«ԵՐԵՎԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ» Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր Հուշագրության ժամանակը ներկայից անցյալ դարձող ժամանակն է: Հուշագրության նպատակն է պատմության վերածվող ժամանակի փաստերն ու իրադարձությունները գրանցել եւ ի պահ տալ ապագայի համար, ինչպես նաեւ իմաստավորել անցնող տարիները: Հուշագրությունը կարող է դառնալ փաստագրություն, բայց եւ կարող է բացվել, ծավալվել ու վերածվել ժամանակի համայնապատկերի: ժամանակի այս համայնապատկերն ենք գտնում Ավիկ Իսահակյանի «Երեւանը երազում եւ արթմնի. Երկու դարերի միջեւ» (Երեւան, 2014թ., 510 էջ, «Գասպրինտ» հրատարակչություն) գրքում: Այս հրատարակության վերնագիրն իսկ հուշում է նրա երկմաս կառուցվածքը: Առաջին մասում Երեւանն էՙ «երազում եւ արթմնի», իսկ երկրորդ մասում գրականագիտական եւ արվեստագիտական հոդվածներ ենՙ նվիրված Ավետիք Իսահակյանին, Դերենիկ Դեմիրճյանին, Մարտիրոս Սարյանին, Վիգեն Իսահակյանին եւ նրանց հետ կապված մի շարք մտավորականների, որոնց բոլորի կենտրոնում գտնվում է Վարպետը: Պատահական չէ եւ այս երկրորդ բաժնի վերնագիրըՙ «Երկու դարերի միջեւ»: Այն ցույց է տալիս այստեղ քննված հարցերի ժամանակային ընդգրկման շրջանակը: Անհրաժեշտ է նշել, որ գրքի առաջին մասի գործերն իրենց արմատներով գալիս եւ հասնում են այս երկրորդ մասին: Միգուցե կարող է տարօրինակ եւ անգամ անսովոր թվալ, թե ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայ դասական գրականության պատմության համակողմանի ուսումնասիրող եւ մեր դասականների երկերի բնագրերի ակադեմիական հրատարակության համակարգող Ավիկ Իսահակյանը ինչու է դիմել նման մի ժանրիՙ գեղարվեստական հուշագրությանը: Այս հանգամանքը, կարծում ենք, բացատրվում եւ ստուգաբանվում է Իսահակյանական ժառանգորդության շղթայում: Վարպետը հայ գրականության մնայուն կոթողների կողքին ստեղծեց հավաքական մի հուշագրությունՙ «Ուստա Կարոյով», «Հիշատակարանով» եւ «Ծոցատետրերով», որոնք մեր ժողովրդի 19-րդ դարավերջի շքեղ երազների եւ քսաներորդ դարասկզբին այդ երազների ողբերգական խորտակման ու դրանցից ծնված ապրումների մարմնավորումն են: Վարպետին շարունակեց որդինՙ Վիգեն Իսահակյանը «Հայրս» յուրօրինակ մի հուշագրությամբՙ խորտակված պատրանքների հետեղեռնյան շրջանից մինչեւ Չարենցյան ողբերգությամբ իջած մեծ լռությունը: Այնուհետեւ գալու էր այս գրքի հերթըՙ նվիրված հայության մի քանի սերունդների ոգորման եւ երազների արթմնի մարմնավորումը դարձած Երեւանին: Այս գիրքը մեզ օգնում է մտովի անցնելու այն ճանապարհը, որով Երեւանը դարձավ սերունդների երազների մարմնավորումը եւ համայն հայությանը համախմբող ուժն ու կենտրոնը: Կազմի առաջին երեսին գունավոր, իսկ թիկունքինՙ սեւ ու սպիտակ լուսանկարներվ այս գրքի գլխավոր հերոսներն ենՙ «Արմենիա» հյուրանոցը, կինո «Նաիրին», կինո «Մոսկվան»: Բարձրարվեստ այս կոթողներին ժամանակի շունչը հաղորդեցին հին ու նոր Երեւանի քաղաքացիներըՙ ճանաչված մտավորականներից մինչեւ նրանց