RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 26-02-2016



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-02-25 20:49:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2723, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԾՈՎԻՆԱՐ».

Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայոց հնագույն էպոսի որոնման ճանապարհին

Լույս է տեսել Ռազմիկ Դավոյանի «Ծովինար - Հայոց հնագույն նախապատմական էպոսը» ինքնահրավեր խորագրով նոր գիրքը: Այդ ի՞նչ նոր էպոս էՙ հարցադրումով է, անշուշտ, որ ընթերցողը պիտի բացի այս գիրքը: Պատասխանի երկու կերպ է ընտրել հեղինակը. նախՙ գիտական հիմնավորման փորձ-առաջաբանՙ «Պատմական թռուցիկ ակնարկՙ իրատեսական կռահումների զուգահեռ ճանապարհներով» վերնագրով, ուր հիմնավորում է, թե «Սասնա ծռեր» հանրահայտ էպոսից շատ առաջ հայոց մեջ գոյություն է ունեցել մի ուրիշՙ իր անվանումովՙ «նախապատմական հնագույն» էպոս, որ մեզ չի հասել (հասել են միայն պատառիկներ), ապաՙ փորձել է մեկընդմեջ արձակ ու չափածո պատումներով հավաքել, հորինել, մշակել, ամբողջացնել այդ էպոսը, ավելի ճիշտՙ դրա «առաջին գիրքը», ինչպես նշել է վերջին էջում:

Որ գոյություն է ունեցել նախապատմական ժամանակների մի վիպասք, մի էպոս, որից գրավոր հիշատակություններ չեն մնացել, այլ ընդամենը գրավոր պատառիկներ, որոնք, ինչպես հայտնի է, հիշատակում է Խորենացին, եւ որ հայ բանահյուսությամբ զբաղվող գիտնականները կասկած չունեն դրանում, Դավոյանը գիտի եւ իր առաջաբանում վկայակոչում է նրանց, բերում քաղվածքներ, հավելում նաեւ իր կռահումները, ապա այդ հիմքով փորձում է առասպելներից, վիպերգերից, ավանդություններից «հավաքել» այդ էպոսը, այն մի առանցքի բերել որպես պատմության ընթացք եւ, որ ամենակարեւորն է ու ամենադժվարը, «գտնել սկիզբը»: Կարեւորում է, օրինակ, Գուդշմիտի այն միտքը, թե « ով կամենում է Խորենացուց օգտվել պատմական հիշողությունների համար, պետք է կցկցված առասպելները վերածի անընդհատ պատմության եւ այն ժամանակ կստանա իրական տեղեկություններ ավանդությունների մասին», եւ որ Խորենացին «ինքը ոչինչ չի հնարել»: Կամ Հովսեփ Օրբելու այն հաստատումները, թե ««Սասունցի Դավիթ» էպոսում հին հայերի կոսմիկական հնագույն պատկերացումները, հնադարյան առասպելները, որոնք ստեղծվել են Հայաստանի նախապատմական կյանքի հազարամյակների ընթացքում, եւ ականատեսների ու նրանց հետնորդների հիշողության մեջ դրոշմված պատմական իրադարձությունները միաձուլվել, մի միասնական ամբողջություն են կազմել... հնագույն առասպելները կուտակվել են, ընդունել հստակ եւ կուռ ձեւեր... վեր են ածվել հերոսներին փառաբանող կապակցված պատմությունների...»: Եվ որ այդ հերոսները «անգիտակցորեն կապ են պահպանում միայն մի տարերքիՙ ջրի հետ»:

Գիտնականների հուշումները բանալի են կամ հավատի աջակցում Դավոյանի նպատակի իրագործման համար, Խորենացու գրառած առասպելները, ասքերը որոշակի նյութՙ նախապատմական էպոսի «հիմնական մասը» հավաքելու, բայց դժվարագույնը սկզբի, նախասկզբի որոնումն է, որը, ըստ ենթադրյալ էպոսի, մեր ժողովրդի պատմության սկիզբն է: Եվ այդ պատմությունը որպես էպոսի սկիզբ ներկայացնելու վարկածը «ձեւավորելու» համար, իր իսկ հավաստումով, իրեն «հասու առավել հավաստի աղբյուրները երեքն ենՙ Աստվածաշունչ Ս. Գիրքը, Խորենացու «Հայոց պատմությունը» եւ «Սասնա ծռեր» էպոսը», որոնց հուշումներով, առանձին դրվագների ու մտքերի մեկնաբանություններով ու կառուցումներով (հաճախ տրամաբանական ու համոզիչ, երբեմնՙ ոչ այնքան) նա փորձում է «վերագտնել հայոց հնագույն նախապատմական էպոսը»:

Այսպես, Ս. Գրքի առաջին իսկ տողերը նրան հուշում են, թե «այն անսահման մեծ մի ջրհեղեղի ակնարկ-նկարագրություն է, ասենքՙ Առաջին Մեծ ջրհեղեղի կամ թեկուզ Նոյի ժամանակվա ջրհեղեղին նախորդող ջրհեղեղներից մեկի, որով իրագործվել է Աստծո զայրույթը երկրի վրա գոյություն ունեցող չարաղետ կյանքի նկատմամբ»: Այդ է հուշում հեղինակին նաեւ Խորենացուՙ Նոյի ժամանակվա ջրհեղեղի կապակցությամբ ասված «երկրորդ դարի զազրագործ մարդկանց սատակումով...» միտքը, ուր «երկրորդը» հուշում է նաեւ «առաջինի» գոյություն: Մեզ հայտնի էպոսիՙ Սանասարի մայր Ծովինարիՙ ջրից հղիանալու գաղտնիքը նրա գենետիկ հիշողությամբ է բացատրում Դավոյանը: Դիցաբանական Ծովինար աստվածուհուՙ իր նախամոր անունը ով գիտիՙ քանի՜ սերունդների փոխանցմամբ է հասել մեր նոր ժամանակներին, ու նոր էպոսի ստեղծողները Գագիկ թագավորի աղջկան կնքել են հենց այդ անունով: Նախապատմական այս էպոսում Դավոյանը Ծովինարին «տեղավորում է» այն առաջին Ջրհեղեղից էլ առաջ, որպես ջրային տարերքը կարգավորող օգնական աստվածուհու, որ նաեւ դառնում է մայր երկուՙ Սանասար եւ Բաղդասար ծովածին որդիների եւ Աստղիկ, Անահիտ, Գիսանե, Նանե դիցուհիների:

Դավոյանի առաջաբան-խոսքըՙ «թռուցիկ ակնարկը», ընդարձակ է: Չմանրամասնենք, ասենք միայն, որ հեղինակը իր համարձակ նախաձեռնության մի այլ արդարացում էլ ունի: Այն, որ թեեւ դարերի ընթացքում գիտությունը մարդկանց անհասկանալի ու զարմանալի շա՜տ գաղտնիքներ է առ այսօր բացել, բայց շատ «հարցերի պատասխանները չունի, եւ առավելագույնըՙ իբրեւ պատասխան, առաջարկում է վարկածներ, որոնց հավաստիությունը նույնքան է, որքան առասպելներինը, եւ դրանց հավատալ-չհավատալու հանգամանքը կախված է ընդամենը մարդկանց բարեհաճությունից: Միաժամանակ հայտնի է, որ յուրաքանչյուր վարկած կյանքի իրավունք ունի այնքան ժամանակ, քանի դեռ գիտությունն իր հայտնագործություններով չի ժխտել դրանք»: Ուրեմն կարող ենք նաեւ իբրեւ մի վարկած ընդունել, եւ հենվելով հենց առասպելների բեկորներից քաղված հուշումների վրա, ու նաեւ այն իրողության, թե գործ ունենք ի վերջո ոչ թե գիտական, այլ գեղարվեստական, ավելինՙ ժողովրդական բանահյուսական պատումին բնորոշ ստեղծագործության հետ, հնագույն նախապատմական մեր էպոսի, որի գոյությանը ոչ ոք չի կասկածում, «վերականգնման» դավոյանական այս փորձին հավատալը պարզապես վստահենք մեր բարեհաճությանը:

Քանի որ մեզ պե՛տք են այդպիսի փորձերը: Մեզ պետք է հենց առասպելների բեկորներից, ժողովրդի հավատալիքներից հավաքված մի ամբողջական հյուսվածք մեր նախապատմական ընթացքի մասին, որպես հիմք ու սկզբունք մեր ժողովրդի կազմավորման, մեր պատմության շարունակականության:

Որ աշխարհի հնագույն ժողովուրդներից ենք, հայտնի է, իսկ սկի՞զբը, իսկ վաղնջական ժամանակնե՞րը: Որպես հնագույններիցՙ մենք էլ պիտի ունենանք մեր «նախա-նախա»-ն ու նրան շարունակողները: Ու եթե կարողանանք հին կորած կոթողի փշուր-փշուր, ցրիվ եկած բեկորները գտնել, իրար բերել, ագուցել տեղը տեղին, ինչպես հմուտ «շինարարն է վերականգնում ավերված տաճարը նրա բեկորներից»ՙ փշրված կամ կորածների փոխարեն համապատասխանեցնելով նորերը, հնարավոր է թերեւս վերագտնել նաեւ մեր «նախապատմական էպոսի գրեթե ամբողջական տաճարը, որտեղ երկյուղածությամբ եւ արժանապատվությամբ կարող է մտնել յուրաքանչյուր հայ մանուկ»,- հավատացած է Դավոյանըՙ թերեւս ակնարկելով, թե կյանք մտնող հայ մանուկին, պատանուն մկրտվել է պետք իր սկզբիՙ իր նախապապերի, իր պատմության ավազանումՙ նրանց շարուկանողը լինելու արժանապատիվ հպարտության զգացողությամբ: Եվ գիտակցությամբ, թե հեռավոր ո՛ր ժամանակներից են գալիս ու փոխանցվում մեր տեսակի հատկանիշները: «Ովքե՞ր ենք եղել մենք եւ որտեղի՞ց ենք գալիս» Խորենացուց Չարենց ձգվող հարցը ուրեմն շատ ու շատ առաջ է եղել, որ գուցե չէր հնչվում, բայց պատասխանվում էր առասպելներում, փոքր ու մեծ ասքերում:

Դավոյանի հուշումըՙ նաեւ այս հնագույն էպոսի, որպես մանկանց (եւ ոչ միայն) ներշնչարան համարումը, ինձ թույլ է տալիս ասելու, թե այն առաջնապես ուղղորդված է հատկապես մանուկ ու պատանի ընթերցողին: Չմոռանանք, որ Հ. Թումանյանը իր «Սասունցի Դավիթը» պոեմը (էպոսի իր մշակումը) գրեց հենց փոքրերի համար: Մեր էպոսի (պատմական թե նախապատմական շրջանի) հնադարյան առասպելների, ասքերի, ավանդությունների մշակման, նույնիսկ հերոսների արդիականացումով, հնարովի, իրապատում թե ֆանտաստիկ սյուժեներով ժամանակակից հեքիաթների ստեղծումըՙ նրանց մեջ մեր ազգային ու համամարդկային որակների ընդգծումներով, մանուկ ու պատանի ընթերցողի համար միշտ էլ կարող են հետաքրքրական լինել, էլ չեմ ասումՙ կարեւոր ու անհրաժեշտ, ոչ միայն նրան «վիրտուալ» սարքերից, գայթակղիչ խաղերից ու պատկերներից մի պահ կտրելու, այլեւ չկտրելու համար իր պատմությունից, մարդկային այն որակներից, որ ունեցել են մեր նախորդները ի սկզբանե ու փոխանցել սերնդեսերունդ:

Սկզբի, ակունքների որոնման, այն մինչեւ ծովերի աստվածուհի Ծովինար ու ջրային ծնունդ Սանասար ու որդի Մեծ Հայր-Մհեր աստվածներին հասցնելու նպատակը, հեղինակի հավաստմամբ, բնավ չի ենթադրում նախանձախնդրություն «մեզ ուրիշ ժողովուրդներից նախապատվություն տալու կամ մեր մեջ ավելորդ հպարտություն բորբոքելու», այլ, որ պարզապես ջրիՙ որպես կյանքի սկիզբ ու ամենագլխավոր պայման, մեր ժողովրդի պատկերացումն է հնագույն առասպելներից սկսած առ այսօր, ու պատահական չէ, որ նրանց անուններով կոչում է իր զավակներինՙ սերնդից սերունդ:

Սկզբնապես ու առաջին հրատարակության համար, անշուշտ, կարեւոր էր ու անհրաժեշտ գրքի առաջաբան-խոսքըՙ «պատմական թռուցիկ ակնարկը»ՙ ցույց տալու համար հեղինակի կռահումների կռվանները, բայց ի վերջո առավել կարեւոր է, թե ինչպիսին է բուն ստեղծագործությունը:

Վիպասքի (այսպես է անվանում ամենասկզբումՙ «Վիպասքի սկիզբը») չորս մասերից առաջինը Աստվածաշնչյան հղում ունիՙ նոր աշխարհակերտումն ու մարդու արարումը, Ջրհեղեղ ու Նոյ, հեղինակային հավելումովՙ Առաջին ջրհեղեղ, ջրերի աստվածուհի Ծովինար, նրա որդիներն ու դուստրերը, Սանասարի որդի Մեծ Հայր- Մհերը, նաեւ «Աշխարհակործան պատերազմների սկիզբը», որը սակայն Խորենացու գրքից է: Միայն թե այստեղ ինձ հասկանալի չէ, թե այս վերջին գլուխըՙ Զրվանի, Տիտանի ու Հապետոսթեի առասպելը հեղինակը ինչո՞ւ է դրել Նոյի պատմությունից առաջ, երբ ակնառու է իր հավատն ու սերը Խորենացու եւ նրա գործի նկատմամբ. չէ՞ որ Խորենացին, մեջբերելով իր կարծիքով «շատերից ավելի ճշմարտախոս» Սիբիլլայի խոսքը, թե Նոյի «դեպի Հայաստան նավարկումից հետո երկրի իշխաններ են դառնում Զրվանը, Տիտանը եւ Հապետոսթեն», ավելացնում էՙ «որ ինձ թվում ենՙ Սեմը, Քամը եւ Հաբեթը», ապա շարունակում է պատմել ամբողջ առասպելը հենց Սիբիլլայիցՙ պատմությունը հաստատելով «ոմանց անգիր հին զրույցներով» եւ հավելելով, թե «արեւելքի կողմերում Սեմին Զրվան են կոչում»: Նաեւ ասենք, որ Խորենացին Նոյի որդի Հաբեթին հենց Հապետոսթե անունով է կոչում, նրա սերնդից Հայկին «Հապետոսթյան Հայկ» է անվանում, իսկ Բելին, որ Քամի սերնդից էՙ «Տիտանյան Բել»: Տարբեր առասպելների, վիպերգերի ստեղծման ժամանակ կարող են, իհարկե, տեղերը, ժամանակները խառնվել, ետ ու առաջ ընկնել, բայց մշակող հեղինակը, որ հետամուտ է նաեւ պատմություն ստեղծելուն, «առասպելից պատմություն կորզել»-ուն, թերեւս պետք է պահի շղթայի օղակների տեղը: Գուցե, մտածում եմ, հեղինակը կամեցել է շեշտել, թե «աշխարհակործան պատերազմները» եղել են Նոյից առաջ, եւ այդ պատճառով է Աստված մարդկանց ջրհեղեղով պատժել: Թերեւս, բայց Ս. Գիրքը դրա պատճառը համարում է «չարագործությունը», «ապականությունը», «անարդարությունը», որով լցվել էր երկիրը:

Այս մասում ես մի հարցական էլ ունեմ: Արդեն Աստվածաշնչով ամրակայվածՙ աշխարհի ստեղծման վեցօրյա ժամանակից ինչո՞ւ է Դավոյանը այստեղ մարդու արարման ժամանակը թողնում հետագա օրերին: Ինքն էլ է ասում, թե «վեց օր արարեց», «յոթերորդ օրը նա դադար առավ», բայց... հետո միայնՙ «Խորհում էր սակայն,// թե ինչ կենդանի էակ ստեղծի», որ տեր դարձնի իր ստեղծած գեղեցիկ ու կատարյալ երկրին: Եվ հետո միայն, Ծովինարի խորհրդով («Տե՛ր, քո պատկերով նրան արարիր»), նա կավից կերտում է մարդուն, հայտնի չէ ութերորդ թե հաջորդ օրերին: Ինչո՞ւ:

Վիպասքի մնացած երեք մասերը հին հեթանոսական շրջանի բանահյուսությունից մեզ հասած վիպերգերն են երեք քաջազուններիՙ Հայկի, Արամի ու Տիգրանի մասին, որոնք հայտնի են Խորենացու «Հայոց պատմություն» գրքից (Առաջին գլուխՙ «Հայոց մեծերի ծննդաբանությունը»): Իսկ ինչու հատկապես ա՛յս վիպերգերը, հեղինակին «հուշել» է («Պատմահոր խորհրդի հետեւողությամբ») Խորենացին, որ գրել է.«Ուստի ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել - Հայկ, Արամ, Տիգրան, որովհետեւ քաջերի սերունդը քաջերն են, իսկ նրանց միջեւ եղածներին ով ինչպես ուզում է, թող կոչի»: Դավոյանը այս քաջազունների պատմությունները առանձնացնելովՙ թռուցիկ հիշատակում է նաեւ նրանց իրար միացնող անուններ, որ պահպանի սերունդների, պատմության կապերը:

Առասպելներով ու զրույցներով, անգամ այլոց գրավոր փոխանցմամբ (հենց ժողովրդական զրույցների հիման վրա, որ ըստ Խորենացուՙ Վաղարշակ արքայի պատվերով, քաղվածաբար, մեզ է թողել Մար Աբաս Կատինացին), Հայոց պատմության սկզբում Հապետոսթյան Հայկն է, Նոյի Հաբեթ որդու թոռան թոռը, Թորգոմի որդին: Արամը Հայկից հետո վեցերորդ սերունդն է, իսկ Տիգրանը շատ ավելի ուշ շրջանի, մեր Հայկազյան տոհմի թագավորներից է, Պարույր Սկայորդուց հետո ութերորդը: Հայկըՙ Սկիզբն է հայության եւ հայոց լեզվի (չէ՞ որ հենց լեզուն է

ազգերի առաջին հայտանիշը), ըստ Կատինայիՙ «աստվածներից առաջ եկած» «հսկաներից մեկը, անվանի եւ քաջ նախարար» («Բաբելոնյան խառնակության», տարբեր ազգերի լեզուների առաջացման, նրանց «ողջ աշխարհով մեկ» սփռվելու ժամանակն էր):

