ԿՈՄԻՏԱՍԸ ՎԱՀԱՆՙ ՆԱԵՎ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ Նաիր ՅԱՆ Կոմիտասի թանգարան-ինտիտուտն առաջին անգամ կազմակերպել էր «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնՙ նպատակ ունենալով ոչ միայն նորից ու կրկին արժեւորել մեր հանճարի գործն ու վաստակը, այլեւ մեկ հարկի տակ համախմբել հայ եւ օտարազգի կոմիտասագետներին: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբեր 8-ն անցկացված գիտաժողով-փառատոնը ներառել է ոչ միայն կոմիտասյան ստեղծագործության գիտական վերլուծություններ ու մեկնություններ, այլեւ համերգային ծրագիր, որին մասնակցել են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, «Հովերը», Հայաստանի պետական կամերային եւ Երեւանի պետական կամերային երգչախմբերը: Համերգները տեղի են ունեցել Հաղպատի վանական համալիրում: Տեղը խորհրդանշական է: Քանի որ գիտաժողվի ընթացքում կարմիր գծի նման անցնում էին Կոմիտասի եւ միջնադարյան ժառանգության միջեւ աղերսները, կազմակերպիչները որոշել էին փառատոնի համերգային մասն անցկացել հենց Հաղպատում. կոմիտասյան հոգեւոր երգերՙ միջնադարյան եկեղեցու կամարների տակ: Կոմիտասյան երգերը վերաիմաստավորում են ժողովրդական եւ միջնադարյան երաժշտության միջեւ եղած կապերը: Երաժշտագիտական շրջանակներում Կոմիտասը մեկնաբանվում, ներկայացվում է բազմաշերտ ու բազմազան տեսանկյուններիցՙ որպես գիտնական, մտավորական, էթնոերաժշտագետ, համաշխարհային երաժշտության գիտակ, տեսաբան, բազմաթիվ աշխատությունների, այդ թվումՙ մանուկների դաստիարակության եւ կրթության ճանապարհներն ուղենշող հոգեբան ու մանկավարժ: Այս թվարկումներն ընդամենը մի փոքրիկ մասն են Կոմիտասի գործի, ավանդի ու վաստակի: Բնականաբար, այդ ամենը պետք է դիտարկել պատմագրության, միջմշակությաին հարաբերությունների, երաժշտությանՙ համաշխարհային տիրույթում գրանցած զարգացումների ու փոփոխությունների համատեքստում: Այն բոլոր մեթոդները, լեզվաոճային, լեզվամտածողական գործիքները, որ մշակել է Կոմիտասը, 20-րդ դարասկզբին, այսօր եւս գործածելի են, չհնացող ու արդիական: Պոստմոդեռնիզմի մեր ժամանակներում երաժշտական մշակույթի համար նպաստավոր պայմաններ չկան: Նոր մարտահրավերների հիմնական թիրախը գլոբալիզացվող հասարակություններն են, մշակութային ճգնաժամերը, տարբեր արվեստների, այդ թվումՙ երաժշտության ոչ հուսադրող հեռանկարները: Կոմիտասը հանճարի ուժով կանխատեսել է վերահաս այդ վտանգները, որ գալու էին իրենից տասնամյակներ հետո: Երաժշտության ու առհասարակ մշակույթիՙ նրա գծած սահմաններն անչափելի են, հոգեւորի փրկության ուղիները նախանշող: Արդեն հարյուր տարուց ավելի մեր հայացքը հառել ենք Կոմիտասին: Մասնագիտական շրջանակներում ուսումնասիրելու, հետազոտելու, համադրելու եւ համեմատելու դեռ շատ նյութ կա. Կոմիտասն անսպառ է: Հասարակական, ժողովրդական շրջանակներում, որտեղ երաժշտությունը նոտաներով չեն կարդում, այլ Աստծու կողմից հային տված կոկորդով ու զգացողությամբ է արտաբերվում, Կոմիտասն անաղարտ, սրբազան խորան է, որտեղ ամենապարզ ու անպաճույճ բառերով են հնչում աղոթքներնՙ ի խորոց սրտի: Կոմիտասագետ Մհեր Նավոյանն այսպես է արժեւորում մեր հանճարին. «Կոմիտասը հայ ինքնության, ինքնագիտակցության առանցքներից մեկն է: Հիմա ոչ միայն փոքր, այլեւ մեծ ժողովուրդներն են կանգնած իրենց ինքնությունը կորցնելու վտանգի առաջ: Կոմիտասը մեզ ցույց է տվել մեր արմատները, ինքնությունը չկորցնելու ճանապարհները: Նա շատ լավ է գիտակցել իր արածի բացառիկությունն ու արժեքը, շատ լավ է հասկացել, թե ինչ հսկայական գործ է անում հայության ներկայի ու ապագայի համար: Դրա համար էլ մեր բոլոր սերունդները մշտապես անդրադառնում են Կոմիտասին, դեմքով շրջվում դեպի նրա ստեղծածն ու մեզ ժառանգածը: Ես իմ համերգային փորձից եմ ասում: Եթե ծրագրում ներառված է Կոմիտաս, անկախ այն բանիցՙ կատարողական բարձր վարպետությամբ է ներկայացվում, թե՞ նվազ կամ միջին, համերգի հաջողությունն ապահովված է: Կոմիտասը հասկանալի է բոլորինՙ անկախ ազգությունից: Կոմիտասն այն ցուցիչն է, որով մենք