RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-07-31 21:21:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1430, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ, Մատենադարանի տնօրեն

Սեն Արեւշատյանը Մաշտոցյան Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի եւ մի քանի համախոհների հետ Մատենադարանը սկզբնավորողներից ու կերտողներից է: Նրանք ուղենշել եւ հունավորել են Մատենադարանի ապագան: Նրանց նախընտրությամբ է ձեւավորվել Մատենադարանի ներքին կառույցը` համալրվելով երիտասարդ մասնագետներով, որոնց վիճակված էր գնալ անկոխ ճանապարհներով, խորամուխ լինել հայ միջնադարագիտության չուսումնասիրված բնագավառներում:

Այսպես օր-օրի, տարեց-տարի աճել են Մատենադարանի ձգողական ուժը, ազդեցության ոլորտները:

Մատենադարանը հանրահռչակել է իր համամարդկային գանձերը ի սփյուռս աշխարհի` դառնալով Մայր հայրենիքի ոչ միայն խորհրդանշանը, այլեւ հավերժության առհավատչյան:

Եվ այդ ամենը կատարվել է օր-օրի, անմնացորդ նվիրումով, Մաշտոցի խոսքերով` «մշտագյուտ» ստեղծաբանությամբ, գործի բացառիկության գիտակցությամբ:

Սեն Արեւշատյանը աշխատանքի է անցել Մատենադարանում կազմավորման առաջին օրից` զբաղեցնելով հանգուցային պաշտոններ եւ Լեւոն Խաչիկյանից հետո քառորդ դար ղեկավարելով Մատենադարանը: Այնուհետեւ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահն էր, տնօրենի գլխավոր խորհրդականը, միաժամանակ բաժին էր ղեկավարում:

Սոսկ թվարկումն անգամ վկայում է անմնացորդ նվիրման մասին, որ, թվում է, վեր է մարդկային հնարավորություններից: Նրա դերը բացառիկ էր նաեւ նրանով, որ նա անխաթար ու անկորուստ տարավ Մատենադարանը 90-ականների դաժան փորձությունների միջով` շարունակելով գիտական կյանքը, հարստացնելով մեծարժեք հավաքածուները. միայն ձեռագրական հավաքածուն այդ տարիներին հարստացել է 1500-ից ավելի միավորներով, լույս են տեսել հարյուրավոր մենագրություններ եւ բնագրեր: Այս ամենն է, ահա, հիմք նախապատրաստել Մատենադարանի հետագա ընթացքի, սերնդափոխության, թռիչքաձեւ զարգացումների համար, որի ականատեսն ենք մենք:

Մեծ է Սեն Արեւշատյանի գիտական վաստակը: Եթե ոչինչ ստեղծած չլիներ, նա իր մնայուն տեղը կունենար հայագիտության պատմության մեջ «Փիլիսոփայական մտքի ձեւավորումը Հին Հայաստանում (V-VI դդ., 1973 թ.)» հիմնարար աշխատությամբ, որը լիակատար պատկերացում է տալիս հայ հայրաբանական գրականության եւ հունաբան-նորպլատոնական դպրոցի ձեւավորման մասին: Նրա տասնյակ ուսումնասիրությունները, նվիրված Դավիթ Անհաղթին, բարեշրջել են հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության ողջ հայեցակարգը` հարստացնելով բնագրագիտական-աղբյուրագիտական հենքով եւ նորպլատոնական սկզբնաղբյուրների նորովի համադրութայմբ: Նրա տասնյակ աշխատությունները հանրահռչակել են Դավիթ Անհաղթի ստեղծագործությունը միջազգային գիտական ասպարեզներում` դիտարկելով դրանք իբրեւ համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության բացառիկ դրսեւորումներից մեկը:

Նա իր մեծարժեք ուսումնասիրություններով ամբողջացրել եւ պարբերացրել է հայ փիլիսոփայական մտքի պատմությունը` Դավիթ Անհաղթից մինչեւ Գրիգոր Տաթեւացի: Եվ այսօր հայ միջնադարյան մատենագրությամբ զբաղվող ոչ մի մասնագետ չի կարող շրջանցել նրա աշխատությունները, քանի որ միջնադարում գիտելիքները ներհյուսված են իրար, իսկ Սեն Արեւշատյանի աշխատությունները նաեւ ընդհանուր մշակութաբանական հիմնաշերտերն են վերհանում:

Նա առաջ է քաշել նաեւ նոր, համարձակ գիտական վարկածներ, որոնք նորագույն հետազոտությունների հիմք են դարձել եւ դեռ երկար ուղենշային դեր են կատարելու: Դրա վկայությունն են Դավիթ Անհաղթի մասին նոր ուսումնասիրությունները, ի հայտ եկող նոր բնագրերը:

Այս ամենը, իբրեւ կյանքի ուղի, անցած ճանապարհ, վկայում է իմաստասեր վարքի, գիտնականի տիպարի, միջնադարյան եզրաբանությամբ` ճշմարիտ մակացուի մասին:

Նա ապրեց այդպիսի ստեղծարար կյանքով, ուր ներդաշն էր ամեն ինչ, որ տանում է ներքին խաղաղության եւ խաղաղարարության:

Հազվագյուտ մարդ. նախանձելի վարք ու բարք.

Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց թվին, որոնք նաեւ մթնոլորտ են ստեղծում եւ օրինակի ուժ ունեն: Նա անմնացորդ իրեն նվիրել է Մատենադարանին, գիտությանն ընդհանրապես, երբեք չմոռանալով, որ ամեն գիտության անկյունաքարը բարոյագիտությունն է` գործնական բարոյագիտությունը:

Նա նման էր իր ուսումնասիրությունների հեղինակներին: Նա հետեւում էր Դավիթ Անհաղթի` Պլատոնից վերցրած փիլիսոփայության երկու սահմանումներին` փիլիսոփայությունը նմանվելն է կատարելատիպին` ըստ մարդկային կարողությունների, եւ փիլիսոփայությունը խոկումն է մահու` խորհելն է մահվան մասին: Նա հայեցողաբար, փիլիսոփայորեն էր նայում արտաքին կյանքի բոլոր դրսեւորումներին, ուշադիր էր իր ներքին կյանքի նկատմամբ, եւ այս երկու աշխարհները հավասարակշռված էին նրանում` միջնադարյան եզրաբանությամբ` նա ամբողջական էր ըստ ներքին եւ արտաքին մարդու, բարեխոհ էր, խաղաղարար, խնամակալ եւ արդարամիտ: Իր պատկառելի տարիքում չէր կորցրել ներքին զվարթությունը, հումորը:

Վերջին տարիներին աշխատում էր հատուկ ներշնչվածությամբ եւ ոգեւորությամբ` լույս ընծայելով գիտական-թարգմանական ժողովածուներ, այդ թվում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Հաճախապատում ճառերը», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Անանիա Շիրակացու «Տիեզերաբանությունը» եւ այլն:

Սեն Արեւշատյանն ապրել է երկար եւ իմաստավոր կյանքով, որն արդեն կենսագործվում է հավիտենության կշռույթների մեջ` իբրեւ լինելության ճանապարհ, ուր իրար են միանում անցյալն ու գալիքը, խաչասերվում են բյուրավոր կյանքերի ուղեծիրները` ճանապարհ հարթելով գալիք սերունդների համար: Երանի նրանց, որ ունեն այդ առաքելությունը: Նրանցից է Սեն Արեւշատյանը, եւ թող բոլորիս համար մխիթարություն լինի այն լուսավոր հետքը, որ նա թողել է իրենից հետո եւ այն մնայուն, կենդանի ավանդը, որ նա ներդրել է հայագիտության մեջ, եւ որը հաջորդ սերունդներին մղելու է ստեղծաբանության, շարունակականության եւ կենսասիրության...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