գնահատող եւ մշակույթի ու գրականության նվիրյալ երեւանցիները: Հուշագրությունը մի որոգայթ ունի, որին հաճախ զոհ են դառնում հուշագրողները: Դա հուշագրողի ցանկությունն է շարունակ պատմվող իրադարձության կենտրոնում լինելու, ավելի շատ իր, քան պատմվող նյութի մասին գրելու, որով ոչ թե իրենք են հարստացնում պատմությունը, այլ ակամա ձգտում են մտնել պատմության մեջ: Դա, թերեւս, տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որ շատ դժվար է գրել դիմացինի եւ ժամանակի մասին, ներկայացնել ընդհանրացնող պատկերներ եւ այն էլ գեղարվեստական շնչով: Այսպես է գրված Ավ. Իսահակյանի այս նոր գիրքը: Սխալ կլիներ այն հուշագրություն անվանելը, որովհետեւ գրքում տեղ գտած գործերը այնքանով են հուշագրություն, որքանով որ վերաբերում են արդեն անցյալ դարձող ժամանակին: Իրենց բնույթով, սակայն, նրանք էսսեներ ու ակնարկներ են, որոնցում ներկայացվող ամեն մի դրվագի միջոցով իմաստավորվում է տվյալ դեպքն ու ժամանակը: Այս գործերի յուրօրինակ գեղարվեստականությանը նպաստել է եւ այն, որ նրանք հիմնականում նվիրված են մեր գրականության եւ մշակույթի մեծերին, ինչպես նաեւ նրանց հետ կապվող իրադարձություններին: Այս հրատարակության գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ ոչ թե վերաբերվում է ժամանակի նշանավոր դեպքերին, որոնց մասին համեմատաբար հեշտ է գրել, այդ իրադարձությունների շուքն ու փայլը փոխանցելով սեփական ասելիքին, այլ հակառակըՙ հիմնված են փոքր դեպքերի, երբեմն անգամ կենցաղային թվացող մանրամասների վրա: Վերջինների միջոցով ընդհանրացմամբ ներկայացվում է ժամանակի խճանկարը, երբ գրողների եւ մշակույթի գործիչների դիմանկարներն իսկ հիմնված են մի որոշակի փոքր փաստի եւ իրավիճակի վրա, որոնց միջոցով վեր են հանվում են այդ գործիչներին բնորոշող հատկանիշները: Այս առումով խորհրդանշական է առաջին իսկ գործըՙ «Նարդի»-ն: Այստեղ գտնում ենք թե՛ նարդուն տված հեղինակի ինքնատիպ բնորոշումը, թե՛ նարդու գրաված տեղը երեւանցիների կյանքում եւ թե, վերջապես, նարդու հանդեպ մեր մեծերիՙ Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Պետրոսյանի վերաբերմունքը եւ թե նարդու առջեւ ինչպես է արտահայտվել նրանցից յուրաքանչյուրի խառնվածքը: Այստեղ մենք տեսնում ենք եւ Ավ. Իսահակյանի խորը դիտողականությունը, թե կյանքի առօրյա ընթացքում ինչպես է որսացել այդ ամենը եւ հիշողությանը ի պահ տվելՙ մի օր թղթին հանձնելու համար: Նարդին նաեւ խորհրդանշական կառուցվածք ունի: Այն վերջանում է Երեւան-Մոսկվա գնացքում ընթացող նարդու խաղով: Այստեղ գնացքը յուրօրինակ ձեւով խորանում է դեպ առաջ սլացող ժամանակը, հետեւում թողնելով իրար հաջորդող կայարանները եւ հնչում են նարդու մասին Տիգրան Պետրոսյանի թեւավոր այս խոսքերըՙ ասված Ավ. Իսահակյանի ներկայությամբ նույն վագոնում. «Нарди- это не шахматы, здесь думать надо»: Նարդին եւ Տիգրան Պետրոսյանը, բարեբախտաբար, եզակի օրինակ չեն: Նրանցով սկսվում եւ շարունակվում է շքեղ մի հրավառություն: «Երեւանը երազում