ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՆՑՅԱԼԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ «Տիգրանի փոխակերպումները» հատորի մասին Ապրիլի վերջին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի ունեցավ Լիոնում գործող «Հայաստանի սկզբնաղբյուրներ» կազմակերպության նախաձեռնությամբ լույս տեսած աննախադեպ մի աշխատությանՙ «Տիգրանի փոխակերպումերը» ֆրանսերեն երկհատորյակի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել է ֆրանսահայ ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Սիրանոսյանը ՙ պատմաբան Մաքսիմ Եվադյանի համագործակցությամբ: Շնորհանդեսին նրանք ֆրանսերեն եւ հայերեն ներկայացրին գրքի ստեղծման աշխատանքները: Այնուհետեւ ելույթ ունեցան թատրոնի տասներեք մենակատարներըՙ կատարելով գրքում տեղ գտած օպերաներից առանձին մեներգեր եւ զուգերգեր: Հետաքրքրական է, որ այդ երգերից մի քանիսը կատարվում էին պատմության մեջ երկրորդ անգամՙ առաջին անգամ հնչած լինելով 17-րդ կամ 18-րդ դարում, տվյալ օպերայի առաջին եւ վերջին բեմադրության ժամանակ... Բանասերները եւ երաժշտագետները տեղյակ են, որ 16-րդ դարի վերջից մինչեւ 19-րդ դարի կեսերը եվրոպական գրականության եւ օպերային արվեստում ստեղծվել են բազմաթիվ երկեր, որոնց մեջ հանդես են բերված հայ հերոսներ, եւ գործողությունները կատարվել են պատմական Հայաստանում: Փույթ չէ, որ հայ պատմական կերպարները սոսկ անուններով են եղել հայ, որ հեղինակները մեծ մասամբ տեղյակ էլ չեն եղել, թե ինչ երկիր է Հայաստանը եւ իրականում ովքեր են հայերը (ավելին, հանդես են բերել մտացածին հայ պատմական դեմքեր), սակայն տվյալ դեպքում կարեւորը հայի եւ Հայաստանի բազմիցս հիշատակությունն է եվրոպացի հեղինակների ստեղծագործություններում, որոնք ընթերցվել եւ ունկնդրվել են եվրոպական քաղաքակրթության խոշոր կենտրոններում: Գիտեինք, որ Տիգրան Մեծի մասին գրվել են տասնյակ օպերաներ, որ Կոռնեյլի, Գոլդոնիի որոշ պիեսներում կան հայ հերոսներ, սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ նման ստեղծագործությունների թիվը հասնում է 640-ի (380 կոմպոզիտորի եւ լիբրետիստի հեղինակությամբ)... Սիրանոսյանի եւ Եվադյանի պրպտումների արդյունքում արդեն ծանոթ ստեղծագործությունների կողքին ի հայտ են եկել ժամանակի փոշու տակ մնացած հարյուրավոր վեպեր, թատերախաղեր, երաժշտախաղ-օպերաներ (dramma musicale կամ dramma per musica, որ պատկանում են սերիա-օպերա ժանրին), բալետներ, որոնցում կան հայ հերոսներ, հային ու հայկականին առնչվող բազում հիշատակումներ: Արդյունքն ահա միՙ գրեթե անծանոթ աշխարհ բացող այս երկու շքեղ հատորներն ենՙ համակողմանիորեն ներկայացվող փաստական հսկայական նյութով, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող ուշագրավ տեղեկատվությամբ, գիտական ապարատով եւ 350 գունավոր պատկերազարդումներով (դրանք, ըստ էության, բացում են մեկ այլ ոլորտՙ եվրոպական կերպարվեստում հայկական թեմաների անդրադարձը): Աշխատության մեջ տողանցում են հռչակավոր անուններՙ Մոնտեվերդի, Գլյուկ, Վիվալդի, Ալբինոնի, Հենդել, Վոլտեր, Մոլիեր... եւ տակավին հարյուրավոր մեզ անհայտ անուններ, որոնք երկրորդ կյանքի են կոչվել ֆրանսահայ ուսումնասիրողների սույն կոթողային աշխատության շնորհիվ: Ուշ միջնադարում ընթերցող եւ հանդիսատես լայն հանրությանը ծանոթ հունահռոմեական առասպելաբանությունից եւ պատմությունից