ՎԱՇԻՆԳՏՈՆ. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է Հ. Ծ. Երեսունյոթ էջանոց որոշմամբ Մ. Նահանգների վճռաբեկ դատարանը միաձայն անփոփոխ է պահել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի վերաբերյալ նախկինում (2011ին) կայացված որոշումը, որով տվյալ տարածքը եւ կառույցը հատկացվում էր Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամին: Դրանով, ամենայն հավանականությամբ, վերջ է գտնում անտրամաբանորեն երկարաձգված դատական վեճը Գաֆեսճյան հիմնադրամի եւ Ամերիկայի հայկական համագումարի միջեւ, որը յոթը տարի տեւեց եւ միլիոնավոր դոլարներ արժեց: «Հույս ունենք, որ մեր որոշումը վերջնական խոսքը կլինի դատարանների միջով անցած վիճաբանությունների երկար ճանապարհի», գրել է այդ առթիվ դատավոր Ռոբերտ Ուիլկինսը: Իսկ Հրայր Հովնանյանը հույս է հայտնել, որ անցյալ տարի վախճանված Ժ. Գաֆեսճյանի ժառանգները կպահեն Ցեղասպանության թանգարան կառուցելու իրենց խոստումը: Ժամանակն է, որ համայնքային բոլոր կազմակերպությունները ձեռք-ձեռքի տված առանց հապաղելու օժանդակեն իրականություն դարձնելու հրաշալի նախաձեռնությունը մինչեւ 2015 թվի ապրիլի 24-ը: Լրատվությունը «Ֆրեզնո Բիից» արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: |