RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-09-2014



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2014-09-04 21:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2043, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՕԳՏԱԿԱՐ ԳՐՔԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բեյրութում ծնված, տեղի հայկական վարժարանում սկզբնական կրթությունը տեղում, իսկ միջնակարգ ու բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում ստացած եւ ապա Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում մասնագիտացած Հակոբ Ալթունյանը մոտ 50 տարի աշխատել է Բեյրութի Ապրօ Ապրոեյան հյուսվածեղենի գործարանում, որից 40-ը եղել է տնօրեն: Այդ ընթացքում նա համատեղությամբ դասավանդել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի ճարտարապետական բաժնում:

Տասնհինգ տարուց ավել է, որ նա բնակություն է հաստատել Կանադայի Տորոնտո քաղաքում: Այստեղ պարբերաբար տրվում են ռադիո եւ հեռուստատեսային հայերեն հաղորդումներ, որոնցով հաճախ իր հայրենասիրական ելույթներով հանդես է գալիս անվանի մտավորական Հակոբ Ալթունյանը: Տորոնտոն ունի նաեւ հայկական հրատարակչություն ու տպարան, որտեղ 2012-ին հրատարակվեցին Ալթունյանի 2 շատ արժեքավոր գրքերը, որոնցից մեկը վերաբերում է մեր դարավոր մշակույթի լուսավոր ուղիների ուսումնասիրությանն ու ներկայացմանը, իսկ մյուսը պատմում է հայ ազգային մեծ բարերար, ՀԲԸՄիության հիմնադիր եւ առաջին նախագահ Պողոս Նուբար փաշայի եւ նրա հորՙ նույնպես մեծ գործարար ու հայրենասեր, 50 տարի Եգիպտոսի հայ համայնքին ու հայությանը ծառայած, 3 անգամ Եգիպտոսի վարչապետ եղած Նուբար փաշայի մասին:

Պարոն Ալթունյանիՙ սերունդներ դաստիարակող այս գրքերը նրա երկար տարիների պրպտումների եւ հարյուրավոր հայ ու օտար գիտնականների ու պատմաբանների գրքերի ուսումնասիրության արդյունք են:

Առաջին գրքի «Երկու խոսքում» հեղինակն իր երախտագիտությունն է հայտնում Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի վաստակաշատ դասախոս, բազմաթիվ գրքերի թարգմանությունների ու հոդվածների հեղինակ, շատ գրքերի խմբագիր Պարգեւ Շահբազյանինՙ նշված դասախոսությունները որպես գրքեր հրատարակելու վերաբերյալ: Մենքՙ ընթերցողներս, նույնպես մեր շնորհակալությունն ենք հայտնում թե մեծարգո Պ. Շահբազյանինՙ իր խորհրդի համար եւ թե գրքերի հեղինակին, որովհետեւ նրա գրքերը ոչ միայն ճանաչողական, այլեւ դաստիարակչական մեծ արժեք են ներկայացնում մեր տարիքի եւ հատկապես երիտասարդ ու գալիք սերնդի համար, որն իր ազգին ու նրա անցյալը լավ ճանաչելու համար պետք է կարդա այս գրքերը եւ նման աշխատություններ: Եվ ինչպես, շատ իրավացիորեն գրում է գրքի գրախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանըՙ «Սա գիրք է շատերի համար. դժբախտաբար այսօր Սփյուռքում (եւ ոչ միայն Սփյուռքում) շատերը շատ աղոտ պատկերացում ունեն հայոց մշակույթի ու պատմության մասին. այս գրքերը նրանց կօգնեն խորացնելու գիտելիքները իրենց արմատների ու պատմության վերաբերյալ... Պարոն Ալթունյանը իր գրքերում ներկայացրել է կարեւորագույն իրադարձություններ, որոնց պետք է տեղյակ լինի իր ժողովրդի մշակույթով հետաքրքրվող ամեն հայ մարդ»:

Հակիրճ ներկայացնենք Հակոբ Ալթունյանի գրքերնՙ առանձին-առանձին. միաժամանակ ասենք, որ գրքերի հեղինակը, թեեւ մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց իր շոշափած բոլոր հարցերը պատմաբանասիրական ենՙ լեզվական բարձր մակարդակով գրված, որը շատ գրողների ու լրագրողների նախանձը կարող է շարժել:

