RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2016-07-14 19:53:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2942, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱՄՈՐԹ ԴԵՐԱՍԱՆԸ «ՀԱՅՖԻԼՄՈՒՄ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Խորհրդային կառավարությունը թե՛ քաղաքականությամբ, թե՛ մշակույթով մշտապես իր համակրանքն էր ցուցաբերում Աֆրիկայի ազատագրական պայքարի հանդեպ: Այն արտացոլվել է նաեւ տարբեր խորհրդային հանրապետություններում ստեղծված արվեստի գործերում, եւ Հայաստանը բացառություն չէր: Դեռեւս 1930-ին նկարահանված Ա. Դանիելյանիՙ պիոներական ճամբարի առօրյան ներկայացնող «Առաջին ճառագայթները» խաղարկային շարժանկարի հերոսներից է եղել մի սեւամորթ (դերակատարՙ Հ. Դանիելյան): Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Արեւի ցոլքերում» մանկական օպերայի գլխավոր հերոսը սեւամորթ Բերբերոն է, որ հասնում է Խորհրդային Միություն եւ այնտեղ ձեռք բերում «իսկական հայրենիք, ազատություն եւ երջանկություն»: Իսկ 1956-ին «Հայֆիլմում» Ստեփան Կեւորկովը եւ Էրազմ Մելիք-Քարամյանն էկրանավորել են հարավ-աֆրիկացի անգլիագիր գրող Փիթեր Հենրի Աբրահամսի «Ամպրոպի արահետով» վեպը: Սպիտակամորթ աղջկա եւ սեւամորթ երիտասարդի սիրո տխուր պատմությունը ներկայացնող այս հակառասիստական ստեղծագործությունը գրվել է 1948 թվականին եւ ժամանակին մեծ ժողովրդականություն է վայելել Խորհրդային Միությունում: Հետաքրքրական է, որ հայֆիլմյան էկրանացումից երկու տարի անց ազերի երգահան Քարա Քարաեւը այդ ստեղծագործության հիման վրա գրել է համանուն բալետ:

Աֆրիկացի գրող, լրագրող եւ քաղաքական մեկնաբան Փիթեր Աբրահամսը տակավին ողջ է, այս տարի լրացավ նրա ծննդյան 97-ամյակը: Մեզ հայտնի չէ, թե նա դիտե՞լ է արդյոք վաթսուն տարի առաջ Խորհրդային Միության փոքրիկ կինոստուդիաներից մեկում ստեղծված իր վեպի կինոտարբերակը: «Ամպրոպի արահետով»-ը կմնա որպես մի գրեթե կուրյոզային երեւույթ հայ կինոյի պատմության մեջ, որը, սակայն, անկախ առկա մի շարք կաղապարներից, դիտվում է նաեւ այսօր, նաեւ հատկապես գլխավոր դերակատարներիՙ հայ թատրոնի ու կինոյի խոշոր դեմքեր Հրաչյա Ներսիսյանի եւ Գուրգեն Ջանիբեկյանի փայլուն խաղի շնորհիվ:

Անշուշտ, անսովոր էր 1950-ականների խորհրդահայ իրականության մեջ համապատասխան միջավայրի ստեղծումըՙ եղբայրական աֆրիկացիների պայքարը կինոյի միջոցով ներկայացնելու նպատակով: Ինչպես նշել է հայ կինոյի առաջին կենսագիր Դանիել Դզնունին. «Բեմադրական խմբի առաջ խնդիր էր դրվածՙ ստեղծել բնության ծոցում մուլատական մի գյուղ: Եվ ահա, Աշտարակի խճուղու վրա, Երեւանից մոտ 20 կիլոմետր հեռու, մի քարքարոտ հարթավայրում կառուցվեցին գետնափոր եւ ներքնահարկ տներ, խանութներ, եկեղեցի: ....Գյուղի «հրապարակում» թանձր փոշի բարձրացավ, ճոճվեցին հարավային հատ ու կենտ «կակտուսներն» ու «արմավենիները», պայմանական դեկորների վրա նկարված անկենդան հեռավոր տնակները եւ ամբողջ «հարավ-աֆրիկյան» բնանկարը:

Լուսարձակները լույս են սփռում այդ «գյուղի» վրա, ռելսերի վրա դրված կինոտեխնիկան շարժվում է դեպի հրապարակ: Աշտարակի խճուղու վրա խռնված հարյուրավոր մարդիկ զարմանքով են դիտում այդ տարօրինակ գյուղական պեյզաժը եւ նույնքան տարօրինակ սեւամորթ ու գունավոր մարդկանց աշխույժ եռուզեռը:

Ահա Հարավ-Աֆրիկյան հանրապետության դերասան Տիտո Ռոմալին (sic) առաջ է շարժվում ջահը ձեռքին եւ դիմելով մուլատներինՙ գոչում. «Չպե՛տք է լռել, պետք է գործե՛լ...»: Հազարավոր ջահեր ճոճվում են օդում, եւ հուզված ամբոխը շարժվում է դեպի «Մեծ տունը» (տես Դ. Մ. Դզնունի, Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության, Երեւան, Հայպետհրատ, 1961, էջ 128-129):

Իրականում նշված դերասանը եղել է ոչ թե Հարավային Աֆրիկայից, այլ ծնունդով Բրազիլիայից եւ ազգանունն էլ եղել է Ռոմալիո: «Ամպրոպի արահետը» ֆիլմում նա կատարել է ուսուցիչ Մակոյի դրվագային դերը: Դզնունին նաեւ գրել է, որ այս ֆիլմում թույլ դերակատարում չկա, միայն հարկ է համարել նշել, որ «նեգր Մակոյի ճառը խաղաղության կոնֆերանսում պլակատային բնույթ է կրում, զուրկ է էմոցիոնալ ներգործության այն ուժից, որը հանդիսատեսը իրավունք ունի սպասելու հեղինակներից» (նույն տեղում, էջ 129):

Եվ այսպես, ո՞վ է եղել այս Տիտո Ռոմալիոն, որի արտասանած ճառը չի բավարարել հայ կինոգետին, միգուցե դերասան էլ չի եղել, այլ մեկն այն բազմաթիվ սեւամորթներից, որոնք 1950-ականներին սովորում եւ աշխատում էինՙ իր դռները հատկապես Երրորդ աշխարհի առաջ բաց արած Խորհրդային Միությունում:

Պրպտումները պարզեցին, որ Տիտո Ռոմալիոն ծնվել է 1923-ին, Բրազիլիայում, 1930-ականների սկզբին տեղափոխվել է Խորհրդային Միություն, ստացել ռուսական կրթություն, ամուսնացել ռուսուհու հետ եւ հաստատվել է Լենինգրադում: Նա 1950-ականներին հայտնի է դարձել որպես էստրադային արտիստ եւ կինոդերասան, երկրորդական ու դրվագային դերերով նկարահանվել է «Արտյոմկայի արկածները» (1956), «Չուկոտկայի պետը» (1966) եւ «Սեւ արեւ» (1970) ֆիլմերում: Ունեցել է երկվորյակ որդիներՙ Տիտո Էվֆալիո Մարիցա Յոզե եւ Միխայիլ Ռոմալիոներ: Տիտո Ռոմալիո-կրտսերը (1951-2010) գնացել է հոր ուղիովՙ մանկուց խորհրդային հակաիմպերիալիստական եւ արկածային ֆիլմերում կատարելով սեւամորթների դերեր: Դեռեւս հինգ տարեկանում հոր հետ նկարահանվել է «Արտյոմկայի արկածները» ֆիլմում, իսկ 11 տարեկանում եղբոր հետ խաղացել է հայտնի կինոռեժիսոր Մարկ Դոնսկոյի «Բարեւ, երեխաներ» կինոնկարում, կատարել գլխավոր դերերից մեկը: Ի դեպ, այս ֆիլմում ֆրանսիացի բժշկի դերում նկարահանվել էր Հայաստանի վաստակավոր արտիստ, Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասան Գեղամ Ոսկյանը (1915-1977): Տիտո Ռոմալիո-կրտսերը փոքր դերերով նկարահանվել է նաեւ «Երկկենցաղ մարդը», «Խորտակված նավերի կղզին», «Պրոֆեսոր Դոուելի կտակը», «Ջեկ Վոսմյորկին ամերիկացին» եւ այլ ֆիլմերում: Այս դերասանը, որին մտերիմները Տիտ Տիտիչ էին անվանում, ողբերգական վախճան է ունեցել. իր հայրենի Պետերբուրգի փողոցում նրան ծեծասպան են արել մաշկի գույնի պատճառով... Ճակատագրի հեգնանքով «Ամպրոպի արահետը» հայկական հակառասիստական ֆիլմի դերակատարի որդին դարձավ ռասիզմի զոհ իր ենթադրյալ հարազատ քաղաքում, ժողովուրդների բարեկամության ենթադրյալ ջատագով Ռուսաստանի երկրորդ քաղաքում... որտեղ իր կյանքի մայրամուտն է շարունակում ապրել 93-ամյա Տիտո Ռոմալիո-ավագը...

Նկար 1. Ուսուցիչ Մակոՙ Տիտո Ռոմալիո, Իսահակՙ Լեոնիդ Դովլաթով, Լենիՙ Վադիմ Մեդվեդեւ («Ամպրոպի արահետով»)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