եւ արթմնի» շարքում ընթերցողը գտնում է մեր մեծերին վերաբերող խորիմաստ շատ դրվագներ, եւ բոլոր գործերն էլ ավարտվում են խորհրդանշական եւ ընդհանրացնող իմաստ ունեցող վերջաբաններով, որոնք այս էսսեներին հաղորդում են նաեւ սրընթաց վերջաբան ունեցող նովելների հատկանիշներ: Այս շարքը նաեւ ներքին միաձույլ մի ամբողջություն է կազմում, որովհետեւ յուրաքանչյուր գործ ոչ թե ավարտվում, այլ ասես շարունակվում է մյուսով: Գրքի հերոսները մի էսսեից մյուսին են անցնում, մի դեպքում հանդես գալիս որպես այդ գործի գլխավոր հերոս, իսկ մյուսում որպես «Արմենիայի», կինո «Նաիրիի» կամ «Երեւան» հյուրանոցի սրճարանի մշտական այցելու: Սրընթաց են նաեւ գործից գործ թեմատիկ, աշխարհագրական եւ ժամանակային անցումները: Նարդուց օպերա եւ հետո կինո, Երեւանից Դիլիջան, ապա Մոսկվա ու Ամերիկա, 1950-ականներին մագնիսականորեն իրեն ձգող Վարպետի հարկից մինչեւ 1970-ականների գրական-հասարակական միջավայրն ու 1990-ականների դժվարին տարիները, բայց ամենուր Երեւանն է ու Երեւանի միջոցով Հայաստանը եւ համայն հայությունը: Շարքի տարբեր էսսեներում փայլատակում են Գոհար Գասպարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը ու Գարեգին Սեւունցը: 1950-60-ական թթ. Երեւանին վերաբերվող մի շարք հատվածներ այսօր արդեն ձեռք են բերում ուղղակի ազգագրական սկզբնաղբյուրի արժեք, քանի որ գրված են կենդանի նկարագրականությամբ եւ այնպիսի պատկերավորմամբ, որ կարդալիս թվում է, թե հին լուսանկարներ ես նայում կամ վավերագրական կադրեր դիտում: Ասվածը վերաբերում է հատկապես «Երեւանյան դրվագներ» շարքին: Այստեղ կան այնպիսի մանրամասներ, որոնք բանավոր փոխանցմամբ կարելի է լսել հին երեւանցիներից, եւ Իսահակյանն այդ ամենի մասին գրում է որպես ականատես: Ավելին, ոչ միայն նկարագրում է, այլեւ վեր հանում մի շարք երեւույթների պատճառները, որոնք այսօր անընկալելի կմնան առանց համապատասխան բացատրության: Ինչպես, օրինակ, շատ է նշվել Աբովյան փողոցով հին երեւանցիների զբոսնելու, Իսահակյանի բնորոշմամբ ճեմելու մասին: Գրքում վեր են հանվում Աբովյանով անգամ ընտանիքներով այդպես ճեմելու սոցիալ-հոգեբանական պատճառները: Գրքի առաջին բաժնի առանցքային չորս գործերն են «Մեր «Ախպարները», «Անլռելի Պարույրը», «Արմենիայի զավակները» եւ «Նիկողայոս Նիկողոսյանը»: Սեւակի հետ հանդիպումների տարբեր դրվագներ մի- մի լրացում են բերում բանաստեղծի, գիտնականի եւ ըմբոստ քաղաքացու նրա կերպարին: Հայրենադարձներին նվիրված շարքում վեր է հանվում այն յուրահատուկը, որն իրենց հետ բերեցին հայրենադարձներըՙ որոշակիորեն ազդված լինելով իրենց հյուրընկալած երկրների մշակույթից եւ կենցաղից: Նրանց օրինակով ցույց է տրվում, թե մարդու կյանքում արհեստը ինչպես կարող է բարձրանալ որոշակի աստիճանիՙ արհեստը ապրուստի միջոցից վերածելով կեցության ձեւի: «Արմենիայի զավակները» շարքի վերնագիրն իսկ հուշում է, որ այն ինչ-որ տեղ հայկական «Արբատի զավակներն» է եւ նվիրված է նրանց, ովքեր իրենց ուրույն շունչն ու ոգին