RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 26-02-2016



75-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2016-02-25 20:49:21 (GMT +04:00)

ՓԱՅԼՈՒՆ ՊԱՐՈՂ, ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ, ՂԵԿԱՎԱՐ...

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Փետրվարի 21-ին Ազգային օպերայի եւ բալետի բեմահարթակում կայացավ Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ:

Դժվար է նույնիսկ հակիրճ կերպով թվարկել ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի բազմազան գործունեության բոլոր ուղղությունները: Այն պահից, երբ նա 1948 թ. ընդունվեց Երեւանի պարարվեստի ուսումնարանը, անցել է 68 տարի: Եվ այդ բոլոր տարիներին նա ապրում է եւ ստեղծագործում պարի չքնաղ աշխարհում:

Մեհրաբյան-պարողը բազմակողմանի ամպլուայի տեր էր: Նա հոյակապ տիրապետում էր թե՛ դասական, թե՛ ժողովրդա-բնութագրական պարերի վարպետությանը: Նա ստեղծել է քնարական, դրամատիկ, ողբերգական, կատակերգական կերպարներ:

Կատարողական ոճի ազնվականությունը, անշուշտ, հանդիսանում էր Մեհրաբյան-պարողի անբաժանելի հատկությունը: Սա արտահայտվեց թե՛ այն դերերում, որոնք նա կատարեց մեր օպերայի եւ բալետի թատրոնում, եւ թե՛ այն պարային համարներում, որոնք նա կատարեց Լենինգրադում, երբ աշխատում էր Լ. Յակոբսոնի «Խորեոգրաֆիկ մանրապատումներ» համույթում: Վառ կերպով արտահայտվեց Մեհրաբյանի տեմպերամենտը Հայաստանի պարի պետական անսամբլում կատարած հայ ժողովրդա-բեմադրական պարերը:

Այն պահից, երբ Մեհրաբյանը դարձավ Երեւանի Պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար (1973-1983 թթ.), բացահայտվեցին նրա տաղանդի երկու այլ առանձնահատկությունները` ղեկավար-կազմակերպիչի եւ բալետմայստերի: Նա «երկաթե ձեռքով» ներմուծեց ամենախիստ կարգապահությոնը, չէր հանդուրժում ամենամանր շեղումները առաջադրված պարային կոմպոզիցիայիցՙ լիներ դասարանում, թե փորձերի կամ ներկայացման ժամանակ: Բոլոր վերը թվարկված Մեհրաբյան-ղեկավարի հատկությունները, որոնք կարելի է եւ այսօր նկատել, ժամանակին ստեղծեցին բարենպաստ պայմաններ թե՛ բալետի, թե՛ ժողովրդա-բեմական պարող-պարուհիների մասնագիտական նախապատրաստման համար: Մեհրաբյանիՙ պարարվեստի ուսումնարանի ղեկավար եղած ժամանակաշրջանում այն ավարտեցին բազում կատարողներ, որոնք առաջնային տեղեր գրավեցին ոչ միայն Երեւանի պարային համույթներում եւ թատրոնում, այլեւ արտասահմանյան պարախմբերում: Մեհրաբյանի նույն «երկաթե» ձեռքը պահպանում էր խաղացանկի կայունությունը եւ ներկայացումների կատարողական որակը այն ոչ երկարատեւ շրջանում (1984-1986 թթ.), երբ նա Ա. Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարն էր: Սակայն Մեհրաբյանը հեռացավ թե՛ ուսումնարանից, թե՛ թատրոնից: Էությամբ ակադեմիական այդ հիմնարկությունները թելադրում են եւ վերջին հաշվով որոշում են խաղացանկային քաղաքականության օրենքները: Իսկ Մեհրաբյանը որոշեց ստեղծել սեփական թատրոն եւ որոշումը ի կատար բերեց 1987 թ.: Այդպես կազմավորվեց «Բարեկամություն» պարային համույթը, որը հաջորդ` 2017 թ. կտոնի իր 30-ամյա հոբելյանը: Անշուշտ, յուրաքանչյուր ռեժիսոր եւ բալետմայստեր երազում է ունենալ «սեփական» թատրոնը, սակայն քչերին է դա հաջողվում: Է՛լ ավելի պակաս բեմադրողների է հաջողվում այդպիսի համույթ ստեղծելուց հետո պահպանել այն, այն էլՙ հասցնելով բարձրագույն մակարդակի: Մեհրաբյանը կարող է հպարտությամբ ասել (ինչպես հաճախ ասում են ամերիկյան կինոնկարներում)` «Ես դա արեցի»:

Կազմակերպած համույթի անվանումը` «Բարեկամություն», այսօրվա օրով կարելի է մեկնաբանել որպես խաղացանկում տարբեր արեւմտյան եւ արեւելյան պարային համակարգերի առկայություն: Համույթի մի շարք համարները ստեղծել են տարբեր երկրների բալետմայստերներ, սակայն խաղացանկի գերակշռող բաժինը Մեհրաբյանի հեղինակային մեծ խորեոգրաֆիկ հորինվածքները, բալետներն ու մանրապատումներն են: Յուրաքանչյուր համերգային ծրագիր, որ ներկայացվում է հանդիսատեսին արդեն 29 տարի անընդմեջ, զարմացնում է իր բազմազանությամբ եւ նորություններով: Նշենք նաեւ, որ Մեհրաբյանին հաջողվեց ապահովել իր համույթի թե՛ կատարողական որակը եւ թե՛ խաղացանկի կայունությունը, նույնիսկ «մութ տարիներին», երբ կարծես ամեն ինչ միայն նահանջ էր ապրում: Իսկ այսօրվա օրով այն կարելի է անվանել Հայաստանի թիվ մեկ պարախումբը` իր մակարդակով եւ կայունությամբ, որն անընդհատ ամրապնդվում է (ցավոք, ի տարբերություն գլխավոր պարային խմբի` Ազգային օպերայի եւ բալետի պարախմբի, որը լավագույն օրեր չի ապրում ներկա շրջանում): «Բարեկամություն» համույթը ունի այժմ կից ուսումնարան, որտեղ նոր կատարողների սերունդ են նախապատրաստում: Մեհրաբյանը բազմաթիվ պարային համույթների կազմակերպիչ է (հայ սփյուռքի ուժերով)` Բեյրութում (*), Հալեպում, Կիպրոսում եւ այլուր:

Այժմ անդրադառնանք Մեհրաբյան-բալետմայստերի նկարագրին, եւ անմիջապես ընդգծենք, որ նրա բալետմայստերական «ձեռագիրը» անկրկնելի է, ուրույն եւ վառ: Մեհրաբյան-բալետմայստերի ոճը ակնհայտ եղավ իր առաջին իսկ բեմադրություններում` պարարվեստի ուսումնարանի հաշվետու-ավարտական համերգների խորեոգրաֆիկ մանրապատումներում եւ մեծածավալ հորինվածքներում, բալետներում: Արդեն այստեղ ակնհայտ դարձավ նրան բնությունից տրված երաժշտականությունը, չափակշռույթի եւ երաժշտական ելեւէջների նուրբ զգացողությունը, ինքնատիպ, քաջ ծանոթ պարային շարժումների անսովոր մեկնաբանումը, երաժշտական ձեւի, ոճի խորը ընկալումը:

Նշված առանձնահատկությունները կարելի է տեսնել նաեւ այսօր, «Բարեկամություն» համույթի ցուցադրած բեմադրություններում: Որքան զարմանալի է եւ հիասքանչ նրա «Աշխարհումս...» (Սայաթ-Նովայի «Աշխարհումս ահ չիմ քաշի» եռաձայն երգի մշակման հիմքով) եռապարը, որտեղ երաժշտական բազմաձայնությունը իր պարային մարմնավորումն է ստանում: Մանրապատումը կառուցված է վարիացիաների ձեւով իրար հաջորդող մի քանի դրվագներից, որտեղ կարծես թե շարժումները եւ դիրքերը կրկնվում են, բայց ամեն դրվագումՙ այլ տարբերակով: Որքան վառ, սլացիկ եւ քնարական դրվագներ է համախմբվում Ալ. Բորոդինի «Պոլովեցյան պարեր» («Իշխան Իգոր» օպերայից) հորինվածքը: Եվ ինչ մեծ հնարամտությամբ եւ վարպետությամբ է բեմադրված Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքո» բալետը, որտեղ հայ, դասական եւ մոդեռն պարային համակարգերի տարրերը այդքան յուրատեսակ ձեւով են միահյուսվում:

Ի դեպ, նկատենք, որ Մեհրաբյանի բեմական ոճի առանձնահատկությունները թերեւս ամենից վառ կերպով արտահայտվում են հայ պարային ֆոլկլորի տարրերի վրա հիմնվող բեմադրություններում: Մեհրաբյանը արդեն հասել է այն բարձրագույն մակարդակին, որը մեզ տանում է դեպի այն տիպի պարը, որը մենք մինչ այդ չունեինք` հայ դասական պրոֆեսիոնալ պար. ոչ թե պարային ֆոլկլորի մշակում, այլ պարային լեզու, որը գենետիկորեն կապված է հնավուրց արմատներ ունեցող մեր ժողովրդական պարի հետ:

Ասում են, որ իսկական տղամարդը պարտավոր է իր կյանքի ընթացքում կառուցել տուն, տնկել ծառ եւ մեծացնել որդի: Այս բոլորը Մեհրաբյանը իրականացրել է: Նրա տունը` հիասքանչ «Բարեկամություն» համույթն է, նրա ծառը, ավելի ճիշտ այգինՙ նրա բազում բեմադրությունները, իսկ որդին... Մեհրաբյանը երեք որդու հայր է: Մեծը` Արթուր Ասատրյանը, այժմ Լոս Անջելեսում ղեկավարում է «Իմիջ» պարային ստուդիան, Ալիկ Մեհրաբյանը հաջողակ բիզնեսմեն է, ապրում է Երեւանում: Իսկ փոքրը` Արսեն Մեհրաբյանը, արդեն մեծ համբավ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլեւ հիմնականում Արեւմտյան Եվրոպայում: Հանրահռչակ բալետմայստեր Ջոն Նոյմայերի շնորհալի սանը աշխատել է մի շարք առաջատար բալետային խմբերում ու թատրոններում: Այժմ Շվեդական Թագավորական Բալետի առաջատար մենապարող է: Նա շնորհալի բալետմայստեր է եւ կազմակերպիչ. նրա ջանքերով է ստեղծվել արդեն համբավ վայելող «Հզոր զգացմունքներ» բալետային խումբը: Նշված համույթը մի քանի անգամ արդեն հանդես է եկել Երեւանում, ցուցադրել Արսեն Մեհրաբյանի բեմադրած պարային հորինվածքները: Այս անգամ Արսեն Մեհրաբյանը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար պարողներ Մինջի Նամին եւ Ադիլիջան Աբդուռահմանը մասնակցեցին Նորայր Մեհրաբյանի հոբելյանական համերգին: Առաջին բաժնում` Ն. Մեհրաբյանի «Լորեցի Սաքո» բալետում, Արսեն Մեհրաբյանը հանդես եկավ գլխավոր դերումՙ թողնելով մեծ տպավորություն հանդիսատեսի վրա թե՛ իր միջազգային մակարդակի դասական եւ մոդեռն պարերի վարպետ տիրապետությամբ, եւ թե՛ իր դերասանական տաղանդով: Ցուցադրվեցին նաեւ Մեհրաբյան-կրտսերի «Տեւական ձմեռ», «Մոցարտ», «Անծանոթների հանդիպում» (վերջինըՙ Ֆրանկ Սինատրայի երկու երգերի հիման վրա) մանրապատումները:

Եվ այսպես, սիրելի հոբելյար, թող Ձեր կառուցած տունը` «Բարեկամություն» համույթը, կանգուն լինի, Ձեր տնկած այգին ծաղկի` հայտնվեն նոր եւ հիասքանչ բեմադրություններ: Եվ թող Ձեր որդիները բարգավաճեն, իսկ Արսենը հասնի համաշխարհային ճանաչման:

*) 1982 թ.ին, իսրայելական բանակի ներխուժմանը նախորդող ամիսներին, Նորայր Մեհրաբյանը Բեյրութում հիմք դրեց ՀԲԸՄիության Հայ երիտասարդաց միության եւ Թեքեյան մշակութային միության միացյալ պարախմբի, որի պատանի-երիտասարդ անդամները զգացին եւ ապրեցին հայկական պարարվեստի հմայքն ու գրավչությունը, հաջորդական փորձերի ընթացքում: Ափսոս, որ պատերազմական վիճակի պատճառով դա չդրսեւորվեց բեմերում: Սակայն ամիսներ անց, արդեն այլ պարուսույցի ղեկավարությամբ (Գառնիկ Գազազյան), Հայկական պարերի այդ հմայքը մարմնավորվեց ՀԵԸ-ԹՄՄ միացյալ պարախմբի ելույթներով, Casino du Liban-ի հրաշալի բեմի վրա: Խմբ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