ՈՐ ՍՏՎԵՐՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ ՍՏՎԵՐՈՒՄ ՉՄՆԱ Նաիր ՅԱՆ Հռոմեացի Կոստանդիանոս կայսրը 4-րդ դարում Կոստանդնուպոլսում կառուցեց Այա Սոֆյայի տաճարը, որը կանգուն մնաց մոտ 600 տարի: 11-րդ դարում տաճարի գմբեթը երկրաշարժից փլուզվեց: Անիից հրավիրված ճարտարապետ Տրդատն Այա Սոֆյայի ավերված գմբեթը նախկինից էլ ավելի գեղեցիկ վերականգնեց: Անցավ 400 տարի. օսմանցի թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը եւ Այա Սոֆյան դարձրին մզկիթ: Մահմեդ 2-րդ սուլթանը ցանկացավ, որ երբեմնի քրիստոնեական տաճարը թուրքերին նամազ անելու հրավիրի ու հրամայեց Այա Սոֆյայի չորսբոլորը մինարեթներ կառուցել: Սկսվեց շինարարությունը: Շինարարներից երկուսըՙ Հաջի Այվազն ու Ղազարոսը, որին Ղարագյոզ էին ասում, շատ սրամիտ ու կատակասեր էին: Իրենց հետաքրքրական պատմություններով ու կատակներով դանդաղեցնում էին աշխատանքըՙ ակամայից թույլ չտալով, որ մինարեթների շինարարությունը շուտ ավարտվի: Մի օր սուլթան Մահմեդը գալիս էՙ անձամբ հետեւելու կառուցման ընթացքին ու տեսնում է, որ գործը գրեթե առաջ չի գնում: Հարցնում է պատճառը, շինարարները պատասխանում են, թե Այվազն ու Ղազարոսն են մեղավորՙ իրենց կատակներով: Սուլթանն էլ ի՞նչ պիտի հրամայեր, պարզ չի՞ՙ երկուսին էլ գլխատել: Գլխատում են: Մինարեթները դարձյալ վեր չեն խոյանում. գործն առաջ չի գնում ու չի գնում: Անհանգիստ սուլթանը նորից է հետաքրքրվումՙ այս անգամ ի՞նչն է պատճառը: Շինարարները պատասխանում են. «Տխուր ենք առանց Ղազարոսի ու Այվազի, կարոտում ենք նրանց կատակներին, ու դարդից չենք կարողանում աշխատել»: Սուլթանն էլ ի՞նչ պիտի հրամայերՙ որտեղից ուզում եք հետ բերեք Այվազին ու Ղազարոսին, թե չէ կգլխատեմ: Հնարամիտ մարդիկ մտածում-մտածում են ու որոշում հորինել, ստեղծել երկու համուհոտով շինարարների կերպարները: Պատրաստում են նրանց նմանությամբ տիկնիկներ, սավանը կախում մթության մեջ, սավանի կենտրոնը լուսավորում ու սկսում խաղացնել, շունչ ու ոգի տալ Ղազարոս ու Այվազ տիկնիկներին: Իսկ հանդիսատեսը սավանի այս կողմից տեսնում էր նրանց շարժվող, կատակող ստվերները: Այսպես ստեղծվում է ստվերների թատրոնը: Ավելի հին վկայություններ էլ կան այն մասին, որ ստվերների թատրոն եղել է դեռ Պլատոնի ժամանակներում: Մեկ այլ արձանագրության համաձայնՙ Ք.ա. 2-րդ դարում չինացիները եւս ունեցել են այս մշակույթը: Պատմական աղբյուրներից մեկը վկայում է, որ հայերս ստվերների թատրոն ունեցել ենք 14-րդ դարում, իսկ մյուսի համաձայնՙ շատ ավելի վաղՙ 7-9-րդ դարերում, արաբական տիրապետության ժամանակներում, երբ ներկայացումներ են բեմադրվել բարձր եւ ցածր խավերի համար: Համոզմունք կա, որ ստվերների թատրոնը հայոց մեջ տարածում է ունեցել դեռեւս նախաքրիստոնեական շրջանում, իսկ քրիստոնեության ընդունումից հետո հոգեւորականների հալածանքներին է ենթարկվելՙ որպես զվարճանք, ուրախություն ու աշխարհիկ ծեսեր պարունակող մշակույթ: Ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը 1964 թվականին Ջավախքի Վալե գյուղում հայտնաբերել է Խաչատուր Թումասյանին, որը ստվերների թատրոնով շրջել է գյուղեգյուղ: Ազգագրագետին թվացել է, թե նա ստվերների ներկայացումների վերջին ցուցադրողն է: Սակայն պարզվել է, որ գրեթե նույն ժամանակահատվածում Մելքոնենց Հովհաննեսն էլ Լոռիում է ցուցադրել ստվերների թատրոն: Հովհաննեսը ժամանակին եղել է Անդրանիկ զորավարի աջ ձեռքը, ապրել է 106 տարի ու իր հեղինակած պիեսները բեմադրել: Խաչատուր Թումասյանը, հանդիպելով Ժենյա Խաչատրյանին, նրան է հանձնել իր պատրաստած տիկնիկները եւ խնդրել պահպանել դրանք: Տիկնիկները մինչեւ հիմա Սարդարապատի թանգարանում