ԾԻՐԱՆԻ ՀԱՍՆԵԼՈՒՆ ՊԵՍ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հուլիսի 12-19-ը ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է նրա նկատմամբ աճող հետաքրքրության եւ ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին, քանի որ անցյալ տարի ստացվել էր 1500 հայտ` շուրջ 95 երկրից: «Արդեն տասներկու տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հայ կինոսեր հասարակությունը հնարավորություն է ստանում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները եւ ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է մշակութային այս նշանակալի իրադարձության ստեղծման եւ զարգացման հարցում իր շարունակական ներդրումն ունենալու համար»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ 12-րդ փառատոնը խոստանում է հետաքրքրական լինել ինչպես հարուստ ծրագրերով, այնպես էլ աշխարհահռչակ հյուրերով, մրցանակակիր ֆիլմերի երեւանյան պրեմիերաներով, եւ այլն: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորենՙ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա), վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ Մարեկ Հովորկան (Չեխիա), «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), հայկական համայնապատկեր ազգային մրցույթ Ալեքսանդր Գրոզեւ (Բուլղարիա): Ի դեպ, 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հավելեց, որ փառատոնը մի իրադարձություն է, որին, իրավամբ, հայ եւ, ինչու չէ` միջազգային մշակութասեր հանրությունը սիրով է սպասում եւ սա լավագույն օրինակն է` պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունների եւ համատեղ աշխատանքի: «Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած երեւանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունները եւ հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ: Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների եւ կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով: Փառատոնի օրերին կկայանա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի մշակույթի նախարարության հետ համատեղ, եւ որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը: Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: |