Եվ ահա նրա առաջին մեծածավալ գիրքըՙ 550 մեծադիր էջերից բաղկացած եւ շատ խոսուն վերնագրովՙ «Հայ մշակույթի լուսաւոր ուղիներէն»: Գիրքը բաղկացած է 10 բաժիններից, որոնցում մանրամասնորեն ներկայացվում են հայոց լեզվի ու մշակույթի բազմազան ու շատ կարեւոր հարցեր: Գիրքն սկսվում է մերՙ դեռ իններորդ դարից եկած «Սասնա ծռեր» դյուցազներգության մանրազնին մեկնաբանությամբ, որտեղ տրված է ոչ միայն հայ ժողովրդիՙ սերունդից սերունդ մղած պայքարը օտար նվաճողների դեմ, այլեւՙ արժանապատվությւոնը, ուժն ու կորովը, դրա համար էլ գրքի հեղինակը շատ ճիշտ է գնահատում մեր էպոսըՙ այն համարելով հայ ժողովրդի «Հանրագիտարան» : Այս հոդվածի առավելություններից մեկն էլ այն է, որ Ալթունյանը մեր էպոսը համեմատում է աշխարհի շատ ժողովուրդների էպոսների հետ եւ տալիս է մեր էպոսի առավելությունները: Չափազանց հետաքրքրությամբ է կարդացվում «Հայկական դիցապաշտութիւն» բաժինը, որտեղ հեղինակը ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է նախաքրիստոնեական շրջանի հեթանոս հայերի դավանանքն ու պաշտամունքը, որի վերաբերյալ շատ աղքատ տեղեկություններ կան:

Ավելի մեծ ու գիտական արժեք են ներկայացնում գրքի այն բաժինները, որտեղ հեղինակը հմուտ լեզվաբանի նման գրում է ԳՐԵՐԻ ծագման ու զարգացման մասին (սկսած մ.թ.ա. 5-րդ հազարամյակից մինչեւ մեր օրերըՙ պատկերագրեր, գաղափարագրեր, վանկագրեր, սեպագրություններ), ապա անցնում է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԵՐԻՆ, նրանց ծագմանն ու պատմական զարգացմանը. պաշտամունքով է խոսում Մեսրոպ Մաշտոցի ու նրա գրերի մասին, որոնք 1600 տարի անփոփոխ ծառայում են հայ ժողովրդին: Ալթունյանն իրավացիորեն ընդգծում է, որ աշխարհում այդպիսի այբուբեն չկաՙ ՄԵԿ ՀՆՉՅՈՒՆԻՆ ՄԵԿ ՏԱՌ: Հետաքրքական է իմանալ նաեւ, որ առաջին այբուբենը հնարել են եգիպտացիները:

Ալթունյանի երկրորդ պաշտամունքը աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աճառյանն է. նա հիացմունքով է խոսում նրա կոթողային, բազմահատոր աշխատությունների մասին. օրինակ, աշխարհի լեզվաբանության պատմության մեջ եզակի է նրա «Լիակատար քերականություն հայոց լեզվի» կոթողային, եզակի աշխատությունըՙ 5296 մեծածավալ տպագիր էջերից բաղկացածՙ 10 հատորով, որի վերջին հատորի ձեռագրերը տպագրության պատրաստեցին պրոֆ. Սերգեյ Գալստյանը եւ տողերիս հեղինակը (տպագրվեց 2005 թ.):

Ցավ ի սիրտ, ափսոսանքով ասենք, որ Ալթունյանի ձեռքի տակ չեն եղել մեծ հայագետ Աճառյանի մի քանի կարեւոր աշխատությունները, չի եղել նաեւ իմ գիրքըՙ «Հրաչյա Աճառյան մարդը եւ գիտնականը» (Երեւան, «Զանգակ», 2005 թ., 420 էջ), այդ պատճառով էլ Ալթունյանը չի անդրադառնում Աճառյանի կոթողային «Հայ գաղթականության պատմություն» աշխատությանը (Երեւան, «Զանգակ», 2002 թ., 776 էջ), որտեղ Աճառյանը նշում է 58 երկրներ, որտեղ հայերը դարերի ընթացքում բնակություն են հաստատել եւ մեծ դեր են խաղացել այդ երկրների հասարկական-քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային, առեւտրական ու շինարարական եւ առօրյա կյանքում:

Ալթունյանի թե՛ այս եւ թե՛ հաջորդ գիրքը փաստերով ու հետաքրքրական տեղեկություններով այնքան հարուստ են, որ կարդացվում են մեկ շնչով, մանավանդ, որ բոլոր հոդվածները հանրագիտարանային արժեք ունեն:

Հ. Ալթունյանի հաջորդ գիրքը նվիրված է ազգասեր ու հայրենասեր, Ազգային Մեծ բարերարներՙ հայր ու որդի ՆՈՒԲԱՐ եւ ՊՈՂՈՍ փաշաների կյանքին ու ազգանվեր գործունեությանը: 170 մեծադիր էջերից բաղկացած այս գիրքը ընթերցողին նախ ծանոթացնում է Նուբար փաշային (1825-1899 թթ.), որի անունը սերտորեն առնչվում է եգիպտահայ գաղութի հետ. նա ուղիղ 50 տարի Եգիպտոսը դարձրեց բարեկիրթ. նրա համար նոր դարագլուխ բացեցՙ այն հասցնելով նյութական բարգավաճության ու մտավոր կյանքի բարձրացման: Բավական է ասել, որ նա Եգիպտոսի պատմության առաջին վարչապետն է եղել եւ 3 անգամ ստանձնել է նույն պարտականությունը եւ լիովին բարեփոխել է նրա տնտեսական ու քաղաքական կյանքը, ինչպես նաւե մեծ դեր է խաղացել Սուեզի ջրանցքի կառուցման ու բացման գործում: Նա առաջին մարդն էր, որ մտածեց խեղճ գյուղացիությանն ընդմիշտ ազատել դեռ փարավոնների ժամանակներից մնացած դարավոր տարապարհակից (ձրի աշխատելուց): Նա փոխել է նաեւ Եգիպտոսի սահմանադրությունը, իր եղբորըՙ Առաքելին, նշանակել է առեւտրի նախարար, կատարել է բազմաթիվ բարեփոխություններ:

1895 թ. Նուբարը ընտանիքով (կինը, մեկ տղա եւ երկու աղջիկ) տեղափոխվում է Ֆրանսիա, այստեղ էլ մահանում է 1899-ին, աճյունը տեղափոխում են Եգիպտոս, թաղում են Ալեքսանդրաիյի հայկական եկեղեցու բակում, իսկ 1904 թ. հունվարին Նուբար փաշայի արձանը տեղադրվում է Ալեքսանդրիայի հրապարակներից մեկում. նրա անունով Կահիրեում եւ Ալսքանդրիայում կան փողոցներ:

«Եգիպտոսի պատմության մեջ ոսկե տառերով է գրված մեր Մեծ հայիՙ Նուբար փաշայի անունը: Ան Եգիպտոսի պատմութեան ու միջազգային դիվանագիտութեան երկնակամարին վրայ փայլող աստղ մը եղաւ»,- այսպես է ավարտում իր խոսքը Ալթունյանը:

Նույնպիսի սիրով եւ ջերմությամբ է Ալթունյանը ներկայացնում Նուբար փաշայի նույնքան արժանավոր, ազգասեր ու հայրենասեր որդունՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ հիմնադիր նախագահ, հոր նման Եգիպտոսին ու իր ազգին մեծ ծառայություններ մատուցած ու շատ բարեգործություններ արած որդունՙ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ փաշային (1851-1930):

27 տարեկան Պողոսը նշանակվում է Եգիպտոսի երկաթուղիների ցանցի վարչության տնօրեն, աշխատում է նաեւ Ալեքսանդրիայի մետրոպոլիտենում, եղել է շուրջ 20 դրամատների ընկերությունների նախագահ: Իր պատրաստած գյուղատնտեսական գործիքներով մեքենայացրել է գյուղատնտեսական աշխատանքները, բարձրացրել է բերքատվությունը: Իր նորարարությունների շնորհիվ ստացել է կառավարական բարձր պարգեւներ: Վաստակում է փաշայի տիտղոսը, դառնում է խոշոր դրամատեր եւ բազում բարեգործություններ է կատարել թե՛ Եգիպտոսում, թե՛ Փարիզում եւ թե՛ Հայաստանում:

Մի դրամատեր ընկերոջ հետ Եգիպտոսում կառուցում է Հելիոսպոլիս քաղաքը, ապաՙ դրա օրինակովՙ 3000 հեկտար տարածության վրա Ալ. Թամանյանի նախագծով կառուցում է մի շատ գեղեցիկ երկրագործական ավան, որտեղ բնակեցնում է մի քանի հազար անօթեւան հայերի: Ավանը երախտապարտ հայերը կոչում են մեծ բարերարի անունովՙ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ:

1924-ին Բրյուսելի եւ Օքսֆորդի համալսարաններում սովորող հայ ուսանողների համար հիմնադրամ հիմնեց, Երեւանի պետական համալսարանի գերազանցիկ ուսանողների համար կրթաթոշակ հատկացրեց, Փարիզում սովորող հայ ուսանողների համար կառուցել տվեց հինգհարկանի մի մեծ կացարան, կնոջՙ Մարի Նուբարի հիշատակին Փարիզում մատենադարան հիմնեց, իսկ Երեւանումՙ ակնաբուժարան:

Պողոս Նուբար փաշան, բացի իր բարեգործություններից, հսկայական քաղաքական գործունեություն էլ է ծավալել. չմոռանանք, որ 1915 թ. Եղեռնից հետո նա եգիպտահայ գաղութում հազարավոր մազապուրծ հայերի օթեւաններ տվեց ու խնամեց: Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 6-րդի կողմից նա նշանակվեց Ազգային պատվիրակության նախագահ:

Նա մահացավ 1930 թ. հունիսի 25-ին, հուղարկավորված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, կնոջ կողքինՙ զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ: Իրենց կատարած ազգանվեր ու հայրենասիրական բազմաթիվ գործերով, հայր ու որդի Նուբարյանները մնում են որպես մեծագույն հայերՙ արժանանալով թե՛ օտարների եւ թե՛ սփյուռքահայության ու Մայր հայրենիքի հայության ջերմ հարգանքին ու մեծ համակրանքին: Նման հայերը կապրեն հայության հետ ընդմիշտ, իսկ նման մարդկանց մասին գրքեր գրողներն ու ժողովրդին ներկայացնողները նույնպես կանմահանան նրանց հետ եւ միշտ կգնահատվեն ու կհարգվեն ժողովրդի կողմից:

Արժանապատիվ Հակոբ Ալթունյանի հայրնանվեր այս գրքերը անշուշտ արժանի են մեծ ուշադրության:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