փոխառված թեմաների հետ մեկտեղ ժամանակի եվրոպական հեղինակները պարբերաբար անդրադարձել են հայոց թագավոր-թագուհիների շուրջ հյուսված դիպաշարերին, գրել պատմական որոշ հիմք ունեցող եւ կամ կեղծ պատմական բնույթի գործերՙ գործողությունների վայր ընտրելով հելլենիստական կամ վաղքրիստոնեական Հայաստանը: Հիմնականում ֆրանսիացի, իտալացի, իսպանացի եւ գերմանացի թատերագիրները, վիպասանները, լիբրետիստները հայոց մասին իրենց տվյալները քաղել են գլխավորապես հռոմեական սկզբնաղբյուրներից: Կատարված ուսումնասիրությունից պարզվում է, որ հատկապես մեծ թիվ են կազմում Տիգրան անվանված հերոսները, որոնք ոչ միշտ են վերաբերում Տիգրան Մեծ արքայից արքայինՙ հաճախ պատկերելով մտացածին, տարբեր երկրների թագաժառանգներ ներկայացնող Տիգրանների... Հատկանշական է, որ, ըստ ուսումնասիրողների, Տիգրանի մասին ավելի շատ օպերա է գրվել, քան որեւէ ուրիշ արքայի: Առաջին հատորը («Հայկական էպոպեան դասական թատրոնում եւ քնարական արվեստում» ենթավերնագրով) բացվում է երեք ներածական հոդվածով: Առաջինի հեղինակն է Քյոլնի «Մուզիկա անտիկա» համույթի ղեկավար, նվագավար Ռայնհարդ Գյոբելը, որի նախաբանին հետեւում է գերաշնորհ Լեւոն Զեքիյանի «Հայերն Արեւմուտքում. մասնավոր մի առնչություն» պատմական ակնարկը: Հեղինակը մասնավորապես կենտրոնացել է Իտալիայում հայկական ներկայության վրա, մատնանշել հայ մշակույթին հատուկ մի պարադոքսՙ մի կողմից խիստ պահպանողականություն, մյուս կողմիցՙ որոշ հեղափոխական կամ «անարխիկ» ոգի (էջ 18), ինչի շնորհիվ էլ հայությունը միշտ բաց է եղել նորի հանդեպ եւ պահպանելով ավանդույթըՙ մշտապես ձգտել է առաջընթացի: Երրորդ ներածությունը Ալեքսանդր Սիրանոսյանինն է, որը ներկայացրել է գրքի ստեղծման աշխատանքը, նախկինում սույն թեմայի արծարծումները (դրան առաջիններից մեկն անդրադարձել է ֆրանսահայ երգահան Ավետիս Մեսումենցը), սկզբնաղբյուրները, պատմական համապատկերը, ստեղծագործությունների դասակարգումը, նաեւ ընդգրկված ժամանակաշրջանից ավելի ուշՙ 20-րդ դարում ստեղծված հայապատում ստեղծագործություները (էջ 22-33): Գրքի առաջին գլուխն է «Հայաստանը Կյուրոս Մեծի ժամանակներում»: Աքեմենյան Պարսկաստանի այդ մեծ տիրակալին առանձին ներկայացնելը արդարացվում է այն հանգամանքով, որ նրան նվիրված գրական-երաժշտական գործերում մշտապես հանդես է բերվում եւ նրա դաշնակիցըՙ հայոց Տիգրան Մեծ արքան: Մասնավորապես ներկայացված է վիպասանուհի Մադլեն դը Սկյուդերիի (1607-1701)ՙ 1649-1653 թթ. հրատարակված «Արտամեն կամ Կյուրոս Մեծ» վեպը (համարվում է երբեւէ հրատարակված ամենածավալուն արձակ գործըՙ 13095 էջ), որի հերոսներից է Տիգրան Մեծը: Այնուհետեւ ժամանակագրական կարգով ներկայացվում են 1665-1807 թթ. Կյուրոսի մասին ստեղծված այն գործերը (գործող անձանց ցանկով եւ համառոտ բովանդակությամբ հանդերձ), որոնցում առկա է նաեւ Տիգրանի կերպարը: Հայոց արքան հանդես է բերված նաեւ Կյուրոսի հաջորդներին վերաբերող երկու ստեղծագործության մեջՙ Պիետրո Անտոնիո Բեռնարդոնիի «Ասպասիա» ողբերգությունում (1697) եւ Լուի դՈւսիոյի «Հայաստանի իշխանները» վեպում (1774): Երկրորդ գլխում («Տիգրան Մեծի իմաստությունը կամ Արտաշեսյանների էպոպեան») հայոց միակ կայսրությունը ստեղծած թագավորի վերաբերյալ մանրամասն տեղեկություններից հետո ներկայացված են ստեղծագործություններ, որոնց գործողությունները կատարվում են Բութանիայի թագավորությունում, հանդես