RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-07-31 21:21:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1133, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆ

«+Կինո» N 2

Լույս է տեսել «+Կինո»-ի այս տարվա երկրորդ համարը: Մեր այն հարցին, թե ի՞նչ նոր նյութեր են տեղ գտել այս անգամ, ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ասաց.

- Այսօր երիտասարդ սերունդը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով անտեղյակ է, կամ շատ քիչ բան գիտե իր անցյալի մշակույթի գործիչների, նրանց ստեղծածի մասին: Ինտերնետային եւ ֆեյսբուքյան հակիրճ ինֆորմացիաները, իմ կարծիքով, մեկ-երկու օրվա սնուցման աղբյուր կարող են դառնալ, իսկ մենք այս համարում աշխատել ենք հրապարակել այնպիսի նյութեր ու հոդվածներ, որոնք ինչ-որ չափով մնայուն տեղ կարող են գրավել: Այսպես` այս տարի կնշվի Թումանյանի, Չարենցի, Իսահակյանի, Սարյանի ժամանակակից` ԽՍՀՄ ժողովրդակա արտիստ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 120-ամյակը, որը նկարահանվել է «Լեռնային քայլերգ», «Առաջին սիրո երգը», «Անձամբ ճանաչում եմ», «Արտակարգ հանձնարարություն» ֆիլմերում, իսկ թատրոնում կերտել Եգոր Բուլիչովի անզուգական կերպարը: Քսան տարի շարունակ Սունդուկյանի անվան թատրոնի բեմահարթակից հնչած շեփորահարին ուղղորդող նրա ողբերգական կոչը` «Փչի՜ր, Գավրիլա, աշխարհի վախճանն է, փչի՜ր», այսօր էլ հնչում է որպես արդիական տագնապ...

«Նա կյանքից հեռացավ կինոյից նեղացած» հոդվածը ներկայացնում է չիրացված հնարավորությունների դերասան Հովիկ Վանյանին, որի արխիվային լուսանկարը տեղադրված է ամսագրի շապիկին:

Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի «Կարծում եմ, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ թուրքական պետությունը, մնում է նրանց այսօրվա ղեկավարությունը վավերացնի» հարցազրույցում անվանի գիտնականը նորովի է մեկնաբանում Հայոց ցեղասպանության ճանաչման կնճռոտ խնդիրը:

«Դատապարտում են փաստաթղթերը» վերնագրի ներքո հրապարակված են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունների 1915 թ. մայիսի 23-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է Արեւմտյան Հայաստանում ապրիլին կատարած ոճրագործությունները: Սա իր նախադեպը չունեցող դիվանագիտական փաստաթուղթ է: Այնուհետեւ հայերենով, անգլերենով, ռուսերենով ներկայացվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչած 21 պետությունները իրենց դրոշներով:

Կինոռեժիսոր Հայկ Քոչարյանին է նվիրված «Լուսանկարների վերնիսաժ» խորագրի ներքո տպագրված գեղարվեստական լուսանկարները:

Թատերական բաժնում այս անգամ տեղ է գտել պետական համազգային թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացումը, որն արդեն տասը տարի հաջողությամբ բեմադրվում է Համազգայինում:

Յուրի Հարությունյանը ավելի քան 70 լիամետրաժ, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է: «Գողտրիկ երեկո» վերնագրով նյութը ներկայացնում է 70-ը բոլորած անվանի կոմպոզիտորի ստեղծագործական ուղին:

«Ֆիլմ թերթի էջերից» խորագրի տակ հրապարակված է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի էսսեն Սերգեյ Փարաջանովի մասին: Մեկ այլ նյութ ներկայացնում է կինոդրամատուրգ եւ ռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի ստեղծագործական ճանապարհը:

«Վերնիսաժ» բաժնում այս անգամ տեղ է գտել 1980-ականներին ընտանիքով Լոս Անջելես տեղափոխված քանդակագործ Վարդան Օհանյանի գործերը: Քանդակագործ, ում ձեռքում երկաթը, հիրավի, շունչ ու ոգի է ստանում:

«Փյունիկ» համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, սիրիահայ գործարար Գաբրիել Չամբերջյանը արդեն մի քանի տարի է, ինչ հովանավորում է «Ոսկե ծիրան» երեւանյան փառատոնը: Նրա հետ տպագրված ասուլիսում բարերարն ասում է, որ կաջակցի ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմերի ստեղծմանը:

«Թեմա ֆիլմի համար» խորագրի ներքո հրապարակված է «Շենգավիթի վաշտի 14 անմոռաց մարտիկների սխրանքը»: Իսկ «Հայ վրիժառուների արժանի հետնորդները» հարցազրույցում Վազգեն Սիսլյանը մասնավորապես նշում է, որ «Վան» գործողությունը ժամանակին նպաստել է հայկական համայնքի համախմբմանը:

«Պատվավոր մրցանակ դերասանին ու ֆիլմին» վերնագրի ներքո երիտասարդ դերասան Արմեն Մուրադյանը ներկայացնում է իրեն եւ «Արտիստ» կարճամետրաժին շնորհած մրցանակի պատմությունը:

«Պրեմիերա» խորագրով ինֆորմացիան անդրադառնում է ռեժիսորներ Ռուբեն եւ Վահե Գեւորգյանցների նոր` «Կանանց մոլորակը» կինոնկարի առաջին ցուցադրությանը`«Մոսկվա» կինոթատրոնում:

«Երրորդ «Հայակից» հետո...» հարցազրույցը մտորումներ են Հայասատնի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ:

«Այսպես ասած` հեղինակային կինոն մեր կինոյի տունը քանդում է» նշանաբանն է կրում պարբերականում տպագրած երրորդ կլոր սեղանը:

Ինչպես նախորդ, այս անգամ նույնպես հետաքրքրական նյութեր են հրապարակված նաեւ ռուսական բաժնում:

Ավանդույթի համաձայն ամեն անգամ նշում էինք, որ «+Կինո» ամսագրի հերթական համարը կարող եք ձեռք բերել մամուլի կրպակներից: Սակայն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության որոշման համաձայն`այսուհետ մեր պարբերականը հանրապետության մշակույթի կենտրոններին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր 6 տարի շարունակ անընդմեջ եղել են «+Կինոյի» ընթերցողները, կտրվի անվճար: *) Եվս մեկ փաստ, որի համար պետք է մեղադրել խմբագիրներին ու հրատարակիչներին ,որոնք վարժեցրին ընթերցողին ձրի, անվճար ստանալ ինֆորմացիան, մամուլն ու գիրքը, արժեզրկելով սեփական աշխատանքը: «Ազգ»:

Հավելենք, որ «+Կինո» ամսագիրը մշակութային պլատֆորմ է, որտեղ կողք-կողքի հանդես են գալիս ավագ եւ երիտասարդ սերնդի արվեստագետները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