տարբերվում ենք մյուս ժողովուրդներից»: Թե ով է, ինչ արժեք ունի Կոմիտասը հայ եւ համաշխարհային երաժշտարվեստում, ինչ նորություններ է բերել իր հետ, ինչպես է ազգային հենքի վրա ստեղծել եվրոպական երաժշտահամակարգ, ինչպես է մաքրել, զտել ու զատել հայ երգն օտար տարրից ու ելեւէջներից, մասնագետները հատորներով ուսումնասիրություններ են կատարել: Բայց ինչպե՞ս է Կոմիտասն ազդում ոչ միայն հայ, այլեւ հայերեն ընդհանրապես չիմացող, մեզ չճանաչող օտարնրի վրա, սա բնութագրվում էՙ որպես ֆենոմեն: Պատմում են, որ մի իռլանդուհի լսել է հարեւան սենյակից հնչող անծանոթ երաժշտությունն ու սկսել է անզուսպ հեկեկալ: Նրա ամուսինը դուրս է եկել սենյակից ու խնդրել. «Մի նվագեք, ի սեր Աստծո, կինս լաց է լինում, չեմ կարողանում հանգստացնել նրան»: Խմբավարները եւս վկայում ենՙ օտար երկրներում անգամ հրապարակներում ու պուրակներում հանպատրաստից երգելիս, անցորդները գերված ու տարված իրենց են մոտենում ու խոստովանում, որ նման վերերկրային, մոգական, մաքրամաքուր երաժշտությություն առաջին անգամ են լսում: Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն իր Կոմիտասին առաջին անգամ գտել է, լսել Նրան, երբ իր մայրը հղի է եղել: «Մեր տանը միշտ հնչել է Կոմիտաս, այնպես որ իմ Կոմիտասին ես ճանաչել եմՙ դեռ չծնված: Իսկ հետագայում առանձնահատուկ վերաբերմունք եմ տածել, քանի որ ես աշակերտել եմ Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանի աշակերտինՙ կոմպոզիտոր Ազատ Շիշյանին: Մենք պետք ունենք Կոմիտասին միշտՙ երեկ, այսօր, վաղը: Այդ հանճարի շնորհիվ մենք ճանաչել ենք, գտել մեր արմատները, որովհետեւ Կոմիտասը մեզ ներկայացնում է մեզՙ մեր ծննդյան օրվանից: Վստահեցնում եմ, եթե դեռ մանուկ հասակից մարդը լսի Կոմիտաս, նրա ականջն այլեւս օտար հնչյուններ չի ընդունի: Կոմիտասն այսօր մեզ համար այն թթվածինն է, որի կարիքն այնքան զգում ենք, քանի որ հեղձուցիչ է միջավայրը, շնչելու օդ չկա: Կոմիտասն իր աշխատություններում հատուկ բաժին ունիՙ նվիրված մանուկների դաստիարակությանը: Նրա ստեղծած սահմաններն անսահման են. յուրաքանչյուր սերունդ այդ տիրույթում գտնում է այն ուղենիշը, որն օգնում է առաջ գնալ ու հայ մնալ»: Արվեստագետն ու նրա ստեղծածն արժեք են դառնում, երբ ոչ մի ժամանակաշրջանում չեն հնանում, չեն կորցնում իրենց հմայքը, բովանդակությունը: Երաժշտական դպրոցներում դեռ ցածր դասարաններից երեխաները Կոմիտաս են նվագում ու երգում: Բարեբախտաբար, ուսուցիչները գիտակցում են, որ Կոմիտասի միջոցով երեխային պետք է կապել իր արմատներին, ինքնագիտակցությանը, նրան պաշտպանել անճաշակ, անարվեստ երեւույթներից: Կոմիտասը վահան էՙ անճաշակության, օտարամուտությունների, ցածր արժեհամակարգի դեմ Երաժշտության պատմության մասնագետ Լուսինե Սահակյանն այսպես է հիմնավորում Կոմիտասին կառչած մնալու, Կոմիտասի անհարաժեշությունը մշտապես զգալու պատճառները. «Հին ժողովուրդները միշտ պահանջ են ունենում իրենց ազգային արժեհամակարգը, նկարագիրը նորոգելովՙ ամուր կանգնել ոտքերի վրա: Սա մեր գենետիկ հիշողությունն է ու գենետիկ պատիվը: Կոմիտասը մշտարթուն է պահում այդ հիշողությունն ու պատիվը: Նա արմատական բարեփոխումներ արեց մեր մշակույթում, որպեսզի դրանցով դաստիարակվեն սերունդները: Եթե երեխան կրթվի Կոմիտասով, Թումանյանով, վստահ եմ, լիարժեք, ամբողջական նկարագրով, ազգային դիմագծով հայ կմեծանա: Կոմիտասյան երաժշտությունն ազդում է մեր ազգային զգայարանների վրա այնքան խորությամբ, որ այլՙ անորակ ազդեցությունների ներգործությունն այլեւս անհնար է դառնում»: Կոմիտասին նվիրված գիտաժողով-փառատոնի գաղափարից ոգեւորված Հովհաննես Չեքիջյանի կարծիքովՙ Կոմիտասի անունը կրող յուրաքանչյուր նախաձեռնություն պատվաբեր է, Կոմիտաս անունը հնչեցնելըՙ հպարտություն: Հատկապես մենքՙ հայերս, պետք է սերնդեսերունդ երախտապարտ լինենք նրան: «Կոմիտասը հսկայական դաշտերից հավաքեց ամենագեցիկ ու բուրավետ ծաղիկները, փունջ կազմեց ու նվիրեց մեզ: Այդ ծաղկեփունջը մեր երաժշտությունն էՙ զտարյուն, մաքրամաքուր ու զուլալ»,- ավարտեց մաեստրոն: |