են բերված հայոց թագուհի (արքայադուստր) Լաոդիկեն (Կոռնեյլի եւ Լալլիի «Նիկոմիդես», Ռիսպոլիի «Արսինոե»): Դրան հետեւում է «Տիգրան Մեծըՙ օպերաների հերոս» ենթագլուխը, որտեղ մանրամասն տրված են 1710-1825 թթ. ներկայացված երաժշտական մի շարք ստեղծագործություններ, որտեղ հայոց արքան հանդես է բերված որպես կենտրոնական կամ գլխավոր հերոս, գործողությունները հաճախ տեղի են ունենում հայոց մայրաքաղաք Արտաշատում (Բեռնարդոնիի «Տիգրանըՙ Հայաստանի թագավորը», Մաջիի «Միհրդատը Սեբաստիայում», անհայտ հեղինակիՙ երեք ձայնի համար գրված կանտատը, որի հերոսներն են Տիգրանը, նրա կին Լաոդիկեն, զորավար Արասպը. գործում է նաեւ «հայերի երգչախումբը» եւ այլն): Թեեւ հեղինակները չեն նշել, սակայն հիշենք, որ Տիգրանի կերպարն առկա է նաեւ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտիՙ 15-ամյա հասակում գրած «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերայում: Կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ այդ ստեղծագործություններում հայոց արքայի կերպարը մեծ մասամբ սխալ է ներկայացվել, եւ դաՙ Տիգրանի մասին եվրոպական սկզբնաղբյուրիՙ հույն պատմիչ Պլուտարքոսի մեղքով, որը միտումնավոր կերպով վատաբանել է հայ արքային: Երրորդ գլուխն է «Զենոբիան, հպարտ Հռադամիստը եւ արքայազն Տրդատը»: Հռոմեացի պատմիչ Տակիտոսի «Տարեգրություններում» տեղ է գտել մ. թ. 1-ին դարում ապրած հայոց թագուհի Զենոբիայի պատմությունը, թե ինչպես նա իր ամուսին Հռադամիստի գահընկեց լինելուց հետո նրա հետ փախուստի է դիմել: Երկյուղելով, որ հայոց նոր թագավոր Տրդատ Ա-ն գերության կվերցնի իրենՙ հղի Զենոբիան խնդրել է Հռադամեսինՙ վերջ տալ իր կյանքին: Վերջինս նրան սրով հարվածել է եւ նետել Արաքս գետը, բայց թագուհին ողջ է մնացել. հովիվները ջրից հանել են նրան եւ տարել Տրդատի մոտ, որը, սակայն, պատվով ու հարգանքով է ընդունել նրան: Այս ողբերգական պատմությունը բազմիցս արտացոլվել է եվրոպական երաժշտության, գրականության եւ նկարչության մեջ (Հենդելի «Հռադամիստ» օպերան, Կրեբիյոն-ավագի «Հռադամիստ եւ Զենոբիա» ողբերգությունը, որի բեմադրության մեջ հայոց թագուհուն մարմնավորել է ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Ադրիեն Լըկուվրյորը): Աշխատությանն առանձնակի շուք են տալիս Զենոբիային պատկերող եվրոպացի գեղանկարիչների եւ քանդակագործների (Ալբերի, Մարսըլեն, Բուժըրո) գործերի վերատպություները (նույն սյուժեով կտավներ են ստեղծել նաեւ Պուսսենը, Բուգրոն, Բոդրին. այդ գործերը, սակայն, չեն արտացոլվել սույն հատորում): Արտաշեսյանների Հայաստանի այլեւայլ դրսեւորումներին է վերաբերում աշխատության չորրորդ գլուխըՙ «Հայաստանը Պարթեւաստանի եւ Հռոմի միջեւ»: Այստեղից տեղեկանում ենք, որ ֆրանսիական գրականության մեծանուն դեմքերից մեկիՙ Վոլտերի «Փառքի տաճարը» պատմական օպերա-բալետի (երաժշտությունըՙ Ռամոյի) գործողությունները կատարվում են հայոց Արտաշատ մայրաքաղաքում, գլխավոր հերոսը հռոմեական կայսր Տրայանոսն է: Նույն ժամանակաշրջանը պատկերող մի շարք օպերաների հերոսուհի է եղել նաեւ Հայաստանի արքայադուստր Բերենիչեն (Բերենիս, նույն ինքնՙ Վերոնիկա), հորինովի, սակայն դրական մի կերպար (Վիտտուրիի «Բերենիչե», Ձենոյի «Լուկիուս Վերուս» եւ այլն): Քրիստոնեության արշալույսի Հայաստանը եւս չի վրիպել եվրոպացի հեղինակների տեսադաշտից: Հինգերորդՙ «Աստվածաշնչյան