մեջս Նարեկացիներ կան, որ նույնպես ուզում եմ դուրս հանել: Նույնքան անխնա եմ Նարեկացու հետ: Նա մտածելու կերպար է, իսկ Կոմիտասըՙ հոգու կերպար: Նարեկացու մոնումենտալ արձանը մի օր պիտի Հայաստան գա»,-վստահ ասում է վարպետը:

Արտո Չաքմաքչյանի կինըՙ տիկին Նաիրին, նրա յուրաքանչյուր քանդակի կերտման վկան է:

Հայաստանում Արտոն ազգային մտածելակերպով քանդակագործ էր. գնաց Կանադա, ու մոտեցումները համամարդկային դարձան: Այդ փոփոխությունն անմիջապես զգացի: Այնպես որ, իմ կարծիքով, ճիշտ էր նրա Կանադա տեղափոխվելը»,-կարծում է տիկին Նաիրին:

Արտո Չաքմաքչյանը լրացնում է տիկնոջը. «Ես միշտ մտազբաղ հայ եմ եղել, այդպիսին էլ մնացել եմՙ Հայաստանում թե Կանադայում»:

*) Համենայնդեպս, Արտո Չաքմաքչյանից առնվազն մեկ քանդակ, ավելի ճիշտՙ հարթաքանդակ դեռ կա Երեւանում. գտնվում է Թեքեյան կենտրոնի ներսում, 2-րդ եւ 3-րդ մասնաշենքերի միջեւ, 2-րդ հարկի միջանցքում: - Ծ.Խ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