RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-04 21:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1141, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԵՏԱԳԻԾ «ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ»

Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ

Ի՞նչ կթողնես քեզնից հետո, կյանքի ու գործունեության ճանապարհի ինչպիսի՞ հետագիծ, որով եւ նժարվում է յուրաքանչյուր մարդու ապրած ժամանակը: Կարեւորն այն է, որ այդ հետագիծը բարի ու լուսավոր լիցքեր ունենա, խորհրդանշվի մնայուն արժեքներով: Ինքըՙ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը կյանքի եւ ստեղծագործական ճանապարհին միշտ էլ առաջնորդվել է այս սկզբունքներով: Վկաՙ նրա գրականագիտական, գեղարվեստավավերագրական, լրագրական-հրապարակախոսական չորս տասնյակից ավելի գրքերը, որոնք ծնվել են շուրջ կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում: Այս ամբողջ «բերքի» մեջ հատկապես մեծ արժեք են ներկայացնում հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, մեր դասական եւ ժամանակակից մանկագիրներին, ինչպես նաեւ երեխաների ու պատանիների համար ստեղծագործած «մեծական» գրողներին նվիրված գրքերը, գրական դիմանկարների ժողովածուներըՙ «Դասը վարում է գրողը» (չորս պրակով), «Ոսկեդարից մինչեւ... 21-րդ դար» (երկու պրակով), «Մենք գալիս ենք մանկությունից» եւ այլն: Իսկ անցյալ տարի հրատարակած արեւմտահայ եւ սփյուռքահայ մանկապատանեկան գրականություններին նվիրված գրքերը (գրողների ընտրանի ստեղծագործությունների հավելվածով) այդ ոլորտների առաջին փորձերն են մեր գրականագիտությունումՙ դրանով իսկ հայ մանկապատանեկան գրականության պատմությունը ամբողջացնելով մի համապատկերում: Եվ իզուր չէ, որ Լյուդվիգ Կարապետյանին անվանում են «մանկագրական մոլորակի տարեգիր»ՙ թերեւս նկատի ունենալով այն մնայուն հետագիծը, որ նա թողել է այդ «մոլորակում»:

Դրա նոր վկայագիրն է նաեւ վերջերս լույս տեսած գիրքը, որ այդպես էլ կոչվում էՙ «Հետագիծ»: Այն ներառում է ժամանակակից նշանավոր մանկական գրողներին նվիրված գրական ակնարկներ, գրողներՙ ովքեր արդեն իսկ բարի ու լուսավոր հետագիծ են թողել հայ մանկապատանեկան գրականության անցած ճանապարհին: Սակայն դրանք սովորական գրական ակնարկներ չեն, այլ «բաց նամակներՙ հասցեագրված»... այս կամ այն գրողին: Նաեւ ձեւի իմաստով հետաքրքրական գիրքը թերեւս իր նախադեպը չունի: Նրանում ամփոփված բաց նամակները, որոնք ժամանակին հրատարակվել են «Գրական թերթում» եւ այլ պարբերականներում, ծնվել են մեր մի շարք գրողների (առավելապեսՙ մանկագիրների) ստեղծագործական կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններիՙ հոբելյանների կամ նոր գրքերի հրատարակության առիթով: Դրանք, ըստ էության, այդ գրողներին նվիրված յուրօրինակ դիմանկարային էսքիզներ են: Բաց նամակները հասցեագրված են անվանի մանկական գրողներ Սուրեն Մուրադյանին, Լիպարիտ Սարգսյանին, Էդվարդ Միլիտոնյանին, Յուրի Սահակյանին, Հրաչյա Մաթեւոսյանին եւ այլոց:

Գրքում ներառված է նաեւ ականավոր գրող Վախթանգ Անանյանին նվիրված յուրօրինակ անտիպ հարցազրույցը բաց նամակի փոխարենՙ «Հայրենի բնության մեծ անձնվերը» խորագով: Լյուդվիգ Կարապետյանը, ներկայացնելով մեծանուն գրողի կյանքի դրվագներն ու ստեղծագործական հարուստ հետագիծը մեր գրականության մայրուղում, միաժամանակ ցավով նշում է, որ անցած դարակեսին շուրջ 40 ազգերի լեզվով թարգմանված եւ համաշխարհային համբավ վայելող գրողը այսօր հանիրավի հայտնվել է «մոռացության դաշտում», եւ ընթերցողական նոր սերունդը համարյա անհաղորդ է նրա բազմաժանր ու ինքնատիպ ստեղծագործական աշխարհին: Վախթանգ Անանյանի արկածային հայտնի վիպակները, բնասիրական ու որսորդական պատումները, լավագույն մյուս ստեղծագործությունները այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքը եւ դրանց «հիշողության դաշտ» վերադարձնելը մեր հրատարակիչների խնդիրը պետք է լինի:

Լյուդվիգ Կարապետյանի «Հետագիծ» գիրքը մի ամբողջության մեջ ինչ-որ առումով ներկայացնում է ժամանակից հայ մանկապատանեկան գրականության ներկա վիճակն ու զարգացման միտումները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