ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ՁԱՅՆԵՐ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ «Ինքնարարում բանիվ» Թամարա Հովհաննիսյանի բանաստեղծական առաջին ժողովածուն կրում է «Կինը» խորագիրը (Երեւան, 2006, 442 էջ), ինչը թվում է` արձակ գործին ավելի հարմար, կնոջ կերպարի շուրջը կատարվող դեպքերի, անսպասելի զարգացումներով սյուժեի սպասելիքով: Սակայն չափածո խոսքի միջոցով ստեղծված կանացի կերպարը` զգացմունքների, ապրումների առատությամբ իրական է այնքան, որ քնարական հերոսուհին մտովի պատկերանում է կյանքային ընթացքի, վիպական գործողությունների մեջ: Բանաստեղծությունները ընկալվում են իբրեւ հոգու օրագրություն, գրական մեկ ընդհանուր կոմպոզիցիա, ներքին սյուժե ունեցող ամբողջական ստեղծագործություն: Ներաշխարհի ձայները այնքան բազմազան են` ամենանուրբ հնչյուններից, կիսաձայն շշուկներից ու աղերսներից մինչեւ ամենաբարձր նոտաներ` մինչեւ հոգու ճիչ ու աղաղակ, որ լիորեն բացում են կնոջ ներաշխարհի բոլոր շերտերը, միաժամանակ բանաստեղծական «մերկացումները»` որքան էլ քնարական զեղումներով հեղեղված, իրական կյանքի իմպուլսներով են շնչում: Եթե ավելի անկեղծ` զարմացած էի զգացմունքների այսչափ առատությունից, դրանց անվերջանալի թվացող հոսքի տպավորությունից` ասես վարարած մի գետ, որի ջրերն ափերից դուրս գալու նույնիսկ տեղ չունեն: Այս գիրքը իսկապես կանացի հոգեբանության չափածո օրագրություն է, այդ էությանը հատուկ զգացմունքային արտահայտություններ` երիտասարդական, աղջկական սպասումներից, որոնումներից, ափսոսանքներից, բաժանման ցավից ու հուսահատությունից մինչեւ ճանաչողական հասունություն: Զգացմունքային այս ելեւէջումները բացահայտում են կնոջ հոգու գունային ներկապնակի հարստությունները: Ներաշխարհային ապրումների ամենամեղմ, թաքուն շերտերին անգամ բառերը ենթարկվում են զարմանալի հնազանդությամբ: Բանաստեղծական ծավալումները ուղղակիորեն շարունակում են միմյանց, տպավորվում- ընկալվում որպես հուզական հոսքի ամբողջականություն: Երկու իրականությունների` արտաքին ու ներքին կյանքերի հակադրությունից ծնված վաղ տարիների անորոշ հոգեվիճակները ժամանակի մեջ ձեւավորվում, հասունանում, կյանքային փորձառությամբ խստանում-կայունանում են` հանգեցնելով հոգու եւ մտքի հավասարակշռության: Այս ձեռքբերումը ինչ -որ տեղ, այնուամենայնիվ, նահանջում է, որովհետեւ կինը մնում է կին, որի հոգում զգացմունքը միշտ կամ հիմնականում գերիշխող է. «Ես չեմ ուզում լռեցնել իմ մեջ ուշ արթնացած չարաճճի աղջկան», այս խոստովանությունը միայն պահի ազդեցությամբ չէ, որ արված է. սա չարտահայտված ցանկությունն է յուրաքանչյուր կնոջ ենթագիտակցական թաքնված մի վիճակի, որ պարտադրում է գնահատել իրեն, գնահատել ժամանակը, կյանքի ամեն պահը: Իրականում սա մարդկային հոգու ամբողջանալու ձգտումն է նաեւ, կատարյալին հասնելու մղումը սիրո միջոցով, սակայն առաջին հայացքից պարզ թվացող` սիրիր մերձավորիդ պատգամի` հավատարմության ու պատասխանատվության գրեթե անհնարինությունից առաջացող տկարության զգացումը մոլորվում է խաբկանքի ու դավադրության լաբիրինթոսում... ծնվում են հուսահատության նոտաները: «Ես զգում եմ դանդա՜ղ կղզիացումը հոգուս, Ու կրճատումը սեփական մարմնիս, Կենտրոնացումն եմ զգում հույզերիս Իմ ներսում, առանց ցա՜վ ու զղջումի... Ես կղզի եմ ու կին. Ու անհուսությունը տարուբերո՜ւմ է ինձ Ափից շա՜տ հեռացած ջրերի երեսին... Սիրո ճանապարհի բարդ աշխարհագրությունը քարտեզագրվում, հոգեկան ապրումների զիգզագումները կնոջ կերպարի միջոցով բացահայտում են նաեւ տղամարդուն, երկու սեռերի հակադրամիասնության` որքան միմյանց ձգտելու, նույնքան իրարից հեռանալու, միմյանց որքան սիրելու, նույնքան հիասթափվելու առեղծվածը մնում է անբացատրելի: Իրական սերը ոչ թե ինչ- որ մեկի, այլ յուրաքանչյուրի եւ ոչ մեկի հանդեպ է, սիրո փիլիսոփայական մեկնության այս մտայնությունը հաստատում է զուտ անձնական, զգայական-ինտիմ սիրո ժամանակավոր, անցողիկ բնույթը: Հավիտենական, հավերժական սիրո ձգտող հոգին որոնումների ու մոլորությունների մեջ ի վերջո մոտենալու է այդ ճշմարտությանը: Փորձությունները, անխուսափելի հիասթափությունները հերոսուհուն տանելու են կյանքի, գոյության իմաստի փնտրումներին: Եվ ծնվում է Թամարա Հովհաննիսյանի «հոգու օրագրության» երկրորդ հատորը` գեղարվեստական պատկերի, բառի կշռելիության եւ իմաստային-բովանդակային առումով նախորդից տարբեր, ավելի խորը, ավելի հասուն մտածողությամբ: Հուզական աշխարհի նախկին «մերկացումները» «Լինելության համանվագ» (Երեւան, 2013, 479 էջ) ժողովածուի մեջ լսելի են իբրեւ կյանքի փորձառության ձայներ, որտեղ տրամադրությունները ծավալվում են առավել լայն ընդգրկումով` գծագրելով կանացի կերպարի հարուստ, ամբողջական նկարագիր: Նրա ներքին ես-ը դուրս է գալիս ապրումների նեղ-անձնական շրջափակումից, մտնում հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ` բանաստեղծությունները ստանում են հոգեբանական, քաղաքացիական շեշտեր` կյանքի գույներին ավելի մերձ. աշխարհը ներկայանում է իր բազմաձեւերով, հակասական շերտերով, անհատի ներքին փորձը ձեւավորում է աշխարհայացք ու վերաբերմունք արտաքին երեւույթների հանդեպ, խոհը ծնում է ընդհանրացումներ, մտաձեւերը, բանաստեղծական պատկերները ավելի տպավորիչ են դառնում, ապրումը` իրական: Բանաստեղծուհին փնտրում է լինելության խորհուրդը, փորձում մոտենալ ամենաառեղծվածայինին` ժամանակի ու մարդու փոխհարաբերության երեւույթին. «Ես այցելու եմ շփոթված իմ ժամանակի մեջ» : Լինելության համանվագում անհատը ինքնահաստատման ճանապարհի առաջին քայլն է անում` գտնելու սեփական ձայնը, ապա պահպանելու դա համընդհանուր ժխորի` կեղծ ձայների տոնավաճառում, խուսափելու ինքնաօտարման, ինքնահեռացման վտանգից: Սեփական դիմագիծը պահպանելու ճիգը հատում է անկարողության սահմանը, որովհետեւ կա գիտակցումը` «Որ չափսոսամ ինձ, ինձ լքելուց առաջ» : Հայտնված հոգեկան երկվության մեջ` նա իհարկե շփոթված է, իր շուրջն աղմկող կյանքը թվում է անհաղորդ, կործանարար անգամ, այլոց բարբառը անհասկանալի` «Իմ լեզվով հիմա քչերն են խոսում» : Գիտակցական սերը նրան մոտեցնում է կյանքի ճանաչողությանը. ժամանակի քմահաճ տարուբերումները, կյանքի երկդիմի խաղերը, անհաստատուն, անցողիկ վիճակները, ճակատագրի` տրվածի ու վերցվածի «թվաբանությունը» գիտակցած, ճաշակած ե՛ւ սեր, ե՛ւ հուսահատություն, երջանկություն եւ դառնություն` հերոսուհին այլ արժեքներ է արդեն որոնում, մոտենում կյանքի բացվող եւ փակվող դռների խորհրդին. «Ժամանակ կա այլ ժամանակի մեջ / Որն ինձ ու քեզ է տրված երեւի»: «Կյանքն ու մահը մեր շուրջ / Գոյության ձեւեր են սոսկ շարժուն ու անշարժ», կամ` «Ծնունդն ու մահը / Աստծո առեւտուրն են աշխարհի հետ... / Մենք` եդեմական այգու պտղագողեր երկու, /Ու մեր անցուդարձը ակնթարթ ունայն .../ : Անհատի անբավարարությունը` իրականության ու ներքին երազի հակասության, որոնածը երբեք չգտնելու գիտակցումից հավանաբար, տեսնում է կյանքի արտաքին` նույնիսկ ամենաճոխ ու պճնված ձեւերի տակ թաքնված իրական թշվառությունն ու կեղծիքը, սոցիալական աղետները, էկոլոգիական վտանգը, բարոյական աղավաղումներն ու մարդկային այլասերումները: Ահա մի քանի պատկեր. լասվեգասյան տպավորություններ - «Արժեքները հիվանդ բարոյականության/ Արուներ են անկարող` առանց երազի,/ Սերն այստեղ ըմպում են խմիչքի պես քաղցր,/ Ու գավաթներն անլվա փոխանցվում են ուրիշի.../ Ինքնաշեն հրեշ է հրդեհում մեզ ներսից, /Երկինքն անկարող մեզանից ո՞ւմ փրկի`/ Մինչ ոգին մտաստեղծ մրափում է հանգիստ,/ Երկնքից երկիր ձգված կամուրջին...» : Լոսանջելեսյան - «Թախիծ կա, հեղձուկ, թանձր, ծխախեղդ,/ Քաղցկեղ հարուցող քիմիկատների.../ Քաղաքի հսկա շնչուղիներում ծաղկաբույրի տեղ/ Մահն է անցուդարձ անում երեւի.../Արեւն անիմաստ հայացք է վերից,/ Մայթերն աղբախեղդ տնքում են շոգից,/ Մի թուխ թմրամոլ ջղոտ ձեռքերով/ Դիահերձում է որովայնները աղբակույտերի`/ Չի" գտնում ոչինչ.../ ...Քաղաքը այս չար, հրեշտականուն,/ Պճնանքով խեղդված պոռնիկ է էժան» : Ահա կյանքի իրական դեմքը` ժխորի վերածված մարդկային ձայները, աներեւակայելի արագությամբ զարգացող ու փոխվող, գերինֆորմացված աշխարհից օտարվող մարդը` հոգնած, ձանձրացած, անտարբերացած, միտքն ամուլ, մարմինը տկար: Բառերի լռության մեջ կանգ է առնում սպասումը. բանաստեղծական պատկերը նմանվում է մռայլ գունանկարի. Աստված մաքրել է վրձինը հոգնած Երկնքի ազատ կտավին մաքուր, Ու քսուքը մուգ լուծվել է անփույթ... Ամպաբույլերի զուգսերը բամբակ Ներկել է սեւով կամ թանաքով մուգ... Երկինքն ամպամած, մռա՜յլ, գորշա՜դեմ, Արդ, չհաջողված բնապատկեր է` թողնված կիսատ, Անձրեւը գուցե կլվանա այն, Երբ Աստված առնի նոր ներկապնակ: Եվ չնայած կյանքի իրական գույներին եւ դրանց բանաստեղծական` երբեմն մռայլ, ինչ-որ տեղ խտացված, երբեմն հուսահատ արձագանքներին` լինելության այս համանվագի բազմազանության մեջ իշխում է սիրո մեղեդին, որովհետեւ` «Սերը լինելության միակ իսկությունն է /Ու արդարացումը միակ,/ Այս կամ մեկ այլ եզերքում», իսկ ապրելու արվեստը` «Կորուստները շրջանցելու կարողությունն է,/ Ու նորերին դիմագրավելու ուժը...» : Այսպես. հեշտ չէ լինելության համանվագի բյուր ձայների մեջ գտնել սեփականը, ավելին` պահպանել դա ...ներաշխարհի ճեպանկարները կհնչեցնեն ինքնափրկումի նվագներ, կբերեն թռիչքի եւ անկումի պահեր, տարածության եւ ժամանակի խոհեր, կփնտրեն ինքնարարումի բառեր, բայց միեւնույն է` ամեն բան կդառնա ի շրջանս յուր, զի ամեն բան սկսվում է նորից` հնչեցնելով մոլորյալ մեղեդին նոր թվացող կյանքի... |