ԲԱՆԱՍՏԵՂԾԻՑ ԲԱԺԱՆՈՒՄ ՉԿԱ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ, ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Մեկ տարի առաջ, հուլիսի 21-ին, անողոք հիվանդությունը կյանքից զրկեց սփյուռքահայ շնորհալի բանաստեղծ ու թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանին: Առաջիկա չորեքշաբթի, հուլիսի 20-ին, Բեյրութի «Լեւոն Շանթ» դահլիճում, Համազգայինի շրջանային վարչության նախաձեռնությամբ տեղի կունենա գրողի մահվան 1-ին տարելիցին նվիրված հիշատակի հանդիսություն եւ նրա «Կարծես երազ մըլլար» քնարավեպի գինեձոն: Կխոսեն լիբանանահայ հայտնի մտավորականներ Ժիրայր Դանիելյանը եւ Կարո Հովհաննեսյանը:
Ինչպես թերեւս ամեն տարի` իր երկրային կյանքի վերջին տարում Սարգիս Կիրակոսյանը նույնպես Հայրենիքում էր. մեր զրույցը, ինչպես միշտ, գրականության շուրջ էր, հայաստանյան եւ սփյուռքի իրականության շուրջ. Սարգիսը խոսում էր իր պատրաստվելիք նոր գրքի եւ իր դստեր նշանադրության ու ամուսնություն մասին: Մարդը խառնվում էր բանաստեղծին եւ հակառակը` երկուստեք ստեղծելով մի միասնական կերպար, որը իսկական հայ մարդու եւ հայ բանաստեղծի կերպարն էր: Մենք նրանով վայելում էինք սփյուռքը: Դժվար է ասել, թե իր անցողիկ կյանքի ընթացքում մարդն ինչ է հասցնում անել, ինչ է թողում անկատար. գուցե սրանք մեկը մյուսի հոմանիշներն են: Համենայն դեպս, Սարգիս Կիրակոսյանի արածը մեր սփյուռքահայ իրականության եւ մասնավորապես գրականության շոշափելի իրողություններից է. մենք կասկած չունենք, որ դրա նկատմամբ մահվան իրավասությունները փակ են: Մենք կասկած չունենք, որ նրա բանաստեղծական ժառագության իրավատերը այսուհետեւ կյանքն է` այն բազմապատկելու եւ սերունդներին փոխանցելու իր ուժով: Մեր սիրելի ընկերոջ գոյությունը այդտեղ այսուհետեւ մշտատեւ է: Եվ հենց դա էլ ցույց տվեց նրա երկրային բացակայության այս մի տարին: Բանաստեղծից բաժանում չկա: Մենք շարունակ հիշեցինք նրան, վերապրեցինք մեր բարեկամության թանկ հուշերն ու մանրամասները, նրա ձայնը մեր ներսում լսելու եւ հնչեցնելու համար բաց արեցինք նրա գրքերը, այս կամ այն բանաստեղծությունն ու տողը կարդացինք արդեն բացակայությամբ-ներկայության խոշորացույցով. մենք ավելի մոտեցանք նրան. մենք նրան ավելի առանք մեր մեջ. ավելի շատ հասկացանք մահվան պայմանականությունը եւ բանաստեղծի գոյության անպայմանականությունը: |