ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքներն իրենց մի երկրորդ կյանքն են ապրում արվեստում, բառի, գույնի, կամ հնչյունի գեղարվեստական միջավայրում մի նոր դիմագիծ ու կերպար ձեռք բերում: Հիմա երբ մտածում եմ, թե ո՞ր քաղաքը ավելի նկարչական կարող է լինել, առաջինը միտքս տեղափոխվում է Վենետիկ, հետո Փարիզ ու Ամստերդամ. ճարտարապետական միջավայրը չէ միայն, որ աչքիս է գալիս, այլ քաղաքային կյանքը, ավելի շուտՙ նկարչության ներքին ոգինՙ մթնոլորտի անտեսանելի «կուլուարներում» թափառող գույնի առեղծվածը... Երեւանը կարծես զուրկ է այդ հմայքից, մեր քաղաքը կարծես գույնի արվեստին այնքան էլ չի գայթակղում: Տարիներ առաջ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, մի ցուցահանդես եղավՙ «Երեւան. հայացք ապագայից» խորագրով, որը, սակայն, նախորդ ասածիս ճիշտ հերքումն էր, թե մեր քաղաքը շատ էլ նկարչական է, իր կյանքով ու հին կոլորիտով, եւ այդ անցյալըՙ արթնացած վրձնի հայ վարպետների կերպավորումներում, իսկապես հուզիչ էր ու շատ սիրելի, եւ մանավանդ այն նշանակությամբ, որ պատկերացում էր տալիս քաղաքի մի հատվածի, մի պատմության մասին, որն այլեւս կորուսյալ է: Բայց որ քաղաքն ու նրա մարդիկ, քաղաքն իր ամենօրյա փոփոխությունների մեջ հայտնվի նկարչի մշտական հայացքի, հետաքրքրությունների կենտրոնում, որտեղ նկարիչն իրեն գտնի գրեթե ամենօրյա երկխոսության մեջ քաղաքի փողոցների ու շենքերի լռության հետ, փորձի կարդալ այնտեղ ապրող մարդկանց հույզն ու ապրումը, հոգսն ու տրտմությունը, դժվարանում եմ մտաբերել նման բան: Պետո Պողոսյան ՙ երիտասարդ նկարիչ, ակվարելիստ,- նրա արվեստում Երեւանը ապրում է այլ, երկրորդ մի կյանքով: Իր տան պատուհանից նայելիս քաղաքը որեւէ անակնկալ չի բացում, սովորական երեւանյան տեսարանՙ բաց ու փակ պատուհաններով, օդն ի տարած ուղղահայաց կամ հորիզոնական մետաղալարերի ցանցով: Քաղաքի գրեթե ամե՛ն անկյուն կարելի է այդպես տեսնել, երբ բացակայում է խորաթափանց հայացքը, եւ հակառակըՙ կարելի է ամեն երեւույթ, նույնիսկ ամենաաննշանը ենթարկել զգացողական դաշտին եւ այդ սովորականը, առօրեականը վերածել արվեստի: Նա ցույց է տալիս վերջին նկարներից մեկըՙ վերնագրված «Քաղաքը». սեւ-սպիտակի թույլ գունախառնուրդը մշուշի տպավորություն է գործում, լքված տուն քաղաքի կենտրոնումՙ դիտված ապակու հետեւից, որն առաջացնում է ժամանակային խզման իլյուզիա, ծնում մոռացության թախիծ. հնի ու նորի միջեւ անհայտութան միջնորմ է բարձրանում, անցյալի ու ներկայի միջեւ ճեղքվածքը, անջրպետը որեւէ նյութով չես լցնի,- խորը լքվածություն ու տխրություն, որոնց պատկերաստեղծումը ջրաներկի լեզվով այնքան էլ հեշտ չէ, սակայն գտնված նկարչական լուծումները բավարար են արտահայտելու ներքին վիճակները... Այս նկարն ինձ համար բացում է Պետո Պողոսյանի քաղաքային նկարչության կամ, ինչպես ինքն է ասում, քաղաքանկարի սկզբունքը կամ տեսանկյունըՙ բնակավայրը, որտեղ անցնում է կյանքը, կոնկրետ միջավայրը տեսնել սեփական անկյունիցՙ չփնտրել զուտ գեղեցկություն, չտրվել զուտ քաղաքային տեսարանի, այլ որսալ ներսում ծնվող