են եւ արդեն 150 տարեկան են: Որպես կանոնՙ մեզնում ստվերների թատրոնով զբաղվողները բեմական կրթություն չունենՙ սկսած Խաչատուր Թումասյանից ու Մելքոնենց Հովհաննեսից: Նրանցից հետո ստեղծվել է «Այրոգի» թատրոնը, որի կազմում արեւային էներգիայով զբաղվող ինժեներներ են. ստվերների թատրոնը նրանց հոբբին է: Թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանը, տիկնիկներ պատրաստող Կարեն Մամիկոնյանը, երաժշտական ձեւավորող Արթուր Քոչարյանը, տիկնիկ խաղացնող Սերգեյ Ջիլավյանը, վիզուալ պատկերներ ստեղծող Արմեն Քերոբյանը 36 տարի առաջՙ պոլիտեխնիկում սովորելու ժամանակ, զբաղվելիս են եղել ձիարշավով, Հայաստանի տարբեր մարզերում ձիախաղեր ցուցադրելուց բացի, հայկական երգ ու պար են սովորեցրել գյուղաբնակներին: Ծանոթ լինելով ազգագրագետ Ժենյա Խաչատրյանին, ցանկություն են հայտնել ձիարշավների ընթացքում ցուցադրել նաեւ ստվերների թատրոն ու Խաչատուր Թումասյանի պատրաստած տիկնիկների օրինակով նորերն են ստեղծելՙ կիրառելով իրենց ներկայացումներում: Իսկ ներկայացումների պատմությունները մեծ մասամբ հիմնված են հին պիեսների վրա, որոնց շարքում են նաեւ 19-րդ դարում Խաչատուր Թումասյանի հեղինակած թատերական երկերը: «Այրոգին» շրջիկ ներկայացումներ է ցուցադրում մայրաքաղաքի կամերային տարբեր բեմերում, դպրոցներում, հայորդվոց տներում, գյուղերում, մի խոսքովՙ այնտեղ, ուր հնարավոր է պաստառ կախել, լուսամփոփ դնել ու տիկնիկներ խաղացնել: Ներկայացումները բացառապես անվճար են: Թատրոնի ստեղծագործական խմբի միակ նպատակն այս հնագույն մշակույթը հնարավորինս տարածելն ու քարոզելն է: «Շատ ենք ուզում, որ մեզ փոխարինողներ գտնվեն, որ այս արվեստը հետաքրքրի երիտասարդներին, այլապես այն կկորչի, կանհետանա: Բարեբախտաբար, մեզ աջակցում է ժողովրդական արվեստների «Հանգույց» հիմնադրամը, որը ջանում է պահպանել մեր ազգային ավանդական մշակույթը: «Հանգույցը» մեզ բեմահարթակ է տրամադրել «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում, որպեսզի բեմադրություններ իրականացնենք երեխաների համար: Մանուկները մեծ ոգեւորությամբ են ընդունում մեր տիկնիկների խաղը, իրենք էլ ներկայացումներից հետո կուլիսներում ծանոթանում են տիկնիկների հետ, խաղացնում նրանց: Շատ կարեւոր է, որ նոր սերունդն իմանա այս թատերարվեստի մասին. այդ դեպքում կարող ենք հուսալ, որ այն չի կորչի, այլ կշարունակվի ու կզարգանա: Ձմռանն այս նույն սրահում վարպետության դասեր անցկացրինքՙ նպատակ ունենալով մեզ փոխարինողներ, այս արվեստը շարունակողներ գտնել: Մի խումբ պատանիներ խանդավառվեցին ու շուտով իրենց բեմադրությունը ցույց կտան: Ստվերների թատրոնը շատ երկրներում մեծ համարում ունի: 2003-ին ինդոնեզական ստվերների թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց որպես ոչ նյութական մշակութային արժեք: 2007-ին հույների ու թուրքերի կատաղի պայքարից հետո թուրքերը հաղթեցին, ու «Ղարագյոզ» ստվերների թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕՆ դարձյալ որակեց ոչ նյութական մշակութային արժեք, թեեւ հունականը ոչնչով չէր զիջում նրանց. անգամ թատրոնի անունն ու պիեսներն էին նույնը: 2011-ին էլ միջազգային նույն կոչմանն արժանացավ չինական ստվերների թատրոնը»,- պատմեց Արմեն Կիրակոսյանը: «Այրոգին» ընտրում է նաեւ ոսկեդարի ու միջնադարի երկեր, օրինակՙ Փավստոս Բուզանդի գրած Օհան եպիսկոպոսի ագահության մասին կամ աստվածաշնչյան պատմությունները: Խաղացանկում են նաեւ թումանյանական հեքիաթները: Շրջիկ թատերախումբն իրեն վարձատրված է զգում, երբ հանդիսատեսը լուռ լսում է հին ու իմաստուն պատմությունները, համարժեք արձագանքում ու խելոք հարցեր տալիս: |