պատմության թատրոնը» ներկայացնում է հայազգի վկա Պողիկտոսի վերաբերյալ թատերա-երաժշտական գործերը, Կրիստոբալ դե Մոնրոյի Սիլվայի «Սուրբ Բարդուղիմեոսը Հայաստանում» թատերգությունը, Նորիսի «Դիոկղետիանոսը», ինչպես նաեւ Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ Բ արքայի պատմությունը ներկայացնող մի քանի երկ: Վեցերորդ գլուխն է «Տիգրանի փոխակերպումները», որտեղ մասնավորապես խոսվում է վենետիկյան մշակույթում Տիգրան արքայի կերպարի դրսեւորումներինՙ որպես պատմական եւ մտացածին կերպար (Բոմոնի եւ Ֆլեթչերի «Թագավոր եւ ոչ թագավոր», Մարիի «Եվրիմեդոն կամ Փառաբանված ծովահենը» տրագիկոմեդիաները, Ֆաուստինիի «Դորիկլեա», Պապիի եւ Բորգիի «Ալեքսանդրը Հայաստանում» օպերաները): Հաճախ Տիգրան անունը հեղինակների չիմացության պատճառով գործածվել է այլ ազգության հերոսների համար. օրինակ, Աուրելիի «Ռոզանե, Ասորեստանի կայսրուհին» երաժշտախաղում Տիգրանը «պարսկական բանակի զորավար աֆրիկյան արքայազնն» է (էջ 259), իսկ Ներիի «Էրիֆիլե» օպերայումՙ Կիպրոսի արքան (էջ 275): Եվ վերջապես եզրափակիչՙ յոթերորդ գլուխը («Իշխան-վաճառականների հագուստը»), ներկայացնում է Իտալիայի հայ առեւտրական գերդաստաններին (Միրման, Շերիման, Սերպոս), թե ինչպես է նրանց հագուստը մուտք գործել եվրոպական արվեստ (հայտնի է Լիոտարի «Ժան-Ժակ Ռուսոն հայկական հագուստով» գեղանկարը): Հատկապես թանկարժեք քարեր վաճառող հայ առեւտրականի կերպարը հաճախադեպ է ուշ միջնադարի եվրոպական գրական-թատերական երկերում (դե Պարադի դե Մոնկրիֆի «Ալիքսի եւ Ալեքսիսի մշտական սերը» սիրավեպը, Գոլդոնիի «Կանանց շաղակրատությունը» պիեսը): Որոշ կերպարների դեպքում էլ նշվել է, որ նրանք «հայկական հագուստով» են (Սկարոնի «Դոն Հաբեթ Հայաստանցին», Ստամպիլիայի «Պարտենոպեն» եւ այլն): Ի դեպ, այս գլխում տեղեկանում ենք նաեւ բալետային արվեստին առաջին անգամ առնչված հայորդու մասին, որը եղել է Վենետիկի Սեղբոսյան ազնվական ընտանիքի զավակ, «մեծ պարող եւ բալետմայստեր» Դոմենիկո Սերպոսը, որը բեմադրել է տասնյակ բալետներ եւ համագործակցել ժամանակի այնպիսի մեծանուն երգահանների հետ, որպիսիք էին Ռոսսինին եւ Քերուբինին (էջ 291): Աշխատության երկրորդ հատորը («Մարդիկ եւ նրանց ստեղծագործությունները» ենթավերնագրով) ընդգրկում է առաջինում տեղ գտած հարուստ տեղեկատվության դասակարգումներըՙ հեղինակների կենսագրականները, ստեղծագործությունների ժամանակագրությունը, մատենագիտությունը, ինչպես նաեւ մի շարք ցանկերՙ գրողների, երգահանների, պարադիրների եւ նրանց ստեղծագործությունների, նաեւ կերպարների, ինչի շնորհիվ դյուրին է դառնում հեղինակների կամ երկերի որոնումը: Գրքում տեղ են գտել ոչ միայն ներկայացված պատմական համատեքստին առնչվող նկարներ (քանդակներ, մանրանկարներ, քարտեզներ, պատմական արտեֆակտեր) եւ ներկայացված գրական-երաժշտական գործիչներին ու երկերին առնչվող կերպարվեստի գործեր, այլեւ տվյալ ստեղծագործությունների մերօրյա բեմականացումների լուսանկարներ: Ժամանակակից բեմադրությունների տեսարաններ են զարդարում նաեւ զույգ հատորների կազմըՙ ընթերցողին ասես հուշելով, որ գիրքը վերաբերում է ոչ միայն անցյալին պատկանող թեմաների, այլեւ շարունակական մի երեւույթի: Հիրավի, այս կոթողային հրատարակությունը քիչ ծանոթ մշակութային մի մեծ շերտի վերհանում է, որի երեւան գալով մի հսկայական քար է ավելանում հայագիտության բարձրաբերձ որմին... |