տրամադրությունը, տեսնել խնդիրը, փոխանցել ռիթմը: Նրա քաղաքանկարը կամ երեւանապատումը փոխում են պատկերացումներն այն մասին, թե քաղաքը մեր այդքան էլ նկարչական չէ, մանավանդ այս օրերում, երբ Երեւանի երբեմնի հարազատ դեմքն աղավաղվել է այնպես, որ արվեստագետին որեւէ լիցք հաղորդել չի կարող, մինչդեռ պարզվում է, որ դա այդպես չէ, ավելինՙ այս հին ու նոր քաղաքը կարող է դառնալ մուսա ու ներշնչման վայր: Այգիների, փողոցների, մայթերի ու սրճարանների տարածքներում նկարիչը հայտնաբերում է թաքնված տրամադրություններ ու հույզեր. իր հայացքում տեսանելիից այն կողմ չերեւացող մարդկային կյանքն է, այն կյանքը, որով այս քաղաքը տարբերվում է մյուսներից, ապրում ինքնահատուկ իր օրը, ստեղծում իր պատմությունը: Եվ որ հետաքրքրական էՙ դա փոխանցելի է դարձնում մարդկային կյանքի ֆիզիկական բացակայությամբ անգամ: Ինչպե՞ս է դա հաջողվում նրան: Քաղաքը նրա ներսում գոյավորվում, ապրում է միանգամայն այլ կերպ, շատ-շատերից տարբեր. նա երկար կարող է մնալ նույն կետում, շաբաթներ, գուցե ամիսներ քայլել, անցնել նույն վայրերովՙ հասկանալու ինչ է կատարվում, մինչեւ վերջ զգալու տարածքը, վերապրելու ամենըՙ յուրաքանչյուր մանրուք, ամեն անկյուն, անցնող- դարձող մարդկանց եՙւ նկատել, եւ ոչ, մտովի խոսել, մտովի նկարել, անդադար լինել պատկերի մեջ... Եւ սա այնքան, մինչեւ մի աննշան դետալ կբացի այն առեղծվածը, որ փնտրում էր երկար ժամանակ, ու նկարը արդեն կսկսի խոսել, ջրաներկը կհոսի երբեմն ոչ այն ուղղությամբ, ինչպես կարծել էր... Պետո Պողոսյանը ծնունդով գյումրեցի է, սովորել է տեղի նկարչական հայտնի դպրոցումՙ Մերկուրովի անվան, ապա շարունակել ուսումը Գեղարվեստի պետակադեմիայի Գյումրու մասնաճյուղի քանդակի բաժնում, ավելի ուշ Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելուն զուգահեռՙ Երեւանի գեղարվեստի պետակադեմիայում: Դեռ այնտեղՙ Գյումրիում է սկսել քաղաքանկարը, փողոցներում, տեղում նստած էսքիզներ անելով: Ասում էՙ քանդակ էլ է արել, կոփել ձեռքերը, տարբեր նյութեր, միջոցներ, տեխնիկական տարբեր հնարքներ է գործածել, յուղաներկ եւ այլն, բայց հետո դարձյալ վերադարձել է ջրաներկին: Ջրաներկի անակնկալը միշտ գրավել է իրեն. «Սկսում ես վարիացիաներ, պլանավորում ես մակերեսը, բայց հետաքրքիր բաներ կարող են տեղի ունենալ, այդքան էլ չգիտես ինչ կստանաս: Ջուրը հոսում է, որքան էլ վերահսկես, ինքը միշտ կփախչի քեզանիցՙ հետաքրքիր կամ անհետաքրքիր: Հայացք ներսից դուրս եւ դրսից դեպի ներս. ներսից նայում ենք այն քաղաքին, որ կարծում ենքՙ ճանաչում ենք: Հավաքական փորձ է արված քաղաքի դիմանկար անելու, այն տարածքի, որտեղ ապրում ենք, ստեղծագործում ենք, տխրում ենք, կամ ուրախանում: Իմ նկարները շենքերի կամ մեքենաների մասին չեն, դրանք պատմում են, թե ինչ է կատարվում քաղաքում, որտեղ կյանքի ռիթմը հատուկ ընթացք ունի եւ այդ ռիթմի մեջ ամեն ինչ խառնվում է իրար, լավը եւ վատը, հետաքրքիրն ու անհետաքրքրականը: Քաղաքը իմ նկարներում կենդանի, ապրող գոյություն է: Անցյալն ու ներկան, հինն ու նորը հաջորդում են իրար, շարունակվում այսօրվա մեջ, եւ դրանց