RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 19-06-2015



ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-06-18 20:47:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2005, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ՏԳԵՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ»

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

«Աշակերտք հեղգ առ ի յուսումն, եւ փոյթ առ ի վարդապետել»:

Մովսես Խորենացի


Հավանաբար, կարելի էր լռելյայն շրջանցել զազրախոսության այն տոպրակը, որ դատարկել էր իմ առջեւ իրեն գրող եւ գրականագետ հռչակած ոչ անհայտ Հակոբ Մովսեսըՙ «Ազգ» թերթում «Ակադեմիական խոտան» վերնագրով իր հրապարակման մեջ: Սակայն երկու հանգամանք ինձ մղեցին գրիչ վերցնելու. նախ, լուտանքը Հակոբ Մովսեսը հունցել է ուսուցանողի եւ հայոց լեզվի իմացության ջատագովի փքուռույց դատողություններով, որ կարող է իմ համեստ անձի նկատմամբ թյուրիմացության մեջ գցել բանից անտեղյակ ընթերցողներին: Եվ երկրորդ, մեզանում կարծես թե ձեւավորվել է սեփական ամլությունն ու դատարկությունը հարայհրոցներով եւ հուսահատ հանդգնությամբ լցնող «մտավորականների» մի խավ, որ սպառնում է հանրության մեջ սերմանել նսեմ արժեքներՙ ճղճղոցն անցկացնել բարեկրթության տեղ, գավառական բթամտությունըՙ առաքինության, թոթովախոսությունըՙ ասմունքողի արվեստի: Չունենալով դույզն-ինչ չափով լեզվական մշակույթը զարգացնելու կարողություն, այդ մարդիկ անսահման հավատ ունեն իրենց հակակրած անձանց խոսքով ոչնչացնելու հնարավորության նկատմամբ, այլ կերպ ասածՙ ուզած պահին կարող են հանդես գալ որպես խոսքի քիլերներՙ օգտվելով ստի եւ զրպարտության իրենց մատչելի ճոխ զինանոցից: Խնդրո առարկա իր հոդվածով (եւ այլ ելույթներով) Հակոբ Մովսեսը մեր առջեւ հայտնվում է որպես այդ խավի ցայտուն ներկայացուցիչ, ուստի սույն պարոնիՙ ավաղ, հասարակական այդ կենդանու էության ցուցադրումը, կարծում եմ, այս իմաստով դուրս է գալիս սոսկ իմ անձի պաշտպանության շրջանակներից: Հայցում եմ ընթերցողի ներողամտությունըՙ այս պատասխան հոդվածում ինձ համար ոչ նախընտրելի ոճ գործածելու պատճառով. Հակոբմովսեսներին պետք է պատասխանել նրանց ներկայացնող համարժեք (բայց ամենեւին ոչ նույն մակարդակի) արտահայտչամիջոցներով:

Իր հոդվածը Հակոբ Մովսեսը սկսում է «լռել եւ մաքուր մնալ» նիցշեական կարգախոսիՙ չգիտես պաշտպանությամբ թե հերքումով եւ նրա իրարամերժ ու խառնափնթոր մտքերից, ի վերջո, կարողանում ես կռահել, որ սույն աճապարող պարոնը դեմ է լռությանը, այն դեպքում, երբ «կոռուպցիան թափանցում է հենց քո կղզի», երբ թույլ ես տալիս, որ այն «ներխուժի մտքի ոլորտ, ավելինՙ ավերի խոսքը, գաղափարը... միով բանիվ այն, ինչը մեծ իմաստով կոչվում է մշակույթ»:

Այստեղՙ մի փոքրիկ ընդմիջարկում. «մշակույթ» հասկացությունը յուրատեսակ երանգավորում ունի Հակոբ Մովսեսի բառապաշարումՙ լցված մի տեսակ երանավետ զգացումով, որ նրան հիշեցնում է իր ոչ այնքան վաղ ժամանակները, երբ նա մշակույթի նախարար էր. թյուրիմացաբար կամ իրադարձությունների ընթացքով, որի անհրաժեշտությամբ էլ մաքրեցին այդ աթոռին նրա թողած հետքերը: Սա, այսպես ասած, արդեն «նախկին նախարարի» հորջորջմանը հավիտյանս տիրացած եւ զուտ այս իմաստով «մշակութաբան» դարձած այս անձի մտավոր ծագումնաբանությանը թեկուզ հպանցիկ անդրադառնալու համար:

Արդ, անցնենք այն մահացու մեղքերին, որ Հակոբ Մովսեսը հայտնաբերել է հայագետ Սեն-Մարտենին նվիրված իմ աշխատության մեջ: Առաջ ընկնելովՙ ասենք, որ իր ամբողջ «քննադատությունը» նա կառուցում է որոշակի կաղապարներով, որոնց սահմաններում էլ իրեն ինքնավստահ է զգում եւ ապահով.

1. Անվերապահորեն մերժում է իրեն դուր չեկած լեզվական եւ տրամաբանական կառույցներըՙ միակ ընդունելին հռչակելով իր առաջարկած տարբերակը:

2. Մեջբերումներ է անում իմ աշխատությունիցՙ նախապես հայտարարելով, որ դրանք սխալ են, պարզունակ, ծիծաղ հարուցող եւ այլն, ոտնակոխ անելով տարրական բարեկրթության բոլոր հնարավոր սահմանները եւ մոռանալով, որ պարտավոր է ցույց տալ այդ մեջբերումներում եղած սխալները:

3. Մեջբերվող տեքստը աղավաղում է բացահայտ կեղծարարությամբ:

4. Թանձրամիտ անտեղյակություն, որ ուղեկցվում է լուտանքներով ու նզովքներով:

Հակոբ Մովսեսն անգիտանում է խոսքի եւ ոճի բազմաձեւությունը, որ հատուկ է հայերենին եւ անառարկելիորեն միակ ճշմարիտը համարում իր նախասիրած ձեւը: Ասենք, ես գրել եմ. «Սեն-Մարտենը հիշեցնում է, թե քաղաքը... անմարդաբնակ էր»: «Քննադատն» ուղղում է. «հիշեցնում է, որ քաղաքը ...»: Բայց, ի տարբերություն «որ»ի, «թե»ն այստեղ ունի ոճական յուրահատկություն, որին հասու չի եղել «լեզվագետ» պարոնը. այն, որ «թե»ն ավելի անմիջական է արտահայտում Սեն-Մարտենի անդրադարձը անցյալին, ինչը չէր երեւա համեմատաբար չեզոք «որ»ի դեպքում: Կամՙ «հայերեն մեկնողը... հմտություն չի ունեցել... տառերը ճիշտ հասկանալ»: Թե ինչը այստեղ դուր չի եկել նրանՙ հայտնի չէ, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ նա, որպես նախկին պաշտոնյա, ապահովում է իր պեղած «սխալների» քանակական կողմը: Չէ որ դա տպավորություն է ստեղծում: Այնուհետեւ նա անցնում է իմ «շարահյուսական եւ շարադասական հազիվ կռահելի կառույցներին», որոնցից է. «Եզնիկի երկը ինձ թվում է առավել հետաքրքիր, քան միեւնույն ժանրով ստեղծված, նույն ժամանակում ապրած հույն հայրերի եւ աստվածաբանների գործերը»:

Ասացեք, խնդրեմ, կա այստեղ լեզվական որեւէ մեղանչում, անշուշտ, ոչ, եթե չես ճգնում սպիտակը ներկել սեւ գույնով: Բայց Հակոբ Մովսեսը Հակոբ Մովսես չէր լինի, եթե իր «տղամարդու խոսքը» այստեղ էլ չասեր: Նա աջ ու ձախ կոտորած է անումՙ մխրճվելով այս «կառույցում»ՙ առաջարկելով իր սեփական արտադրանքը. «Պետք է լինի (ուշադրություն դարձրեք սովորեցնողի կեցվածքին-Ա. Դ.)ՙ քան նույն ժամանակում ապրած հույն հայրերի եւ աստվածաբաններիՙ միեւնույն ժանրով ստեղծված գործերը»: Ահա թե ուր է հասցնում կաշուց դուրս գալու եռանդը, ահա թե ինչպիսի ձեռնածու խմբագիր ենք ունեցել:

Մշակույթի երանելի (բնականաբարՙ նախկին) նախարարը աղավաղում է իմ տեքստը, ապա իր ավերմունքը վերագրում ինձՙ «հայտնաբերելով» հերթական ոճական սխալը: Համեցեքՙ ես գրել եմ. «Եվրոպայում հայագիտությունը գիտական սեւեռնամիտ ուղղություն դարձրեց... Սեն-Մարտենը»: Գրչի անկառավարելի շարժումով Հակոբ Մովսեսը մտնում է կեղծարարության տիրույթները. «Եվրոպայում հայագիտությունը» բառակապակցությունը նա դարձնում է «Եվրոպայում հայագիտությանը» եւ այդպիսով անհեթեթության վերածում ամբողջ դարձվածը:

Անցնենք առաջ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ. Գեւորգյանից իմ արած մեջբերումը, որով հիմնավորվում է օտար հայագետների հետաքրքրությունը հայերի ստեղծած մշակութային արժեքների նկատմամբ, Հակոբ Մովսեսը համարում է «գիտական անհեթեթություն»: Այսինքն, անհեթեթություն է օտարների կողմից հայ մշակույթով հետաքրքրվելու իրողության մասին գրելը: Եվ սա ասում է մշակույթի, փառք Աստծո, գոնե նախկին նախարարը: Ավելին, նշված հետաքրքրության մասին գրելը, ըստ Հակոբ Մովսեսի, կնշանակեր «ծավալային կեր» ապահովել գրքի համար: «Ծավալային կերը» տալիս են նախրին եւ ոչ թե գիտական ճշմարիտ աշխատանքին. երեւում էՙ նախկին նախարարը նախքան նախարար դառնալը առիթներ ունեցել է մտահոգվելու նախիրների ծավալային կերի հարցերով:

Հակոբ Մովսեսը հաճախ է անցնում դատարկ, օդից կախված մեղադրանքներին, «բացահայտում», իբր, «ժամանակային ձեւերի», «եզակիի եւ հոգնակիի» եւ այլնի անհամաձայնությունները: Իր ծանծաղամտությունը, այս էլ որերոդ անգամ, նա վերագրում է ինձՙ աղավաղելով անգամ հատուկ անունները եւ մոռանալով, որ ընթերցողը կարող է բացել գիրքը եւ այնտեղ տպագրված դարձվածը համեմատել իր «մեջբերման» հետ: Այս փարիսեցուն «պարզապես հուսահատեցնում են» իրականում իր ստախոսության արդյունքները: Գրքի էջ 132-ի Հակոբմովսիսական մատուցմամբ «Պետրոսը» դարձել է «Պտրոս», «Գալիցիան»ՙ «Գալիզիա»: Այստեղ եւ ամենուրեք իր փուչ հայտարարությունները նա համեմում է անդուռն բերանից առատորեն հորդող լուտանքով, չափ ու սահման չճանաչող գռեհկություններով եւ ինչպես միշտՙ կամ մեջբերումներ անելով առանց որեւէ հիմնավորման (որին փոխարինում է լուտանքը), կամ էլ տառասխալներ անելովՙ այդպիսիք համարելով տեքստային սխալներ: Այսպես, նա գրում է «Սեն Մարտեն», մինչդեռ գրքում ամեն տեղ «Սեն-Մարտեն» ձեւն է, մեկ այլ մեջբերման մեջՙ «առաջընաց է ցուցաբերում», մինչդեռ գրքում գրված էՙ «առաջընթաց է ցուցաբերում»: Իմ գործածած բառերը համարելով «վիրավորական» եւ կամ «անկապություն», նա միակ ճշմարիտն ու անկրկնելին է համարում իր առաջարկած հոմանիշըՙ շարունակ կողոպտելով ինքն իրեն եւ իր ցանցառ արժանապատվության վերջին մնացորդները: Ես գրել եմ «հայագետը... որակում է Խորենացունՙ ըստ հայկական ավանդույթի կոչելով Քերթողահայր», Հակոբ Մովսեսը գրպանից դուրս է քաշում «բնութագրում է» ձեւը, իմ «գետերին առնչվող տարածքները» նա փոխարինում է «գետերին հարող տարածքները» բառակապակցությամբ, իմ «հատուկտոր հատվածները»ՙ «հատուկենտ հատվածներով»: Ես գրել եմ «իրականացրել է հեղինակի սպասումները» եւ անդադրում տգետը այստեղ եւս միակ ընդունելին է համարում իր «արդարացրել է հեղինակի սպասումները» դարձվածը, կարծես թե սպասումները կարող են միայն արդարանալ, բայց երբեքՙ իրականանալ: Նա իրեն դնում է զավեշտական իրավիճակի մեջ, երբ «չքնաղ տրանսպորտային զեղում» է համարում գրքի հետեւյալ դարձվածը. «որոնք Արարատ լեռան հետ են կապում Նոյի տապանի կանգառը»: Հակոբ Մովսեսըՙ գյուղամիջին սովոր այդ մարդը (ու՛մ թանկ չէ իր հարազատ ծննդավայրը), կարելի է կարծել, «կանգառ» բառին ծանոթացել է Երեւանի քաղաքային տրանսպորտի առնչությամբ, նրան բառացիորեն ապշություն է պատճառում այն, որ այդ բառն ունի գոյականական լայն իմաստ, եւ որ կանգառ կարող են ունենալ ոչ միայն իրեն «տրանսպորտային զեղում» պատճառող ավտոբուսն ու երթուղային տաքսին (հեյ գիտի նախարարական խնկելի ժամանակներ, երբ իր տրամադրության տակ էին շատ ավելի պատկառելի փոխադրամիջոցներ), այլեւ Նոյի տապանը: Պետք է կարծել նաեւ, որ հայերենի իր սակավիմացության համար նա մի հայտնի չափով պարտական է իր ներսում անհաղթահարելի ուժ դարձած զգայական սկզբին: Գրքում ասվում է, որ «Պարթեւ ազնվականները երկաթե պահպանակներ ունեին թե իրենց եւ թե ձիերի վրա»: «Մեղա,- ցնցվում է այս «լեզվագետը»,-անգամ Հիչկոկի մտքով չի անցնի պահպանակ օգտագործող ձի»: Մինչդեռ «պահպանակը» գրաբարում (սկսած V դարից եւ հետագայում) նշանակել է զրահ, լանջապանակ, բազպան (բազուկների զրահ) եւ այլն: Նույն կերպ պահպանակ (զրահ) ունեին մարտական ձիերըՙ ի սարսափ եւ ի գայթակղություն երեւակայության սեքսապաթոլոգիական բավիղներում մոլորված Հակոբ Մովսեսի, ով գիտի այդ բառի արդիական եւ հայտնի իմաստը միայն:

Իր տգիտությունը այս վայ-քննադատը ցուցադրում է նաեւ Ս. Հռիփսիմյան կույսերին նվիրվածՙ Ա. Պիդուի ողբերգության սյուժեն գնահատելիս: Հակոբ Մովսեսը գոնե ծանոթ պետք է լիներ VII դ. կաթողիկոս Կոմիտասի «Անձինք նուիրեալք» շարականին, որպեսզի քարանձավային զարմանք չապրեր Տրդատի զգացմունքների ու գործողությունների միանգամայն հասկանալի հակասականության եւ կույսի խորունկ բարեպաշտության առթիվ:

Հոդվածում հիշվող իմ այլՙ լեզվաոճական, տրամաբանական եւ անգամ քաղաքական «սխալները» մնում են նույն հորինողի տափակամտության եւ ամբոխավարության հարազատ զավակները, ուստի դրանց եւս պատասխանելը ավելորդ եմ համարումՙ խնայելով ընթերցողի նյարդերն ու ժամանակը: Ավելացնեմ միայն, որ իմ աշխատանքը, ինչպես յուրաքանչյուր գիտական հետազոտություն, չէր կարող զերծ չլինել որոշ վրիպումներից, շեղումներից եւ այլն, որոնց անաչառ ու լրջմիտ վերհանումը օգտակար կլիներ եւ հեղինակին, եւ ընթերցող հասարակայությանը, եւ անկողմնակալ քննադատին: Բայց ոչ Հակոբ Մովսեսի հանգույն քինախնդիր «մասնագետին», որն իր բարբաջանքների շարանն ավարտում է հեկեկոցներով ու հիստերիկ կոծ ու շիվանովՙ որով նա փորձում է ազդել ընթերցողի վրա: Չեմ կարող ինձ (նաեւ ընթերցողին) զրկել բավականությունիցՙ Հակոբմովսիսական այդ ողբից մեկ-երկու նմուշ չբերելու համար. «Շարադրանքի պարզունակությունից խելագարվում ես: Անկապություններից բարկանում ես» կամ «Նման գրքերը թերթելիս ամոթից գետինն ես մտնում, որ այսքան ընկել ենք, եւ լացդ գալիս է»: Ավելացնեմՙ «երեք մանեթանոց» ծախու լաց, ընդսմինՙ լալիկի երգի այդ վարպետ կատարողի համշարի ընկերակիցների պատվերով:

Եվ մի վերջին անգամ, ընթերցողի ներողամտությունն եմ հայցումՙ նրա առջեւ Հակոբ Մովսես «քննադատի» դեմքն ամբողջացնելու իմաստով, հիշեցնել, որ իմ գիրքը քաշկռտելուց առաջ նա հախուռն հարվածներ էր ուղղել հայ գրականության մեծերին: Ակամայից հիշում ես կռիլովյան հանրահայտ փխրուն արարածի զարմանալիորեն կենսունակ սինդրոմըՙ սեփական ինքնահաստատման նպատակով բարկացկոտ դիսկանտ արձակել իրենից շատ ու շատ խոշորի եւ բարձրի վրա: Խնդրեմ, բացեք «Գրական թերթի» 2015 թ. մարտ 13 թվի էջ 10-ը, որտեղ «կլոր սեղանը» գյուղական քուրսի պատկերացնող Հակոբ Մովսեսը բարբաջում է. «Ես այն խորին համոզմանն եմ, որ այդ սերնդի բանաստեղծներըՙ Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, մշակութաբանական տեսակետից որեւէ արժեք չունեն»:

Քիչ անց այս «մշակութաբան» պարոնը վերադառնում է իր սեւեռուն մտքինՙ այս անգամ իր բախտախնդիր կեցվածքը ներկայացնելով գրականագիտական եզրութաբանության մշուշով. «Մեր ընթերցողը,- հայտնում է նա,- շատ ավելի լավ գիտի, ասենք, Միսաք Մեծարենցին... քան թե Սիլվա Կապուտիկյանին, որը բանաստեղծության մեջ պարզապես որեւէ արժեք չի ներկայացնում: Սրա պատճառն այն է, որ այսօր բուհերում գրականություն դասավանդողների խելքը Շիրազից այն կողմ չի անցնում, նա ինչպես պետք է բացատրի պատկերային եւ մետաֆորային սկզբունքները առաջին պլան մղող ժամանակակից բանաստեղծությունը»:

Ահա այսպիսին է «պատկերային եւ մետաֆորային սկզբունքներն առաջին պլան մղող ժամանակակից» բթամտությունը, եւ կարծում ենք, որ այստեղ եւ սրանից հետո մեկնաբանություններն ավելորդ են:

Վերջում ասենք, որ իմ «սխալները» բացահայտող այս թերուսը երբեմն դիմում է թարմ մեթոդների, ասենք, տպավորություն թողնելու նպատակովՙ աճպարարի ճիչեր է արձակում: Նրան հանգիստ չի տալիս «վեց հարյուր սխալով ակադեմիայի թղթակից անդամ դառնալու» զառանցական պատկերացումը, ուստի մեզ արդեն ծանոթ բարալիկ ճչոցով իրեն հռչակում է հայոց լեզվի պահապան. «Բայց հոպ,- հոխորտում է նա,- անշուն գյուղ չես մտել, եւ հայոց լեզվի տերերը դեռեւս չեն մեռել...»:

Հայոց լեզվի տերերը, իրոք, դեռեւս չեն մեռել, այդ հայտնի է անգամ ավգյան ախոռի սույն հնաբնակին: Իսկ ինչ վերաբերում է անշուն գյուղին, ապա հավանաբար սա այն բացառիկ դեպքն է, երբ Հակոբ Մովսեսը ճիշտ է:

Էլ ինչ գյուղ, որ շուն չունենա:

16.06.2015 թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 19-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