RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016



Տեղադրվել է` 2016-07-14 19:53:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2304, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԿԱՂՆԻ ԷԼ ԴՈՒ ԵՍ

Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Նվիրվում է Հրաչյա Մաթեւոսյանի հիշատակին

Հրաչյա Մաթեւոսյան. սիրված ու ճանաչված մարդ Հայրենիքում ու Սփյուռքում, որն այսօր, ավաղ, մեզ հետ չէ սոսկ ֆիզիկապես, բայց հոգով, թողած գրական ժառանգությամբ կա եւ կմնա իր ժողովրդի հետ, որին անսահման նվիրված էր:

Ու այս պահին ինձ թվում է, որ նրան հերթական անգամ հրավիրել եմ Հանրային ռադիո, եւ մենք, դեմ-դիմաց նստած, մտերմիկ զրուցում ենք:

Հրաչյա, - ասում եմ, - թեպետ դու Ռադիոյի մշակույթի բաժնի ցանկալի հյուրն ես միշտ, բայց այսօր եկել ես հատուկ հրավերով: Համբույրներ քեզ մեր խմբագրության, բազմահազար ունկնդիրների, ընթերցողների եւ իմ կողմից ու հավաստում, որ մեր հոգիներում, մեր սրտերում միշտ կմնաս որպես հրաշալի գրող, հրապարակախոս, որպես մեծ երեխա, երիտասարդ ու իմաստուն պապ:

Աստծուց պարգեւած շնորհներդ վաղուց եմ նկատել, երբ դեռ դեմքիդ ոչ մի կնճիռ չկար ու մազերիդ մեջ ոչ մի արծաթ թել չկար:

Շնորհակալություն:

Տարիներն այդ ե՞րբ գլորվեցին. թվում է դեռ երեկ քեզ տեսա Ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունումՙ գյուղից նոր եկած ուսանող տղային, որ խոսելիս ամոթխածությունից կարկամում էր, բայց գրելու ձիրքդ ակնհայտ էր: Նա էլ քեզ տարավ փոթորկոտ, տեղ-տեղ հարթ, տեղ-տեղ խորդուբորդ, գրեթե անանցանելի ճանապարհներով դեպի 79-ամյակիդ ափը, դեպի փառքի գագաթներըՙ որպես գրող, լրագրող եւ իր երկրին ու ժողովրդին նվիրված ՀԱՅ:

Հոգիդ արձագանքեց բոլոր տեսածներդ, բոլորի ու ամեն ինչի մասին գրեցիր, բայց ինչպե՜սՙ վատի մասին իշխանավորներին ահազանգեցիր, լավն ու լուսավորը ժողովրդիդ բաժանեցիր: Հիմա, եթե ի մի բերենք գրածներդՙ վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ, զրույցներ, ռեպորտաժներ... երեւի մի մեծ շենքի կտուրին կհասնի: Թեեւ հրապարակի վրա երկու տասնյակից ավելի տպագրված գիրք ունես, մնացածը շռայլորեն շաղ ես տվել թերթերի ու ամսագրերի էջերում:

Բարեկա՛մս, ե՞րբ ես հասցրել այդքան գրել. կարո՞ղ էր Հայաստանում մի իրադարձություն, ժողովրդին հուզող մի հարց լիներ, ու դու արձագանքած չլինեիր: Մարդկանց, հատկապեսՙ ծերերի ու երեխաների, այդ ի՜նչ պատկերասրահ ես ստեղծել. դեմքեր, բնավորություններ, անհատականություններ եւ ոչ ինքնանպատակՙ յուրաքանչյուրը մի գույն, մի շիվ է տալիս մեր կյանքին: Եվ որքան դիպուկ է ասել գրականագետ Թեւոս Պետրոսյանըՙ «Հրաչիկի խաչն էՙ ծառայել մարդկանց, նրա գրականության առանցքըՙ գյուղաշխարհի բարոյական ժառանգության ճակատագիրն է, այն ամենը, ինչը կորչելու վտանգի առաջ է կանգնած: Եվ Հրաչյան իր գրիչը նվիրել է այդ բարոյական ժառանգության պահպանմանը»:

Եվ լավն այն է, որ Հրաչյան ոչ միայն գրում էր տեսածի մասին, այլեւ գործուն մասնակցություն էր բերում մեր կյանքին: Նա ամենուր էր, կարեկից հոգի: Երբ Հրաչյան աշխատում էր «Ավանգարդ», «Հայաստան» թերթերի խմբագրություններում, նրա մոտ միշտ գալիս էին գյուղացիներՙ նրանից օգնություն էին հայցում, բոլորին ընդառաջում էրՙ բարու քարոզիչ էր: Հապա ի՜նչ հրաշալի հումոր ուներ. Թեւոս Պետրոսյանը նրա հումորը գրի էր առնում, մտադիր էր առանձին գրքով հրատարակել, ափսոս, գրականագետի վաղաժամ մահը խանգարեց այդ ծրագրի իրականացմանը:

Ու մտովի շարունակում եմ զրույցս:

Հրաչյա, բոլոր պատմվածքներիդ մեջ նաեւ քեզ եմ տեսնում. բարի, հոգատար, մարդկանց սովորեցնող, կրթող: Քեզ, ինչպես բոլորիս, շատ է հուզում արտագաղթը:

Ասում ես.

Գնացածներ շատ ունենք. դա էլ ուրիշ ցավ է: Բոլորը վրա տված հեռանում են այս հողից, այս երկրից: Ո՞ւմ համար ենք հռչակելՙ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ:

Այս պահին հիշեցի նաեւ արցախյան պատերազմը: Մի ոտքդ Արցախում էր, մյուսըՙ Երեւանումՙ ինչպե՜ս էիր լուսաբանում իրադարձությունները:

Հիմա էլ, տիկին Կլարա, նստած եմ ձեզ մոտ, բայց մտքով ոչ միայն Արցախում եմ, այլ նաեւ իմ սիրելի Նոյեմբերյանումՙ Տավուշում, մեր սահմանապահ գյուղերում, առաջինըՙ Խաչիկում: Ի՜նչ հրաշալի ժողովուրդ են, ի՜նչ հրաշալի մարդիկ ունենք Իջեւանում, Գուգարքում... Մենք պարտավոր ենք պահել այդ մեծ անտառ հիշեցնող Հայաստանը: Եթե այսօր գտնվում ենք մի քիչ խորքում, ապա չպիտի մոռանանք ճամփեզրի ընկուզենիներինՙ այդ հպարտ, վեհանձն մարդկանց:

Հրաչյա Մաթեւոսյանի հոգեւոր աշխարհն առավել բացահայտված է նրա «Ալեւորները» գրքում: Հեղինակին զբաղեցնում է այն միտքը, որ մարդը բնության ծնունդ է եւ նա պարտավոր է իր ապրած կյանքով ավելի գեղեցկացնել բնությունը: «Ալեւորները» վիպակի հերոսներն իրենց կյանքի մայրամուտին, հրաժեշտից առաջ, ցանկանում են շնչավորել, այգեպատել այն հողերը, որտեղ անցել են իրենց մանկության տարիները: Ծերունիները ցանկանում են թոռներին որպես հիշատակ թողնել ծաղկած այգիներ: Այս ձեւով մարդը վերադառնում է իր ակունքներին, իր սկզբին, ծաղկած ծառի մեջ տեսնելով իր հարատեւության երաշխիքը: Ամեն գարնան, բնության զարթոնքի հետ կվերսկսի ապրել նաեւ ինքը:

Հրաչյա՛, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ քո քաղաքացիական պարտքը համարեցիր լուսաբանել մեր ժողովրդին հասած աղետըՙ 88-ի երկրաշարժը, ինչպես էր ժողովուրդը դիմակայում, նրան օգնության ինչ ձեռք մեկնեցին աշխարհը, սփյուռքահայությունը:

Գիտե՞ք, ոչ մի շնորհակալություն հայտնելու հարկ չկա: Ի՞նչ շնորհակալության մասին է խոսքը, երբ երկրաշարժի առաջին իսկ րոպեից մեր մեջ, բոլորիս մեջ արթնացավ բարությունը: Մեզ պատահել էր մեծ ողբերգություն, մեծ ցավ: Ինչո՞ւ պիտի բոլորս մոռանայինք ո՞վ ենք, ի՞նչ ենք, ի՞նչ ուժի տեր ենք եւ առաջինը պետք է նետվեինք մարտի:

Կարեւոր չէ, թե ով ինչով կարող էր օգնել, հասնել: Բայց լրագրողն իրավունք չունի դիտողի դերում մնալ: Ես ինչպե՞ս կարող էի մնալ Երեւանում, իմ տանը, իմ աշխատավայրում, երբ այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ փլատակների տակ էին, անօթեւան: Շատ նյութեր եմ հավաքել, եղել եմ աղետի ամբողջ գոտում: Հիմա էլ աչքիս առջեւ են ավերակված գյուղերը, շեները, քաղաքները, դժբախտացած ընտանիքները...

Բոլորը գիտեմ, որտեղ ինչ է պատահել:

Երկրաշարժը ցույց տվեց, որ հայրենիքից խռով, երես թեքած հայեր չկան, երբեք: Հայը որտեղ էլ ապրելիս լինի, ինչ դավանանքի էլ լինի, մեկ է, նա հայ է: Ես տեսել եմ փլատակներում աշխատելիս սփյուռքահայ ուսանողների, մտավորականների, մասնագետների, թարգմանիչների Ֆրանսիայից, Ամերիկայից եւ աշխարհի բոլոր վայրերից, որտեղ սփյուռքահայություն կա, նրանց հասցեն մեկն էրՙ Երեւան, Հայաստան, երկրաշարժի գոտի:

Ես որպես հայ վատ էի զգում, երբ տեսնում էի օտարերկրացին մեր ցավով ավելի էր տապակվում, քան մեր ղեկավարները: Ի՞նչ է նշանակում, երբ շինարար, աշխատող, եռանդուն ձեռքերը պարապ են մնում: Պարզապես մեզ այս պահին պետք է մի Թումանյան, մի Անդրանիկՙ ժողովրդին ճիշտ ուղիով առաջ տանելու համար:

Ժողովուրդը կունենա, կծնի այդ ղեկավարներին:

Հավատանք:

Հրաչյա, քո կյանքում նշանակալի էին անցյալ դարի 70-ական թվականները, երբ աշխատանքի անցար «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթումՙ որպես պատասխանատու քարտուղար: Քո առջեւ բացվեց մի նոր աշխարհՙ Սփյուռքը: Շատ շուտ զգացիր նրա հայրենիքի կարոտով տրոփող զարկերակը եւ քո համուհոտով, պատկերավոր զրույցներով, ակնարկներով դարձար նրա սիրելին: Ընթերցողը, թերթի նոր համարը բացելով, փնտրում էր քո հեղինակած նյութըՙ գիտեր, որ հոգին լցվելու էր հայաստանյան բույրով, գույնով ու լույսով:

Գիտե՞ս, դու ինձՙ հայաստանաբնակիս էլ քո պատմություններով, ասք ու պատումով տանում ես մեր երկրի մարդկանց, լեռների, դաշտերի, ձորերի, անտառների անհատնում պատկերասրահդ, որի հավատամքը Հայոց աշխարհն ամուր, դարերի համար պահելն է: Եվ քո հերոսը, որ հողեղեն մարդ էՙ ներկայանում է հոգու շռայլ գույներով. նրա սերը խորախորունկ է, հավատըՙ անսասան: Արձակ տողերդ բանաստեղծություններ ենՙ քնարական հույզով, փիլիսոփայությամբ առլեցուն: Հապա ինչպե՜ս ես զգում ժամանակի շունչն ու անմիջապես արձագանքում. երբ երեւույթը թվում է դեռ չկա, բայց դու հնչեցնում ես քո կոչնակըՙ մարդի՛կ, ողջունեք կամՙ մարդի՛կ, զգուշացեք: Զարմանալի ճոխ, իմաստությամբ, ժողովրդական բառուբանով լեզու ունես: Եվ քանի որ ականջդ ամեն ինչ լսում է, աչքդ ամեն ինչ տեսնումՙ չես կարող չարի, անազնիվի կողքով լռելյայն անցնել: Դրանց դեմ պայքարում ես հրապարակախոսի ու երգիծաբանի սուր գրչովդՙ երբ լացի հետ նաեւ ծիծաղում ես:

***

Կարդալ Հրաչյա Մաթեւոսյանի ստեղծագործություններըՙ նշանակում է տեսնել ու լսել նրա հերոսներին, ավելի հարազատանալ նրանց հետ, հոգով փարվել քո հողին ու ջրին: Սա է մաթեւոսյանական գրչի ուժը:

Հրաչյա Մաթեւոսյանը 21-րդ դար մտավ նոր գրքերով, եւ դրանց թիվը գնալով ավելանում է. «Արծիվներ», «Մեր էշ-էշ կյանքը», «Ամերիկա. մեծ աշխարհի մեծ ողբերգությունը», «Խաչքար Հայաստան»...

«Խաչքար Հայաստանը», որ պարունակում է պատմվածքներ, խոհագրություններ, ակնարկներ, վկայում է հայ անհատի նկարագիրը, նրա ապրելու անհատնում ձգտումը, որ բխում է հայրենի բնությունից եւ դարավոր պատմությունիցՙ ամփոփված խորհրդավոր ու վեհաշուք կոթողների մեջ: Այդ խորհրդավոր վեհության մարմնացումը հայկական Խաչքարն է: Հենց Հայաստան երկիրն է հեղինակի համար դառնում սրբության Խաչքար: Երբ տարիներ առաջ ռադիոյով ներկայացնում էի «Խաչքար Հայաստան» գիրքը հեղինակի եւ Ազատ Գասպարյանի մասնակցությամբ, հիացրեց «Հավերժական խաչ» խոհագրությունն ու Ազատ Գասպարյանի կատարումը.

«Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա...

Աշխարհ անցիր... Աշխարհ անցիր... Աշխարհ անցիր: Ամե՛ն օր, ամեն պահՙ աշխարհ անցիր: Մեր աչքերի մեջ նկարվում է Արարատը: Մեր աչքերի մեջ, մեր հոգում: Մեր երկիրն է, սմբակված, տրորված, ջրհեղեղված, երկրաշարժված, ծվատված, ճվատված, չորս կողմից կրծոտված, արյունլվիկ, բայց մեկ էՙ պարապ մի նստիր, պարապ մի խոսիր, ամեն ինչ թող ու աշխարհ անցիր, աշխարհ անցիր, քո ծիրանի անմահ փողը հնչեցրու, ու թող աշխարհը լսի, աշխարհը տեսնի.

Չկա՛...

Չկա՛... Չկա՛...

Ազատ, Չարենցի նման ասաՙ հեքիաթ չկա, ճակատ չկա, գագաթ չկա, ասաՙ ես իմ Մասիս սարն եմ սիրում: Չարենցի նման, ասա: Եվ մեր ԲԱՌՆ է արեւահամ մնալու բարբառիկ մեր աշխարհում»:

Սիրելի Հրաչօ, «Անտառում լիքը կաղնիներ են» խոհափիլիսոփայական էսսեդ նվիրեցիր եղբորդՙ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 67-ամյակին եւ ազգապահպան մեր մյուս երեւելիներին: Բայց իմացա՞ր արդյոքՙ մի կաղնի էլ դու ես, որ հար կմնաս կանգունՙ պահապան ճյուղերդ տարածած պաշտելի ժողովրդիդ գլխին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