բերեցին 1960-80-ական թթ. մեր իրականությանը: Ովքեր ոչ միայն բարձր աստիճանի էին հասել գրականության, արվեստի եւ գիտության բնագավառներում, այլեւ խորհրդային իրականությունից տարբերվող ուրույն մի նկարագիր ունեին: Իսահակյանը երիտասարդական տարիներից «Արմենիայում» ընկերակցել է իր իսկ բնորոշմամբ մեր այս երեւելիներին: «Արմենիան» ներկայացնում է մի օազիս, ուր ի մի էին հավաքվում Երվանդ Քոչարը, Հովհաննես Շիրազը, Հրաչյա Ներսիսյանը ապա եւ որդինՙ Լեւոն Ներսիսյանը, Խաչիկ Դաշտենցը, Վիգեն Իսահակյանը եւ էլի ուրիշներ: Սեղանի առջեւ մի-մի բաժակի մոտ նրանք ներկայացվում են իրենց բնորոշ հատկանիշներով, իրենց այն խոսքերով, որոնք, թերեւս, հնարավորություն չէին ունենում այլ տեղ ասելու: Լիցքաթափվում էին այնտեղ, որպեսզի այնուհետեւ շարունակեին արարել եւ մեր ժողովրդի համար մնայուն արժեքներ ստեղծելՙ ժամանակի գծած գաղափարական սահմանափակումների շրջանակում: Իսահակյանն անդրադառնում է նաեւ մի կարեւոր ու ցավոտ հարցի, որն արտահայտվել է հետխորհրդային շրջանի մեր իրականության տարբեր բնագավառներում: 1960-ական թվականներից շարունակվում էր «Արմենիայի զավակների» սերնդափոխությունը, եւ նշանավոր այս հյուրանոցի սրահում հայ երեւելիների սեղանի մոտ դատարկ չէր մնում աթոռներից եւ ոչ մեկը: Խորհրդային Միության փլուզումը թվում էր, թե փշրելով գաղափարական արգելքները, մի նոր շունչ կհաղորդի Արմենիայի զավակներին: Սակայն, ավաղ, ինչպես ցավով հեղինակն է նշումՙ ակնկալված ազատության փոխարեն նա իր հետ տարավ նաեւ «Արմենիան», տեղը դնելով օտարոտի մի անվանում: Որքան դժվար է քանդակագործի կռիվը քարի հետ եւ արվեստի գործի արարումը, գրեթե նույնչափ դժվար է գրչով պատկերել արարման այդ ընթացքը, թե քարե զանգվածը ինչպես է վերածվում հոյակերտ կոթողի: Քարից ծնվող քանդակին է նվիրված «Նիկողայոս Նիկողոսյան» շարքը, որի կենտրոնում են Նիկողոսյանի Ավետիք Իսահակյանին ներկայացնող քանդակները: Վերջիններիս արարմանը դեռեւս Վարպետի կենդանության օրոք ականատես է եղել այս գրքի հեղինակը: Իսահակյանը գրչի միջոցով կարողացել է փոխանցել Նիկողոսյանի կոթողների ողջ մոնումենտալությունը, սլացքը, նաեւ քանդակագործի խառնվածքը եւ բնավորությունը: Գրքի տիտղոսաթերթին նշված է «Գիրք Ա», որը նշանակում է, որ Ավիկ Իսահակյանը ընթերցողին երեւանյան դեռ շատ պատկերներ ունի փոխանցելու եւ շարունակելու է ամբողջացնել քաղաքի խճանկարը «երազում եւ արթմնի»: Հայաստանյան ընթերցողներին այս գործը ավելի է կապելու Երեւանի ու մեր հայրենիքի հետ, իսկ կյանքի հանգամանքների բերումով վերջին տասնամյակներին այլ երկրների ճանապարհը բռնածներին կարոտի մի ալիքով հիշեցնելու է հեռվում մնացած Երեւանի մասին: Խմբ. կողմից. - «Երեւանը երազում եւ արթմնի» գրքի որոշ դրվագներ նախապես լույս են տեսել մեր մշակութային հավելվածում: Նկար 2. Վարպետները նարդի են խաղում Իսահակյանների չորս սերունդ, Երեւան, 2003 թ. Նկար 3. Եղիշե Չարենցը եւ Ավետիք Իսահակյանը Սուրբ Մարկոսի հրապարակում, Վենետիկ, 1924 թ. |