Երեք այս հայկազյան քաջերի մասին վիպերգերը Դավոյանի պատումի մեջ կազմում են ծանրակշիռ մաս, իսկ սկիզբը, Աստվածաշնչյան ու դիցաբանության հիմքերով ու «կռահումների զուգահեռ ճանապարհներով», նրանց Սկզբի որոնման, գտնելու մի փորձ է, որ կարող է նաեւ ընդդիմախոսներ ունենալ (գուցե բանագետները այն «գիտականորեն» փաստարկված չհամարեն), այս դեպքում, թերեւս, կարեւորն այն է, որ ամբողջության մեջ վիպասքը կարդացվում է հետաքրքրությամբ եւ այն նախապատմական մեր էպոսը համարել` բնավ այպանելի չէ: Բայց արդյո՞ք այն ունեցել է ընդհանրական անուն եւ այն էլՙ «Ծովինար», դժվար է ասել, եթե անգամ մեր հեթանոսական բանահյուսության մեջ ծովերի աստվածուհուն տրվեր նախասկզբի պատիվը: Դավոյանի «հավաքած» վիպասք-էպոսում էլ այդ դիցուհին ընդամենը առաջին մասում է, մինչեւ Նոյի տապանը Մասիսի վրա բարեհաջող կանգնեցնելը: Ինչեւէ, թող կոչվի «Ծովինար»: Կարեւորը այն է, որ առասպելավիպերգահյուս այս ամբողջությունը դառնում է նաեւ պատմությունը մեր նախահայրերի, հավաստումը մեր հնամենիության, մեր ազգային հոգեկերտվածքի, ժառանգաբար փոխանցվող մարդկային այն լավագույն հատկանիշների, որ առ այսօր համարվում են համամարդկայնության չափանիշներ: Վիպասքի հերոսները, կարելի է ասել, կերտված են վարպետորեն. աստված են թե իշխան կամ արքա, մարդ ենՙ բնավորությամբ առանձնացող եւ տպավորվող ընթերցողի մտապատկերումՙ իրենց արտաքինով, մտածումներով, արարքներով: Ասել էՙ այն, ինչ գեղագետիՙ գրող-բանաստեղծի առաջին շնորհն է ու խնդիրը (մարդ ու կյանք կերպավորել), իրագործվել է: Իրագործվել է նաեւ մեր տեսակի ընդհանրական կերպարի ստեղծումը եւ կարեւորումը նրա այն հատկանիշների, որ ձեւավորվել են վաղուց անտի եւ փոխանցվում են արդեն քանի՜ հազարամյակՙ մեկ անգամ եւս հիշեցնելով, թե «ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում», հիշեցնելու մեր հարեւաններին (ինչու չէՙ երբեմն նաեւ մեզ), ովքեր ամեն տարի մի քանի դարով ետ են տանում իրենց ծագման ու «մշակույթի» պատմությունը: Չմանրամասնելով, հիշեմ թեկուզ այս վիպասքում ընդգծվող մի երկու ընդհանրական հատկանիշ, որ փոխանցվել էՙ հիշատակվելով ոչ միայն մեր նախապատմական վիպերգերում, այլեւ պատմական շրջանի գրավոր աղբյուրներում, «Սասնա ծռեր» էպոսում: Ասենք, երկար ու ձիգ դարերի ընթացքում մշտապես դրսեւորված մեր խաղաղասիրությունը, սեփական հողը, ինքնությունը պահպանելու ձգտումը, իսկ պարտադրված պատերազմներումՙ գլխավորապես պաշտպանականը:

Դ. Դեմիրճյանը, Վարդանանց պատերազմի ու «Սասունցի Դավիթ» էպոսի իր խորազնին ուսումնասիրությամբ, զուգահեռներով արել է այն ուշագրավ եզրահանգումը, թե «Սասունցի Դավիթը» կրում է իրեն նախորդող «Տարոն», «Պարսից պատերազմ» եւ իրեն զարմանալի նման «Հայկ եւ Բել» վեպերի ազդեցությունը, արձագանքել է .. նման վեպերի սյուժեներին... Որդեգրել է հայ ժողովրդի հիմնական թեման իր գաղափարով - պաշտպանական թեման...»: Ահա «Սասունցի Դավիթ» էպոսում հերոսները կռվի մեջ են մտնում զուտ ինքապաշտպանության համար, բռնավորի, իրենց ստրկացնողի դեմ, Դավիթը ոչ միայն չի կռվում թշնամու զորքի դեմ, այլեւ նրանց խորհուրդ է տալիս տուն վերադառնալ: Էպոսի հերոսների համար գերակա զգացումը հայրենասիրությունն է, ազատասիրությունը: Այդպես է նաեւ Վարդանանց համարՙ ընդդիմություն Հազկերտի բռնացմանը. Ավարայրի ճակատամարտը պարտադրված պաշտպանություն է (ինչպես Սարդարապատում 1918-ին), որ ապստամբության հետեւանքն էր, այդպիսին է նաեւ Հայկի կռիվը Բելի դեմ (պատահական չէ, որ Խորենացին այդպես էլ վերնագրում է այնՙ «Հայկի ապստամբության մասին»): Այս վիպասքում էլ, Խորենացուն հարազատ մնալով, Դավոյանն այդ գաղափարը ընդգծում է հենց վերնագրումՙ «Հայոց ինքնապաշտպանական պատերազմը քաղդեացիների դեմ»: Մեկտեղ, կողք կողքի ապրում էին Հայկն ու Բելը, բայց Բելը, իրեն բարձր դասելով բոլորից, դառնում է բռնակալ («Հարձակվեց,// «Տիրեց»,// «Գրավեց»,// Ջարդեց// մոտիկ ու հեռու ժողովուրդ, ազգեր»), ապա մարդիկ է ուղարկում Հայկի մոտ եւ պահանջում, որ նա էլ հպատակվի իրեն, մտնի իր իշխանության տակ: Հայկը մերժում է, անգամ փորձում է Բելին «Դարձի բերել իր արնախում վարքից,// Ազատել նրան կործանող չարքից//», բայց Բելը, չանսալով նրա խորհրդին, սուրհանդակների միջոցով հոխորտանքով սպառնում է Հայկի երկիրն ավերակ դարձնել, սրի քաշել նրա ողջ ժողովրդին: Հայկը խորհրդի է կանչում յուրայիններին, իր զորաբանակին. նրանք զայրացած են, պատրաստ են կռվելու, Նեռին պատառ-պատառ անելու, բայց Հայկը հորդորում է ընդամենը աչալրջորեն հսկել սահմաննները: Նա դեռ իր նախնիների խորհուրդը պիտի լսի: Կանչում է, եւ հայտնվում է Մեծ Հայր-Մհերը, որ Աստծո կամքով ծնվել էր Սանասար հորիցՙ «որպես Աստվածը հողեղեն մարդկանց,// Գեղեցիկ, հզոր, հսկա բոլորից// Որ զսպի ամեն չարաղետ հարված»: Եվ Մհերը, որ պատգամ ուներ Աստծուցՙ արյուն չթափել, Հայկին խորհուրդ է տալիս հեռանալ Բելից, եւ Հայկը հեռանում է դեպի հյուսիս, նոր բնակավայրեր հիմնում, շենացնում իր երկիրը: Եվ հետո միայն, երբ կրկին Բելը մեծ զորքով հարձակվում է Հայկի վրա, Հայկը ելնում է հակահարվածի եւ խոցում նրան իր երեքթեւյան նետով:

Այդպիսին էր Հայկի հաջորդներից նաեւ Արամը, որ «դարձավ քաջերից քաջագույնը եւ պաշտպան իր ժողովրդին ու հայրենիքին»: Նա էլ է ապստամբում, իր երկրից դուրս քշում «մարաց ցեղերի խուժանին», սպանում նրանց առաջնորդին, հալածում զորքերին, վերադարձնում տարած «ավարն ու գերիներին», ազատում հողը, Հայկի առաջին բնակության վայրերը: Այդպիսին էր նաեւ Արամի հեռավոր հաջորդներից Տիգրան արքան, որ իմանալով մարաց Աժդահակի իր դեմ լարած դավերի մասին, գնում է քրոջը ազատելու եւ Աժդահակիՙ իր զորքի վրա հարձակվելուց հետո է միայն մտնում կռվի մեջ եւ նիզակահարում Դեւին: Եվ այդքանից հետո (ինչպես չհիշել հայ տեսակի մեծահոգության ու ասպետականության մասին) հավատարիմ նախնյաց մեծերի ավանդներինՙ Տիգրանը իր գերիների մեջ գտնելով Աժդահակի առաջին կնոջըՙ Անուշին, «Իր ամբողջ ցեղով,// Իր տուն ու տեղով,// իր բեռ ու բարձով...// Եվ ավելի քան մի բյուր մարդկանցով» կալվածքներ է տալիս, բնակեցնում է Գողթան գավառում:

Թերեւս հիշենք նաեւ հեռավոր հետնորդներից մեկի Մուշեղ Մամիկոնյանի արարքըՙ Շապուհիՙ գերեվարված կանանոցի նկատմամբ վերաբերմունքը: Արամի վիպերգը սկսելուց առաջ Դավոյանը հիշեցնում է, թե անգամ այն տարիներին, երբ օտար խուժանը «ասպատակում էր եւ ավարառում, // Սակայն հայոց մեջ դեռ կենդանի էր// Պատգամը հնոցՙ// Կուռքեր չշինել,// Ապրել անարյուն,//Մշակել հողը,// Կառուցել շեներ»: Այո՛, հեթանոս հայը ստեղծեց ու պաշտեց աստվածներ, նրանց արձաններ կանգնեցրեց, բայց կուռքեր ու կռատուն չունեցավ:

Ամբողջ վիպասքի ընթացքում «Արդեն լույս դարձած մեր ազնվածին նախապապերի» կերպարները իրենց ընդհանրություններով ու նրբերանգներով գույն առ գույն հարստացնում ու ամբողջացնում են հայի ընդհանրական կերպարը, եւ նրանց պատմությունները, միջանկյալ կապերով ագուցվելով, դառնում են պատմության շղթաՙ մեր պատմությունը (թող որ բանահյուսական հորինումներով), եւ այդ պատմությունը սիրելի ու հաճո է դառնում ընթերցողին, ինչպես սիրելի ու հարազատ են դառնում մեր նախապապերը: Կարեւոր է, որ վիպասքը ընթերցողին փոխանցում է ինքնաճանաչողության, ժառանգորդության, հպարտության ու պատասխանատվության զգացողություններ:

Եվ այս ամենը, անշուշտ, ոչ միայն ժողովրդական ստեղծագործության բնակտորների հավաքման-մեկտեղման շնորհիվ է, այլեւ նորօրյա հեղինակի պատումի լեզվական բարձր արվեստիՙ չափածո թե արձակ: Բանաստեղծ Դավոյանը այս չափածո էջերում դարձյալ իր պոետական վարպետության բարձրության վրա է, մեր դասական բանաստեղծության շրջանակումՙ համաչափ վանկ ու հանգ, քառատող թե բազմատող բանաստեղծական տողերով, ռիթմ ու երաժշտականություն, պատկեր ու զգայություն, անբռնազբոս էպիկական պատումՙ քնարականի անհրաժեշտ չափաբաժնով: Վիպասքի չորս մասերի պատումների մեջ, մերթընդերթ, Դավոյանը դրել է չորս քնարական շեղումներՙ «ինտերմեդիաներ», որ մերօրյա բանաստեղծի խոհերն ենՙ վիպասքի դեպքերի ու մեր ժամանակի զուգահեռով: «Ինտերմեդիաները» ասես մի տեսակ հուշումներ են, որ ընթերցողը իրեն զգա երկու իրականության մեջՙ էպոսի ու ներկայի, եւ մեր պատմության խորհուրդն ըմբռնի:

Վիպասքի մի մասը Դավոյանը պատմում է արձակ շարադրանքովՙ մերթ որպես վիպական պատում (հերոսներ, գործողություններ, երկխոսություններ), մերթՙ պարզապես հիշատակություններ, տեղեկություններ միջանկյալ սերունդների, ժառանգորդական կապերի մասին: Արձակ վիպապատումի լեզուն նույնպես անբռնազբոս է, արդիաշունչ, երբեն-երբեմն միայն ձգտումով, որ այն մոտեցնի բանահյուսական պատումների ոճին կամ Պատմահոր հաղորդած տեղեկությունների (որոնցից, բնականաբար, հաճախ է օգտվել) եւ դրանով պատմական ու բանահյուսական շունչ հաղորդի իր պատումին: Բերենք թերեւս երկու նմուշ Դավոյանի չափածոյից.

Սակայն ո՞վ գիտե, թե ի՞նչ էր տենչում

Չարն իր չարեղեն ուղեղի որջում:

Աստված փակել էր ճամփեքը չարի,

Չարն էլ նենգությամբ իր չար հանճարի

Անվերջ, անդադար դավ էր մտմտում

Իր չարի ծնունդ չարեղեն սրտում:

Կամՙ տպավորիչ այն պատկերը, թե մայրական ինչպիսի հոգածությամբ է ծովերի Աստվածուհինՙ Ծովինարը, Ջրհեղեղի ժամանակ պահպանում Նոյին.

Բայց հավատարիմ Աստծո պատգամին,

Այդ զարհուրելի փորձության ժամին

Նա իր ծփացող փեշերի վրա,

Ինչպես որ մայրն է մանկանն օրորում,

Օրորեց Նոյին,

Տապանը նրա,

Այնքան օրորեց,

Մինչեւ վայրէջքի բերեց վերջապես

Սանասար որդու ուսերի վրա:

Ավելացնենք, որ պատումին համոզչության նպաստ են բերում նաեւ ինտերտեքստերըՙ չակերտված քաղվածքները Խորենացուց, բայց, կարծում եմ, պետք չէր դրանց տակ նշել Խորենացու անունը, քաղվածքի էջը, կամ թեկուզ սկզբում նշելՙ «պատմիչն ասում է...»: Օգտագործած աղբյուրների հղումը հատուկ է բացառապես գիտական աշխատանքին, իսկ գեղարվեստական ստեղծագործության մեջ այն փոխում է պատումի եղանակը, ընթերցողին կտրում է գործողությունների ժամանակից եւ «պատմող» հեղինակին դարձնում «հետազոտող»: Հետազոտող է Դավոյանը, բայց առաջաբանում եւ այնտեղ հղումները, որ անում է, իրոք անհրաժեշտ են: Հղումները, անշուշտ, անհրաժեշտ են նաեւ Արամի վիպերգից հետո մինչեւ Տիգրանի վիպերգի սկիզբը (էջ 198-208) դրված տեքստում, քանի որ սա կապող օղակի պատմություն է, պատում չէ, այլ խոհեր ու վարկածներ, հակադարձումներ ու հստակեցումներՙ պատմիչներից ու գիտնականներից քաղված մեջբերումներով: Միայն թե այս հատվածի տեղը այստեղ չէ, որ պիտի լիներ, այլ միայն առաջաբանում:

Կառուցվածքային առումով մի երկու դիտարկում եւս: Արդեն ասել ենք, որ Խորենացու «խորհրդի հետեւողությամբ» Դավոյանը հյուսել է վիպասքըՙ Հայկ, Արամ, Տիգրան հաջորդականությամբ, բայց հայտնի չէ, թե ինչու է Արամի վիպերգը վերնագրել «Արամանյակի եւ Հայկյան Արամի մասին»: Ինչո՞ւ այս երկու անունները միացան, երբ Արամանյակը հատուկ ընդգծված քաջազուն հերոս չէ ո՛չ Խորենացու պատմության, ո՛չ էլ Դավոյանի տեքստում: Նրա մասին ընդամենը մեկ էջից էլ պակաս է հիշված, այն էլ Խորենացուց մեջբերումով, ու նաեւ Արամը Արամանյակից հինգ սերունդ ուշ է հիշատակված:

Դավոյանի վիպասքիՙ ծավալով ու գործողություններով ամենամեծ հատվածը Հայկի պատմությունն էՙ բաժանված երեք գլուխների: Թերեւս կարելի էր նաեւ, այդ երեք գլուխները մի ընդհանուր խորագրի տակ առնել, եւ Բազի ու Շամունեի պատմությունը, որ ամբողջովին Դավոյանի ստեղծածն է, մի քիչ ավելի սեղմել, քանի որ այն ծավալային առումով կարծես թե ճնշում է «Հայկ եւ Բել» վիպերգի վրա, թեեւ շատ լավ է գրված, վիպերգը հարստացնում է, հետաքրքրությամբ էլ կարդացվում է: Այն մի վիպական պատմություն է Հայկի տղաների ու հատկապես Բազ թոռան (որին հիշում է նաեւ Խորենացին), Բելի որդիների եւ հատկապես Շամունե դստեր, նրանց հարաբերությունների ու ճակատագրերի մասինՙ հասցնելով մինչեւ Բազի ու Շամունեի ամուսնություն ու ծնունդը Մենուինի զավակի, որ պիտի հետագայում կանգներ Բզնունյաց տոհմի գլուխ ու դառնար Արարադի (Ուրարտու) երկրի թագավոր: Ի դեպ, «Բազ եւ Շամունե» հատվածը առանձին կամ «Հայկ եւ Բելի» հետ միասին, ես պատկերացնում եմ կինոնկարի տեսքով եւ կարծում եմ, որ այն հետաքրքրությամբ կդիտվեր նաեւ այսօր պատանի կինոհանդիսատեսի (եւ ոչ միայն) կողմից:

Ասվել է, թե վիպասքում «արձակ շարադրանքը ընդմիջված է չափածո շարադրանքով»: Ավելի ճիշտՙ սկսվում է չափածո շարադրանքով (արարչագործությունից մինչեւ Հայկ) եւ ավարտվում է չափածո («Տիգրան եւ Աժդահակ»): Չափածո է նաեւ «Հայկի» եւ «Արամի» սկիզբը: Մնացածը արձակ պատում է, որոշ էջերՙ միայն չափածո: Թող որ այդպես լինի, հեղինակի որոշումն է, միայն թե երբեմն հասկանալի չի դառնում, թե ինչով են պայմանավորված այդ անցումները: Ինչո՞ւ, ասենք «Հայկի» չափածո (9 էջ) սկզբից հետո, «Բազ եւ Շամունե»-ից առաջ մեկ ու կես էջ արձակով պիտի շարունակվեր, կամ «Արամի» գեղեցիկ չափածոյով սկսվածքը շարունակվեր արձակՙ ընդամենը մեկ ու կես էջով: Ինչո՞ւ, երբ նախորդ էջերը վկայում են, որ հեղինակը խնդիր չունի սահուն, անբռնազբոս չափածո պատում ստեղծելու գործում:

Ես կուզեի, որ հայահունչ ու հայրենաշունչ այս գիրքը, որ հայոց հնագույն նախապատմական էպոսի պատկերացման մի փորձ է, դառնար հայ պատանիների ընթերցանության գրքերից մեկը: Եվ կուզենայի, որ երկրորդ հրատարակությամբ «Հայկի» եւ «Արամի» վիպերգերն էլ ամբողջանային չափածոյով, իսկ արձակով լինեին միայն դրանք միացնող հիշատակումները, իսկ առաջաբան-թռուցիկ ակնարկը մի քիչ ավելի խտացվեր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