մեջ պիտի կապ լինի»: Ջրաներկի արվեստը, ինչպես զրուցակիցս է ասում, այսօր լուրջ զարգացումներ է ունենում, վերջին 10 տարում հատկապես Չինաստանում խոշոր միջոցառումներ, բիենալեներ են կազմակերպվումՙ վերածնելով ջրաներկի ավանդույթները, անշուշտ, խրախուսելով նաեւ էքսպերիմենտալ փորձերըՙ աշխարհի բոլոր կողմերից այստեղ հավաքելով հայտնի ու անհայտ ակվարելիստներին: Հայաստանում ակվարելիստների դաշտի բացակայությունը ավելի է սրում միջազգային շփումների անհրաժեշտությունը, կապը դրսի աշխարհի հետ, որի ճանապարհը մասնակցությունն է միջազգային բիենալեներին, մրցույթներինՙ հնարավորության պարագայում անձնապես, բայց ավելի հաճախ հեռակաՙ նկարներն ուղարկելով սոցցանցերի, կայքերի միջոցով: Ինչպես հավաստում է զրուցակիցս, այսօր սոցցանցերի միջոցով հնարավոր է ճանաչում ունենալ, թեեւ անմիջական չեն այդ շփումները, սակայն հեռավորության վրա եւս հնարավոր է հաղորդակցվել պրոֆեսիոնալ դաշտի հետ, եւ հասնել ցանկալի արդյուքի: Պետո Պողոսյանի առաջին նման մասնակցությունը 2012-ին Շանհայի, ապա Շենզենի միջազգային բիենալեներն էին, Թայլանդի ջրաներկի միջազգային էքսպոն, իսկ 2015-ին, երբ հրավիրված էր Ցինդաոյի բիենալեին, իր գործերից մեկը ձեռք բերվեց Ցինդաոյի պետական թանգարանի կողմից: Անցած տարեվերջն ու այս տարին բավական բարեբեր եղան մասնակցություների առումովՙ Սեուլի միջազգային բիենալե, Ջրաներկի ազգային ասոցիացիայի տարեկան միջազգային ցուցահանդեսՙ ԱՄՆ, Սան Պեդրո, ջրաներկի միջազգային փառատոներ` Թուրքիայում: Շուտով երկու աշխատանքով կմասնակցի Կաստրա - 2015 (Սլովենիա) ջրաներկի միջազգային բիենալեին: Նրա գործերից մեկը տպագրվել է ֆրանսիական «The Art of Watercolour» ակվարելիստների պրոֆեսիոնալ, երկլեզվյա (ֆրանսերեն, անգլերեն) ամսագրում, որտեղ ներկայացված է նաեւ հեղինակի համառոտ մեկնաբանությունըՙ նկարի ստեղծման եւ ընթացքի մասին: Պետո Պողոսյանի նկարներում նույն կերպ հայտնվում են ուրիշ քաղաքներ եւսՙ Վենետիկը, Հռոմը, Փարիզըՙ իրենց բնորոշ գույնով ու միջավայրով, որպես տպավորությունների անմիջական արձագանք: Բայց քաղաքային կյանքի նկարչական իր սերը Երեւանն է, իր քաղաքանկարում նա վերստեղծում է իր եւ մեր Երեւանը, նրա պատմությունը, այսօրվա գույնը, մթնոլորտը: Քաղաքային որեւէ տեսարանՙ այգի կլինի, մի թաց փողոց, պատմական շինություն, թե կիսակառույց, Կասկադը կլինի, թե Օպերային թատրոնի շենքը, կամ մի ետնախորշ, նա փորձում է հաղորդել տրամադրությունը, ստեղծել քաղաքային կյանքի դիմագիծը, արձանագրել պահի թրթիռը, տեսնել լարման կետերը, փոխանցել այդ լիցքը, - պահպանել օրվա հիշողությունը, - սա արդեն պատմություն է: Նրա վրձինը հետեւում է քաղաքային տրամադրության նուրբ անցումներին ու շարժերինՙ արձանագրում դրանց ներսի հնչյունը, գույնը, յուրաքանչյուր անգամ փորձելով ավելի մերձենալ քաղաքինՙ դառնալու նրա մի մասնիկը, որ մեզ, նաեւ օտարներին կարողանա փոխանցել այն ապրումը, այն սերը, որ կա իր մեջ մեր քաղաքի հանդեպ: (Ավելին իմանալու համար այցելեքՙ http://petoart.ucoz.com/ կայք եւ Peto Poghosyan ֆեյսբուքյան էջ): |